11:08 22 հուլիսի, 2022Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդը բողոք է ներկայացրել նախկին ամուսնուն՝ Ջոնի Դեփին 10,35 մլն դոլար վճարելու դատարանի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Դերասանուհու փաստաբանները դատարանին տրամադրել են անհրաժեշտ փաստաթղթերը։
«Մենք կարծում ենք, որ դատարանը սխալներ է արել, որոնք թույլ չեն տվել արդար դատավճիռ կայացնել։Ուստի մենք բողոքարկում ենք դատավճիռը։ Թեեւ հասկանում ենք, որ այսօրվա դիմումը բուռն քննարկում կառաջացնի Twitter-ում, մենք պետք է քայլեր ձեռնարկենք արդարության հասնելու համար»,- ասել է Էմբերի փաստաբանական թիմը:
Դեփի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր թիմը վստահ է՝ դատավճիռը ուժի մեջ կմտնի:
«Երդվյալ ատենակալները լսեցին վեց շաբաթ տեւած դատավարության ընթացքում ներկայացված լայնածավալ ապացույցներն ու եկան հստակ եւ միաձայն դատավճռի, որ ամբաստանյալն ինքը զրպարտել է պարոն Դեփին», - ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին երդվյալ ատենակալները միաձայն Էմբեր Հերդին մեղավոր ճանաչեցին Ջոնի Դեփի դեմ գործով եւ նրան պարտադրեցին որպես փոխհատուցում վճարել 15 միլիոն դոլար։ Սակայն շուտով արեւմտյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ դերասանուհին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի ու պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել։