«Հայ սուպերսթար 6» նախագիծը հատում է եզրագիծը։ Ո՞վ է 12 տարի անց կրելու «Հայ սուպերսթարի» բաղձալի կոչումը․․․․ Պարզելու համար շատ երկար սպասել պետք չէ, քանի որ հաղթողի անունը հայտարարվելու է վաղը՝ հոկտեմբերի 4-ին, Կարեն Դեիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, որտեղ կանցկացվի «Շանթ» հեռուստաընկերության 30-ամյա հոբելյանին նվիրված համերգը։ Հաղթողը մեկն է լինելու, թեև մասնակիցներից յուրաքանչյուրն արդեն մեծ հաղթանակ է համարում եզրափակչում հանդես գալը։ Մարիամ Ավոյան, Մինաս, Արեգ Գալստյան՝ նրանց անուններն ամիսներ առաջ, գուցե, շատ նեղ շրջանակի միայն ծանոթ լինեին, իսկ այսօր նրանք ունեն երկրպագուների մեծ բանակ, որոնցից յուրաքանչյուրը սրտատրոփ սպասում է վաղվան՝ լսելու իր ֆավորիտ մասնակցի անունը՝ որպես հաղթող։
Մինչ այդ, NEWS.am STYLE-ն այցելել է մեծ համերգից առաջ հերթական փորձին։ Զրուցել ենք նախագծի պրոդյուսեր և ռեժիսոր Հրաչ Ղուկասյանի և, իհարկե, նաև եզրագիծը հատած մասնակիցների՝ Մարիամի, Մինասի ու Արեգի հետ։
«Արդյունքն ինքնին խոսում է այն մասին, որ նախագիծը սպասված էր»․ Հրաչ Ղուկասյան, «Հայ սուպերսթար 6-ի» պրոդյուսեր և ռեժիսոր

«Այս տարի լրանում էր Շանթի 30-ամյակը, և հաշվի առնելով այս հոբելյանական տարին՝ որպես հեռուտաընկերության միջազգային նախագծերի առաջատար, որոշեցինք, որ այս խորհրդանշական նախագիծը պետք է վերադառնա եթեր, մանավանդ, որ դրա հետ կապված արձագանքները ժամանակին էլ շատ մեծ են եղել։ Հիմա էլ արդյունքն ինքնին խոսում է այն մասին, որ նախագիծը սպասված էր»,-ասում է Հրաչ Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ այս եթերաշրջանը տարբերվեց նախորդներից, թեև հավելում է՝ «Երբ էլ անեինք նախագիծը, միևնույն է տարբերվելու էր՝ նոր դեմքեր, նոր տաղանդներ, և այս ամենն ունի իր հստակ նշանակությունը՝ շոուբիզնեսում նոր երգիչներ ունենալու գործոնը»։
Ռեժիսորի խոսքով՝ այս տարվա մասնակիցները, հատկապես, յուրահատուկ էին, ինչպես տեսախցիկների հետ աշխատելու ունակություններով, այնպես էլ անկաշկանդվածությամբ ու անմիջականությամբ։

«Սակայն այս ամենի հակառակ կողմն էլ կա»,-հավելում է նա ու պարզաբանում,-«Այս սերնդի մեջ մրցակցությունն այն մակարդակի չէր, ինչ նախորդ եթերաշրջաններում։ Այստեղ համեմետական բալանս կա, նրանք ավելի հեշտ ու պրակտիկ են մոտենում մրցույթին, ինչը երբեմն նյարդայնացնում էր (ժպտում է)։ Բայց սա, իհարկե, ունի իր դրական կողմը։ Մրցույթից դուրս մնացած մասնակիցներն անգամ սրտանց գալիս էին աջակցելու իրենց ընկերներին»։
Հրաչ Ղուկասյանը նշում է՝ հաղթանակը, որքան էլ սպասված է ու կարևոր մասնակիցների համար, տարիները ցույց են տալիս, որ արդյունքի հասնում է աշխատասեր մարդը։ Վառ օրինակն են բոլոր այն անունները, որոնք իրենց առաջին քայլերն արել են հենց «Շանթում», ու թեև նրանցից շատերը չեն հաղթել, հենց նրանք են այսօր կազմում հայկական շոուբիզնեսի կարևորագույն խորհրդանիշները։ «Նախագծի ավարտից հետո յուրաքանչյուրի ուղին արդեն կախված կլինի իրենցից և իրենց աշխատանքից։ Իհարկե, կան նրանց հետ կապված ապագա ծրագրեր՝ թե համերգների, թե համագործակցության տեսքով»։
«Երբեք չէի պատկերացնի, որ հայկական մրցույթում կհասնեմ մինչև եզրափակիչ փուլ»․ Մարիամ Ավոյան

Մարիամ Ավոյանը երկու շաբաթ բացակայել էր Հայաստանից։ Նա դադարը օգտագործել էր ծնողներին հանդիպելու համար, որոնք բնակվում են Գերմանիայում։ Մարիամն ինքն էլ, մինչ նախագիծն, ապրում ու աշխատում էր այնտեղ, իսկ այսօր իր առօրյան դժվարությամբ է պատկերացնում առանց Հայաստանի։
«Շատ հանգիստ զգացողություն ունեմ, որովհետև արդեն երևի այն եզրագծին ենք հասել, որ սպասում եմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի»,-խոսելով հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգի մասին՝ ասում է նա։
Երգչուհին մինչ «Հայ սուպերսթարում» հայտնվելը մասնակցել էր նաև Ուկրաինայի «Ձայնը» նախագծին։ Համեմատելով իր երկու փորձն էլ Մարիամը նշում է՝ Հայաստանում այլ ընդունելություն է ստացել։
«Ինձ համար Հայաստանը տարբերվեց իր ջերմությամբ, մարդիկ ավելի լավ ընդունեցին ինձ։ Մինչ այս մրցույթը երբեք չէի պատկերացնի, որ հայկական մրցույթում կհասնեմ մինչև եզրափակիչ փուլ ու այդքան կսիրվեմ մարդկանց կողմից․ դա շատ հաճելի է»։
Անդրադառնալով Գերմանիայում իր ընդունելությանը՝ երգչուհին ժպիտով հիշում է այն պահը, երբ օդանավակայանում բախվել է անսպասելի, բայց հուզիչ դրվագի։

«Օդանավակայանում հայտնվելուց հետո տեսա հայկական տարազներ, երաժշտւթյուն, գաթա․․․ Ես շոկի մեջ էի այնտեղի հայության ընդունելությունից, որովհետև չէի պատկերացնի, որ այդքան ակտիվ կհետևեին նախագծին, որ նույնիսկ իրենց ժամանակը կտրամադրեին ու կհասնեին օդանավակայան՝ ինձ այդքան ջերմ դիմավորելու համար»։
Մարիամը խոստովանում է՝ դժվար է եղել ելույթ ունենալ, երբ ծնողները հեռու են եղել իրենից ու չեն կարողացել ներկա գտնվել գալա համերգներին, բայց իրեն միայնակ չի զգացել, քանի որ այստեղ էլ ունի հարազատներ, ովքեր աջակցել են իրեն այս ընթացքում։ Սակայն նա, այնուամենայնիվ, մտաբերում է մի դրվագ։
«Մի անգամ մի դեպք եղավ, երբ դահլիճի դուռը բացեցի և հասկացա, որ այդ օրը ոչ մի ծանոթ չէր եկել համերգին․․․ Դե, հասկանալի է՝ աշխատանքի բերումով չէին կարողացել, ես, ուղղակի դուռը փակեցի ու շատ նեղվեցի, բայց դա միակ օրն էր, որ շատ էի տխրել»,-այսօր արդեն ժպիտով պատմում է նա,-«Մնացած օրերին հարազատներս գալիս էին։ Հայրս, ցավոք սրտի, չկարողացավ ներկա գտնվել, բայց մայրիկս երեք գալա համերգի ներկա է եղել, ու դա, իհարկե, օգնում է։ Ուզում ես ելույթիդ ընթացքում նրանց տեսնել դահլիճում, բայց նաև հասկանում ես իրավիճակն ու ընդունում»։
Այսօր Մարիամը, Մինասն ու Արեգն անբաժան ընկերներ են։ Սակայն պազվում է՝ միշտ չէ այդպես եղել։ Սկզբում մասնակիցներից երկուսը՝ Մարիամն ու Մինասը, միմյանց «տանել չեն կարողացել»։ Մինասը նշում է՝ իրեն դուր չէր եկել Մարիամի «հիպերակտիվությունը», Մարիամին էլ՝ Մինասի չափից դուրս լրջությունը․ «Կարծում էի շատ գոռոզ է»,-ծիծաղում է նա ու հավելում,-«Նույնիսկ, չեմ կարող ասել, թե ինչպես է ստացվել, որ այդքան մտերմացել ենք»։
Խոսելով իր ապագա ծրագրերի մասին՝ Մարիամը հավելում է՝ կյանքն առանց Հայաստանի արդեն դժվար է պատկերացնում։
«Երկու շաբաթ հազիվ էի դիմանում Գերմանիայում, որ վերադառնայի։ Օրերն ու ժամերն էի հաշվում։ Շատ ծրագրեր ունեմ Հայաստանի հետ կապված։ Հուսով եմ՝ այնպես կստացվի, որ, ի վերջո, կտեղափոխվեմ այստեղ։ Իհարկե, ընտանիքով տեղափոխվելը դժվար կլինի՝ ծնողներիս աշխատանքի բերումով, բայց ես շատ կցանկանամ Հայաստանում լինել»։
«Մի քիչ բարդ էր պատկերացնել, որ էլի կմասնակցեմ մրցույթի, որովհետև թե Ռուսաստանում, թե Բելառուսում բախվել եմ ազգային խտրականության»․ Մինաս

Ինչպես Մարիամը, Մինասն էլ նախագծի դադարն օգտագործել է ընտանիքին այցելելու համար։ «Ես էլ եմ նոր վերադարձել Մոսկվայից, որտեղ շատ կարևոր իրադարձության էինք սպասում՝ եղբորս երկրորդ աղջիկը ծնվեց»,-ժպիտով պատմում է նա։
«Ես որոշել էի անակնկալ անել ընտանիքիս անդամներին․ ոչ ոք չէր իմացել գնալուս մասին, բացի մայրիկիցս, քանի որ խնդրել էի իրեն, որ դուռը բաց պահեր։ Ես տուն եմ մտել վաղ առավոտյան․ առաջին հերթին ուզում էի անակնկալ անել եղբորս ավագ դստերը՝ Անիին, որի հետ շատ կապված ենք ու 4 ամիս չէինք հանդիպել։ Շատ ջերմ հանդիպում ստացվեց»։
Անդրադառնալով առաջիկա համերգին՝ ֆինալիստը նշում է․ «Սպասելիքներս մեծ են, քանի որ «Շանթի» պատմության մեջ առաջին անգամ է նման դեպք գրանցվում, երբ հաղթողի անունը հնչելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ընդհանրապես Համալիրում առաջին անգամ եմ լինելու, մեծ պատասխանատվություն է դրված մեր առջև, և, իհարկե, կա լարվածություն, բայց փորձում ենք շեղվել այդ ամենից, որովհետև սթրեսային իրավիճակները միշտ միայն խանգարում են»։

Մինասը մրցութային մեծ փորձ ունի։ Նա մասնակցել է «Ну-ка, все вместе!» և «ФАКТОР.BY» նախագծերին։ «Մի քիչ բարդ էր պատկերացնել, որ էլի կմասնակցեմ մրցույթի, որովհետև թե Ռուսաստանում, թե Բելառուսում բախվել եմ ազգային խտրականության։ Դրա համար մի փոքր խուսափում էի մրցույթներից, բայց երբ տեսա, որ «Հայ սուպերսթարի» հայտագրումը սկսվել է, որոշեցի վերջին անգամ փորձել ուժերս»,-պատմում է նա,-«Շատ ջերմ ընդունեցին ինձ այստեղ, և ես շատ ուրախ եմ, որ այդ որոշումը կայացրի։ Այն փաստը, որ ես այսօր եզրափակչում եմ, միայն հեռուստադիտողի շնորհիվ է, անչափ շնորհակալ եմ նրանց»։
Մինասի ծնողները ևս ոչ բոլոր համերգներին են կարողացել ներկա գտնվել։ Երգիչը խոստովանում է՝ նախկինում ինքը չէր ցանկանում, որ ընտանիքի անդամները ներկա գտնվեն իր ելույթներին՝ հուզմունքից խուսափելու համար, սակայն այսօր ճիշտ հակառակն է զգում։
«Իրականում ծնողների ներկայությունը շատ կարևոր է։ Ես միշտ փորձում էի թաքցնել հուզմունքս իրենց բացակայության ժամանակ։ Բայց նախորդ նախագծերին էլ, որոնց մասնակցել եմ, նրանք ներկա չեն եղել․ դա իմ խնդրանքն է եղել, որպեսզի ես չլարվեմ։ Բայց այս անգամ ցանկացա, որ ներկա գտնվեն։ Հայրիկս երկու գալա համերգի կարողացել է ներկա լինել, իսկ վերջին գալային նաև մայրիկիս հաջողվեց գալ, նախորդ դեպքերում չէր ստացվել՝ առողջական խնդրի պատճառով։ Հասկացել եմ, որ ծնողներիս ներկայությունն ինձ ավելի մեծ ուժ է տալիս, մոտիվացնում, որ էլ ավելի լավ ելույթ ունենամ։ Մայրիկս ու եղբայրս են ժամանել Երևան, և ուրախ եմ, որ կկարողանան ներկա գտնվել հոկտեմբերի 4-ի համերգին, թեև հայրս, գործի բերումով, չկարողացավ գալ»։
Մինաը նաև պատմում է՝ սկզբում կարծել է, որ «Հայ սուպերսթարին» մասնակցելուց հետո գնալու է Մոսկվա՝ իր սովորական առօրյայով ապրելու, բայց ծրագրերն ու նախընտրությունները, կարծես, փոխվել են։
«Իրականում, երբ որոշեցի մասնակցել «Հայ սուպերսթարին», ծրագրերս ամբողջությամբ կապված չէին հայրենիքի հետ։ Մտածում էի՝ կգայի, կմասնացեի ու կվերադառնայի իմ բնականոն աշխատանքին։ Բայց երբ սկսվեցին գալա համերգների նկարահանումները, հասկացա, որ արդեն ես էլ եմ սովորել Հայաստանին, այս հունին, և Մոսկվայում արդեն տեղս չէի գտնում այս երկու շաբաթվա ընթացքում։ Եթե 16-17 տարեկանում ինձ հարցնեին, կասեի, որ Մոսկվայից բացի այլ վայրում իմ կյանքը չեմ պատկերացնում, կամ, գուցե, եվրոպական ինչ-որ երկիր գնայի, բայց հիմա հասկանում եմ, որ Հայաստանում ես ինձ շատ լավ եմ զգում ու ներդաշնակ։ Ծրագրերս մեծ են, հնարավոր է՝ ընտանիքս էլ միանա ինձ։ Բայց ես երևի կտեղափոխվեմ Հայաստան, թեև, ժամանակ առ ժամանակ, կգնամ նաև Մոսկվա»։
«Միանշանակ, կանգ չեմ առնի՝ անկախ արդյունքից, քանի որ այն սերը, որը ես ունեմ երաժշտության հանդեպ, շատ մեծ է ու օգնում է հաղթահարել շատ դժվարություններ»․ Արեգ Գալստյան

Արեգ Գալստյանը դժվարացավ արտահայտել իր զգացողություններն առաջիկա համերգի հետ կապված։ Նրա համար սա ժամանակին անհասանելի թվացող երազանք էր, որն անգամ մտքի ծայրով չէր անցկացնում։
«Իրականում շատ դժվար է խոսել մի նախագծի մասին, որտեղ լինել, նույնիսկ, չէի պատկերացնում։ Իսկապես, չէի պատկերացնի, որ կհասնեմ մինչև եզրափակիչ, որովհետև ինձ համար շատ դժվար է եղել ադապտացվել այս ամենին՝ նախագծի ձևաչափին ու այն երգեցողությանը, որին ծանոթացել եմ նախագծին մասնակցելու ընթացքում։ Մինչև «Հայ սուպերսթար» նախագիծը ես երգել եմ մեր աշուղական ու ժողովրդական երգերը, ավելի շատ հայ հեղինակների երգեր, իսկ արտասահմանյան երգեր սկսել եմ կատարել նախագծի շրջանակում։ Ինձ ավելի հոգեհարազատ են հենց հայալեզու երգերը, իսկ այն արտասահմանյան ստեղծագործությունները, որոնք կատարեցի նախագծի ընթացքում, ինձ օգնեցին հասկանալ, որ ես կարող եմ ավելին, քան պատկերացնում էի»,-անկեղծանում է նա։

Արեգը հավելում է՝ երբեք չի պատկերացրել, որ մի օր կարող է ելույթ ունենալ Համալիրի բեմում․ «Երբևիցե չեմ պատկերացրել ու, նույնիսկ, չեմ մտածել այդ մասին․ առհասարակ այն, որ մի օր կերգեմ երաժիշտների հետ, կմասնակցեմ «Հայ սուպերսթարին»․․․ չէի պատկերացրել այդ ամեն ինչը։
Նախագիծն ինձ տվեց մասնագիտական շատ մեծ փորձ՝ ոչ միայն որպես երգիչ, այլև հեռուստատեսային մարդ, որը ելույթ է ունենում ու որին դիտում են հազարավոր մարդիկ»։
Հազարավոր մարդիկ ոչ միայն դիտեցին, այլև ողջունեցին ու սիրեցին այն տղային, ով չնայած որոշակի դժվարություններին՝ ցույց տվեց, որ նպատակասլացությունն ու աշխատասիրությունը չունեն սահմաններ․ Նա էլ իր հերթին շնորհակալություն է հայտնում իրեն աջակցող մարդկանց՝ ջերմ ու բարի խոսքերի համար։ «Դրանցից յուրաքանչյուրն իր ազդեցությունն ունեցել է ինձ վրա»,-վստահեցնում է Արեգը, որին նախագծում բացի ջերմ հանդիսատեսից ուժ էր տալիս նաև մայրիկի ու եղբոր ներկայությունը համերգներին։
Հիմա Արեգն էլ՝ Մարիամի ու Մինասի պես, հուզմունքով է սպասում նախագծում իր եզրափակիչ պահերին։
«Բնականաբար կա հուզմունք, սպասում՝ թե ով է, վերջիվերջո, լինելու «Հայ սուպերսթար 6-ը», բայց այդ ամենը մի կողմ դրած՝ կա շատ մեծ պատասխանատվություն, որովհետև այն, ինչ կատարվելու է հոկտեմբերի 4-ին, շատ կարևոր է»։
Երգիչը մրցույթի արդյունքներից առավել կարևորում է այն ընկերությունը, որը ձևավորվել է նախագծի ընթացքում։
«Ինձ ավելի շատ դուր է եկել հենց այդ ընկերական մթնոլորտը։ Մրցույթն, իհարկե, անկախ մեզանից, կա, իր գործն անում է, բայց դա չի խանգարում ընկերությանը, որն ավելի շատ տեղ էր զբաղեցնում, քան մրցակցությունը։
Մասնակիցներից ավելի մտերիմ եմ Մարիամի, Մինասի, Լևոնի, Արևիկի հետ, բայց էլի շատերի հետ ունեմ ջերմ, ընկերական հարաբերություններ»։
Կանգ չառնել՝ անկախ արդյունքից․ սա է Արեգի ծրագիրը նախագծից հետո։
«Միանշանակ, կանգ չեմ առնի՝ անկախ նրանից՝ ես կճանաչվեմ հաղթող, թե ոչ, քանի որ այն սերը, որը ես ունեմ երաժշտության հանդեպ, շատ մեծ է ու օգնում է հաղթահարել շատ դժվարություններ»,-եզրափակում է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Հավելենք, որ հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգին ելույթ են ունենալու ոչ միայն «Հայ սուպերսթար 6»-ի, այլև մյուս նախագծերից հայտնի երգիչները։ Համերգի հատուկ հյուրերն են Անդրեն և Սոնան, ովքեր Սյուզաննա Մելքոնյանի և Եգոր Գլումովի հետ միասին գլխավորում էին նախագծի այս եթերաշրջանի ժյուրիի կազմը։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը