Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթվա ընթացքում

11:30   20 փետրվարի, 2023

Նոր շաբաթ, նոր աշխատանք, նոր խնդիրներ․ առօրյան այնքան միապաղաղ ու տխուր կլիներ, եթե չլինեին ժամանցավայրերը, որտեղ կարելի է լիցքաթափվել, զինվել նոր ուժերով եւ պատրաստվել հաջորդ օրվա աշխատանքին ու առօրյա գործերին։

NEWS.am STYLE-ն առանձնացրել է մի քանի մշակութային իրադարձություն, որոնք, հաստատ, կօգնեն մի լավ լիցքավորվել աշխատանքային խիտ գրաֆիկից հետո։

Փետրվարի 20. Երկուշաբթին կարելի է անցկացնել ճաշակով երաժշտության ներքո։ The Band-ը բոլորին հրավիրում է Mezzo Club։ Խմբի համերգը տեղի կունենա ժամը 21:00-ին, մուտքն արժե 4000 դրամ։

slug-113036.jpg (132 KB)

Փետրվարի 21․ Մի լավ պարելուց հետո երեքշաբթին կարելի է համեմել հումորով։ Ստենդափեր Գրիգ Գեւորգյանը նոր մոնոներկայացում է բերել՝ «Վայ, Գրիգ, Գրիգ» հին ու սիրված խորագրի ներքո։ Կազմակերպիչները հանդիսատեսին խոստանում են  «շատ ուժեղ ստենդ ափ» ու «անկառավարելի ծիծաղ»։ Տոմսերի արժեքը 3000-7000 դրամ է: Ներկայացումը տեղի կունենա Բոհեմ թատրոնում, մեկնարկը՝ 19:30-ին։ 

Փետրվարի 22․ Երգել շատերն են կարող, բայց երաժշտությունը զգալ հոգու ամեն մի մասնիկով քչերին է տրված… Փետրվարի 22-ին Հին Արենի Մյուզիք Հոլլում առաջին անգամ ելույթ կունենա հմայիչ ու տաղանդավոր երգչուհի Անժելա Բարխուդարյանը: Երեկոն խոստանում է պարգեւել անմոռանալի հույզեր եւ վառ տպավորություններ։ Համեգի խորագիրն է` «Երգն առանց սահմանների»։ Տոմսերի արժեքը՝ 4000, 5000, 6000 դրամ:

slug-112822.jpg (217 KB)

Փետրվարի 23․  Անպայման ժամանակ տրամադրեք թատրոնին։ Մանավանդ, որ հինգշաբթի օրը Համազգային թատրոնում կա հրաշալի ներկայացում՝ «Խատուտիկի գինի»։ Վիպակն ինքնակենսագրական է, պատմության կենտրոնում Սփոլդինգ եղբայրներն են` Դագլասը և Թոմը։ Հեղինակն ինքը Դագլասի նախատիպն է։ Իրադարձությունները ծավալվում են 1928թ-ին՝ Գրին Թաունում երկու եղբայրների, նրանց ընտանիքի, հարեւանների եւ ընկերների հետ։

Ներկայացման սկիզբը 19:00-ին է, տոմսերն արժեն 2000, 2500 եւ 3000 դրամ:

Փետրվարի 24․ Ուրբաթ օրը «Պլատֆորմ»-ում ռոքային տրամադրություն կտիրի։ Հայկական ամենասիրված՝ Nemra խումբն այդ օրը մեծ համերգով կնշի հիմնադրման 11-ամյակը։ Համերգի մեկնարկը կտրվի 20:00-ին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում խմբի կիթառահար, վոկալիաստ Վան Եղիազարյանը, պատմել է, որ նեմրացիներին այդ օրն անակնկալ է սպասվելու։ Խումբը, հայտնի ու սիրված երգերին զուգահեռ, ներկայացնելու է նաեւ նոր երգ, որն, ըստ Վանի, ամբողջովին տարբերվում է իրենց նախորդ երգերից․ «Այն, գուցե, մի քիչ վախեցնի մեր լսարանին․ մտածելու են, որ վերջ, էլ չի լինելու այն հին, բարի ու ռոմանտիկ Nemra-ն, բայց շտապեմ հանգստացնել ու ասել, որ հաջորդ ալբոմում շատ կան մեղեդային, իմաստային ու նուրբ երգեր, որոնք հետո կներկայացնենք»,-նշել է երգիչը՝ տեղեկացնելով, որ համերգի տեւողությունը 2 ու կես ժամ է լինելու։ 

331073888_774347490925051_8275206091163502358_n.jpg (373 KB)

Տոմսերի արժեքը սկսվում է 6000 դրամից։

Փետրվարի 25․ Կաթիլ բենդի մասնակցությամբ ակուստիկ համերգ՝ Բաբելոն Թատրոնում։ Սկիզբը 20:00-ին է։ Տոմսերը նախապես կարող եք ձեռք բերել 3000 դրամ արժողությամբ։ Մուտքը տեղում՝ 4000 դրամ։
Տոմսի արժեքը ներառում է գինու հյուրասիրություն։ 

Փետրվարի 26․ Ռուսական ռեփի լեգենդ Oxxxymiron-ը առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ Ռեփերի մենահամերգը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ ժամը 20:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 
Oxxxymiron-ը 6 տարվա մեջ առաջին անգամ է համաշխարհային հյուրախաղերի մեկնել։ Նա կներկայացնի իր ամենավերջին՝ «Красота и Уродство» ալբոմը, ինչպես նաեւ՝ դասականներն ու քիչ հայտնի երգեր։

slug-112474.jpg (133 KB)

Տոմսերի արժեքը՝ 8000-35 000 դրամ:



© NEWS.am STYLE