Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Մի սպանության պատմություն. միլիարդատերը, ժառանգորդ կինը և բուժեղբոր խելահեղ ծրագիրը

23:01, 14 սեպտեմբերի

Նա ապրում էր ամրոց հիշեցնող բնակարանում՝ շրջապատված բժիշկներով, բուժքույրերով ու թիկնապահներով։ Բայց Մոնակոյում գտնվող հենց այս անառիկ ու շքեղ նստավայրը դարձավ նրա մահվան վայրը։ Ինչո՞ւ գրեթե 27 տարի անց միլիարդատեր Էդմոն Սաֆրայի առեղծվածային մահը կրկին գրավեց հանրության ուշադրությունը, և իրականում ի՞նչ էր տեղի ունեցել այն սարսափելի գիշերը։

1999 թվականի դեկտեմբերի 3-ին Մոնակոյում ողբերգություն տեղի ունեցավ, որը երկար տարիներով դարձավ իրական հանցագործությունների աշխարհի ամենաառեղծվածային պատմություններից մեկը։

67-ամյա բանկիր և միլիարդատեր Էդմոն Սաֆրան զոհվեց սեփական փենթհաուսում։ Նրա հետ շնչահեղձությունից մահացավ նաև գիշերային հերթափոխի բուժքույր Վիվիան Տորենտեն։ Առաջին հայացքից ամեն ինչ դիտավորյալ սպանության էր նման։

Սակայն որքան քննիչները խորանում էին գործի մեջ, այնքան պատմությունն ավելի անհավանական էր դառնում։

Էդմոն Սաֆրան մարդ էր, որը սովոր էր վախենալ իր կյանքի համար։ Նրա կարողությունը գնահատվում էր միլիարդավոր դոլարներ, և նա այնքան լուրջ էր վերաբերվում անվտանգությանը, որ իր տունը վերածել էր իսկական ամրոցի։

Մոնակոյի Belle Époque համալիրում գտնվող նրա փենթհաուսում տեղադրված էին ծանր, ամրացված պողպատե դռներ, փամփշտակայուն ապակիներ և պողպատե փեղկեր, որոնք դրսից հնարավոր չէր բացել։ Միլիարդատիրոջ անվտանգությանը հետևում էր 25 թիկնապահից բաղկացած թիմը։

Բացի այդ, Պարկինսոնի հիվանդությամբ տառապող Սաֆրան մշտապես գտնվում էր բժշկական թիմի հսկողության տակ. չորս բժիշկ և ութ բուժքույր աշխատում էին հերթափոխով՝ շուրջօրյա ռեժիմով։

Թվում էր, թե այդ տուն աննկատ մտնելը գրեթե անհնար է։

Բայց ողբերգության գիշերը տարօրինակ բան տեղի ունեցավ։ Ինչ-ինչ պատճառներով Սաֆրան ազատել էր պահակախմբին։

Հսկայական փենթհաուսում մնացել էին միայն նա, կինը՝ Լիլին, երկու բուժքույր և Թեդ Մահերը՝ նախկին զինծառայող, որն աշխատում էր որպես գիշերային հերթափոխի բուժեղբայր։

Հենց Մահերն առաջինը հայտնվեց միլիարդատիրոջ ննջասենյակում։ Նա ամբողջովին արյան մեջ էր. մարմնի վրա երկու դանակային վերք կար։

Մահերը հայտարարեց, թե իր վրա անհայտ անձինք են հարձակվել։ Նա զգուշացրեց Սաֆրային հրդեհի մասին և նրան՝ բուժքույր Վիվիան Տորենտեի հետ ուղղորդեց դեպի հանդերձարան, որը ծառայում էր որպես ապահով «խուճապի սենյակ»։ Սակայն կրակն արդեն տարածվում էր բնակարանով մեկ։

Եվ այստեղ ի հայտ եկավ այս պատմության ամենաողբերգական հանգամանքներից մեկը. անվտանգության համակարգը, որը ստեղծվել էր Սաֆրային չարագործներից պաշտպանելու համար, այժմ փաստացի ծուղակ էր դարձել։

Հրշեջներին մեծ դժվարությամբ հաջողվեց մտնել փենթհաուս։ Թանձր ծուխը թույլ չէր տալիս գտնել այն սենյակի գաղտնի մուտքը, որտեղ գտնվում էր միլիարդատերը։ Փրկարարները փորձում էին համոզել Սաֆրային բացել դուռը, սակայն նա հրաժարվում էր։

Նա նաև չցանկացավ բացել պատուհանը, որով ծուխը կարող էր դուրս գալ։

«Նա վախեցած էր։ Իրեն ապահով չէր զգում... Նա հրաժարվեց բացել դուռը»,— ավելի ուշ պատմում էր դատախազ Դանիել Սերդեն։

Երբ փրկարարները վերջապես հասան Սաֆրային ու նրա բուժքրոջը, երկուսն էլ արդեն մահացած էին։ Սաֆրան զոհվեց իր իսկ բնակարան-ամրոցում՝ շրջապատված պաշտպանության բոլոր հնարավոր միջոցներով։

Իսկ հետո սկսվեց հետաքննությունը։

Առաջին կասկածյալներից մեկը դարձավ միլիարդատիրոջ կինը՝ Լիլի Սաֆրան։

Պատճառն ակնհայտ էր. ամուսնու մահից հետո նա պետք է ժառանգեր մոտ 3 միլիարդ դոլար։ Բացի այդ, Լիլին փենթհաուսում գտնվող միակ մարդն էր, որը շենքից անվնաս դուրս եկավ։

Շրջանառվեցին պատվիրված սպանության վարկածներ։ Քննարկվում էր անգամ ռուսական հանցավոր խմբավորումների հետ հնարավոր կապը։

Բայց մի լուրջ խնդիր կար։ Ինչպե՞ս կարող էր ֆիզիկապես փխրուն 64-ամյա կինը հարձակվել նախկին զինծառայողի վրա, որն իրենից զգալիորեն ուժեղ էր։ Եվ եթե նա իսկապես մարդասպաններ էր վարձել, ինչո՞ւ նրանցից ոչ մեկը չէր ֆիքսվել էլիտար շենքի շրջակայքի տեսախցիկների կողմից։

Քննիչները կրկին ուշադրություն դարձրին Թեդ Մահերին։ Նա համեմատաբար վերջերս էր սկսել աշխատել Սաֆրայի մոտ և օրական ստանում էր մոտ 600 դոլար՝ այն ժամանակների համար հսկայական գումար։

Միլիարդատիրոջ մահից չորս օր անց Մահերը խոստովանեց այդ ամենը։ Եվ նրա խոստովանությունը գրեթե անհավանական էր. հրդեհն ինքն էր կազմակերպել, իսկ դանակի վերքերն ինքն իրեն էր հասցրել։

Ըստ քննության վարկածի՝ Մահերը ցանկացել էր տպավորություն ստեղծել, թե իբր հարձակման է ենթարկվել, որից հետո հերոսաբար փրկել է իր գործատուին։

Բայց ինչո՞ւ։

Պատճառն աբսուրդային էր։ Մահերը կոնֆլիկտների մեջ էր մյուս բուժքույրերի հետ և վախենում էր կորցնել աշխատանքը։ Նա ուզում էր գրավել Սաֆրայի ուշադրությունը, ապացուցել իր նվիրվածությունը և ստիպել միլիարդատիրոջն իրեն ավելի շատ գնահատել։

Դրա փոխարեն նա կորցրեց վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ։ Ինքն իրեն վնասելուց հետո արյան կորստի պատճառով Մահերը կորցրեց կողմնորոշումը, իսկ հրդեհը սկսեց արագորեն տարածվել։ Արդյունքում՝ հերոսի դեր խաղալու նրա փորձն ավարտվեց երկու մարդու մահով։

Դատարանում Մահերի փաստաբան Մայքլ Գրիֆիթը փաստացի ինքն այս ծրագիրն անվանեց խելահեղ։ «Դա ամենահիմար ու խելահեղ արարքն էր, որ մարդը կարող էր անել»,— հայտարարեց նա։

Ընդ որում, պաշտպանը պնդում էր, որ Մահերը մտադիր չի եղել սպանել Սաֆրային։

«Նա պարզապես ուզում էր, որ պարոն Սաֆրան իրեն ավելի շատ գնահատի։ Նա սիրում էր պարոն Սաֆրային։ Դա նրա կյանքի լավագույն աշխատանքն էր»,— բացատրում էր փաստաբանը։

2002 թվականի դեկտեմբերին Մահերը մեղավոր ճանաչվեց հրկիզման մեջ, որը հանգեցրել էր Սաֆրայի և Տորենտեի մահվանը, և դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։

Սակայն նույնիսկ սրանով պատմությունը չավարտվեց։ Դատավճռից մի քանի ամիս անց Մահերն իր խցակցի հետ սղոցեց խցի ճաղերը։ Նրանք իրար կապված աղբի տոպրակներից պարան պատրաստեցին և փախան բանտից։

Մի քանի ժամ անց Մահերին բռնեցին Նիցցայում։

Հետագայում նա անվանափոխվեց՝ դառնալով Ջոն Գրին։ Բայց դա էլ նրա քրեական պատմության ավարտը չդարձավ։ Ազատ արձակվելուց հետո նրան ձերբակալեցին նախկին կնոջը պատկանող երեք որոնողափրկարարական շների առևանգման համար։

Իսկ հետո նա կրկին հայտնվեց ճաղերի հետևում, երբ վարձեց իր նախկին խցակցին՝ սեփական կնոջը թունավորելու համար։ Այս հանցագործության համար նա նոր պատիժ ստացավ և 2025 թվականի դրությամբ դեռ պետք է բանտում անցկացնի մոտ ինը տարի։

Ինչո՞ւ է Սաֆրայի պատմությունը հենց հիմա կրկին արդիական դարձել։

Կթվար, թե գրեթե երեք տասնամյակ առաջ տեղի ունեցած դեպքը վաղուց պետք է մնար արխիվներում։ Սակայն Սաֆրայի պատմությունը նոր շունչ է ստացել իրական կրիմինալ ժանրի իսկական բումի շնորհիվ։

2025 թվականի վերջին Netflix-ը թողարկեց «Սպանություն Մոնակոյում» վավերագրական ֆիլմը, որը կրկին անդրադարձավ միլիարդատիրոջ մահվանը, Մահերի խոստովանությանը և հրդեհի հանգամանքներին։ Վավերագրական նախագիծը նորովի գրավեց ուշադրությունն այն հարցի շուրջ, թե որքանով էր համոզիչ տեղի ունեցածի պաշտոնական վարկածը։

2026 թվականին գործը շարունակեց հայտնվել true-crime փոդքասթներում։ Նոր թողարկումներն ունկնդիրներին կրկին վերադարձնում են միևնույն հարցին. արդյո՞ք Մահերն ամբողջ ճշմարտությունն է պատմել այն գիշերվա մասին, թե՞ հանելուկի մի մասն այդպես էլ մնացել է չբացահայտված։

Այս պատմության մեջ մինչ օրս ապշեցնում է ոչ միայն միլիարդատիրոջ մահը, այլ նաև այն, որ Սաֆրան ահռելի միջոցներ էր ծախսել իր տունն անառիկ ամրոցի վերածելու համար։ Նա վախենում էր առևանգումից, հարձակումից և կողոպուտից, շրջապատել էր իրեն թիկնապահներով և բուժանձնակազմով։

Բայց ի վերջո նրան կործանեց այն մարդը, որին ինքը վարձել էր իր մասին հոգ տանելու համար։

Եվ ամենասարսափելին այն է, որ ըստ քննության վարկածի՝ սպանությունը միլիարդավոր դոլարների ժառանգության համար կազմակերպված բարդ դավադրության մաս չէր։ Ամեն ինչ սկսվել էր մեկ աշխատակցի՝ աշխատանքը չկորցնելու և գործատուին իրեն ավելի շատ գնահատել ստիպելու պարզ ցանկությունից։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search