«Եվրատեսիլ 2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները

01:14   13 մայիսի, 2022

Իտալական Թուրինում այսօր՝ մայիսի 12-ին, կայացել է «Եվրատեսիլ 2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցել են մրցույթի եւս 18 երկրների ներկայացացուցիչներ: Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ են անցել նրանցից տասը՝ Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան եւ Սերբիան:

Ի դեպ, Էստոնիան այս տարի մրցույթում ներկայացնում է հայազգի երգիչ Ստեֆան Հայրապետյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր Hope երգին, նշել է.

«Այս երգով ուզում եմ մարդկանց ուժեղ լինելու եւ երբեք պայծառ ապագայի նկատմամբ հույսը չկորցնելու ոգեշնչում փոխանցել, որպեսզի բոլորն այդ հույսը գործի դնեն: Հուսով եմ` դա կնպաստի, որ մարդիկ ուժ գտնեն չարի դեմ պայքարելու»:

Այսօր մրցում էին նաեւ Իսրայելի, Վրաստանի, Մալթայի, Սան Մարինոյի, Կիպրոսի, Իռլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի ներկայացուցիչները, որոնց չհաջողվեց հասնել եզրափակիչ:

«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչն անցկացվելու է մայիսի 14-ին: Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինին հաջողվել է 4 տարվա դադարից հետո ապահովել Հայաստանի մասնակցությունը եզրափակչում:

9644ba22-1d25-45ed-8c1c-e7b2c0bcae11.jpg (105 KB)

Ռոզան մրցույթում ներկայացնում է իր հեղինակած Snap երգը: Երգչուհին ելույթ էր ունեցել «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչում, որը տեղի էր ունեցել մայիսի 10-ին: Շոուին հաջորդել է վիճակահանությունը, որից պարզ է դարձել, որ Հայաստանը ելույթ է ունենալու եզրափակչի առաջին կեսում:



© NEWS.am STYLE