«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Արփի Օսկանյան․ 50+ կանայք լսում են Դոգին այն հասարակությունում, որտեղ նախկինում անընդունելի էր անգամ կնոջ ներկայությամբ հայհոյելը

19:34, 16 ապրիլի

Մենք հանդիպեցինք վարվելակարգի, պրոտոկոլի և հաղորդակցության մասնագետ Արփի Օսկանյանի հետ Երևանի կենտրոնում՝ մեկ բաժակ սուրճի շուրջ և զրույցը միանգամից կենդանացավ՝ առանց դադարի հոսելով թեմայից թեմա։ Արփին կրթությամբ ֆինանսիստ է, սակայն բավական վաղ հասկացել է, որ իր հետաքրքրությունը թվերի մեջ չէ, այլ այլ մարդկանց մտածելակերպի, խոսքի և փոխազդեցության մեջ։ Մենք խոսեցինք դաստիարակության, դպրոցի, սոցիալական ցանցերի, մտածողության սովորությունների մասին և այն մասին, թե ինչպես են մարդիկ փոխվում՝ աննկատելիորեն կամ, բավականին տեսանելիորեն և արագ։

 «Վարվելակարգը մշակույթը արտահայտելու ձևերից մեկն է»

Վարվելակարգը համարվում է մարդու կողմից մշակույթը արտահայտելու գործիքներից մեկը։ Այն, թե ինչպես ենք մենք մեզ ներկայացնում շրջապատող աշխարհին՝ ինչպես ենք մտածում, վերաբերվում մարդկանց, խոսում, նստում, ձեռք սեղմում, ձևակերպում մտքերը։ Ըստ էության, դա անհատի և հասարակության ներքին վիճակի արտացոլումն է: Հասարակության փոփոխությունները փոխում են մշակույթը, իսկ հասարակության մտածողության փոփոխությունը փոխում է վարվելակարգը․ դրանք փոխկապակցված գործընթացներ են։

Եթե ես ձեզ հետ խոսելիս չեմ օգտագործում կոպիտ խոսք, դա միայն այն պատճառով չէ, որ ուզում եմ տպավորություն թողնել կամ երևալ կիրթ ու «ճիշտ»։ Դա նաև այն պատճառով է, որ հարգում եմ թե՛ Ձեզ, թե՛ ինձ։ Ես գիտակցում եմ և փորձում եմ չմոռանալ, որ իմ դիմաց մարդ է, որը ունի իր սեփակամ սահմանները, ընկալումը և հարմարավետության զգացումը։

Այն, թե ինչպես եմ խոսում, ինչ բառեր եմ ընտրում, ինչպես եմ կառուցում նախադասությունը և ինչպես եմ արձագանքում տարբեր իրավիճակներում, նաև միջոց է՝ Ձեր և շրջապատող աշխարհի հանդեպ հարգանք արտահայտելու համար և եթե այդ հարգանքը կա իմ մեջ, այն կդրսևորվի մանրուքներում, իսկ եթե չկա՝ ոչ մի կանոն չի կարող օգնել։

Եվ այդ իմաստով վարվելակարգը ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլ նաև այն գործիքը, որի միջոցով մենք մեր հարգանքն ենք փոխանցում շրջապատող աշխարհին։ Դա մի պարզ, բայց խորքային միջոց է՝ ցույց տալու մարդուն, որ նա քեզ համար իրականում գոյություն ունի, որ դու նրան տեսնում ես և հաշվի առնում։

 «Միջին խավը կրճատվում է և փոխվում է նրա մտածողությունը»

Նայելով իրականությանը, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ միջին խավը կրճատվում է։ Աշխարհում ավելի քիչ մարդիկ կան, որոնք կարող են իրենց վերագրել այդ խավին, ուժեղանում է անհավասարությունը․ կան շատ հարուստ մարդիկ՝ տարբեր տեսակի կապիտալով և մարդիկ, որոնք ապրում են աղքատության մեջ։

арпи1.jpg (81 KB)

Միաժամանակ փոխվում է նաև հենց միջին խավը։ Եվ սա, իմ կարծիքով առանցքային կետն է։ Նախկինում միջին խավը ձգտում էր կրթության, էսթետիկայի, մշակույթի։ Այն ձգտում էր բարձր չափանիշների, ցանկանում էր ինտեգրվել, զարգանալ։ Հիմա այն ընտրում է պարզեցում։ Այն ասում է․ «Ինձ պետք չեն ճենապակի, բյուրեղապակի, հատուկ սպասք, ինձ բավարար է պարզությունը։ Սա ինձ համար հարմարավետ է, դա կյանքը փոխող արտահայտություն է»։

Եվ այդ «հարմարավետության» մեջ տեղի է ունենում արժեքների և կենսակերպի փոփոխություն։ Մենք սկսում ենք նորմալ համարել այն, ինչը նախկինում ընկալվում էր պարզապես որպես պարզություն։

Առաջին համաշխարհային պատերազմը, մասնավորապես, բացեց կրթության հասանելիության դռները՝ այն դարձնելով ավելի մատչելի։ Կարդացած լինելը նշանակում էր կշիռ ունենալ, ասելիք ունենալ։ Դա կարևոր էր։ Այսօր տեղեկատվական հոսքերն ու սոցիալական ցանցերը ստեղծում են գիտելիքի պատրանք․ մենք բացում ենք լրահոսը, այնտեղ ամեն ինչ կա, և թվում է՝ խորանալու կարիք չկա, անհրաժեշտ չէ ձևավորել գիտելիքի հիմք ու համակարգ, և սա շատ մտահոգիչ փոփոխություն է։

Իմ կարծիքով, միակ բանը, որը կարող է փոխել իրավիճակը, կրթական համակարգն է և այնպիսի առարկաների ներառումը, ինչպիսիք են, օրինակ, փիլիսոփայությունն ու տրամաբանությունը։ Ինչպես նաև որակյալ բովանդակության սպառման վերահսկման հմտությունների ձևավորումը։

 «Հասարակությունը դառնում է եսակենտրոն»

Կարծում եմ հասարակությունը դառնում է չափազանց եսակենտրոն։ «Ինձ լավ է, ինձ հարմար է, ես այդպես եմ ուզում»․ սա համընդհանուր ընդունված արտահայտություն է, և դա, անշուշտ, մարդու իրավունքն է։ Բայց հարցն այն է, թե ինչի՞ է դա հանգեցնում։

Մշտապես իրեն կենտրոնում դնելով, մշտապես ելնելով միայն իր ցանկություններից, իր ամբիցիաներից, իր «ուզելուց», մարդը կորցնում է իրեն շրջապատող մարդկանց։ Մենք դադարում ենք հաշվի առնել կողքի մարդուն, նրա վիճակը, նրա ընկալումը։ Մենք դառնում ենք կոշտ, իսկ երբեմն էլ՝ դաժան։

… Ես այնքան չեմ սիրում «ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ» արտահայտությունը, որովհետև հասարակության մեջ բոլորս էլ որոշ չափով պարտավոր ենք միմյանց։ Մենք կապված ենք, կախված ենք իրարից, և եթե դա մերժում ենք՝ ասելով՝ «ես ոչ մեկին ոչինչ պարտավոր չեմ», ապա քանդում ենք այն հյուսվածքը, որի մեջ բոլորս միահյուսված ենք։

 «Խորհրդային դաստիարակությունը միֆ է»

Մենք հիշում ենք մեր տատիկ-պապիկներին, ծնողներին և եթե համեմատենք նրանց խոսքը մեր խոսքի հետ, ակնհայտ է դառնում, որ խոսքի մշակույթը փոխվել է։ Այստեղից առաջանում է այսպես կոչված խորհրդային դաստիարակության հարցը և այն, թե այդ դաստիարակությամբ մարդիկ ինչպես են դրսևորվում այսօր…

Իմ կարծիքով, խորհրդային դաստիարակությունն ու կրթությունը, մեծ հաշվով, միֆ են։ Նոստալգիան ինքնին բնական զգացում է, բայց երբ այն դառնում է զանգվածային, արդեն նմանվում է որոշակի ազդեցության արդյունքի։ Ինչ-որ պահի մարդկանց սկսում են ներշնչել, թե նախկինում ավելի լավ էր, թե պետք չէ ձգտել նոր գաղափարների, փոփոխությունների, արժեքավորը մնացել է անցյալում։ Եվ մենք սկսում ենք դրան հավատալ։

Բայց եթե նայենք իրականությանը, առաջանում է տրամաբանական հարց․ մարդիկ, որոնք այսօր 30 տարեկան և ավելի երիտասարդ են, մեծացել են արդեն Խորհրդային Միությունից դուրս։ Մնացած բոլորը մեծամասնություն են կազմում այն մարդկանց, որոնք մեծացել են խորհրդային կրթական համակարգում։ Այդ դեպքում ինչո՞ւ չենք տեսնում այն «ուժեղ, կրթված հասարակությունը», որի մասին այդքան շատ են խոսում։

арпи2.jpg (46 KB)

Ինչո՞ւ են, օրինակ, 50-ն անց կանայք լսում Դոգին։ Չէ՞ որ դա գրեթե անհնար է լսել․ այնտեղ չկա բովանդակություն, կա կոպիտ, անպարկեշտ խոսք, լի հայհոյանքներով։ Եվ միաժամանակ նրա հիմնական լսարանը հենց այդ տարիքի կանայք են։ Նրանք նաև դա փոխանցում են. իրենց կողքին նստեցնում են թոռներին և ասում. «Լսի՛ր, բալիկ ջան, ինչ խելացի բաներ է ասում քեռին»։ Եվ սա տեղի է ունենում մի հասարակությունում, որտեղ նախկինում համարվում էր անընդունելի կնոջ ներկայությամբ հայհոյելը։

Բայց չէ՞ որ այդ բոլոր կանայք կրթություն են ստացել խորհրդային շրջանում։ Այդ դեպքում ինչո՞ւ է սա նրանց համար դարձել նորմալ։ Ինչո՞ւ է դա դարձել ընդունելի։

Դժվարանում եմ հավատալ, որ վերջին 30 տարիների ընթացքում մարդիկ ամբողջությամբ փոխվել են։ Ես ինքս ապրել եմ այդ տարիներին և մարդիկ, որոնց ճանաչում ու հարգում եմ, նույնպես ապրել են այդ ժամանակահատվածում և միևնույն ժամանակ պահպանել են իրենց ներքին մշակույթը։ Թվում է, թե գայթակղիչ է եզրակացնել, որ կրթության «ոսկե մակարդակի» գաղափարը զգալիորեն չափազանցված է։ Ինչպես ցանկացած համակարգում, այնտեղ կային շատ կրթված մարդիկ, բայց նույն համակարգից դուրս էին գալիս նաև անկրթ մարդիկ՝ գրագետ, բայց ոչ կրթված։ Որովհետև կրթությունը շատ ավելի լայն հասկացություն է։

Այսօր դպրոցը ձևավորում է ապագա հասարակությունը և մենք դրա հետ առերեսվելու ենք արդեն վաղը, ինչպես նաև 10 տարի անց։ Հենց դպրոցն է ձևավորում հասարակության հիմքը։ Եվ այստեղ, ըստ էության, քիչ բան է փոխվել․ ձևերը դարձել են ավելի ժամանակակից, մենք օգտագործում ենք տեխնոլոգիաներ, բայց բուն էությունը մնացել է նույնը։ Ես չեմ տեսնում մեծ թվով երիտասարդների, որոնք դպրոցից դուրս են գալիս զարգանալու ցանկությամբ։ Եվ քանի որ ուսուցիչներն էլ գտնվում են նույն միջավայրում, սպառում են նույն պարզեցված բովանդակությունը, նույն պարզ իմաստները, ի՞նչ են նրանք փոխանցելու հետագայում։ Այսպես էլ ձևավորվում է սպառողների սերունդ, ոչ ավելին։

Սա չափազանց բարդ հարց է, որը պահանջում է մանրամասն և բազմակողմանի դիտարկում։ Ամեն ինչ կախված է կրթական համակարգից և նրանից, թե ինչպես այն կփոխվի։

 «Սոցիալական ցանցերը անհատազրկել են մարդուն»

Սոցիալական ցանցերի ի հայտ գալը էապես փոխեց մեր ընկալումը։ Բացելով հսկայական հնարավորություններ, սոցիալական ցանցերը, մի կողմից բոլորին տվեցին ձայն և կարծիք արտահայտելու հնարավորություն, իսկ մյուս կողմից՝ որոշ չափով անհատազրկեցին մարդուն։ Երբ ես գրում եմ ձեզ, ես ձեզ չեմ տեսնում․ ես տեսնում եմ էկրան։ Էկրան, որը չի արձագանքելու, չի պատասխանելու, որը կարելի է ցանկացած պահին փակել։ Իհարկե, այս իրավիճակում ես կարող եմ ինձ շատ ավելին թույլ տալ։ Սոցիալական ցանցերում մարդը դադարում է մարդ լինելուց․ դա դառնում է ավատար, մի բան, որը կարելի է անջատել։

Ամենակարևորը վերանում է՝ անհրաժեշտությունը հաշվի առնելու մյուս մարդու զգացմունքները, անձնական սահմաններն ու իրավունքները սեփական կարծիքն արտահայտելու ուժեղ զգացման ֆոնին։

Ամենամտահոգիչն այն է, որ այս վարքը սկսում է արմատանալ։ Սկզբում դու գրում ես կոպիտ ու ոչ ճիշտ մեկ անգամ, հետո երկրորդ, երրորդ անգամ… և դա սկսում է փոխել ու ձևավորել մտածողությունը։ Աննկատ կերպով սկսում ես նույն կերպ խոսել նաև առօրյա կյանքում։ Ձևավորվում է խոսքային սովորություն, հաղորդակցման ձև։ Եվ սա արդեն վերջնական արդյունքն է։ Չէ՞ որ միտքը ծնվում է ներսում և միայն հետո է արտահայտվում բառերով։ Եվ եթե ներսում ձևավորվում է պարզեցված, ագրեսիվ կամ մակերեսային մոդել, դու պարզապես այլ կերպ խոսել չես կարողանա։

Իմ կարծիքով միակ լուծումը որակյալ գրականության ակտիվ ընթերցումն է, տեղեկատվության զտումը, ինչպես նաև գիտակցված կերպով բարդ, խորքային իմաստների վրա կենտրոնանալը՝ ոչ թե դրանք պարզեցնելը։ Կարևոր է նաև սովորել գիտակցաբար հետևել սեփական վարքին ու սովորություններին։

 «Մենք երբեք այսքան միայնակ չենք եղել»

Աշխարհում կա ութ միլիարդ մարդ։ Մենք ունենք ամեն ինչ՝ կապ, տեխնոլոգիաներ, վայրկյանում ցանկացած տեղ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն… մենք ունենք հաղորդակցության հասանելիություն, արագություն և այլ մարդկանց մշտական ներկայություն մեր կյանքում՝ գոնե էկրանի մակարդակով։ Սակայն միաժամանակ աճում է այն մարդկանց թիվը, որոնք իրենց միայնակ են զգում։ Սա յուրատեսակ հակասություն է, որը հնարավոր չէ անտեսել։

Աճում է նաև այն մարդկանց թիվը, որոնք դիմում են հոգեբանների, ընդունում են դեղորայք, որոնք զգում են տագնապ, դատարկություն, չհասկացվածություն։ Առաջանում է միանգամայն տրամաբանական, բայց միևնույն ժամանակ անհարմար հարց․ եթե մենք ունենք ամեն ինչ, ինչո՞ւ ենք ավելի վատ զգում։ Ինչո՞ւ ենք մենք միայնակ այդպիսի հաղորդակցության պայմաններում։

Կարծում եմ, սա կյանքի բուն էության փոփոխության արդյունք է.  մենք ներգրավված շփումը փոխարինել ենք հաղորդակցությամբ։ Այն դարձել է արագ, մակերեսային, մասնատված։ Մենք մշտապես կապի մեջ ենք, բայց իրական կապի մեջ չենք։ Մենք հաղորդագրություններ ենք փոխանակում, բայց հարաբերություններ չենք կառուցում։ Մենք խոսում ենք, բայց չենք լսում։

Այս իրավիճակում մարդը սկսում է փակվել իր մեջ․ նա շրջապատված է մարդկանցով, բայց ոչ մեկի հետ իրական կապ չի զգում։ Նա ունի կոնտակտներ, նամակագրություններ, արձագանքներ… բայց չունի այն զգացումը, որ իրեն հասկանում են։ Չկա այն զգացումը, որ ինքը իրականում ներգրավված է ինչ-որ մեկի կյանքի մեջ։ Սա է ժամանակակից միայնակությունը․ ոչ թե մարդկանց բացակայությունը, այլ մարդկանց միջև խոր շփման բացակայությունը։

Իհարկե, սա միայն խնդրի մի մասն է և սոցիալական հոգեբանները կարող են ավելի խորքային գնահատականներ տալ։

 «Մշակույթը ձևավորվում է մեծամասնության կողմից»

Մշակույթը միայն արվեստը չէ, ոչ էլ միայն թանգարաններն են, թատրոնները կամ գրականությունը․ այն մեր առօրյան է։ Այն մեր ապրելակերպն է, սեղանի շուրջ նստելը, կեցվածքը պահպանելը, մյուսներին ողջունելը, խոսելիս նրանց նայելը։ Այն մեր մտքերը ձևակերպելու, բառեր ընտրելու, ուրիշների կարծիքներին արձագանքելու ձևն է։

Մենք հաճախ պատասխանատվությունը տեղափոխում ենք «հասարակության» վրա, կարծես դա մեզնից առանձին մի բան է։ Բայց հասարակությունը հենց մենք ենք։ Եթե մենք ընտրենք խորություն, հարգանք, ճշգրտություն, զարգացում և բարդացում, ապա մշակույթը կսկսի աճել։

Այն կդառնա ավելի բարդ, ավելի հարուստ և ավելի հետաքրքիր։ Սա միշտ հավաքական գործընթաց է։ Մեկ մարդ կարող է ձևավորել տոնայնություն, որը հետո զանգվածը կընդունի և կդարձնի նորմալ։ Յուրաքանչյուր մարդ իր ազդեցությունն է թողնում ընդհանուր մակարդակի վրա․ յուրաքանչյուր բառ, արձագանք, սովորություն՝ փոքր, բայց իրական ներդրում է։ Աննկատ, սակայն մշտական։ Եվ հենց այդ փոքր ներդրումներից է ձևավորվում ավելի լայն պատկեր։

Լիանա Աղաջանյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search