Գովազդը կինոյում, կամ ինչպե՞ս ձեզ ստիպել շաուրմա ուտել (Մաս 2)

20:35   20 օգոստոսի, 2020

Առաջին մասում խոսեցինք կինոյում գովազդի բացասական կողմի մասին:

Իսկ այժմ կքննարկենք ֆիլմերում գրագետ գովազդը:

Սկսենք «կոզրներից»:

Բոնդ, Ջեյմս Բոնդ

ՄԻ-6 գաղտնի ծառայության 007 գործակալը տղամարդու իդեալ է դարձել:

Սկսած Շոն Կոններից եւ վերջացրած Դենիել Կրեյգից՝ կերպարը համարվում է ոճի, ազնվականության, հավատարմության եւ կայունության իկոնա:

Եվ բնական է, որ այն ամենը, ինչ կապված է Բոնդի հետ, ցանկալի է հանդիսատեսին. գեղեցիկ սուպերքարեր, ոճային ժամացույցներ, լավագույն դերձակների սմոքինգներ եւ այլն:

Կինոյում ավելի քան կես դարվա պատմություն. Բոնդի մասին ֆիլմերում գովազդային ինտեգրացիան տարբեր է: Սցենարիստը գովազդատուների հետ հաջողությամբ ներկայացրել է «Բոնդիանայի» ատրիբուտները: Եվ դա պարզապես գովազդ չէ, այլ գրագետ հավելում ինչպես սյուժեին, այնպես էլ կերպարներին:

Բոնդի մասին «Վաղը երբեք չի մահանա» ֆիլմում (1997 թ.), որտեղ գլխավոր դերում է Փիրս Բրոսնանը, կա գովազդային ինտեգրացիա BMW ավտոկոնցեռնի հետ:

«Վաղը երբեք չի մահանա» 

Ֆրանշիզայի այս մասում Բոնդի մեքենան BMW 750il է, որը հագեցած է տարբեր լրտեսական գաջետներով: Ֆունկցիաներից մեկն այն է, որ մեքենան ռադիոկառավարվող է: Եվ հենց այդ ֆունկցիան է Բոնդին փրկում փոխհրաձգության տեսարաններից մեկում:

Բոնդի մասին ֆիլմերում գովազդային բոլոր դադարները նկարագրելն անիմաստ է. դրանք այպես թե այնպես էտալոնային են: Ոչ մի տղամարդ չի հրաժարվի Բոնդի մեքենաներից, լինի դա BMW, Bentley, Aston Martin կամ էլ Ford: Ոչ մի տղամարդ չի հրաժարվի Բոնդի ժամացույցներից, լինի դա Omega կամ Rolex: Ոչ մի տղամարդ չի հրաժարվի Բոնդի սմոքինգներից, լինի դա Brioni կամ էլ Tom Ford: Էլ չենք խոսում այն մասին, որ ամբողջ աշխարհը գիտի, որ Martini-ն եւ օղին պետք է թափահարել, այլ ոչ թե խառնել:

Եթե Բոնդի մասին ֆիլմերում գովազդը միայն լրացնում է գլխավոր հերոսի կերպարը, ապա Լյուկ Բեսոնի ֆիլմերում գովազդը հենց գլխավոր հերոսն է:

Հավանաբար կռահեցիք, որ այժմ կխոսենք Peugeot ավտոմեքենայի մասին: Peugeot 406-ը, որը Մարսելի փողոցներում վարում է հերոսը՝ Դանիելը, ֆիլմի շարժիչ ուժն է: Մեքենան այնքան գրագետ է ներկայացված ֆիլմում, որ ոչ մի րոպե չես մտածում, որ դա գովազդ է…

Վերադարձ դեպի ապագա 2 

Մարտին Սկորսեզեի՝ 1989թ. «Վերադարձ դեպի ապագա» կինոնկարում հերոսներ Մարտին եւ դոկտոր Բրաունը հայտնվում են ապագայում՝ այսինքն 2015թ.: Ֆիլմում կա սցենար, որտեղ Մարտին հագնում է Nike ֆիրմայի ինքնակոճկվող մարզակոշիկներ:

Ֆիլմի թողարկումից հետո տասնամյակներ անց այդ մարզակոշիկներն այնքան ցանկալի են դարձել, որ Nike ֆիրման 2011թ. թողարկել է նման 1,5 հազար մարզակոշիկ: 

Մարզակոշիկի մեկ այլ օրինակ: Հիշո՞ւմ եք 2004թ. «Ես ռոբոտ եմ» ֆիլմը Ուիլ Սմիթի մասնակցությամբ:

Ես ռոբոտ եմ 

Այսպես, ըստ սյուժեի, 2035 թվականն է, աշխարհն արդեն լի է նորարարություններով ու ռոբոտներով: Գլխավոր հերոսը՝ ոստիկան Դել Սպուները ռետրոգրադ է, նա իր տանը հեռակառավարվող վահանակով երաժշտական կենտրոն ունի, մոտոցիկլետ ներքին այրման շարժիչով: Եվ ահա այդ ռետրո միջավայրում տեսնում ենք 2004թ. Converse ֆիրմայի կեդեր, որը ոչ միայն աչք չի ծակում, այլ ներդաշնակորեն լրացնում է կերպարը:

Անցնենք առաջ: Գրագետ մոտեցման դեպքում կարելի է գովազդ դարձնել մի ամբողջ ֆիլմ: Որպես օրինակ հիշենք 3 նման ֆիլմ՝ «Սատանան Prada է կրում»:

2006թ. «Սատանան Prada է կրում» ֆիլմի անվանումից արդեն ամեն ինչ պարզ է դառնում: Ֆիլմը պատմում է մոդայի աշխարհի մասին, որտեղ գոյատեւման կոշտ կանոններ են: Ֆիլմը հաջողությամբ գովազդում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ Chanel, Dolce & Gabbana, Calvin Klein եւ այլն: Սակայն անվանումից երեւում է, որ նրանց գլխավորում է Prada-ն: Ի դեպ, ֆիլմը բազմիցս նոմինացվել է «Օսկարում», «Ոսկե գլոբուսում» եւ BAFTA-ում:

«Լեգո. Ֆիլմ»

2014թ. «Լեգո. ֆիլմ»: Անիմացիոն կինոնկարը պատմում է «LEGO»-ի աշխարհի մասին: Ընկերությունն այնքան հայտնի է ամբողջ աշխարհում, որ այդ թեմայով ֆիլմ նկարելը խնդիր է: Հատկապես, երբ մենք արդեն գիտենք, որ կինոնկարը հաջողված է, եւ այն իսկապես արժե դիտել ամբողջ ընտանիքով…

2013թ. «Կադրեր»: Անվանումից չես ասի, թե դա գովազդ է, սակայն բավական է կարդալ նկարագրությունը կամ դիտել թրեյլերը: Ֆիլմը Google-ի մասին է:

Շատերը հավանաբար լսել են, թե ինչպես են աշխատում Google ընկերությունում՝ աշխատակիցների համար հարմարավետության ապահովման նպատակով նորարարական մեթոդների կիրառմամբ: Եվ ահա հիմնվելով այս ամենի վրա՝ ֆիլմի ստեղծողները լավ կոմեդիա են նկարահանել, որտեղ միջնահասակ երկու ընկերներ այնքան էլ լավ չեն հասկանում IT ոլորտից եւ հայտնվում են  թվային ինդուստրիայում:

Հարգելի՛ ընթերցող, մենք մտադիր էինք փակել կինոյում գովազդի թեման, սակայն հետաքրքրիր փաստերը շատ են, եւ առջեւում երրորդ մասն է՝ մի ամբողջ եռերգություն:     

Շարունակելի…

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE