Հայտնի երգիչ Մայքլ Բուբլեն հոլովակ է հրապարակել Հայաստանի եվրատեսիլյան երգի ներքո

11:32   29 օգոստոսի, 2022

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն իր Snap երգով շարունակում է գրավել միջազգային երաժշտական հարթակներն ու համաշխարհային աստղերի ուշադրությունը։ Հայ երգչուհու անձնական ապրումներից ծնված ստեղծագործությունն այս անգամ հայտնվել է կանադացի հայտնի երգիչ Մայքլ Բուբլեի Instagram-ում։ Աշխարհահռչակ արտիստը տեսանյութ է հրապարակել երգի ռեմիքս տարբերակի ներքո։ «Դեռ կարողանում եմ շարժվել»,-հոլովակը մակագրել է նա։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Michael Bublé (@michaelbuble)

Երիտասարդ հայ երգչուհուն այս փաստն ապշեցրել է, եւ նա իր զարմանքն է արտահայտել Բուբլեի հրապարակման ներքո։

Snap երգը Ռոզային «Եվրատեսիլ»-ում բերել է 20-րդ հորիզոնականը, սակայն անհավանական հաջողություն է գրանցել հետեվրատեսիլյան շրջանում։ Այն Spotify-ում գրանցել է միլիոնավոր լսումներ ու ներբեռնումներ՝ հնչելով ոչ միայն Եվրոպայում, այլեւ ԱՄՆ-ում, իսկ Ռոզա Լինը համալրել է Columbia Records ընկերության հետ աշխատող արտիստների ցանկը։ 

Եվրատեսիլյան այս երգի ներքո իրենց ինստագրամյան էջերում տեսանյութեր են ներկայացրել նաեւ հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունն ու «Ինտեր»  ֆուտբոլային ակումբը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Reese Witherspoon (@reesewitherspoon)

22-ամյա Ռոզա Լինը ծնունդով Վանաձորից է։ Թեեւ նա մանկուց է երգում ու ստեղծագործում, երգչուհու անունը հանրության շրջանում հայտնի դարձավ բոլորովին վերջերս, երբ Հանրային հեռուստաընկերությունը նրան հայտարարեց՝ որպես «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ։ 

Խոսելով իր Snap երգի մասին՝ Ռոզան բազմիցս նշել է, որ այն իր անձնական հույզերի եւ դժվար շրջանը հաղթահարելու մասին է։ «Եվրատեսիլ»-ին մասնակցությունը երգչուհին համարել է երազանքի իրականացում եւ կոչ արել չդադարել երազելուց։ Իր ցանկացած հաջողություն Ռոզան վերագրում է երազանքին հավատարիմ մնալուն ու աշխատասիրությանը։

Լուսանկարները՝ Մայքլ Բուբլեի եւ Ռոզա Լինի ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE