Exclusive. «Նա բացարձակ քմահաճ չէր». հայազգի բլոգեր Dava-ի ու Ֆիլիպ Կիրկորովի համագործակցության մանրամասները, շնորանդեսի ֆոտոշարքն ու Կիրկորովի արձագանքը

12:08   24 օգոստոսի, 2020

Մեկ շաբաթվա ընթացքում 6 միլիոնից ավել դիտում եւ 10 հազարից ավել մեկնաբանություն YouTube-ում. Ռուսաստանաբնակ հայազգի բլոգեր Dava-ի (Դավիթ Մանուկյան) ու Ֆիլիպ Կիրկորովի «Ролекс» երգի տեսահոլովակի շնորհանդեսը դարձավ ռուսական շոու-բիզնեսում կարանտինին հաջորդող ամենաաստղաշատ միջոցառումը, որի կազմակերպման աշխատանքը վստահվել էր հայտնի պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանին: Շնորհանդեսին ներկա են եղել ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի աստղերը, այդ թվում` բլոգերի սիրելին` Օլգա Բուզովան:

Սոֆիան NEWS.am STYLE-ին բացառիկ կադրեր է տրամադրել Մոսկվայում տեղի ունեցած մեծ երեկույթից, ինչպես նաեւ` պատմել միջոցառման ընթացքի, Dava-ի հետ համագործակցության ու Կիրոկորովի արձագանքի մասին:

«Սա, իսկապես, կարանտինից հետո ամենամեծամասշտաբ միջոցառումն էր Մոսկվայում, եւ ես շատ ուրախ եմ, որ հենց ես եմ դարձել այս իրադարձության մասնակիցն ու կազմակերպիչը»,-խոստովանեց պրոդյուսերը,-«Համագործակցության առաջարկը ստացել եմ Dava-ից, եւ իրականում շատ քիչ ժամանակ ունեինք` 4 օր, ու այդ ընթացքում մենք արել ենք անհնարինը: Ես համարում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվել է: Իհարկե, առանց իմ մեծ թիմի ես այդ ամենը չէի կարող գլուխ բերել: Մեզ մոտ ամեն մի վայրկյանը պլանավորած էր, մենք օր ու գիշեր աշխատում էինք, դրա շնորհիվ էլ ամեն ինչ հաջողվեց: Շնորհանդեսը, կարելի է ասել, մի շնչով անցավ, ներկա էին ամենահայտնի բլոգերները, որոնք եւս դրական աուրայով հագեցրին երեկոն` երգում էին, պարում... ունեինք շատ աստղային հյուրեր` Գրիգորի Լեպս, Ալյոնա Վոդոնաեւա, Էվելինա Բլյոդանս, իհարկե նաեւ` Օլգա Բուզովան էր ներկա, շատ հայտնի դիզայներներ, երգիչ-երգչուհիներ...»,-պատմեց նա:

Սոֆիայից հետաքրքրվեցինք` ինչպես է աշխատել Կիրկորովի հետ, եւ արդյոք երգիչն այնքան քմահաճ է, որքան ներկայացվում է մամուլում.

«Ես միշտ աշխատում եմ հայտնի արտիստների հետ եւ բնական է` հաճախ եմ բախվում նրանց քմահաճույքներին, որոնց մի մասն արդարացված է, մյուս մասը` ոչ այնքան, բայց ինչ վերաբերում է Ֆիլիպին` կարող եմ վստահ ասել, որ նա բացարձակ քմահաճ չէր: Միգուցե, սա պայմանավորված է նրանով, որ ես սկզբից արդեն գիտեի` ինչ պետք էր անել այդ նախագծի համար: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես շատ սիրում եմ Ֆիլիպին, նրա արվեստը, նրան դեռ մանկուց եմ լսում ու հետեւում, շատ լավ գիտեմ` ինչ է սիրում, ինչ` ոչ, եւ դա օգնեց, որ ամեն ինչ իր սրտով անեմ: Վերջում նա, նույնիսկ, ասաց` «Все было по Киркоровски»: Սկսած դեկորից, վերջացրած տորթով` ամեն ինչ պատվիրելիս առաջնորդվել եմ Ֆիլիպի նախասիրություններով: Dava-ի համար էլ էր կարեւոր, որ ամեն ինչ նրա սրտով լիներ, իսկ ինձ համար նաեւ կարեւոր էր, որ Dava-ի պատիվը բարձր պահեինք»,-նշեց պրոդյուսերը` հավելելով.

«Կադրից դուրս Ֆիլիպը շատ ջերմ, բարի անձնավորություն է: Հենց մտավ սրահ, իր էներգետիկայով ամենադրական իմաստով փոխեց սրահի մթնոլորտը: Նրա մասին շատ խոսակցություններ կան, բայց ես կարող եմ հակառակն ասել. իմ ամբողջ թիմում բացառապես հայեր են ներգրավված, եւ նա մեծ ջերմություն ու սեր էր տածում մեր հանդեպ, այնպես որ` հայերի վերաբերյալ նրա բացասական տրամադրվածությունը բամբասանք է պարզապես:

Առհասարակ, Ֆիլիպը շատ աշխատասեր է, մինչեւ այսօր նա 24 ժամ աշխատում է: Կարծում եմ` նա տեսավ, թե ինչ աշխատանք էինք ներառել շնորհանդեսի կազմակերպման մեջ, դրա համար միանգամից գնահատեց դա ու ոչ մի բանով չհակադրվեց, նրանից միայն շնորհակալության խոսքեր եմ լսել»:

Սոֆիան խոստովանում է` կարանտինից հետո դժվար է եղել նման միջոցառում իրականացնելը.

«Ես 6 ամիս ոչինչ չեմ արել, տանն էի, եւ ինչպես գիտեք` ինքս էլ հասցրի վարակվել կորոնավիրուսով, վիրահատություն էլ տարա... Ճիշտ է` միանգամից մտա գործի մեջ, բայց շատ դժվար էր, պատասխանատվությունը` մեծ, քանի որ նախ` խոսքը Ֆիլիպ Կիրկորովի մասին էր, երկրորդ` կար ժամանակի սղության: Ես 4 օրում զանգահարել եմ ռուսական բոլոր առաջատար երաժշտական ալիքների պրոդյուսերներին, վախ կար, որ ինչ-որ կարեւոր մարդու կմոռանանք, բայց կարծում եմ` դա էլ հաղթահարեցինք»:

Անդրադառնալով Dava-ի հետ ծանոթությանն ու համագործակցությանը` պրոդյուսերը պատմեց.

«Dava-ին մոտ մեկ տարի եմ ճանաչում. նրա մայրիկն ու մորեղբայրը եկան ինձ հետ ծանոթանալու, ասացին, որ շատ են հավանում ինձ ու իմ աշխատանքը, եւ որ ուզում են` համագործակցենք: Ծանոթությունն, աստիճանաբար, վերածվեց ընկերության. շատ ջերմ, հրաշալի ընտանիք ունի նա: Շփումից հետո նրա հետ սկսեցինք տարբեր բաներ մտածել` թե´ Հայաստանի հետ կապված, թե´ Ռուսաստանի, ու հույս ունեմ, որ մոտ ապագայում մնացածն էլ կիրականացնենք: Ես այնքան ուրախ եմ, որ մենք նման աշխատասեր երիտասարդներ ունենք: Dava-ն հենց այդպիսին է, ինչն էլ, կարծում եմ, Ֆիլիպն առաջնահերթ գնահատել է նրա մեջ: Միլիոնավոր մարդիկ են ցանկանում Կիրկորովի հետ զուգերգ ունենալ, բայց նա շատերի հետ չի համաձայնվում աշխատել»:

Ինչ վերաբերում է բլոգերի մյուս նորություններին` Սոֆիան խոստացավ, որ դրանց մասին առաջինը կտեղեկանա NEWS.am STYLE-ի ընթերցողը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE