Ջեյմս Ֆրանկոն «Օսկարի» չի առաջադրվել՝ սեռական ոտնձգություների մեջ մեղադրանքների պատճառով

12:35   24 հունվարի, 2018

Արդեն հայտնի են կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ «Օսկարի» ներկայացված հավակնորդները: Տարբեր անվանակարգերում ընդգրկված անունների ցանկերում, սակայն, բացակայում է ռեժիսոր, դերասան Ջեյմս Ֆրանկոյի անունը՝ հավանաբար այն պատճառով, որ նրա անունը մինչ մրցանակաբաշխության արարողությունն արատավորվել է սեռական ոտնձգություների մեջ մեղադրանքներով: Նման կարծիքի են արևմտյան լրատվամիջոցները:

Թեև ողջ այդ պատմությունը չխանգարեց նրան հունվարի սկզբին «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում «Ոսկե Գլոբուսի» արժանանալ: Իհարկե, այդ ժամանակ դեռ մեղադրանքները մեծ հնչեղություն չէին ստացել:

Հիշեցնենք, որ հինգ դերասանուհիներ, որոնցից չորսը ռեժիսորի հիմնած կինոդպրոցի երբեմնի սաներն են եղել, տարբեր հարթակներոմ հայտարարություններ են արել այն մասին, որ Ֆրանկոն իրենց հանդեպ սեռական ոտնձգություններ է թույլ տվել՝ մասնագիտական առաջխաղացման խոստումներով:

Ի դեպ, ըստ դերասանուհիներից մեկի մեղադրանքների՝ ռեժիսորը փորձել է նրան սեռական հարաբերությունների դրդել, երբ դերասանուհին դեռ անչափահաս է եղել:

Չնայած Ֆրանկոն հերքել է բոլոր այդ մեղադրանքները, սակայն նրա մտերիմների հավաստիացմամբ՝ դերասանը լրջորեն անհանգստացած է և մտահոգված:



© NEWS.am STYLE