Սեպտեմբերի 19-ին Վայոց ձորի Խաչիկ բնակավայրը կրկին կդառնա գաթայի, ազգային երգ ու պարի, արհեստների ու գյուղական բարիքների տոնական կենտրոն։ Այս տարի Գաթայի փառատոնը նշում է իր հոբելյանական՝ 10-ամյակը։
Փառատոնը Խաչիկում անցկացվում է 2014 թվականից։ Պատերազմական իրադարձություններով պայմանավորված՝ այն երկու տարի չի իրականացվել, սակայն այսօր արդեն վերադարձել է իր ավանդական ձևաչափով՝ կազմակերպիչների խոսքով՝ ավելի ջերմ ու տոնական տրամադրությամբ։
«Այս տարին մեզ համար առանձնահատուկ է, քանի որ աշխարհի ամենամեծ ամենամյա գաթայի փառատոնը նշում է իր հոբելյանական՝ 10-ամյակը։ Փառատոնը նշում ենք 2014 թ-ից, սակայն պատերազմական իրադարձությունները հաշվի առնելով՝ երկու տարի չենք իրականացրել Գաթայի փառատոնը, սակայն այսօր այն վերադարձել է իր ավանդույթով, ավելի ջերմ և տոնական տրամադրությամբ»,- նշել է Խաչիկ բնակավայրի մշակույթի պատասխանատու Բելլա Առաքելյանը։
Տոնական օրը կմեկնարկի ժամը 12։00-ին։ Գաթայի օրհնության կարգով կտրվի փառատոնի պաշտոնական մեկնարկը, որից հետո ողջույնի խոսքով հանդես կգա համայնքի ղեկավարը։
Իսկ դրանից հետո Խաչիկում տոնական տրամադրությունն ապահովելու համար նախատեսված է բավական հագեցած ծրագիր։
Փառատոնի հյուրերին սպասվում են համերգային ելույթներ, ազգային երգ ու պար, լարախաղաց, տարբեր վարպետության դասեր, կավագործության ու ասեղնագործության ցուցադրություններ։ Հյուրերը հնարավորություն կունենան նաև տեսնելու գաթայի թխման ամբողջ գործընթացը։
Իհարկե, փառատոնն առանց գյուղական բարիքների էլ չի լինի․ Խաչիկի բնակիչները կներկայացնեն իրենց արտադրանքը, ձեռքի աշխատանքներն ու տարվա բերքն ու բարիքը։
Գաթայի փառատոնը միայն հյուրերի համար կազմակերպվող տոն չէ․ կազմակերպիչների խոսքով՝ դրա կարևոր նպատակներից մեկն էլ համայնքի բնակիչներին միջոցառման ակտիվ մասնակից դարձնելն է։
«Փառատոնը շատ կարևոր է նրանով, որպեսզի համայնքի բնակիչն իրեն զգա մասնակից և հասկանա, որ այդ տոներն արվում են հենց իրենց համար»,- նշում է «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում Գաթայի փառատոնը նպաստել է նաև Խաչիկի ճանաչելիության բարձրացմանը։
«Խոստովանենք, որ տասը տարի առաջ, գուցե, շատերը չգիտեին, թե որտեղ է գտնվում Խաչիկ գյուղը, իսկ այսօր, երբ ասում ենք Խաչիկ գյուղը, մարդիկ հիշում են այն՝ որպես վայր, որտեղ Գաթայի փառատոնն է անցկացվում, և դա շատ լավ հնարավորություն է, որպեսզի ինքներս էլ ճանաչենք մեր Հայաստանը»,- ասել է Նունե Մանուկյանը։
Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանի խոսքով՝ նման միջոցառումներն անմիջական ազդեցություն են ունենում նաև գյուղի կյանքի վրա։ Փառատոնին համայնքի բնակիչները պատրաստվում են ամբողջ տարվա ընթացքում՝ այն դիտարկելով նաև որպես սեփական արտադրանքը ներկայացնելու և վաճառելու լավ հնարավորություն։
«Նման միջոցառումները մեծ փոփոխություններ են բերում գյուղ։ Համայնքի բնակիչները մի ամբողջ տարի սպասում են ու պատրաստվում են այս փառատոնին։ Սա շատ լավ հնարավորություն է իրենց բերքն ու բարիքը վաճառելու, ձեռքի աշխատանքը ներկայացնելու»,- նշել է Հովիկ Սմբատյանը։
Նրա խոսքով՝ փառատոնի տարիների պատմությունն իր ազդեցությունն է թողել նաև գյուղի ենթակառուցվածքների զարգացման վրա։
«Գյուղում բավական բարելավվել են ենթակառուցվածքները՝ լուսավորություն, ճանապարհներ, բարեկարգվել է կենտրոնական պուրակը»,- ասում է վարչական ղեկավարը։
Այսպիսով, սեպտեմբերի 19-ին Խաչիկում գաթայի բույրին միանալու են երաժշտությունը, ազգային ավանդույթները, ձեռագործ աշխատանքները և գյուղական հյուրասիրությունը։ Իսկ Գաթայի փառատոնի 10-ամյակը խոստանում է դառնալ ոչ միայն քաղցր, այլև իսկապես տոնական օր՝ թե՛ խաչիկցիների, թե՛ Հայաստանի տարբեր անկյուններից ժամանող հյուրերի համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:44, 15 սեպտեմբերի
Խաչիկը պատրաստվում է ամենաքաղցր տոնին․ Գաթայի փառատոնը 10 տարեկան է16:22, 15 սեպտեմբերի
Գլամուրը վերադարձել է. Carolina Herrera-ն 80-ականներից ոգեշնչված շքեղ շոու է կազմակերպել15:30, 15 սեպտեմբերի
Որտե՞ղ դիմագրավել աշխարհի վերջը. Գիտնականները անվանել են Երկրի վրա լավագույն վայրը14:51, 15 սեպտեմբերի
Գանգուրներ զրոյական ձգողականության պայմաններում. NASA-ի տիեզերագնացը ցույց է տալիս, թե ինչպես է խնամում իր մազերը ուղեծրում14:22, 15 սեպտեմբերի
«Մի՛ վախեցեք մեզնից». ԱԲ–դերասանուհին հայտարարել է, որ արհեստական բանականությունը դեռ չի պատրաստվում ոչնչացնել մարդկանց13:43, 15 սեպտեմբերի
Սքութեր Բրաունը ցանկանում է ամուսնանալ Սիդնի Սուինիի հետ. «Նա Սիդնիին համարում է ժամանակակից Մերիլին Մոնրո»13:14, 15 սեպտեմբերի
Գլամուրային բլոգերը մահացել է 40 տարեկանում՝ դեպրեսիայի և ցավոտ հիվանդության դեմ գաղտնի պայքարից հետո12:38, 15 սեպտեմբերի
Սեյվիթին ցնցել է նորաձևության շաբաթը. արծաթափայլ «փշոտ» մազերը հազիվ էին թաքցնում նրա փարթամ կուրծքը12:19, 15 սեպտեմբերի
Սելենա Գոմեսը «Էմմի»-ում վերածվել է ոսկե աստվածուհու. 109,000 դոլար արժողությամբ զարդերը լրացրել են նրա կերպարը11:30, 15 սեպտեմբերի
Իրավիճակներ, որոնցից «չոր» դուրս գալը գրեթե անհնար է․ Արա Ղազարյանը, Հակոբն ու Արմենը՝ Լոս Անջելեսում նկարահանված առաջին հայկական սիթքոմի մասին11:16, 15 սեպտեմբերի
Հարսանեկան նվեր՝ սկանդալային երանգով. Պուտինին մոտ կանգնած միլիարդատերը վճարել է Թրամփի որդու հարսանիքի համար10:49, 15 սեպտեմբերի
Մերկ, ոսկեգույն և լիովին վայրի. Մեգ Սթալթերը ցնցել է Էմմիի հյուրերին իր հանդերձանքով