«Սկզբում փոքրիկ վեճ ունեցանք. չենք պատկերացնում մեկ օր առանց մեկս մյուսի». Ջուլիա Եղշատյանը՝ նոր դերի համար քաղաքից 16 օր բացակայելու ու սիրելիի արձագանքի մասին

15:15   2 հունիսի, 2021

Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն այս ընթացքում նկարահանվում է ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանի ու սցենարիստ Անի Մաղաքյանի «Կհանդիպենք անտառի տնակում» 24 մասանոց ֆիլմում, ինչի համար 16 օր անցկացրել է Լոռու մարզի Քարինջ գյուղում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր նոր հերոսուհու, ինչպես նաեւ՝ սիրելիից երկարատեւ բաժանման ու այդ թեմայով իրենց փոքրիկ վեճի մասին:

Ֆիլմում Ջուլիան մարմնավորում է Անուշիկին՝ գլխավոր հերոսի (Բեն Ավետիսյան) քրոջը:

«Կրկին հանդես եմ գալու դրական կերպարով: Նկարահանումների ընթացքում գեղեցիկ, հագեցած, դժվար աշխատանքային օրեր ենք ունեցել, որոնք անցկացրել ենք Լոռվա չքնաղ բնության գրկում, ու այս 16 օրերի ընթացքում բացահայտել եմ նաեւ գյուղում ապրող մարդկանց առօրյան: Նրանք աշխատասեր են, բարի, մաքուր ու պարզ: Կարծում եմ՝ մեծ քաղաքում գյուղի մաքրությունն է պակասում, սրտաբաց լինելը, կամեցողությունը: Չնայած աշխատանքից հոգնելուն՝ բոլորը մեզ ժպտում էին, հրավիրում էին տուն, հյուրասիրում: Մի խոսքով՝ հրաշք մարդիկ էին ապրում Քարինջում»,-իր տպավորություններով կիսվեց դերասանուհին:

Գաղտնիք չէ, որ Ջուլիան տեւական ժամանակ է՝ ունի ընտրյալ: Դերասանուհին սիրելիի հետ համատեղ լուսանկարներով հաճախ կիսվում է հետեւորդների հետ: Նա խոստովանեց, որ նկարահանումների պատճառով երկար բացակայության միտքը սկզբում դուր չի եկել սիրելիին՝ Տիգրանին, նույնիսկ տարրաձայնություն են ունեցել այդ թեմայի շուրջ:

«Սկզբում փոքրիկ վեճ ունեցանք. երկուսս էլ չենք պատկերացնում մեկ օր առանց մեկս մյուսի, բայց հասկանալով, որ դա իմ աշխատանքն է, իսկ նախագիծն ինձ շատ էր դուր եկել, եկանք ընդհանուր որոշման, որ կարող եմ նկարահանվել: Նա շատ խանդոտ է, բայց նաեւ գիտի, որ ես երբեք այնպիսի քայլ չեմ անի, որն իրեն դուր չի գա: Մեր մեջ կա փոխադարձ վստահություն»,-նշեց նա՝ հավելելով, որ նկարահանման ընթացքում Տիգրանը, նույնիսկ, անակնկալ է իրեն մատուցել՝ անսպասելի հայտնվելով Քարինջում.

«Այդ ընթացքում շատ էի նրան կարոտել, եւ նրան հաջողվեց այդ բացն ինչ-որ չափով լրացնել»:

Ինչ վերաբերում է հարաբերությունների օրինականացմանը՝ դերասանուհին նշեց, որ առայժմ որեւէ հստակ բան չի կարող ասել այդ թեմայով.

«Ցանկացած լուրջ հարաբերություն գնում է օրինականացման, եւ երբ հստակ որոշում ունենանք, կկիավենք այդ նորությամբ»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրանադրել է Ջուլիա Եղշատյանը



© NEWS.am STYLE