Վարուժան Մարգարյանը՝ հին կերպարի նոր դերի, հորինված բարբառի ու Թամարա Գվերդծիթելիի հետ նույն բեմում լինելու մասին

15:11   23 փետրվարի, 2023

Դերասան Վարուժան Մարգարյանն այս շրջանում միանգամից մի քանի նախագծերի շուրջ է աշխատում։ Նա ոչ միայն նկարահանվում է «Մենք փնտրում ենք հարսնացու» նոր սերիալում, այլեւ՝ խաղում թատրոնում ու պատրաստվում մասշտաբային՝ «Սանսեթ Բուլվար» մյուզիքլին, որտեղ միեւնույն բեմում լինելու է լեգենդար երգչուհի Թամարա Գվերդծիթելիի հետ։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանը, նախ, խոսել է արդեն հայտնի ու սիրված կերպարի նոր դերի մասին եւ հերթով ներկայացրել սպասվող նորությունները։

326572951_710743897380845_250395004226274649_n-1.jpg (79 KB)

«Մենք փնտրում ենք հարսնացու» սերիալը, որը «Նոր Հայաստանի» եթերում է լինելու մարտի վերջին, նոր պատմություն է արդեն հայտնի հերոսների՝ Գարիկի (Հայկ Հովհաննիսյան) ու Գուգոյի (Վարուժան Մարգարյան) մասին։ Այս կերպարները հեռուստադիտողին հայտնի են «Կհանդիպենք անտառի տնակում 2» նախագծից։ Ինչպես ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել էր սցենարիստ Անի Մաղաքյանը՝ այս պատմությունը սկսում է Բազմաշեն գյուղում։ Որոշ դեպքերից հետո հայրը Գուգոյին երկու ամիս ժամանակ է տալիս՝ իր համար հարսնացու գտնելու։ Մնացած գործողությունները, դեպքերն ու իրադարձությունները զարգանում են Երեւանում։

326492609_1417661275699924_9071786643210470651_n.jpg (80 KB)

Վարուժանը, որի կերպարի սիրային արկածների շուրջ էլ ծավալվելու է սյուժեի հետաքրքրությունը, ասում է՝ հաճելի է, որ կերպարն այնքան է սիրվել, որ նոր սերիալում վերածվել է գլխավոր հերոսի։ 

«Շատ ուրախ եմ, որ կատարածս աշխատանքի արդյունքը տեսա, թեեւ առաջնահերթ չեմ մտածել ստեղծել այնպիսի մի կերպար, որը հեռուստադիտողի կողմից  պիտի սիրվի։ Իհարկե, դա էլ է կարեւոր, բայց առաջնահերթ ցանկանում էի ինքս ինձ գոհացնել՝ ներկայանալ այնպես, ինչպես չէի ներկայացել։ Դա իմ տեսակից ու բնավորությունից է գալիս․ մի քիչ շատ եմ մտածում (ծիծաղում է)։ Շատ ինքնաքննադատ եմ, անընդհատ փորձում էի մի գույն գտնել, որպեսզի ներկայանայի այնպես, որ մարդիկ տեսնեին ու համեմատականներ չտանեին մնացած այլ կերպարների հետ, որոնց տեսել են եթերում»։

Անդրադառնալով կերպարի հաջողված լինելուն՝ դերասանը կատակում է․

322476632_726808868917583_7157665676812718130_n.jpg (40 KB)

«Կարծում եմ՝ հաջողության գաղտնիքը մազերս էին (ծիծաղում է)։ Չէ, իրականում, բացի դրանից, կարծում եմ, դեր խաղաց նաեւ հորինված բարբառը։ Ես երբեք բարբառով չեմ խոսել, բայց տարբեր ժամանակներում լսել եմ ընկերներիցս, ծառայությանս ընթացքում, հենց «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալի նկարահանման հրապարակում․․․ Տարբեր բարբառներ լսել եմ ու փորձել դրանց նմանեցումից ստանալ մի նոր բարբառ ֆիլմի համար, քանի որ այնտեղ ներկայացված գյուղն էլ հորինված էր»։

Վարուժանն, իհարկե, չբացահայտեց սերիալի սյուժեն, բայց փորձեց ներկայացնել պատմության ամենահետաքրքիր կողմերը․

«Երկու կերպարները գալիս են հարսնացու փնտրելու․ հենց դա է պատմության գերխնդիրը, ու այդ երկու կերպարներին պատկերացնելիս արդեն ինչ-որ հետաքրքիր բովանդակություն է ակնկալվում։ Քանի որ կերպարս իր տեսակով շուտ սիրահարվող եւ շուտ հիասթափվող է, հենց դրանում էլ լինելու են նրա փորձությունները։ Ամեն անգամ սիրահարվելու պատճառով հայտնվելու է զանազան արկածների մեջ։ Թե ինչ զարգացումներ կունենա այդ ամենը, պարզ կդառնա հեռուստասերիալի ընթացքում։ Գուցե, լինեն դեպքեր, որ մարդիկ ասեն՝ իրավիճակը չափազանցված է, այդպես հնարավոր չէ եւ այլն, բայց ինքս շատ բաներ, իրականում, կողքից տեսել եմ ու վստահ եմ, որ կան այդպիսի մարդիկ՝ թե տեսակով, թե շարժ ու ձեւով։ Որքան էլ, որ հերոսները հորինված են, եթե լավ ուսումնասիրենք, նրանց նման շատ մարդկանց կգտնենք»։

331779247_804643968062196_733072104607929795_n.jpg (43 KB)

Դերասանը նշում է՝ առհասարակ հարմարվող է, իսկ թիմի հետ վաղուց է մտերիմ ու սիրով է աշխատում։ Այս շրջանում ոգեւորված է նաեւ թատերական գործունեությամբ։ 

«Թատրոն Տանիքում-ում հանդես եմ գալիս «Մեծն Գեթսբի» ներկայացմամբ։ Եղանակային պայմանների պատճառով է, որ առայժմ միայն այնտեղ եմ խաղում, բայց էլի ներկայացումներ ունենք  խաղացանկում։ Հիմա նաեւ ունեմ զբաղվածություն մյուզիքլում, որի պրեմիերան կայանալու է ապրիլի 6-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում․ խոսքը «Սանսեթ Բուլվարի» մասին է, որտեղ գլխավոր հերոսուհին Թամարա Գվերդծիթելին է։ Սա եւ մեծ պատիվ է, եւ հաճելի զգացողություն, երբ գիտես, որ նման արտիստի հետ ես բեմ բարձրանալու։ Պատասխանատվությունը շատ մեծ է, բայց աշխատանքը՝ շատ հետաքրքիր։ Մյուզիքլը լինելու է ռուսերենով։ Մասշտաբային առումով ես, ամեն դեպքում, չեմ հիշում, որ նման բան Երեւանում եղած լինի։ Վստահ եմ՝ սա հետաքրքիր նորություն է լինելու ու նոր գույն Երեւանի մշակույթի մեջ»,-հավելեց Վարուժանը։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Վարուժան Մարգարյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE