Ընտրում ենք զարդեր՝ աշնան համար

16:23   2 սեպտեմբերի, 2014

Եվ այսպես, ամառն անցյալում է, առջեւում աշունն է՝ իր հեքիաթային բնությամբ եւ եղանակով։ Թավշա սեզոնին պետք է նախապատրաստվել նախօրոք, քանի որ երբեք չես իմանա, թե եղանակն ինչ անակնկալներ կմատուցի։ NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է այս աշնան գլխավոր գույները, միտումներն ու «must have»-ները, իսկ այսօր կառաջարկենք նորաձեւ զարդերի տարբերակներ՝ աշնան համար։

Աշունը տարվա ամենառոմանտիկ եղականն է, ուստի ձեր կերպարներն էլ պետք է հնարավորինս ռոմանտիկ եւ քնքուշ լինեն։ Դրանում ձեզ կօգնեն զարդերը։ Տեսնենք, թե այս աշնան համար դիզայներներն ինչ են առաջարկում։

Պետք է նշել, որ, իմի բերելով տարեսկզբին տեղի ունեցած մի շարք նորաձեւության տների ցուցադրությունները, չի կարելի ասել, թե դիզայներները շեշտը դրել են նրբության վրա։ Մի շարք հավաքածուներ, ինչպես, օրինակ,  Giorgio Armani-ի, Chanel-ի, Celine-ի, Fendi-ի, համալրված են առաջին հայացքից կոպիտ զարդերով։

Մի կարեւոր նկատառում. ոճաբանները, կարծես թե, միաձայն մերժել են թանկարժեք զարդերը։ Նրանք առաջարկում են բիժուտերիա՝ պատրաստված հասարակ մետաղներից, բնական եւ արհեստական քարերից, մորթուց եւ այլն։

Մի շարք դիզայներներ էլ առաջարկում են, որպես նորաձեւ զարդ, ընտրել մատանի, ընդ որում՝ միեւնույն ձեռքին կրել մի քանի մատանի միաժամանակ։

Խոսելով զարդերի եւ աքսեսուարների մասին, անհնար է չհիշել միշտ արդիական ժամացույցների մասին։ Ոսկուց, արծաթից կամ գունավոր կաշվե շղթայով ժամացույցները՝ համադրված նուրբ թեւնոցների հետ, անչափ նորաձեւ են այս շրջանում։

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE