Լեգենդար Chico&Friends ջազ-բենդի համերգը Mezzo Classic HOUSE CLUB-ում

12:32   28 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 26-ին կայացել է հայտնի հայկական Chico&Friends ջազ-բենդի համերգը հայրենական ջազի 75-ամյակին նվիրված «ARM JAZZ WEEK-75» հայկական ջազի շաբաթվա շրջանակում:

Միջոցառման կազմակերպիչը եւ հովանավորը «Mezzo Production» ընկերությունն է:

Հետաքրքիր է, որ այս տարի խումբը հիմնադրի՝ Արմեն Թութունջյանի հետ նշում է 20-ամյակը: 20-ամյա գոյության ընթացքում Chico& Friends-ի կազմն անընդհատ փոփոխվել է: Խմբի կազմը ներկայում այսպիսին է. հիմնադիրը՝ Չիկոն (հարվածային), բաս կիթառահար Սիմոն Դոլմազյանը, դաշնակահար Ռուբեն Սաթյանը, ամենաերիտասարդ անդամը՝ սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, ինչպես նաեւ երիտասարդ եւ խոստումնալից երգչուհի Աննա Կոստանյանը: Իր ավանդույթներին հավատարիմ Chico&Friends ակումբի այցելուներին հիանալի դասական ջազ է նվիրել:

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցը զրուցել էր Արմեն Թութունջյանի հետ, ով պատմել էր այն մասին, որ մոտ ժամանակներս «Անտարես» հրատարակչությունը տպագրելու է նրա գիրքը: Այն պատմում է համաշխարհային ջազի պատմության, ինչպես նաեւ Հայաստանում երաժշտական այդ ժանրի զարգացման մասին:

Ի դեպ, ջազմենը կտրականապես համաձայն չէ «հայկական ջազ» հասկացության հետ, ինչի մասին ներկայացնում է նաեւ իր գրքում: Նրա կարծիքով, այդ հասկացությունը խիստ նեղացնում է տվյալ ժանրի շրջանակները, իսկ ջազը վաղուց իր դրսեւորման դասական եղանակներն ունի:

«Այսօր մենք ունենք ջազի բոլոր դրսեւորումները»,- NEWS.am STYLE-ի թղթակցին ասել էր երաժիշտը եւ հավելել, որ առանց ջազի անհնար է պատկերացնել երաժշտության պատմությունը:

Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE