Հայտնի է, թե որքան արժեն Քրիստինա Ագիլերայի երեւանյան համերգի տոմսերը

14:05   29 օգոստոսի, 2022

«ՀԱՅԱ» փառատոնն այսօր հրապարակել է Քրիստինա Ագիլերայի երեւանյան համերգի տոմսերի գները։ Ինչպես NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը՝ առաջիկա օրերի ընթացքում տոմսերի ձեռքբերման դեպքում կգործեն հատուկ զեղչեր՝ մարզադաշտի տարբեր գոտիների համար։

Այսպիսով՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Բրոնզե գոտու տոմսերը կարժենան 15 000, Արծաթե գոտունը՝ 30 000, իսկ Ոսկե գոտունը՝  100 հազար ՀՀ դրամ։ Սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 10-ը՝ դրանք կարող եք ձեռք բերել համապատասխանաբար՝ 20 000, 40 000 եւ 130 հազար ՀՀ դրամով, իսկ հոկտեմբերի 10-ից սկսած տոմսերը կլինեն 25 հազարից մինչեւ 150 հազար ՀՀ դրամ։

302286716_162600979763257_4506286903695135890_n.png (100 KB)

Քրիստինա Ագիլերայի երեւանյան համերգը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ Հրազդան մարզադաշտում։ Սա համաշխարհային աստղի առաջին ելույթն է լինելու Հայաստանում։ Երգչուհին առաջիկայում տարածաշրջանում այլ համերգներ չի ծրագրում։

«ՀԱՅԱ» փառատոնի ամառային համերգաշարի շրջանակում Երեւանում ելույթ են ունեցել նաեւ հայտնի երգչուհի Զազը, 50 Cent-ը՝ G-Unit խմբի հետ եւ Led Zeppelin Symphonic նախագիծը։ 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սոնա Հովհաննիսյանը նշել է նաեւ, որ նախնական պայմանավորվածությամբ՝ հաջորդ տարի հնարավոր է՝ Հայաստանում համերգներ ունենան Էնրիկե Իգլեսիասն ու Շակիրան։ Ջենիֆեր Լոպեսի համերգի բանակցությունները դեռեւս ընթացքի մեջ են։



© NEWS.am STYLE