Այս սեզոնի նորաձեւ ակնոցները

20:08   30 հունիսի, 2017

Ակնոցն անկասկած ամենահետաքրքիր աքսեսուարն է. այն ընդհանուր կերպարի եզրափակիչ շեշտն է, իսկ դեմքի համար՝ հիմնական աքսեսուարը։ 

Եթե 2017–ի կոշկեղենում եւ պայուսակներում դեկորի խելահեղություն էր, ապա ակնոցի դեպքում այս տարի համեմատաբար հանդարտ է, միայն մի քանի ապրանքանիշներ են դեկորի առատություն առաջարկել, բայց այս դեպքում էլ կա՛մ նախշերն են ավելի հանգիստ դարձել, կա՛մ մեր աչքն է վարժվել։ 

Այս սեզոնին բավականին ակտիվ է եղջերաշրջանակը, դժվար է որեւէ ժամանակ հիշել, երբ այն նորաձեւությունից դուրս է եղել՝ ունեցել են մեր տատիկները, մեր մայրիկները, եւ մենք էլ կունենանք։ Քանի որ իսկական եղջերաշրջանակը պատրաստված է կենդանու եղջյուրից, ապա հասկանալի է, որ այս հաճույքը էժան չէ, եւ նման ակնոցը զուգորդվում է հստակ կարգավիճակի հետ։ Բնական նյութի անհարթությունը թույլ չի տալիս դեմքից սահել, իսկ նման շրջանակի նախշն անկրկնելի է։ Սակայն այսօր կան զգալիորեն մատչելի պլաստմասսե տարբերակներ, բայց նույնպես գեղեցիկ։ 

Նորաձեւ լուքերը աչքի են ընկնում գունավոր ապակիներով, առաջին տեղում դեղիններն են, այնուհետեւ՝ վարդագույնները, կապույտները, կանաչները։ Ապակիների գույնի ընտրությունը կա՛մ հագուստի հետ կոնտրաստում է, կա՛մ նույն երանգում։ Դե այո, իհարկե՝ Հռոմեական կայսրությունում առաջին ակնոցները պատրաստվում էին բարակ թանկարժեք քարերից՝ զմրուխտից կամ այլ թանկարժեք քարերից։ Քանի որ այսօր դրանք քարեր չեն, այլ ապակի կամ պլաստիկ, գունավոր մոդելների ընտրության դեպքում ակնոցով մի քանի րոպե անցուդարձ արեք եւ փորձեք հասկանալ՝ արդյոք չի՞ գրգռում բազմագույն աշխարհը։ 

Հայելային ապակիներն ամենուր են, արտացոլում են ուլտրամանուշակագույնը եւ բացասական աուրան։

Գրադիենտը կամ օմբրեն (մուգից բացին անցումը) դեռեւս դիրքերը չի զիջում, ի դեպ՝ հենց գրադիենտային ապակիները լավագույն տարբերակն է տարվա ցանկացած եղանակի համար, ավելին՝ նման ակնոցը կարելի է կրել նաև փակ տարածքում։

Նորաձեւությունը հիմնվում  է կոնտրաստների վրա՝ մի կողմից սեզոնի թրենդն է շրջանակի բացակայությունը, իսկ մյուս կողմից՝ կրկնակի կամ հաստ շրջանակներով մոդելները։

Կրկնակի աղեղ, մասերի միջեւ կամուրջ, հավանաբար հուսալիության համար, չնայած պնդում են, որ այն նորաձեւ է։

Ձեւի եւ բովանդակության  մասին։ «Կատվի աչքը» կամ «աղվեսիկները» նույնքան հավերժական են թվում, որքան գիշատչի նմանվելու, աչքերի անկյունները եւ հոնքերը փոքր–ինչ բարձրացնելու կնոջ մշտական ցանկությունը։ Այս սեզոնին նույնիսկ նրանց են հասել ֆուտուրիստական միտումները։

Երկրաչափական կամ հարթ մոդելները նույնպես տուրք են տալիս ֆուտուրիզմին եւ երիտասարդների ամենասիրելի ոճն են. սեզոնի նորույթն է դիմակ ակնոցը։

Վստահաբար թրենդում է շարունակում մնալ Ռիհաննայի անցյալ տարվա հավաքածուի ակնոցը, կասկածներ կան, որ «Աստղային ուղուց» կույր լեյտենանտի կերպարով ոգեշնչված ձեւը ազդեցություն կունենա եւս 2 սեզոն։

Կլոր ակնոցը (թիշեյդներ, լենոնիկներ) սեզոնի ֆավորիտներից մեկն է, չնայած ամենաքմահաճ շրջանակներից մեկն է եւ դեմքի վրա ուշադրություն է գրավում։ Լենոնիկներն ավելի շատ սուր եւ երկար քիթ ու կզակ ունեցող դեմքերին են սազում, քան կլոր։

Թիթեռի թեւերը թեթեւության պատրանք են ստեղծում եւ ծածկում այտոսկրերը։

Կուլտային ավիատորները թրենդում են արդեն անպատշաճորեն երկար,   եւ ընդամենը այն պատճառով, որ ունիսեքսն այնքան սրտամոտ է կանացի էությանը, որը ձգտում է տղամարդու զգեստապահարանից ինչ–որ բան թռցնել։ Այն, ինչը հիմնված է կանացի ։ «Ես իմը ոչ մ ի կերպ չեմ կարողանում գտնել, քոնը վերցնե՞մ» կամ «Քոնն ինձ ավելի շատ է սազում» սովորության վրա դժվար թե շուտ հեռանա նորաձեւությունից: Սակայն այս սեզոնին ավիատորների չափերը փոքր–ինչ չափազանցված են, ի դեպ՝ ինչպես մնացյալ բոլորի։

Հագուստի օվերսայզն ակնհայտորեն ազդել է նաեւ ակնոցի վրա։ Օվերսայզ ակնոցը սեզոնի ամենադրական եւ լավատեսական թրենդն է։ Առաջին՝ դեմքը փոքրանում եւ կարծես երիտասարդանում, իսկ ամենագլխավորը՝ դրանք տոնի հետ են զուգորդվում, հիշեցնում են երեկույթների ակնոց (party glasses) կամ ծաղրածուի ուրախ ակնոց, մի՛ վախեցեք ձեզ հեգնանքով ներկայացնելուց։ Ըստ որում՝ գլխավորն այն է, որ ակնոցը պետք է կատարելապես համապատասխանի չափով, օվերսայզը ոճ է, ոչ թե չափ։

Կարեւոր պահ՝ եթե դուք չեք քայլում պոդիումով, որտեղ էքստրավագանտությունը թույլատրելի է, սակայն շատ եք ցանկանում օրիգինալ ակնոց ունենալ՝ ընտրելով չափից ավելի խոսուն ակնոց,  ընտրեք համեմատաբար չեզոք հանդերձանք, ակնոցն ու հագուստը պետք է միմյանց լրացնեն, այլ ոչ թե մրցակցեն։



© NEWS.am STYLE