Nike-ը հաղթել է դատական գործն ընդդեմ ընկերության, որն օրիգինալ Air Max-ը վերածել էր «սատանայի» կոշիկի

11:18   2 ապրիլի, 2021

ԱՄՆ-ում դատարանն արգելել է վաճառել «սատանայի» մարզակոշիկները, որոնք, «MSCHF» նյույորքայան ընկերության հետ համագործակցելով, թողարկել էր ռեփեր Lil Nas X-ը, հայտնում է CBC News-ը։

Դատարանը բավարարել է Nike ընկերության հայցը, որը ապրանքային նշանի օգտագործման իրավունքի խախտում էր նկատել։ Հայցվորը նաեւ նշել է, որ «MSCHF»-ի այդ գործողությունները կարող են վնաս հասցնել Nike-ի հեղինակությանը։

«Իրականում շուկայում արդեն իսկ շփոթության մասին տվյալներ կան, այդ թվում Nike-ին բոյկոտելու կոչեր ի պատասխան MSCHF-ի Satan Shoes («Սատանայի կոշիկի») թողարկման այն սխալ կարծիքի պատճառով, թե Nike-ը թույլատվություն է տվել այդ ապրանքի համար»,- ասված է հայցում։

Ռեփեր Lil Nas X-ը, որի հետ համագործակցությամբ ստեղծվել է մարզակոշիկը, փորձել է կատակել Nike-ի դատական հայցի մասին եւ Twitter-ում նույնիսկ այդ թեմայով մեմեր է հրապարակել։ Սակայն ի վերջո նա գրել է, որ թողարկված կոշիկի վերաբերյալ բացասական արձագանքներն իրեն հուզական վնաս են հասցնում։ Հայցում Lil Nas X-ը նշված չէր որպես պատասխանող։

 



© NEWS.am STYLE