«Սովետի հոտ է գալիս այդ արգելքից», NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի շրջանակում ԼԳՏԲ համայնքի մասին պատմող ֆիլմերի արգելքին, ասաց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ կինոփառատոնը մեծ իրադարձություն է Հայաստանի համար եւ պետք չէ այն ստվերել նման մոտեցումներով.
«Ես հեռու եմ դրանից, ես ընդամենը հյուր եմ փառատոնում, նույնիսկ չգիտեմ՝ ով է արգելել: Ես ապրել եմ Սովետում եւ գիտեմ, որ արգելելով ոչնչի չես հասնի՝ ոչ սեռամոլները կփոխեն իրենց օրիենտացիան, ոչ էլ...: Այդ արգելումները նրանց անունը եւս մեկ անգամ լսեցնել տվեցին: Ցույց էին տալիս, թող ցույց տային, ի՞նչ էր փոխվելու, դա գովազդ չէր...Մարդ եթե դա չունի իր մեջ, մեկ ֆիլմով չէր փոխվելու: Աշխարհը վաղուց շատ հանգիստ է նայում այդ երեւույթներին: Այդ աղմուկը եւս մեկ անգամ հնչեցրեց այդ անհասկանալի մարդկանց անունը»,- ասաց Ստեփանյանը:
Ըստ նրա՝ այս 14 տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեծ քայլեր է արել հայկական կինոն համաշխարհային կինոինդուստրիային ինտեգրելու համար.
«Լավ կինո ստեղծելու համար պետք են լավ ծախսեր, դա բիզնեսի օրենքն է: Իսկ այն գումարները, որոնք հայ կինոյի վրա են ծախսվում, անհամեմատ են դրսի շուկայի հետ»:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ մամուլում եւ սոցցանցերում աղմուկ բարձրացավ, որ «Ոսկե Ծիրան 2017»-ի շրջանակներում ԼԳՏԲ համայնքի մասին ֆիլմեր են ցուցադրվելու, եւ կինոփառատոնի ծրագրից դրանք հանվեցին, Ատոմ էգոյանն ու Արսինե Խանջյանը կոչով դիմեցին փառատոնի կազմակերպիչներին:
«Մենք խորապես մտահոգված ենք Կինեմատոգրաֆիստների միության կողմից գրաքննությամբ եւ դրան հաջորդած՝ մի ամբողջ ծրագիր չեղարկելու՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի որոշմամբ։ Ատոմը գրեթե տասը տարի եղել է փառատոնի նախագահ, եւ անհանգստացնող է հանգամանքը, որ փառատոնը, որը մենք հպարտորեն ներկայացնում էինք միջազգային կինոհամայնքում ֆիլմերի եւ ռեժիսորների անունից, որոնք խոսում էին մարդու իրավունքների ոլորտի հրատապ հարցերի մասին, կարող է ճնշման ենթարկվել, հատկապես այն պարագայում, երբ նման գաղափարները քննարկման ու լուսաբանման կարիք ունեն»,- ասված է ամուսինների հայտարարության մեջ։