Մեկնարկից վեց ժամ առաջ հետաձգվել է «Միսս աշխարհ» մրցույթը

18:10   17 դեկտեմբերի, 2021

90 օրով հետաձգվել է «Միսս աշխարհ 2021» գեղեցկության մրցույթի հոբելյանական՝ 70-րդ միջազգային մրցույթի եզրափակիչը, որը դեկտեմբերի 16-ին պետք է տեղի ունենար Պուերտո Ռիկոյում։ Այս մասին ասվում է շոուի կազմակերպիչների տարածած մամուլի հաղորդագրությունում։

Մրցույթի 97 մասնակիցներից 23-ի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել։

«Մասնակիցների շարքում, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, եղել է Մալայզիայի ներկայացուցիչ Լավանիա Շիվաջին։ Հիմա նա մեկուսացած է, սակայն «կլինիկական առումով առողջ» է»,- ասված է մրցույթի էջում։ 

Հիվանդացածները կարանտինում են, բժիշկների հսկողության տակ․ նրանք կկարողանան տուն վերադառնալ լիովին ապաքինվելուց հետո։

«Միսս աշխարհ 2021»-ը 70-րդ հոբելյանական մրցույթն է։  Սպասվում է, որ հինգ տարվա դադարից հետո մասնակիցները բեմ կբարձրանան լողազգեստներով։ Հայաստանը մրցույթում ներկայացնում է Միրնա Պստիկյանը։



© NEWS.am STYLE