Սև Օհանյանը ամերիկահայ պրոդյուսեր է, կինոռեժիսոր, ով նաև Proximity Media-ի հիմնադիրներից է։
Նա լայն ճանաչում ձեռք բերեց 2008 թվականին «Իմ մեծ հայկական ընտանիքը» յութուբյան շարքով, որը ոգեշնչված էր հայկական մշակույթի հումորային կողմերով։ Սակայն Սևն ասում է, որ իր նպատակը պարզ կարծրատիպերի վրա հույս դնելը չէ, այլ հայերին՝ որպես բարդ, լիարժեք կայացած մարդկանց ներկայացնելն է։
Օհանյանն արտադրել է մի շարք հոլիվուդյան ֆիլմեր, որոնց մեծ մասը թրիլերներ են՝ առեղծվածային ավարտներով։ Կինոսերները, հավանաբար, ծանոթ են «Որոնում», «Վազիր», «Հուդան և սև մեսիան» և «Կորածը» ֆիլմերին։ Նա նաև «Մեղավորներ» ամերիկյան սարսափ ֆիլմի պրոդյուսերն է, որի պրեմիերան կայացել է այս ապրիլին։ Ֆիլմում նկարահանվել են Մայքլ Բ. Ջորդանը՝ միանգամից երկու կերպարում, Օմար Բենսոն Միլլերը՝ Քորնբրեդի դերում, ինչպես նաև՝ Հեյլի Սթեյնֆելդը, Ջեյմ Լոուսոնը և ուրիշներ։ Վերջերս Սևը ներառվել է Variety-ի «41 Under 40: The New Leaders Class of 2025» ցուցակում:
NEWS.am STYLE-ը զրուցել է Սևի հետ «ArmenՅԱՆs» սյունակում․ առաջին քայլերից մինչև կինոյի մեծ աշխարհ և այլ թեմաներ․․․
.jpg)
««Մեղավորները» ֆիլմի պրեմիերան կայացել է Նյու Յորքում, որին հաջորդել են ցուցադրությունները Մեխիկոյում և Լոնդոնում, որոնցից յուրաքանչյուրը հանդիպել է ոգևորության ալիքների: ԱՄՆ-ի և աշխարհի տարբեր երկրների կինոթատրոններում ֆիլմը բուռն արձագանք է գտել հանդիսատեսի մոտ: Մենք հենց սկզբից հավատացել ենք այս պատմությանը, բայց տեսնել, թե ինչպես է այն այդքան խորը միաձուլվում տարբեր մշակույթների հետ, խորապես ոգևորիչ է»,-ասում է Սևը:
Վաղ տարիներն ու կարիերայի սկիզբը
Սև Օհանյանը վաղ տարիքում է տեղափոխվել Լոս Անջելես։ Որպես հայկական սփյուռքի անդամ՝ նա միշտ ցանկացել է ստեղծել ֆիլմ հայկական համայնքի մասին։
«Երբ ես մոտ 17 տարեկան էի, սկսեցի YouTube-ում կարճ տեսանյութեր տեղադրել՝ առանց որևէ նպատակի, պարզապես զվարճալի նյութեր ընկերներիս համար։ Ի զարմանս ինձ, դրանք մեծ ճանաչում ստացան՝ լայնորեն տարածվելով աշխարհի տարբեր հայերի կողմից։ Դերասանական կազմում էին միայն իմ ընկերներն ու քույրս, ոչ մի նկարահանող խումբ՝ միայն ես։ Երբ դրանք ձեռք բերեցին ժողովրդականություն, ես հասկացա, որ կարող եմ դրանք վերածել լիարժեք ֆիլմի, որը դարձավ «Իմ մեծ հայկական ընտանիքը»։ Այն պատմում է երկու հայ ծնողների մասին, որոնց երկուսին էլ մարմնավորում է նույն դերասանը, և նրանց դեռահաս, «ամերիկացած» երեխաների մասին, թե ինչպես են նրանք միասին ապրում։ Ես այն նկարահանեցի 800 դոլարով՝ կատարելով ամեն ինչ՝ սցենարից մինչև պրոդյուսինգ, անգամ՝ դիմահարդարում։ Երբ այն թողարկվեց, հայկական համայնքը միավորվեց դրա շուրջ, և այդ աջակցությունը իմ կարիերայի սկիզբը դրեց»,-հիշում է Օհանյանը։

Նրա խոսքով՝ «Իմ մեծ հայկական ընտանիքը» ֆիլմը մեծապես հիմնված է իր սեփական կյանքի վրա․
«Բարեբախտաբար, իմ ծնողները նման չեն ֆիլմում ներկայացված կերպարներին, և ես հուսով եմ, որ ես էլ իրականում ավելի լավ որդի եմ, քան ֆիլմի հերոս Նարբեն»,-կատակում է նա։ «Այն պատմում է շատ ավանդական հայ-ամերիկյան ընտանիքում մեծանալու մասին, որտեղ դուք սիրում եք միմյանց, բայց երբեմն դժվար եք ընդհանուր լեզու գտնում»։
Համագործակցություններ և կարևոր նախագծեր
Սևը սովորել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիայի դպրոցում, որտեղ նա հանդիպել է իր ամենակարևոր գործընկերներից երեքին՝ կնոջը՝ Նատալի Քասաբյանին, սցենարիստ- գործընկեր Անիշ Չագանտիին և կինոռեժիսոր Ռայան Քուգլերին, ով առաջադրվել է երկու «Օսկար», մեկական «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների։ Միասին նրանք աշխատել են «Որոնում», «Վազիր» և «Կորածը» ֆիլմերի շուրջ։
Նա նաև երկար համագործակցության պատմություն ունի դերասան Մայքլ Բ. Ջորդանի հետ, ով «Մեղավորներ» ֆիլմի գլխավոր դերակատարն է։ Մայքլը նկարահանվել է նաև «Քրիդ» եռերգությունում, «Սև հովազում», «Ֆանտաստիկ քառյակ» և այլն ֆիլմերում։

Հայկական ավանդույթները՝ կյանքում և կինոյում
«Իմ կարիերայի մեծ մասի համար ես պարտական եմ ծնողներիս»,-ասում է Սևը: «Նրանք միշտ առաջնահերթություն էին տալիս ինձ և քրոջս կարիքները հոգալուն՝ շեշտը դնելով կրթության վրա, բայց նաև մեզ տալով ճանապարհորդություններով և նոր փորձառություններով լի մանկություն: Մենք պարզապես ընտրում էինք մի տեղ և գնում: «Իմ մեծ հայկական ընտանիք»-ում ընտանիքի ուղևորությունները դեպի Փալմ Սփրինգս, ուղղակիորեն, ոգեշնչված էին այդ հիշողություններով»:
Իսկ այս ավանդույթները փոխանցո՞ւմ եք ձեր որդուն:
Իհարկե։ Մենք նրա հետ հնարավորինս շատ ենք խոսում հայերեն և դաստիարակում նրան ընտանիքի և մշակույթի ուժեղ զգացումով. մենք նույնիսկ միասին երգում ենք հայկական երգեր։ Մեծանալով Ամերիկայում՝ կարևոր է պահպանել մեր ժառանգությունը, հակառակ դեպքում մենք ռիսկի ենք դիմում կորցնել այն։ Ահա թե ինչու իմ ֆիլմերի միջոցով հայկական պատմություններ պատմելը ինձ համար կարևոր նպատակ է։ Ես ուզում եմ իմ կարիերան ամրապնդել Հոլիվուդում, որպեսզի, երբ ժամանակը գա, կարողանամ կիսվել այդ պատմություններով ավելի լայն լսարանի հետ։ Երբ սկսեցի, ոլորտում շատ քիչ հայ դերասաններ կամ կինոգործիչներ կային։ Ես սկսեցի զրոյից։ Բայց ես հավատում եմ, որ դա հնարավոր է, և հույս ունեմ, որ մենք ավելի ենք մոտենում այդ ամենին։
Ձեր ընտանիքը Գերմանիայից է տեղափոխվել է ԱՄՆ։ Կարո՞ղ եք ավելին պատմել այդ մասին։
Իմ ծնողները մեծացել են Իրանում։ Իմ նախնիները որոշ ժամանակով այնտեղ էին տեղափոխվել։ Իրանական հեղափոխությունից հետո իմ ծնողները որպես փախստականներ գաղթել են Գերմանիա։ Ես այնտեղ եմ ծնվել երկու տարի անց, իսկ հետո մենք տեղափոխվել ենք Ամերիկա։ Ես շատ բախտավոր եմ, որ ունեմ իմ ծնողներին։ Սա ներգաղթյալի դասական հաջողության պատմություն է․ նրանք առանց փողի եկան ԱՄՆ և երեք տասնամյակ անխոնջ աշխատելով կարիերա կառուցեցին՝ իրենց ընտանիքը պահելու և քրոջս ու ինձ բոլոր հնարավորությունները տալու համար։ Ես շատ հպարտ եմ նրանցով։
Հայի կերպարը՝ կինոյում
Սև, Դուք բազմաթիվ հոլիվուդյան նախագծերի շուրջ եք աշխատել։ Առաջիկայում միտք ունե՞ք ֆիլմերից մեկում ներառել նաև հայ կերպարների, և ինչպիսի՞ն կլինեն նրանք։
«Այո՛։ Ես այս պահին մշակում եմ կողոպուտի մասին մի ֆիլմ, բայց փող կամ զարդեր գողանալու փոխարեն… հերոսները պայքարում են քաղաքացիություն ստանալու համար։ Գլխավոր հերոսներից մեկը համառ հայ կին է։ Իմ նպատակն է ֆիլմը մեծ էկրաններ բարձրացնել և հայկական մշակույթը համաշխարհային ասպարեզում ցուցադրել՝ հայերին ներկայացնելով որպես զիլ, քաջ և զվարճալի մարդիկ։ Ահա, թե ինչպիսի պատմություններ են ինձ հուզում։

Այսպիսով, Ձեզ համար կարևոր է, հայերին պատկերել ոչ կարծրատիպային ձևերով․․․
Անշուշտ։ Տանել չեմ կարողանում, երբ հայերի շուրջ կատակում են։ Այնուամենայնիվ, ես դեմ չեմ հայերին բացասական կամ նույնիսկ դասական «կարծրատիպային» ձևերով ներկայացնելուն, քանի դեռ կերպարն ունի իրական մարդկայնություն։ Դա անելը հեշտ չէ, բայց երբ այն աշխատում է, դա հզոր է. կինոյի լավագույն կերպարներից մի քանիսը կարող են համապատասխանել այդ նկարագրությանը։
Խոսենք «Վազիր» ֆիլմի մասին, որի գլխավոր դերում «Ամերիկյան սարսափ պատմություն» ֆիլմի աստղ Սառա Փոլսոնն է։ Ինչպե՞ս ծագեց ֆիլմի գաղափարը։
«Որոնում» ֆիլմի հաջողությունից հետո, որը պատմում էր անհետ կորած դստերը փնտրող հոր մասին, մենք ցանկացանք ստեղծել ինչ-որ բան՝ իրական տեսախցիկներով (ֆիլմը նկարահանված է բջջային հեռախոսի ֆորմատով)։ «Վազիր» ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես սերը, երբ չափազանց հեռուն է գնում, կարող է վնասակար դառնալ։ Սա մի աղջկա և նրա մոր պատմությունն է, որտեղ մոր հոգատարությունը անցնում է վերահսկողությունից դուրս, և դուստրը, հաշմանդամություն ունենալով, գիտակցում է, որ կարող է ապրել իր սեփական կյանքով։ Մենք նպատակադրվել էինք ընտրել երիտասարդ դերասանուհու, ով իրական կյանքում էլ, ինչպես հերոսուհին, անվասայլակ է օգտագործում, և, բարեբախտաբար, գտանք ֆենոմենալ դերասանուհի Քիրա Ալենին, ով մեզ զարմացրեց: Իսկ ինչ վերաբերում է մոր կերպարին՝ մենք միշտ հիացել ենք Սառա Փոլսոնով: Դերը հոգեբանորեն բարդ էր, և նա ցուցադրեց գեղեցիկ, բազմաշերտ խաղ։

«Անորայի» և հայ դերասանների մասին
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ստացավ 5 «Օսկար», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ձեր կարծիքով, ո՞րն էր դրա հաջողության գաղտնիքը։
«Անորան» գեղեցիկ նկարահանված ֆիլմ է: Անկեղծ կլինեմ. երբ առաջին անգամ լսեցի, որ այնտեղ ներառված են հայ կերպարներ, անհանգստացա, որ նրանց, պարզապես, ծիծաղելի կներկայացնեն: Բայց, ի վերջո, ինձ դուր եկավ ամեն ինչ: Շոն Բեյքերը և նրա թիմը մեզ տվեցին երկու հայ կերպարներ, որոնք իրական են, մարդկային և հարազատ: Իրականում, կարծում եմ, որ Վաչեն և Կարենը լավագույն կերպարներն էին ֆիլմում: Ես շատ հպարտ եմ նրանցով և անհամբեր սպասում եմ մի օր նրանց հետ աշխատելու հնարավորությանը: Նրանք, իսկապես, հպարտության առիթ տվեցին մեզ բոլորիս և գողացան ամբողջ շոուն:

Հայաստան կատարած այցերի մասին
Դուք երկու անգամ եղել եք Հայաստանում: Պատմեք այդ փորձառությունների մասին։
Առաջին անգամը 2003 թվականին էր՝ ծնողներիս և քրոջս հետ։ Ոչինչ չի կարող համեմատվել օդանավակայանից դուրս գալու և անմիջապես տանը զգալու այդ պահի հետ։ Այդ ուղևորությունը ամբողջությամբ տեսարժան վայրեր այցելությունների մասին էր՝ հուշարձաններ, փողոցներ, մարդիկ․․․ իսկ ուտելիքն անհավանական էր։ Ես վերադարձա 2016 թվականին՝ ԹՈՒՄՈ կենտրոնում երկշաբաթյա կինոռեժիսուրայի դասընթաց անցկացնելու, և հիացած էի ուսանողներով։ Նրանք շատ տաղանդավոր և ոգեշնչող էին։

Պատրաստվո՞ւմ եք շուտով կրկին այցելել։
Անկասկած։ Անհամբեր սպասում եմ վերադառնալուն։ Ծնողներս մի քանի ամսից կայցելեն։ Կցանկանայի միանալ նրանց, բայց աշխատանքը ինձ զբաղված է պահում։
Դա պայմանավորված է նրանով, որ դուք աշխատում եք նոր նախագծերի շո՞ւրջ։
Այո։ Մեկը հայկական թեմայով ֆիլմն է, որի մասին ավելի վաղ խոսեցի, որը, հուսով եմ, կկարողանանք կյանքի կոչել մոտ մեկ տարի անց։ Կան բազմաթիվ այլ ֆիլմեր, որոնք մշակման փուլում են։ Իսկ վերջերս թողարկվել են իմ՝ մի քանի նախագծերը․ Disney+-ով և Hulu-ով ցուցադրվել են 3 հեռուստատեսային նախագծեր՝ Marvel-ի «Երկաթե սիրտը», «Վականդայի աչքերը» և «Կատրինա փոթորիկ. մրցավազք ժամանակի դեմ» անունով վավերագրական սերիալը։
Զրուցեց Սյունե Առաքելյանը
Լուսանկարները տրամադրել է Սև Օհանյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո12:20, 28 օգոստոսի
«Ես ինձ ռոբոտի պես էի զգում». Բրիթնի Սփիրսը ցնցել է 14-ամյա խնամակալության սարսափելի հետևանքների խոստովանությամբ11:38, 28 օգոստոսի
Մադոննան աչք է դրել Անջելինա Ջոլիի 29,85 մլն դոլարանոց առանձնատան վրա. Հոլիվուդյան լեգենդար տունը կարող է նոր սեփականատեր գտնել