Մեքսիկահայ հումորիստ Ջեք Ասադուրյանը (Jack Jr.) հայրենիքում է. սա նրա առաջին այցն է Հայաստան, որն առավել, քան հագեցած է։ Ջեքն իր հետ բերել է նաեւ իր նոր ստենդ-ափ շոուն, որը հումորիստի խոսքով՝ դասական համարների ու նոր հումորների հետաքրքիր միքս է․ առաջին շոուն կայացել է հուլիսի 27-ին՝ Hard Rock Cafe-ում, հաջորդ շոուն նախատեսված է օգոստոսի 4-ին՝ Common Ground Books & Spirits-ում։
Ջեքի հումորն անտարբեր չի թողնի հայ հանդիսատեսին, քանի որ նրա սրամիտ տեքստերում յուրաքանչյուրը կարող է ոչ միայն գտնել իրեն կամ իր ծանոթին, այլեւ մասնակիցը դառնալ մի ամբողջ ծիծաղելի իմպրովիզի։ NEWS.am STYLE-ը, «ArmenՅԱՆs» սյունակի շրջանակում, հումորիստի հետ զրուցել է նրա առաջին երեւանյան այցի, արմատներին ամուր մնալու եւ հայկականն այդքան տիպիկ ներկայացնելու մասին։

«Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Արցախում, ես զգացի այս խորը պատասխանատվությունը՝ խոսելու և օգտագործելու իմ հարթակը, երբ աշխարհը լռում էր»
Ջեքն ասում է՝ շատ է ոգևորված այս ուղեւորությամբ։ Նա տարիներ շարունակ ցանկանում էր այցելել Հայաստան, բայց մի բան միշտ խանգարում էր։ «Ամեն ինչ փոխվեց, երբ ես ստենդափի միջոցով սկսեցի ավելի շատ ներգրավվել հայկական համայնքի կյանքում։ Հատկապես Արցախի հետ կապված ամեն ինչից հետո ես զգացի մի խորը պատասխանատվություն՝ խոսելու եւ օգտագործելու իմ հարթակը, երբ աշխարհը լռում էր։ Այդ ամենն ինձ ավելի շատ կապեց իմ արմատների հետ եւ դրդեց ինձ ավելին սովորել և ավելին անել»։
Հիմա նա վերջապես այստեղ է, իր իսկ աչքերով է ուսումնասիրում հայկական մշակույթը, հողը, մարդկանց։ «Ես սա չեմ անում միայն ինձ համար»,- ասում է նա,-«Ես պատրաստվում եմ նկարահանել իմ ամբողջ փորձառությունը եւ դրանով կիսվել ուրիշների հետ, հատկապես նրանց հետ, ովքեր չեն եղել այստեղ, ովքեր շատ բան չգիտեն Հայաստանի մասին, կամ ովքեր կտրված են եղել դրանից՝ ինչպես ես ժամանակին։ Ես ուզում եմ ներկայացնել այս ամենը եւ հուսով եմ՝ ուրիշներին էլ կօգնեմ ինձ հետ ճանապարհորդել»։
Հայտնի տեսարժան վայրերի, եկեղեցիների, լեռների, պատմության հետ մեկտեղ, Ջեքը ցանկանում է հանդիպել մարդկանց, քանի որ, նրա կարծիքով, հենց մարդիկ են, ովքեր Հայաստանը դարձնում են այնպիսին, ինչպիսին կա։ «Հենց դրան եմ ամենաշատը սպասում։ Ես ուզում եմ զգալ այդ ամենը՝ գյուղերը, գիշերային կյանքը, սնունդը։ Ես ուզում եմ ուտել, քնել եւ շնչել Հայաստանով, քանի այստեղ եմ»։

Ջեք, Դուք ունեք հայկական եւ մեքսիկական արմատներ։ Կարո՞ղ եք պատմել՝ինչպես եւ որտեղ են հանդիպել Ձեր ծնողները։ Որտե՞ղ եք ծնվել։
Իմ ծնողները հանդիպել են Լոս Անջելեսում՝ ճակատագրի բերումով։ Հայրս ծնվել է Բեյրութում եւ ԱՄՆ է տեղափոխվել 1970-ականներին՝ պատերազմի ժամանակ։ Նա սկզբում Նյու Ջերսի է ժամանել ուսանողական փոխանակման ծրագրի միջոցով, բայց ընդհանրապես չէր սիրում ցուրտը, ուստի հավաքել է իրերն ու ուղեւորվել արեւոտ Կալիֆոռնիա։ Ահա, թե որտեղից է ամեն ինչ հետաքրքրանում։ Մայրիկիս լավագույն ընկերը, բախտի բերումով, ապրում էր հայրիկիս հետ նույն բնակարանում։ Մի օր նրանց ճանապարհները հատվեցին, եւ հայրս, ով սովորել էր իսպաներեն միայն անձնական հետաքրքրությունից ելնելով, որոշեց մայրիկիս հետ խոսել իսպաներեն։ Իսկ մնացածը պատմություն է․․․ Ես ծնվել եմ Լոս Անջելեսում, որտեղ նրանց երկու աշխարհներն էլ միախառնվել են՝ հայկականը եւ մեքսիկականը, մերձավորարեւելյան ջերմությունը եւ լատինական ոգին, ու այդ ժամանակվանից ի վեր ես փորձել եմ այդ համադրությունը կրել ինձ հետ։

Թեեւ մանկությունն անցկացրել եք Հայաստանից հեռու, Դուք բավականին կապված եք Ձեր արմատներին եւ լեզվին։ Ինչպե՞ս եք կարողացել այդքան մոտ մնալ Ձեր ժառանգությանը։
Դա, անկասկած, հայրիկիս շնորհիվ էր։ Չնայած մենք ապրում էինք Կալիֆոռնիայում, եւ ես զարմիկներ, մորաքույրեր կամ շատ հայ հարազատներ չունեի շուրջս, նա ինձ համար առաջնահերթություն դարձրեց մեր արմատներին կապված լինելը։ 4-րդ դասարանում նա ինձ ընդունել տվեց մասնավոր հայկական դպրոց։ Նա իսկապես ուզում էր, որ ես հասկանամ, թե որտեղից ենք գալիս՝ մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր լեզուն։ Եվ այդ դպրոցը մեծ դեր է խաղացել այդ կապի ձեւավորման գործում։ Այնտեղ ես սովորեցի հայերեն (չնայած լավ չեմ խոսում), ավանդույթները եւ, իսկապես, սկսեցի հպարտանալ իմ այն կողմով, թե ով եմ, նույնիսկ եթե միշտ չէ, որ ինձ շատ են ընդունել կամ ողջունել, քանի որ կիսով չափ հայ էի։
Կպատմե՞ք Հայաստանում Ձեր շոուների մասին: Նո՞ր համարներ եք ներկայացնելու, թե՞ կլինեն նաեւ հայտնի հումորներ։
Մեծ մասամբ, սա նոր շոու է, չնայած կլինեն նաեւ դասական համարներ։ Ես շատ բան ներկայացնում եմ հենց հանդիսատեսի հետ, այնպես որ յուրաքանչյուր շոու տարբեր է լինում՝ կախված հանդիսատեսից, եւ դա զվարճանքի մի մասն է: Ինձ, իսկապես, ոգեւորում է այս շոուի շուրջ տիրող էներգիան: Ես հաղորդագրություններ եմ ստանում աշխարհի տարբեր ծայրերից հայերից, որոնք ասում են, որ նրանք պլանավորում են լինել Հայաստանում իմ շոուն դիտելու համար: Դա ինձ համար անհավանական է եւ, իսկապես, յուրահատուկ: Հանդես գալ Հայաստանում՝ այն մարդկանց առջեւ, ովքեր ժամանել են տարբեր վայրերից, որոնցից շատերն առաջին անգամ են այստեղ տեսնում անգլալեզու ստենդափ, դա անհավանական է։

Հայաստանը եւ հայկականությունը մեծ տեղ են գրավում Ձեր շոուներում: Ինչի՞ց եք ոգեշնչվում։
Ես փորձում եմ լինել հայերի Սեբաստիան Մանիսկալկոն։ Ես վերցնում եմ մեր մշակույթը, մեր առանձնահատկությունները, մեր ընտանեկան դինամիկան եւ դրանք վերածում զվարճալի եւ բոլորի համար հասկանալի մի բանի, անկախ նրանից՝ հայ եք, թե ոչ։ Իմ նյութերի մեծ մասը հիմնված է հայկական փորձի վրա՝ մեր խոսելաձեւը, մեր ծնողների վարքագիծը, մեր համայնքի էներգիան։ Եվ չնայած ես անկասկած հայտնի եմ մի փոքր սուր հումորով, ինչը, եկեք ազնիվ լինենք, այնքան էլ ավանդական չէ մեր մշակույթում, կարծում եմ՝ այդ հակադրությունն է իմ կատակերգությունը առանձնացնում։ Դա ինձ մի փոքր առավելություն է տալիս, եւ կարծում եմ, որ մարդիկ կապվում են այդ անկեղծության հետ։
Կնշե՞ք Ձեր սիրելի հայ կատակերգուներից մի քանիսին։
Ես անկեղծորեն սիրում եմ բոլոր կատակերգուներին։ Ես շատ եմ հարգում յուրաքանչյուրին, ով բեմ է բարձրանում եւ մարդկանց ծիծաղեցնում։ Իմ սիրելիներից մեկը Վաչե Թովմասյանն է։ Ես երկար ժամանակ հայ կատակերգուների երկրպագու եմ եղել, եւ իսկապես գնահատում եմ այն, թե որքան ենք մենք բոլորս աջակցում միմյանց։ Վաչեն Լոս Անջելեսում ներկա է եղել իմ վերջին ներկայացումներից մեկին, որտեղ մենք հնարավորություն ունեցանք շփվելու։ Կարծում եմ, որ հենց այդպիսի համայնքն է հայկական կատակերգությունն այդքան յուրահատուկ դարձնում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո