Բուքինգհեմյան պալատը կուսումնասիրի ռասիզմի մասին Մեգան Մարքլի հայտարարությունը

11:11   10 մարտի, 2021

Բուքինգհեմյան պալատը մեկնաբանել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի եւ նրա ամուսնու՝ արքայազն Հարիի՝ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցը։ Բուքինգհեմյան պալատի հայտարարությունը, որը հրապարակվել է Եղիսաբեթ Երկրորդի անունից, մեջբերել է Associated Press գործակալությունը։

Փաստաթղթում նշվում է, որ ամբողջ թագավորական ընտանիքը «վշտացած» է, թե որքան դժվար են եղել վերջին տարիներն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի համար՝ մարդիկ, որոնք «միշտ ընտանիքի սիրված անդամներ կլինեն»։ «Բարձրացված հարցերը, հատկապես ռասսայականը, անհանգստություն են առաջացնում։ Թեեւ որոշ հիշողություններ կարող են տարբերվել, դրանց շատ լրջորեն են վերաբերում, եւ ընտանիքը դրանք կքննարկի մասնավոր կարգով»,- նշված է հայտարարությունում։ Vanity Fair-ի տեղեկություններով՝ փաստաթղթի տեքստը համաձայնեցվել է Եղիսաբեթ Երկրորդի, թագուհու որդու՝ Ուելսի արքայազն Չարլզի եւ նրա թոռան՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամի կողմից։

Մարտի 8-ին ամերիկյան «CBS» հեռուստաալիքով թողարկվել է Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի՝ երկու ժամ տեւողությամբ հարցազրույցը։ The New York Times-ի տեղեկություններով՝ հաղորդումը դիտել է ավելի քան 17,1 մլն մարդ։

Զրույցի ընթացքում Մարքլը խոստովանել է, որ ինքն ինքնասպանության վերաբերյալ մտքեր է ունեցել եւ ակնարկել, որ բախվել է ամուսնու ընտանիքում ռասիզմի հետ։ Նրա խոսքով՝ թագավորական ընտանիքի անդամներն անհանգստանում էին, թե «որքան մուգ կլինի երեխայի մաշկի գույնը»։ Իսկ արքայազն Հարին խոստովանել է, որ վախենում է Մեգանի համար, քանի որ նրա դեպքում կարող է կրկնվել մոր՝ Դիանայի պատմությունը, որին, նրա կարծիքով, կործանել է մամուլի ուշադրությունը։

 



© NEWS.am STYLE