Քրիստա Մարինան (Ապարդյան) երգչուհի, երգահան եւ պրոդյուսեր է, որը բնակվում է Լոս Անջելեսում եւ հիմնականում ստեղծագործում է R&B եւ փոփ ժանրերում՝ իր երաժշտության մեջ դնելով Մերձավոր Արեւելքի տարրերը, որոնք նրա մեղեդիները դարձնում են ավելի յուրահատուկ եւ հիշարժան: Նրա ձայնագրությունները YouTube-ում ունեն հազարավոր եւ միլիոնավոր դիտումներ:
Վերջերս նա նաեւ փորձեց իրեն որպես դերասանուհի՝ նկարահանվելով Սուրբ Ծննդյան մասին նոր ֆիլմում, որում նրա խաղընկերներից է նաեւ բրիտանահայ հայտնի շոումեն Կեւ Օրկյանը։ Ֆիլմում նա մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, որը, նույնպես, երգչուհի է: Գանգրահեր ու ժպտերես Քրիստայի հետ ծանոթացա հենց նկարահանման հրապարակում եւ, իհարկե, չէի կարող շրջանցել ու չպատմել նրա մասին NEWS.am STYLE-ի «ArmenՅԱՆs» խորագրում։
Քրիստա Մարինան ծնվել է Փասադենայում, Կալիֆոռնիա: Նրա ընտանիքի արմատներն Արեւմտյան Հայաստանից են: Հայոց ցեղասպանության հետեւանքով նրանք ստիպված են եղել փախչել Սիրիա, Հունաստան եւ Պաղեստին: «Իմ ծնողները Բեյրութի եւ Հորդանանի հայեր են։ Ես ծագումով ամբողջովին հայ եմ»,-ասում է երգչուհին, որի մանկությունն անցել է Լոս Անջելեսում։

Քրիստա, ապրելով արտերկրում, հաջողացրե՞լ եք պահպանել ինչ-որ հայկական ավանդույթներ։
Այո, շատ ավանդույթներ։ Օրինակ՝ իմ ծննդյան օրը հունվարի 5-ին է՝ հայկական Սուրբ Ծննդյան նախօրեին։ Մենք նշում ենք հայկական Սուրբ Ծնունդը, Ծաղկազարդը եւ Զատիկը մեր Օրինջ Քաունթիի հայկական եկեղեցում։ Ես սովորել եմ Օրինջ Քաունթիի փոքրիկ հայկական դպրոցում, որտեղ նշում էինք Վարդավառի մեր սեփական տարբերակը։ Ես նաեւ զբաղվել եմ հայկական պարով եւ ներառված եմ եղել երգչախմբի մեջ։
Ինչպե՞ս եւ ե՞րբ սկսեցիք ստեղծել Ձեր երաժշտությունը։
Երաժշտության հանդեպ իմ հետաքրքրությունն ու կապվածությունը սկսվեց հայկական երաժշտությունից։ Ես սիրում էի սովորել եւ երգել մեր երգերը դպրոցում։ Ես սկսեցի դաշնամուրի հաճախել 8 տարեկանում՝ մի հրաշալի հայ ուսուցիչ ունեի։ Այնտեղից սկսեցի ուսումնասիրել օրիգինալ երաժշտությունը եւ խումբ կազմեցի իմ լավագույն ընկերներից մեկի՝ Ալիք Չերչյանի հետ։ Տարիների ընթացքում մենք կատարեցինք հայկական երգերի մեր սեփական մեկնաբանությունները, ինչպես նաեւ՝ այլ ժողովրդական, փոփ եւ բլյուզ «քավերներ» եւ օրիգինալ երգեր։ Ես երբեք չեմ մոռանա մեր առաջին համատեղ ելույթը՝ ապրիլի 24-ին, երբ ես 4-րդ դասարանում էի։ Մենք հիանալի ժամանակ անցկացրինք հարմոնիաներ գործիքավորելով, եւ ինձ դուր եկավ դաշնամուրից կախոնի անցնելը։ Ավագ դպրոցում մենք շարունակեցինք ելույթ ունենալ, եւ ես լսումների մասնակցեցի ու միացա ավագ դպրոցի երաժշտական ծրագրին, որն ինձ շատ բան սովորեցրեց իմ սեփական հնչողության, բեմական ներկայության եւ երաժշտության արտադրության մասին։ Այդ ընթացքում ես նաեւ կիթառ ձեռք բերեցի ու սկսեցի աշխատել իմ ստեղծագործական հմտությունների վրա։

Իսկ կա՞ մեկը, ով ոգեշնչում է Ձեզ Ձեր երաժշտության ոճի հարցում։
Սա դժվար հարց է ինձ համար, քանի որ դա անընդհատ փոփոխվում է։ Ես կասեի՝ ինձ վրա հիմնականում ազդեցություն են թողել Լենա Չամամյանը, Էմի Ուայնհաուսը, Ալիշա Քիզը, Ալինա Բարազը, Armenian Navy Band-ը, «Ռեինկարնացիան», H.E.R.-ը, Naika-ն: Վերջերս շատ Ladaniva եմ լսում, Տիգրան Համասյան, Téo, Բիլլի Այլիշ, Saint Levant եւ շատերին։
Վերջերս Դուք Հայաստանում նկարահանվում էիք Սուրբ Ծննդյան մասին նոր ֆիլմում, որտեղ խաղում եք գլխավոր հերոսուհու դերը: Ինչպե՞ս անցավ Ձեր առաջին դերասանական փորձը։
Դա շատ ազդեցիկ եւ անմոռանալի փորձառություն էր: Դա կանացիության, տարբեր տեսակի սիրո եւ երազելու մասին ամբողջական պատմություն է, որին ես անհամբերությամբ եմ սպասում, հատկապես այն պատճառով, որ դա կօգնի համաշխարհային ուշադրություն գրավել մեր երկրի վրա: Դերասանական կազմը, անձնակազմը, բոլոր նրանք, ում հետ ես հնարավորություն ունեցա կիսելու այս փորձառությունը, հրաշալի էին, եւ դրա համար ես շատ շնորհակալ եմ: Ես շատ բան սովորեցի ինքս իմ մասին, նոր հիշողություններ ստեղծեցի հայրենիքում եւ հնարավորություն ունեցա ուսումնասիրելու իմ արվեստի նոր ուղիները՝ երաժշտությունից մինչեւ դերասանություն։

Բայց երբեւէ երազե՞լ էիք դերասանական կարիերայի մասին․ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ ոլորտում:
5-րդ դասարանում սցենարներ էի գրում եւ ընկերներիս հետ «ֆիլմեր» նկարահանում։ Դպրոցից շտապում էի տուն, ավարտում էի տնային աշխատանքս եւ անմիջապես սկսում հաջորդ պատմությունը պլանավորել։ Սա մի քանի տարի ամեն օր անում էի։ Դպրոցական տարիներին թատերական դասընթացների էի հաճախում, որպեսզի դուրս գամ իմ ամաչկոտության պատյանից, եւ շուտով սիրահարվեցի բեմին։ Քոլեջում ես երկու թատրոնի անդամ էի, որոնք դերասանական արվեստի, արձակի եւ ավանդական ելույթների համադրություն էին։ Ես նաեւ աշխատել եմ տեսախցիկի առջեւ՝ թե՛ տեսահոլովակների, թե՛ հանրային ելույթների նկարահանման ժամանակ։ Միշտ անհամբեր սպասում էի տեսնելու, թե ինչպես կդրսեւորվեին իմ արվեստն ու երաժշտությունը, եւ, անկեղծ ասած, չէի կարող կանխատեսել, որ դա ինձ մի օր կբերեր դեպի այս գլխավոր դերը լիամետրաժ ֆիլմում, բայց կարծում եմ՝ դա իմ գեղարվեստական ճանապարհորդության բնական եւ օրգանական առաջընթաց էր։ Ես խորը հարգանք ունեմ դերասանական արվեստի նկատմամբ. դա արվեստի ամենախոցելի ձեւերից մեկն է, եւ այն քեզանից պահանջում է ամբողջական ներկայություն։ Ես շատ բան սովորեցի մեր դերասանական կազմից եւ ընդհանուր փորձից։

Որքա՞ն հաճախ եք այցելում Հայաստան։
Տարին մեկ կամ երկու անգամ, չնայած կցանկանայի ավելի շատ այցելել։ Ինձ համար միշտ հուզիչ եւ դժվար է հեռանալը, ես հաճախ եմ կարոտում այս վայրը։
Ունե՞ք այստեղ սիրելի վայրեր։
Հայաստանում այնքան շատ գեղեցկություն կա ուսումնասիրելու, եւ ես գիտեմ, որ դեռ շատ ավելին կա տեսնելու։ Իմ սիրելի վայրերից մի քանիսն են Կասկադը՝ մայրամուտի, կամ արեւածագի ժամանակ, Սեւանա լիճը, Դիլիջանը, Կոմիտասի թանգարանը, In Vino-ն։ 2019 թվականին ես հնարավորություն ունեցա ապրելու Երեւանում, Շիրակում եւ Ստեփանակերտում, ու բոլոր վայրերն էլ շատ սիրեցի։

Հայաստանի վերաբերյալ այլ ծրագրեր կա՞ն, օրինակ՝ այստեղ երգելու, նոր նախագծերի հետ կապված․․․
Անկասկած․ ես դեռ համերգ չեմ տվել Հայաստանում եւ անպայման ուզում եմ դա պլանավորել։ Կարողանալ լույս սփռել մեր մշակույթի վրա, արվեստ ստեղծել Հայաստանում եւ իմ արվեստը ծառայեցնել իմ երկրին՝ դա պատիվ է, ու ես անհամբեր սպասում եմ այդ ամենն իրագործելու հնարավորություններին։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ cha.cha.studio, Hovig Kazandjian, Jade Marie, Robin Truong, Talia
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 28 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 օգոստոսի
Արդյո՞ք Շոպենը սիրում էր տղամարդկանց. Գերմանացի հետազոտողը սիրո խոստովանություններ է հայտնաբերել նրա նամակներում22:12, 27 օգոստոսի
Սև մանիկյուրը վերադարձել է նորաձևություն. Սանդրա Բալոքը, Դուա Լիպան և Քայլի Ջենները ընտրում են աշնան հիմնական գույնը21:19, 27 օգոստոսի
Ռոջեր Ֆեդերերի անսովոր ընտրությունը. թենիսի լեգենդը կրում է Rolex-ի ամենաքննարկվող ժամացույցը20:26, 27 օգոստոսի
Կաշեմիրով գայլեր. միլիարդատերերն այլևս չեն ցանկանում միլիարդատիրոջ տեսք ունենալ19:32, 27 օգոստոսի
Շվեյցարական էքսկլյուզիվ՝ OpenAI-ի համար. ինչու են Սեմ Ալթմանի ժամացույցն անվանում կարգավիճակի նոր խորհրդանիշ16:50, 27 օգոստոսի
Իսպանական քաղաքը խեղդվել է լոլիկի մեջ. 20,000 մարդ կազմակերպել է զանգվածային լոլիկի կռիվ16:17, 27 օգոստոսի
Instagram-ը թողարկել է First Draft-ը. Reel-ները այժմ կարելի է խմբագրել վայրկյանների ընթացքում15:24, 27 օգոստոսի
Մերսում, արոմաթերապիա և «սմբակների խնամք». ԱՄՆ-ում մեկնարկում է մարդկանց համար նախատեսված առաջին «կովերի սպա»-ն14:35, 27 օգոստոսի
Վատիկանից մինչև haute couture. Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորել է ամենաոճային մարդկանց ցուցակը14:18, 27 օգոստոսի
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին գաղտնի հանդիպում են ունեցել, բայց չեն կարողացել խուսափել պապարացիների ուշադրությունից13:16, 27 օգոստոսի
Մահացել է լեգենդ. Յայոյի Կուսաման՝ նկարչուհին, որը կետիկները վերածել է համաշխարհային արվեստի խորհրդանիշի