«Դուդուկը մերն է, հայի պատմությունն է, ոչ մի ազգ չունի դրանից»․ Ջիվան Գասպարյանն այսօր կդառնար 95 տարեկան

19:07   12 հոկտեմբերի, 2023

Քո դուդուկը նվագ չէ, քո նվագն աղոթք է․ Վիլյամ Սարոյանն է ժամանակին ասել Ջիվան Գասպարյանին․ այս մասին աշխարհահռչակ հայ դուդուկահարը տարիներ առաջ հիշել էր NEWS.am STYLE-ի հետ զրույցի ընթացքում։ 

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լեգենդար հայ դուդուկահար ու կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 95 տարեկան։ 

Իր գործունեության ընթացքում դուդուկահարը գնահատվել է ոչ միայն հիացական խոսքերով, այլեւ պարգեւներով: Առաջին մրցանակը Գասպարյանը ստացել էր 1956 թ-ին, իսկ 1959 թ-ին Չորրորդ Միջազգային փառատոնի ժամանակ՝ արժանացել ոսկե մեդալի: Նույն մրցույթին դուդուկահարը մասնակցել էր նաեւ 1962 եւ 1973 թ-երին՝ արժանանալով արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ 1973 թ-ին նրան շնորհվել էր ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչում:



Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին գայթակղությունը», «Ռոնին», «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն եւ մոխիր» եւ այլն։

Ջիվան Գասպարյանը կյանքից հեռացել է 2021 թ-ին՝ 92 տարեկանում, բայց թողել է ոչ միայն հնչեղ անուն, այլեւ դուդուկի պատմության մեջ անհերքելի հետք, որը ուղի է ծառայում մի շարք երիտասարդ դուդուկահարների համար։ 

2018 թ-ին՝ NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում, խոսելով դուդուկի ու այս երաժշտական գործիքն ընտրած երիտասարդների մասին՝ Գասպարյանը նշել էր․



«Ես ճանապարհ եմ բացել, իրենք պետք է որոշեն իրենց կյանքի ճանապարհը: Ես ամեն ինչ արել եմ դուդուկն աշխարհին ներկայացնելու համար: Հիմա, երբ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, առաջին հերթին դուդուկ են գնում: Մերոնք էլ, ցավոք, ինչից ասես պատրաստում են այդ գործիքը, վաճառում են, պատիվը գցում դուդուկի: Պետք է ծիրանի ծառի փայտից այն անպայման պատրաստվի եւ վաճառվի, որպեսզի ամոթ չլինի մեզ համար: Դուդուկը մերն է, մեր ազգայինն է,  հայի պատմությունն է, ոչ մի ազգ չունի դրանից: Ես որեւէ գործիքի չեմ թերագնահատում, բայց դուդուկի ձայնն ուրիշ է, այն օրհնանք է: Վիլյամ Սարոյանն ասել է՝ Ջիվան քո դուդուկը նվագ չէ, քո նվագն աղոթք է»:



© NEWS.am STYLE