Nemra-ն 11 տարեկան է։ Խմբի համար խորհրդանշական այս թիվը, բնականաբար, նշվելու է նեմՌացիների հետ՝ հատուկ էներգետիկայով ու էմոցիաներով։ Ռոք խմբի հոբելյանական համերգը կայանալու է փետրվարի 24-ին՝ «Պլատֆորմ»-ում։ Վոկալիստ ու կիթառահար Վան Եղիազարյանը վստահեցնում է՝ երկրպագուները Nemra-ին կտեսնեն` ինչպես հին ու հարազատ վիճակներում, այնպես էլ կբացահայտեն նորովի։
Հույզեր՝ բեմում ու բեմից դուրս, տարիների ամրություն, դժվարություններ, հաղթահարում եւ, իհարկե, սպասված հանդիպում․․․ NEWS.am STYLE-ը խմբի 11-ամյակի առթիվ զրուցել է Վանի հետ։
11-ը «Նեմրա»-ի համար, կարծես, խորհրդանշական թիվ է, նույնիսկ, երգ ունեք՝ Room N11. այս հատուկ թվով հոբելյանն ինչպե՞ս եք պատրաստվում նշել:
11 թիվը մեր կյանքում ամենագլխավոր թիվն է, շատ զուգադիպություններ են եղել դրա հետ կապված, եւ անընդհատ այդ թվի տեսքով նշաններ ենք ստանում։ Նաեւ այդ ամենը հաշվի առնելով՝ մեր բոլոր ալբոմների երգերի քանակը 11 է։ Համերգը սկսելու ենք մեր երկրորդ ալբոմի առաջին երգով՝ Room N11, որպես մեր 11 ամյակի խորհրդանիշ: Մեր ամենասիրելի նշելու ձեւը մեր լսարանին մի վայրում հավաքելն ու նրանց հետ միասին երգելն է։ Պատրաստվում ենք հիանալի ժամանակ անցկացնել միասին փետրվարի 24-ին՝ «Պլատֆորմ»-ում, հիանալի ձայնային ու լուսային՝ 2,5 ժամանոց համերգով։ Մարդկանց հետ փոխանակվելու ենք էներգիաներով։
Ինչպես խոստացել եք, լինելու են նաեւ անակնկալներ։ Ի՞նչ ծրագիր է սպասվում հանդիսատեսին։
Համերգին հնչելու են մեր առաջին, երկրորդ ալբոմներից երգեր, գալիք ալբոմից արդեն հայտնի, սիրված սինգլները, հայկական ժողովրդական երգերի մեր հայտնի մշակումները։ նվագելու ենք նաեւ մի «լքված» երգ մեր առաջին ալբոմից, որը մեր հանդիսատեսը շատ է սիրում, որը, սակայն, մենք վերջին տարիներին չենք կատարում, քանի որ ես «թարսվել էի» այդ երգի հետ, չէի զգում․․․ Բայց հիմա այն վերաիմաստավորվել է ու մեծ հաճույքով եմ կատարելու։ Չեմ ուզում ասել՝ որ երգի մասին է խոսքը, համերգի ժամանակ նեմռացիները կհասկանան։ Իսկ ամենագլխավոր անակնկալը նոր երգն է․ այն ամբողջովին տարբերվում է մեր նախորդ երգերից, գուցե, մի քիչ վախեցնի մեր լսարանին․ մտածելու են, որ վերջ, էլ չի լինելու այն հին, բարի ու ռոմանտիկ Nemra-ն, բայց շտապեմ հանգստացնել ու ասել, որ հաջորդ ալբոմում շատ կան մեղեդային, իմաստային ու նուրբ երգեր, որոնք հետո կներկայացնենք։ Իսկ այս նոր երգը պոռթկում է, եւ կարծում եմ՝ շատերին մեր այս երաժշտական ուղղվածությունը, նույնպես, դուր է գալու։ Հուսով եմ՝ երգի կատարման ընթացքում կմիանան մեզ։
Վան, համերգներ, առհասարակ, շատ եք ունենում․ ինչո՞վ են ձեզ համար առանձնանում հոբելյանական համերգները՝ հուզմունքի եւ սպասումի տեսանկյունից:
Հոբելյանական համերգներն առանձնահատուկ են նրանով, որ հիշողությունների գիրկն ենք ընկնում, հիշում ենք մեր անցած ճանապարհը, ամփոփում նախորդ տարիների ստեղծածը․ շատ հուզիչ զգացողություն է վերհիշել, թե որտեղից որտեղ ենք հասել․․․ Երկակի զգացողություն է, մեկ՝ թվում է, թե անհնարինին ենք հասել, երբեմն էլ՝ թե պետք էր ավելիին հասնել։ Բայց երբ բարձրանում ես բեմ, արդեն այդ ամենը երկրորդական հարցեր են․ այնտեղ ամեն ինչ ճիշտ է եւ ժամանակին։
Հայաստանում խմբերը, ցավոք, երկար տարիների կյանք չեն ունենում։ Ո՞րն է ձեր համախմբվածության գրավականը։ Ազգակցական կապերն այս դեպքում դեր ունե՞ն (Մարեկը Մարիաննայի եղբայրն է, Վանն ու Վասպուրը եղբայրներ են)։
Ինչքան էլ ասենք, որ մեր խումբն ամուր է մնում զուտ ազգակցական կապերի շնորհիվ, կարծում եմ՝ գլխավոր պատճառը երգերն են։ Մենք սիրում ենք այն, ինչ անում ենք, խմբի ներսում հարմոնիա կա, առողջ մթնոլորտ է, եւ բոլորս սիրում ենք մեր առաքելությունն այս խմբում։ Իհարկե, եթե մեր հանդիսատեսը չլիներ, ինչքան էլ սիրեինք մեր ստեղծածը, անիմաստ կլիներ բեմ բարձրանալը։ Իսկ քանի դեռ մեր ներքին էներգիան մաքուր է, մեր ու հանդիսատեսի միջեւ էներգիան եւս մաքուր է։ Մեծ սիրով շարունակում ենք՝ անկախ դժվարություններից, որոնք անցողիկ են։
Այնուամենայնիվ, այս 11 տարիների ընթացքում եղե՞լ է այնպես, որ Nemra-ն կանգնի փլուզման եզրին։ Ինչպե՞ս եք հաղթահարել այդ փուլը:
Ամենածանր պահը եղել է սկզբում, երբ առաջին 2-3 տարիներից հետո մենք անհամաձայնություններ ունեցանք մեր նախորդ հարվածային գործիքներ նվագողի հետ, ում հետ զրոյից ստեղծել էինք խումբը եւ ունեինք նաեւ ընկերական հարաբերություններ։ Շատ ծանր փուլ անցանք, խումբը կարելի է ասել փլուզման եզրին էր։ Իհարկե, ենթագիտակցորեն մենք գիտեինք, որ այդքան նոր երգերը անհնար եւ անարդար կլիներ չձայնագրելը, շարունակում էինք ձայնագրել, բայց համերգների տրամադրություն բացարձակ չունեինք։ Այդ պահին թվում էր՝ ամեն ինչ անիմաստ է, եւ մեծ հիասթափություն էինք ապրում։ Բայց հետո, երբ առաջին ալբոմը թողարկեցինք, հասկացանք, որ չենք կարող կտրվել այս ամենից։ Տարբեր հարվածային գործիքներ նվագողների հետ համերգներ ունեցանք, մինչեւ մեր հիմնական չորրորդը (Մարեկը) հայտնվեց 2015-ին, ու արդեն ամեն ինչ տեղն ընկավ։
Հաճախ կիսվում ես նաեւ անհատական կատարումներով: Խմբին զուգահեռ՝ մեներգչի կարիերայի մասին մտածո՞ւմ ես, թե՞ այդ գործունեությունդ կարտահայտվի միայն cover-ների տեսքով:
Անհատական կատարումներս զուտ հոբբիի նման են ինձ համար, ուղղակի հաճելի է լրիվ ոչ պրոֆեսիոնալ ձայնագրությամբ, տանը նվագել երգելով, հեռախոսով ձայնագրել ու կիսվել հանդիսատեսի հետ հենց այդ պահի անկեղծ զգացողություններով՝ առանց արհեստական որեւէ բանի։ Որոշ այդպիսի տնային cover կատարումներ, իհարկե, շատ հայտնի դարձան, մանավանդ, երբ կատարեցի իմ ամենասիրելի հայ երգահանի՝ Ռուբեն Հախվերդյանի երգերից երկուսը, ու շատ ուրախ եմ, որ մարդիկ հավանել են, քանի որ Հախվերդյանի երգերը ես միայն սիրում եմ իր կատարմամբ։ Երբ ուրիշները երգում էին նրա երգերից, միշտ մտածում էի՝ աղավաղում են․ հիմա, եթե ես ինձ կողքից նայեի, երեւի էլի այդպես կմտածեի (ծիծաղում է)։ Բայց ես, ուղղակի, վայելում եմ երգը կատարելու ընթացքն ու առաձնապես չեմ մտածում հավանողների մասին:
Մեներգչի կարիերայի մասին չեմ մտածում, քանի որ ես Nemra-ում անում եմ այն ամենը, ինչ ուզում եմ․ չկա որեւէ սահմանափակում։ Դրանով բոլորիս բախտը բերել է․ մեր մոտեցումները նույնն են, ու ոչ ոք խմբում չի կաշկանդվում անել այն, ինչ ուզում է։ Չկա ոճային սահմանափակում, մենք անում ենք այն, ինչ սիրում ենք, ու մեզ հետաքրքիր չէ, թե «Առնեմ-ելնեմ» երգը ինչքան տարբեր է Help Me Forget-ից, Connection Lost-ը` «Նարե»-ից․․․ Այդ ամբողջը մենք ենք․ դեռ երբեք չենք դավաճանել մեզ, արել մի բան, ինչ չենք սիրում՝ հանուն նրա, որ մեզ ավելի շատ հարսանիքների կանչեն։ Բարեբախտաբար, մարդիկ ցանկանում են մեզ տեսնել ամենուր՝ սիրելով այն, ինչ անում ենք, ինչը մեզ հնարավորություն է տալիս շարունակել, ստեղծել նոր երգեր ու տեսահոլովակներ։
Օրերս նոր տեսահոլովակ թողարկեցիք՝ If You Go երգի հիման վրա․ ի՞նչ սպասել խմբից 2023-ին:
Արդեն սկսել ենք նախօրոք չասել, թե ինչ սպասել, որովհետեւ մենք այն «բախտավոր» խմբերից ենք, որոնց ամենաակտիվ շրջանում աշխարհը գլխիվայր շուռ է գալիս, էլ չասեմ, թե Հայաստանում ինչեր են կատարվում։ Մենք ունենք շատ նոր երգեր, որոնք, կարծում ենք, մեր նախորդ երգերից ավելի շատ են սիրվելու։ Հերթով ձայնագրելու ենք, տեսահոլովակներ ենք նկարահանելու, ունենալու ենք համերգներ՝ տարբեր քաղաքներում եւ երկրներում․․․ Բայց ժամկետների մասին արդեն չենք խոսում, քանի որ ամեն ինչ անկանխատեսելի է մեր ժամանակներում։ Հուսով եմ՝ քաոսը շուտ կանցնի ու, վերջապես, հանգիստ կվայելենք մեզ տրված ժամանակաշրջանը։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Վանի ու Nemra-ի ֆեյսբուքյան էջերից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:31, 3 հոկտեմբերի
«Մաքրենք մեր միտքը վատից, մտածենք միայն լուսավորի ու գեղեցիկի մասին, ու հենց դա կգա դեպի մեզ». Էվա Խաչատրյան20:15, 3 հոկտեմբերի
Balenciaga-ի շուրջ սկանդալից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ նկարահանվել է բրենդի արշավում19:17, 3 հոկտեմբերի
«Փողով, իսկապես, ամեն ինչ կարելի է գնել»․ Գեւ Օրկյանը՝ ՄԱԿ-ի՝ Արցախ կատարած այցի ու գնահատականի մասին17:40, 3 հոկտեմբերի
Ադրբեջանը «ահաբեկիչ» է հռչակել Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանին17:30, 3 հոկտեմբերի
«Մենք Սյունիքի լեռներում էինք ամենածանր օրերին, երբ կրակում էին Արցախի վրա». Ելենա Արշակյանը՝ «Լեռները կհիշեն» սերիալի բարդ նկարահանումների մասին (ֆոտո)15:50, 3 հոկտեմբերի
Hayat Project-ն իր առաջիկա համերգի ողջ հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալուն15:34, 3 հոկտեմբերի
Ինչպե՞ս հաղթահարել այս օրերի սթրեսը. ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնի խորհուրդը (VIDEO)14:32, 3 հոկտեմբերի
Ո՞վ է ռուսական շոու-բիզնեսի լավագույն արտիստն՝ ըստ Կիրկորովի13:05, 3 հոկտեմբերի
«Թագուհու քայլը» սերիալի աստղ Անյա Թեյլոր-Ջոյն ամուսնացել է12:25, 3 հոկտեմբերի
«Այս օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյան11:24, 3 հոկտեմբերի
«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա10:28, 3 հոկտեմբերի
Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին (VIDEO)