Երբ հայտնի ոճաբան, վարսահարդար և make up արտիստ Մարիաննա Մուկուչյանը տարիներ առաջ՝ 2013 թ-ին, առաջին անգամ մասնակցեց Burning Man փառատոնին, որը տեղի է ունենում Նևադայում, նա վճռեց՝ «Հենց այստեղ եմ ես գտնելու իմ սիրուն և հենց այստեղ էլ ամուսնանալու եմ»։ Նա, ոգևորված, իր մտքով կիսվեց մայրիկի հետ․․․ բայց Մարիաննան չէր էլ պատկերացնում, որ այդ մանիֆեստից 10 տարի անց իր խոսքերն իրականություն են դառնալու։
2023 թ-ի Burning Man փառատոնին Մարիաննա հանդիպեց Իռենայ Շաթերին, ում համար դա առաջին Burning Man-ն էր, և Մարիաննան ուրախությամբ նրա հետ կիսեց փառատոնային հույզերը, մինչդեռ ապագա ամուսինն արդեն հասկացել էր, որ հայազգի ոճաբանի հետ քայլելու է ոչ միայն փառատոնի, այլև կյանքի ճանապարհով։
Երկու տարի անց՝ 2025 թ-ին, ինչպես և կանխորոշված էր, Մարիաննա Մակուչյանն ու Իռենայ Շաթերն ամուսնացան Burning Man փառատոնի կենտրոնում։ Արկածային հարսանիք, փառատոնային կերպարներ և հարսանեկան շքեղ տորթ, որը, մեղմ ասած, «արջի բաժին դարձավ»․․․․ Այս ամենի մասին աստղային ոճաբանը, որի հայտնի հաճախորդների թվում են այնպիսի բոլիվուդյան դերասանուհիներ, ինչպիսիք են՝ Այշվարիա Ռայն ու Պրիյանկա Չոպրան, և իհարկե նաև քույրը՝ Իվետա Մուկուչյանը, պատմել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում։

8 Burning Man պահանջվեց, որպեսզի վերջապես հանդիպեի նրան
«Դա իմ 9-րդ փառատոնն էր, իսկ նրա՝ 1-ինը»,-հիշում է Մարիաննան,-«2013 թվականին Burning Man-ին առաջին անգամ մասնակցելուցս հետո մայրիկիս ասել էի, որ մի օր այնտեղ կհանդիպեմ իմ ապագա ամուսնուն... Այդպես, ամեն անգամ, երբ գնում էի փառատոնին, նա հարցնում էր ինձ՝ «և՞, ինչ-որ մեկին հանդիպեցի՞ր»։ Բայց ինձ 8 Burning Man պահանջվեց, որպեսզի վերջապես հանդիպեի նրան 2023 թվականին (ժպտում է․ հեղ․)։ Եվ, վերջապես, իմ 9-րդ Burning Man-ին՝ 2025 թվականին, մենք ամուսնացանք»։
Իռենայն անմիջապես հասկացել էր, որ Մարիաննան, վաղ, թե ուշ, դառնալու է իր կինը․ «Նա իրականում ինձ ամուսնության առաջարկ արեց այդ ժամանակ Burn-ում, բայց ես լուրջ չընդունեցի դա։ Ինձ մի փոքր ժամանակ էր պետք դրա համար, բայց ամեն ինչ, անկասկած, կանխորոշված էր... Հաջորդ անգամ առաջարկը եղավ 2024 թվականին՝ Իբիցայում, որտեղ մեզ հետ էր արդեն մեր գեղեցիկ որդին՝ Ֆենիքս Արամը»։
Մարիաննայի ու Իռենայի սիրո պատմությունը տարբերվում է ավանդական պատմություններից, որոնց դեպքում զույգերը երկար տարիներ հանդիպում են, մինչև ամուսնության կետին հասնելը։
«Մեր դեպքում ամեն ինչ շատ այլ կերպ ընթացավ, բայց ես այնքան շատ եմ հավատում ճակատագրին և այն բանին, որ ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պետք է լինի, իսկ մեր ամբողջ պատմությունը, պարզապես, այնպիսի ճակատագրական իրավիճակ է, որը ես բառացիորեն բերել եմ իմ կյանք… Հիմա, երբ հիշում եմ իմ առաջին ցանկությունները Burning Man գնալուց առաջ և հետո, այն, ինչ ասել էի մայրիկիս, այն, ինչ ցանկացել էի ինքս ինձ համար և դրանից հետո, հասկանում եմ, որ ես ցանկանում էի ընտանիք կազմել և ապրել Իբիցայում (իմ սիրելի կղզին)՝ այնպիսի տղամարդու հետ, որի հետ կարող եմ աշխարհով մեկ ճանապարհորդել։ Երբ նայում եմ իմ այսօրվա կյանքին… ամեն ինչ, տառ առ տառ, իրականություն է դարձել… Այս ամենը խելագարություն է։ Հիմա պետք է նոր ցանկությունների ցուցակ կազմեմ՝ մանիֆեստացիաների ցուցակ»,-ժպտում է նա։

Հարսանեկան տորթ, որը «արջի բաժին» դարձավ
Իհարկե, այսպիսի անսովոր հարսանիքը պետք է տարբերվեր ոչ միայն հագուստով ու միջավայրով, այլև տորթով։ Այստեղ ևս նորապսակները զերծ չեն մնացել զավեշտալի դրվագից։ Մարիաննան ծիծաղում է այս պատմությունը վերհիշելիս։
«Քանի որ Burning Man-ն անցկացվում է Նևադայի անապատի կենտրոնում, բավականին դժվար է իսկական հարսանեկան տորթ բերել այնտեղ, և եթե նույնիսկ գտնես, դժվար կլինի այն թարմ պահել մինչև հարսանիք, հատկապես, երբ մեր դեպքում այն նախատեսված էր հինգշաբթի օրը, իսկ փառատոնը մեկնարկել էր երկուշաբթի օրը։ Իրականում ես Իվետային (Իվետա Մուկուչյան․ հեղ․) ասել էի չեղարկել հարսանեկան տորթի ծրագրերը, բայց նա պնդեց, որ մենք ունենանք այն։ Այսպիսով, նա ամեն ինչ արեց և մարցիպանի ֆիգուրները պատրաստվեցին Հայաստանում՝ մեծ սիրով և մանրամասնությամբ։ Այդպես, դրանք մեզ մոտ հասան Հայաստանից, իսկ տորթը պատրաստվեց Լոս Անջելեսում, և Իվետան ինքը մեքենայով բերեց այն… ինչպիսի ճանապարհորդություն էր, բայց, ի վերջո, շատ բաներ չստացվեցին և մենք չկարողացանք տորթը կտրել Burning Man-ի ժամանակ»,-պատմում է նա։

Այնուհետև որոշում են տորթը տանել Տահո լիճ, որտեղ ընկերախումբը սիրում է ժամանակ անցկացնել փառատոնից հետո։ «Իսկ Տահո լճում շատ վայրի արջեր կան։ Վերջապես մեր ընկերակազմի մի քանի անդամների հետ տորթը կտրեցինք Տահոյում՝ մեր վերջին ընթրիքի ժամանակ, և այն շատ լավն էր, իսկ մնացած տորթը թողեցինք մեր ընկերուհիներից մեկի մոտ, որն ապրում է Տահո լճի մոտակայքում։ Նա այն դրել էր իր տան դիմաց, և այդպես, հաջորդ պահին մի արջ հարձակվեց դրա վրա ու սկսեց ուտել այն… Ահա, այդպիսի ավարտ ունեցավ այդ տորթը»,-ծիծաղում է Մարիաննան։
Ոճաբանն ու ամուսինն արդեն մեկ տարի է՝ վայելում են կյանքն իրենց փոքրիկ որդու՝ Արամի հետ։ Այս ընթացքում բոլոր ճանապարհորդություններն ու աշխարհի կանգառները կիսում են իրենց առաջնեկի հետ։
«Հղիությանս ընթացքը պարզապես շատ գեղեցիկ է անցել։ Իռենայը շատ ուրախացավ՝ լսելով, որ հղի եմ, քանի որ նա, իսկապես, ուզում էր հայր դառնալ։ Այդ ժամանակ ես ապրում էի Հնդկաստանում, իսկ նա՝ Մարոկկոյում։ Նա եկավ Հնդկաստան՝ երեխայի առաջին ուլտրաձայնային հետազոտությանը մասնակցելու համար… և այն, թե ինչպես նա ստանձնեց ապագա հոր և զուգընկերոջ դերը, ինձ շատ բան ցույց տվեց, թե որքան անհավանական տղամարդ ունեմ կողքիս։ Երբ մենք միասին էինք ապրում և միասին կառուցում մեր կյանքը, ես հասկացա և տեսա, որ մենք միասին մեծ ներուժ ունենք։ Հարաբերություններն անընդհատ աճի և ուսուցման մասին են, և մենք այս գործընթացի մեջ ենք, իսկ այն երբեք չի դադարում։ Բայց քանի դեռ գիտես, որ ունես զուգընկեր, որը պատրաստ է անցնել այդ ճանապարհը քեզ հետ, աշխատել հարցերի շուրջ և միասին զարգանալ, ամեն բան կստացվի»,-ասում է Մարիաննան։ Նա հավելում է՝ թեև ինքն ու ամուսինը կիսում են տարբեր մշակույթներ և արմատներ, դա իրենց չի խանգարում կյանքի վերաբերյալ ունենալ նույն տեսլականը։

Մենք տարբեր ազգությունների ներկայացուցիչներ ենք, բայց կիսում ենք նույն արժեհամակարգը
«Մենք տարբեր ազգությունների ներկայացուցիչներ ենք, տարբեր դաստիարակություն ենք ստացել։ Ես հայ եմ․ մասամբ մեծացել եմ Հայաստանում, մասամբ՝ Գերմանիայում։ Նա ֆրանսիացի է՝ Ֆրանսիայում է ապրել։ Բայց մենք ունենք նմանատիպ արժեքներ ընտանիքի և կյանքը տեսնելու հարցում․ մենք ցանկանում ենք ներկայով ապրել, ինչպես նաև նպատակներ ունենալ… միասին նպատակներ սահմանել և աշխատել դրանց հասնելու ուղղությամբ։ Այս բաները կարևոր են։ Դրանք մոտիվացիա են տալիս հարաբերությունների համար»,-շեշտում է Մարիաննան։
39-ում հասկացա, որ ուզում եմ մայրանալ
Նա նշում է՝ մայրանալու մասին սկսել է մտածել 39 տարեկանում։ Դա մի շրջան էր, երբ հասկացավ՝ կյանքը պետք է փոխվի, նոր շունչ ստանա։
«Ես գիտակցեցի, որ անպայման ուզում եմ ընտանիք ունենալ, դրանում կասկած չկար․ քսան տարեկանի վերջում կամ երեսունի սկզբում ես նման զգացողություն չունեի։ Ես սիրում և վայելում էի կյանքս լիարժեք՝ ճանապարհորդում էի աշխարհով մեկ, զբաղվում էի կարիերայովս և միանում այն բոլոր արկածներին, որոնք հանդիպում էին ճանապարհիս։ Ծնողներս միշտ հարցնում էին ինձ՝ «Ե՞րբ ես, վերջապես, ընտանիք կազմելու», իսկ ես ասում էի, որ հանգիստ լինեն՝ դա կլինի ճիշտ ժամանակին։ Բայց ժամանակն անցնում էր, իսկ ես դեռ ապրում էի այս վայրի և ազատ կյանքով․․․ Երբ արդեն 38-39 տարեկան էի, սկսեցի մի փոքր ձանձրանալ այն կյանքից, որն ապրում էի։ Սխալ մի հասկացեք, այն հրաշալի էր, բայց ներսումս որոշակի դատարկություն էի զգում և փոփոխություններ էի տենչում․ ես տեսնում էի զարմիկներիս և ընկերներիս իրենց երեխաների հետ, և զգում էի, որ ես էլ եմ արդեն ուզում կյանքի այդ էտապում լինել»։

Այդպիսով, մի օր Մարիաննան Գեղարդում մոմ վառեց այդ նպատակով, և մեկ ամիս անց ստացավ իր խնդրանքի պատասխանը․․․
Մայրությունը փոխում է թե մարմինդ, թե կյանքդ՝ ասում է Մարիաննան, բայցև հավելում՝ այդ ամենի միջով արժե անցնել։
«Շատ բան է փոխվում՝ քո մարմինը, քո զգացմունքները, քո մտքերը, և չնայած դու փորձում ես վերադառնալ քո նախկին տարբերակին (ոմանց ավելի երկար ժամանակ է պետք, ոմանց՝ ավելի կարճ՝ հղիության հետևանքով քաշը կորցնելու և ֆիզիկապես նորից նախկին տարբերակին վերադառնալու համար), իրականում երբեք չես կարող նորից այդ նախկին տարբերակը լինել… հիմա դու ունես այս փոքրիկ մարդուն, որը կապված է քեզ հետ, և պատասխանատու ես նրա համար… Ես այնքան օրհնված եմ, որ ունեմ այսպիսի արևոտ բալիկ»։
Աշխատանք, ճանապարհորդություններ ու ծնողական պարտականություններ․ թվում է՝ Մարիաննան և ամուսինը բավական հեշտ են անցել կյանքի նոր ռիթմին, սակայն՝ դա միայն առաջին հայացքից․
«Գիտեմ, որ ես դա շատ հեշտ եմ ներկայացնում։ Ես շատ եմ նման կարծիք լսել ուրիշներից, քանի որ փորձում էի աշխատել, չնայած տղաս նոր էր ծնվել, և նաև մենք շատ ճանապարհորդող ընտանիք ենք, մենք բառացիորեն նրան ամենուր տանում ենք մեզ հետ, նրա անձնագիրն արդեն կիսով չափ լիքն է՝ աշխարհի տարբեր ծայրերում բոլոր ճանապարհորդություններից ստացված կնիքներով, բայց մայր լինելը մեծ զոհողություն և նվիրվածություն է պահանջում, հատկապես, որ ես նրան կրծքով եմ կերակրել մինչև 1 տարեկան և մեկ ամսականը, իսկ դա ևս մեկ կարևոր պարտավորություն է․ դու պետք է լիովին հասանելի և նվիրված լինես ամեն օր։ Նա, պարզապես, իմ կյանքի նոր իմաստն է։ Նրան մեծացնել, աշխարհը ցույց տալ և նրան երջանիկ մանկություն ու կյանք պարգևել՝ դա է իմ նպատակը»,-ասում է աստղային ոճաբանը․ որը հավատում է՝ այս ամենը հնարավոր է, երբ ունես աջակցող կողակից և ընտանիք։

Աշխատանքն ու ճանապարհորդելն ինձ հեռու պահեցին հետծննդաբերական դեպրեսիայից
«Մայրիկս մի քանի անգամ եկել է օգնելու․ նա եկել և մեզ հետ է մնացել Իբիցայում, Հնդկաստանում, Մարոկկոյում… Կարծում եմ, առհասարակ, առողջարար է ակտիվ լինելը՝ հատկապես նորաթուխ մայրերին։ Դա քեզ հեռու է պահում դեպրեսիայից… Կնոջ համար շատ բան է փոխվում, երբ նա մայր է դառնում, իսկ երբ նա անշարժ է մնում նույն վայրում և հրաժարվում է ամեն ինչից, ապա, իհարկե, ընկնում է դեպրեսիայի մեջ (հղիությունից հետո դեպրեսիան դժվար բան է), այնպես որ, կարծում եմ՝ քանի որ ես միշտ շարժման մեջ էի, փորձում էի որքան հնարավոր է շատ պահպանել իմ աշխատանքն ու ճանապարհորդել, դա ինձ հեռու պահեց հետծննդաբերական դեպրեսիայից»։
Հայաստանը երեխայի համար կատարյալ վայր է
Այս պահին նորաստեղծ ընտանիքն ապրում է Իբիցայում՝ վայր, որտեղ Մարիաննան միշտ է երազել բնակվել, և դա ամուսնու հետ իրականություն դարձրեց այս տարի՝ հունվարին։ Առայժմ փորձում են հասկանալ՝ ինչպես կանցնի կյանքն այնտեղ, իսկ 2026-ին մտադիր են տեղափոխվել Մարոկկո՝ այդպիսով կյանքը կիսելով Մարոկկոյի և Իբիցայի մեջտեղում։ Իհարկե, Մարիաննան չի մոռանում նաև հայրենիքի մասին։ Հայաստանում հաճախ են լինում, վերջերս էլ այստեղ էին որդու հետ։ Մարիաննան ասում է՝ նրա համար կարևոր է, որ Արամն էլ կիսի հայիենիքի հանդեպ իր սերն ու այն ուրախ ու իսկական մանկությունը, որն ինքն է անցկացրել Հայաստանում։
«Կարծում եմ՝ Հայաստանը երեխաների համար կատարյալ վայր է։ Աշխարհում ոչ մի տեղ ես չեմ տեսել մի վայր, որտեղ ամեն անկյունում և ամեն մի վայրում այդքան բան կա երեխաների համար։ Եվ, իհարկե, սա այն վայրն է, որտեղ իմ արմատներն են, որտեղ ես եմ մեծացել, և ինձ դուր է գալիս տեսնել, թե ինչպես է նա այստեղ գրեթե նույն բաներն անում, ինչ ես էի անում, երբ երեխա էի։ Նա շատ սիրուն կապ ունի իմ ընտանիքի և Հայաստանի հետ։ Ես կաշխատեմ այնպես անել, որ նա ամեն տարի շատ ժամանակ անցկացնի այստեղ։ Նրան այստեղ շատ է դուր գալիս, նրա համար ամեն օրը զվարճանք է»։

Մեծ հարսանիքը, որը տեղի կունենա 2026 թ-ին՝ Մարաքեշում
Ի դեպ, Մարիաննան ու ամուսինը չեն բավարարվի միայն մեկ հարսանեկան արարողությամբ․ զույգը մտադիր է հարսանիք կազմակերպել նաև 2026 թ-ին, այս անգամ՝ Մարաքեշում։
«Քանի որ մեր ընկերներից և հարազատներից շատերը չկարողացան մասնակցել Burning Man-ի շրջանակում կայացած մեր հարսանիքին, ամուսինս ցանկացավ, որ մենք 2026 թվականին Մարոկկոյում՝ մեր ընտանիքի անդամների և ընկերների հետ էլ նշենք մեր հարսանիքը, որն ավելի մեծամասշտաբ կլինի։ Իրականում ինձ համար Burning Man-ի հարսանիքն էլ էր բավարար (ժպտում է․ հեղ․), բայց ես հասկանում եմ նրա միտքը և հարգում եմ այդ որոշումը, նաև ուզում եմ, որ մեր ընտանիքները ականատես լինեն այդ արարողությանը, այնպես որ, այո, մենք 2026 թվականին Մարաքեշում կունենանք ևս մեկ հարսանիք։ Ամսաթիվն արդեն որոշված է՝ դա տեղի կունենա հաջորդ տարի՝ նոյեմբերի 22-ին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում եզրափակեց Մարիաննա Մուկուչյանը։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Մարիաննա Մուկուչյանի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը