Շուտով եթերում կհայտնվի սցենարիստ Անի Մաղաքյանի նոր հեռուստասերիալը, որը կոչվում է «Կհանդիպենք անտառի տնակում»: 24 մասից բաղկացած հեռուստաֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանն է, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Բեն Ավետիսյանը, Իննա Խոջամիրյանն ու Իրինա Այվազյանը:
«Հեռուստաֆիլմը կցուցադրվի «Նոր Հայաստան» հեռուստաալիքով։ Համագործակցության առաջարկն ստացել եմ Սերգեյ Հայրապետյանից։ Առաջին անգամ ենք միասին աշխատում, եւ կարծում եմ՝ այս աշխատանքային տանդեմը կարելի է համարել կայացած»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Անի Մաղաքյանը՝ ներկայացնելով նաեւ, թե ինչ սյուժե է ընկած իր նոր աշխատանքի հիմքում.
«Ֆիլմը պատմում է երիտասարդ աղջկա մասին, որը բախտի բերմամբ, թե պատահմամբ, հայտնվում է Հայաստանի գյուղերից մեկում։ Թե ինչ հանդիպումներ ու իրադարձություններ են սպասվում, կիմանաք այն դիտելով։ Անսպասելի ու հետաքրքիր իրադարձություններ են՝ համեմված հումորով ու ռոմանտիկայով։ Նկարահանումները տեղի են ունենալու Լոռվա Քարինջ գյուղում, որտեղ անցել է իմ մանկությունը, երջանիկ եմ, որ թիմը ընտրեց հենց այդ գյուղը նկարահանումների համար։ Սերիալում գյուղի անունը փոխել եմ, հորինված անուն է՝ Լեռնաբերդ: Ֆիլմը ռոմանտիկ կոմեդիա է, որը հայկական սերիալարտադրության մեջ հանդիպում է ծայրահեղ հազվադեպ, բայց իմ սիրելի ժանրերից մեկն է։ Կան ե´ւ հուզիչ դրվագներ, ե´ւ ռոմանտիկ փոխհարաբերություններ, ե´ւ դրամա։ Եթերի հստակ ժամկետներ ասել չեմ կարող, բայց ամռանն այն արդեն կհանձնենք հեռուստադիտողի դատին»։

Անիի խոսքով՝ նոր սերիալում սիրված դերասաններին հեռուստադիտողը կտեսնի նոր կերպարներում.
«Որոշ տրանսֆորմացիաներ կտեսնենք, բայց ավելի շատ փոփոխությունները ոչ թե արտաքին են, այլ՝ կերպարային։ Բոլոր կերպարները գունեղ են եւ հագեցած ներքին բովանդակություն ունեն, ինչը դերասաններին նորովի ներկայանալու հնարավորություն կտա»։
Հեռուստադիտողի շրջանում հատկապես սիրված են Անիի հեղինակած բազմասերիանոց ֆիլմերը՝ «Երանի», «Էլենի օրագիրը», «Երկուսով» եւ այլն, սակայն սցենարիստը վստահեցնում է՝ հնարավոր է 24 մասանոց ֆիլմում էլ հասնել սիրված կերպարների ամբողջական բացմանը.

«Երկար եւ կարճ նախագծերի վրա արվող աշխատանքները սկզբունքորեն տարբերվում են։ Երբ երկար սերիալ գրող սցենարիստը մոտենում է 24 մասին նույն աշխատանքային գործիքներով, դա միանշանակ ձախողում է, եթե նույնիսկ հեռուստադիտողը դա չնկատի, միեւնույն է՝ մասնագիտական աչքով նայելիս հասկանում ես, որ սխալ, անգրագետ աշխատանք է տարված։ Իմ դեպքում բարդություն չէ ցանկացած ծավալի հետ աշխատելը, պարզապես պետք է իմանաս՝ ինչից սկսել եւ ուր տանել հերոսներիդ։ Ցանկացած ծավալի մեջ կարելի է տեղավորվել եւ բացել կերպարներին, զարգացնել պատմությունը։ Ինձ համար հեշտ է աշխատել «կարճ տարածքում», որովհետեւ ես սկսել եմ գրել կարճ պատմվածքներ, հետո միայն՝ 200 մասանոց սերիալներ»:

Նոր հեռուստաֆիլմի աշխատանքներին զուգահեռ՝ շուտով եթերում կլինեն «Երկուսով» հեռուստասերիալի վերջին սերիաները: Անիի այս հեռուստանախագիծը մինչ եզրագծին հասնելը մի շարք փուլերով անցավ, ինչի պատճառով սցենարիստը ստիպված եղավ ընթացիկ փոփոխություններ կատարել՝ շեղվելով սկզբնական պատմությունից, բայց դա չխանգարեց, որ սյուժեն ավարտվեր այնպես, ինչպես ծրագրել էր.

««Երկուսով» հեռուստասերիալը դարձավ իմ ամենասիրված աշխատանքներից մեկը՝ գոնե միայն նրա համար, որ թիմի հետ միասին կարողացանք այդքան բարդություններ հաղթահարել։ Իհարկե, որոշ, մեզանից չկախված, հանգանքների բերում ստիպված եղա հընթացս մի քանի դրվագներ փոխել սերիալում, բայց ի ուրախություն ինձ եւ իմ թիմի, եզրափակեցինք նախագիծը այնպես, ինչպես պլանավորել էինք եւ դրա համար, իհարկե, պետք է շնորհակալություն հայտնեմ բոլորին, ովքեր ինձ հետ աշխատեցին այդ շրջանում։ Հիմա նոր ուժերով միասին պատրաստվում ենք, նոր նախագծի»,-նշեց նա եւ անդրադառնալով սերիալի կարեւոր հաղորդագրություններին՝ հավելեց.

««Երկուսով»-ն այնքան շատ մեսիջներ ուներ։ Առաջնային նպատակն էր ցույց տալ ընտանիք, ցույց տալ ներընտանեկան հարաբերություններ, որոնք մաքսիմալ բնական պետք է լինեին, ոչ մի արհեստական, ոչ մի սինթետիկ դրվագ չպետք է կասկածելու առիթ տար։ Այդպես սիրվեցին ե´ւ հերոսուհու, ե´ւ հերոսի ընտանիքները, վերջինիս դեպքում շատ էր շեշտված ընտանեկան ընթրիքները, ընտանիքը մի սեղանի շուրջ հավաքելը, ինչին ձգտում էր ընտանիքի հայրը։ հերոսուհու ընտանիքի դեպքում չափազանց կարեւոր էր ցույց տալ իրար մասին հոգ տանելու, ներողամիտ լինելու, իրար մենակ չթողնելու գաղափարը։ Եվ, իհարկե, ամենակարեւոր ասելիքներից մեկն այն էր, որ մարդ պետք է երջանիկ լինի՝ անկախ ամեն ինչից, եւ կյանքում կայացրած ցանկացած որոշում պետք է առաջին հերթին ունենա երջանիկ լինելու մոտիվ։ Կարեւոր էր հերոսների օրինակով ցույց տալ, թե ինչպես են կործանվում կյանքեր հասարակության կարծիքի, հարեւանների, բարեկամների բամբասանքների եւ կարծրատիպերի պատճառով»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ «Կհանդիպենք անտառի տնակում» եւ «Երկուսով» սերիալների էջերից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»