Դուբայում անցկացրած երեք օրը դեկորացիաների կինեմատոգրաֆիկ փոփոխություն է: Քաղաքը նրբագեղ թեթևությամբ է քեզ ողջունում ու փորձում է իր տարբեր դերերը՝ գլխապտույտ բարձրություններից ու փայլուն ապակուց մինչև հանդարտ պատմական թաղամասեր ու անապատի անվերջ հորիզոն: Այստեղ շատ հեշտությամբ կարող եք այցելել տեսարժան վայրեր, բայց իսկական վայելքը հակադրություններին ընդառաջ գնալն է ու մանրուքների մեջ թաքնված շքեղությունը նկատելը։
Դուբայում առավոտն ու երեկոն կարող են երկու տարբեր աշխարհներ թվալ, իսկ ծանոթ քաղաքը՝ բացահայտվել բոլորովին նորովի։ Ընդամենը 72 ժամում կարելի է ոչ միայն տեսնել քաղաքի այցեքարտը դարձած վայրերը, այլև իսկապես զգալ դրա շունչն ու ռիթմը, բնավորությունն ու ճաշակը, և այն յուրահատուկ շքեղությունը, որով ողողված է անգամ ամենահամեստ անկյունը։
Բարձունքի ճարտարապետությունն ու ֆուտուրիստական ուղղվածությունը

Դուբայի հետ ծանոթությունը կարելի է սկսել բարձունքից՝ Բուրջ Խալիֆայի 148-րդ հարկում գտնվող «At the Top SKY» դիտահարթակից։ Սրահում հյուրերին առաջարկում են արաբական սուրճ, զովացուցիչ ըմպելիքներ ու ազգային քաղցրավենիք, իսկ բաց տերասայից կարելի է զննել քաղաքը 555 մետր բարձրությունից։ Այստեղից մեգապոլիսը ասես ապակու վրա նկարված լինի. Sheikh Zayed Road-ի բազմաշերտ մայրուղին վերածվում է բարակ թելի, իսկ Պարսից ծոցը ձուլվում է հորիզոնին։

Անաղմուկ ու արագընթաց վերելակը դինամիկ երաժշտության ներքո վայրկյանների ընթացքում սլանում է տասնյակ հարկերով ցած։ Իջնելուց հետո կարող եք ուղևորվել աշտարակի ամենաներքին հարկում գտնվող Dubai Mall․ այն աշխարհի ամենամեծ առևտրաժամանցային կենտրոնն է։

Մտեք Fashion Avenue-ի վեհաշուք, հայելապատ կամարներով ատրիումը, որտեղ հատակը պատված է ձյունաճերմակ մարմարով, իսկ օդում սավառնում է նիշային պարֆյումերային տների յուրահատուկ բույրը։ Զբոսնեք առաջատար ֆլագմանյան բուտիկների կողքով, շուրջբոլորը տիրող էլեգանտ մթնոլորտում վայելեք առավոտյան էսպրեսոն՝ նրբաշերտ կրուասանի հետ, և պանորամային պատուհաններից հետևեք Դուբայի հայտնի երգող շատրվանի քարացած շիթերին:

Կեսօրին բարձրացեք Address Sky View հյուրանոցի 54-րդ հարկ, որտեղ կգտնեք CÉ LA VI ռեստորանի բաց տերասանը։ Ձեր սեղանը պատվիրեք հենց եզրին, որտեղից ուղիղ տեսարան է բացվում դեպի Burj Khalifa-ն և ինտերիերի հայտնի ու ճանաչելի կարմիր ծաղկային շեշտադրումները։ Ճաշն այստեղ վերածվում է իսկական ներգրավող շոուի. դիջեյի հանգիստ նվագակցության ներքո և սառեցված շամպայնի բաժակների ղողանջի տակ պատվիրեք վագյուով ու ստեռլյադի խավիարով սուշի կամ միսո-կոբու։ Այդ ընթացքում հսկա աշտարակը կանգնած կլինի բառացիորեն ձեռքի հեռավորության վրա, իսկ երկնքի ֆոնին կանգնեցված ինստագրամյան կարմիր և հայելապատ ճոճանակը կատարյալ կադր կստեղծի լուսանկարների համար։

Ճաշից հետո ուղևորվեք Ջումեյրայում գտնվող Etihad Museum, որտեղ դուք կկարողանաք ծանոթանալ ԱՄԷ-ի ստեղծման պատմությանը։ Լուսանկարները, փաստաթղթերը, արխիվային տեսանյութերն ու ինտերակտիվ ցուցադրությունները պատմում են այն իրադարձությունների մասին, որոնք 1971 թվականին հանգեցրին երկրի միավորմանը։

Թանգարանը գտնվում է Union House-ի (Միության տուն) կողքին․ հենց այստեղ է ստորագրվել պետության կազմավորման պայմանագիրը։ Դրա կորագիծ, սպիտակ տանիքը հիշեցնում է այդ փաստաթղթի թերթը, իսկ յոթ սյուները խորհրդանշում են այն գրիչները, որոնցով յոթ էմիրությունների ղեկավարները թղթին են հանձնել իրենց ստորագրությունները։
Օրվա գեղեցիկ ավարտը կարող եք կազմակերպել Nobu One Za'abeel ռեստորանում։ Այն տեղակայված է The Link-ում՝ աշխարհի ամենաերկար կոնսոլային կառույցում, որը 100 մետր բարձրության վրա ճախրում է One&Only երկնաքերերի միջև ձգվող աշխույժ մայրուղու երկնքում:


Պատվիրեք պաշտամունքային դարձած քաղցրավուն միսո-սոուսով սև ձողաձուկ, նուրբ հալապենյոյով համեմված և բերանում հալչող դեղնապոչ բանանաձկան սաշիմի և յուձուով հեղինակային կոկտեյլ։ Թավշյա ինտերիերի, մեղմ լույսերի և պատուհաններից դուրս փայլփլող գիշերային քաղաքի տեսարանի ներքո ձեր առաջին օրը կեզրափակվի ժամանակակից գաստրոնոմիայի և ճարտարապետության իսկական բարձրակետին։
Ցերեկը՝ հին թաղամասերում, երեկոն՝ ավազուտներում
Երկրորդ օրվա ընթացքում փոխվում է ոչ միայն երթուղին, այլև ռիթմը։ Ապակուց, պողպատից ու բարձրությունից հետո ճանապարհը տանում է դեպի Al Fahidi Historical Neighbourhood, որը Դուբայի պահպանված ամենահին թաղամասն է։ Այստեղ քաղաքն ավելի ցածրահարկ է, հանդարտ ու մտերմիկ։
Դուք կզբոսնեք կորալային քարից ու ծեփամածիկից կառուցված պատերի միջև ձգվող նեղ, զով լաբիրինթոսներով, կդիպչեք տիեկենու փայտից պատրաստված փորագրված ծանր դռներին և կտեսնեք «բարդջիլ» հինավուրց հողմային աշտարակները։ Բարդջիլները պարսկական ճարտարապետական օդորակիչներ են, որոնք կարողանում են որսալ նույնիսկ ամենաթույլ ծովային զեփյուռը։

Առավոտը կշարունակվի Kulture House-ի կանաչապատ տերասաներում։ Սա արտ-դեկո ոճի և բոհո տարրերի համադրությամբ բազմաֆունկցիոնալ տարածք է, որտեղ տեղացի նկարիչների աշխատանքների գեղարվեստական պատկերասրահը միահյուսված է կոնցեպտուալ խանութ-սրահին և գաստրոնոմիային։ Նախաճաշին պատվիրեք կարդամոնի նոտաներով ու վարդաջրով ողողված ֆիրմային ֆլեթ ուայթ, կամ ավոկադոյով, պաշոտ ձվով և համեմունքային դուկկայով զարդարված ոսկեգույն տոստ։ Սա կատարյալ դադար է վառ բյուրեղյա-կապույտ պատերի ու տրոպիկական բույսերի միջավայրում, որից հետո ընդհանրապես չես ցանկանում շտապել։

Այնուհետև ճանապարհը տանում է դեպի Dubai Creek ծովածոցը, որը շնչում է ծովային առևտրի պատմությամբ։ Ընդամենը 1 դիրհամով նստեք «աբրա» կոչվող ավանդական փայտե նավակն ու տեղափոխվեք հանդիպակաց ափ. ջրի մեղմ ծփանքի տակ շուրջբոլորը սահում են փայտե «դոու» բեռնանավերը, օդում ծովի աղի բույրն է, իսկ ֆոնին նշմարվում է քաղաքի հակադիր, ֆուտուրիստական ուրվագիծը։
Հանդիպակաց ափին ձեզ են սպասում հայտնի ավանդական շուկաները. Gold Souk-ը՝ իր շլացուցիչ ցուցափեղկերով, որտեղ ցուցադրված են ոսկերչական անթիվ գլուխգործոցներ ու աշխարհի ամենածանր ոսկե մատանին, և Spice Souk-ը, որտեղ օդը թանձրացած է չորացրած լայմի, շաֆրանի, դամասկյան վարդի կոկոնների ու աուդի թանկարժեք խեժի բուրմունքով։


Ճաշեք մոտակայքում գտնվող լեգենդար Arabian Tea House-ում. պատվիրեք անանուխով զովացուցիչ լիմոնադ, տաք, տնական հացով էմիրաթական մեզեի համեղ տեսականի, բուրավետ հարիս կամ համեմունքային բիրյանի։ Այս ամենը վայելեք կանաչի ու բուգենվիլիաների մեջ թաքնված հարմարավետ բակի ճյուղատարած ծառերի ստվերում։ Այնտեղ կարող եք նստել սպիտակ, փայտե նստարաններին:

Իսկ երեկոյան քաղաքը կնահանջի։ Բարձրակարգ ամենագնացով կուղևորվեք դեպի Dubai Desert Conservation Reserve արգելոցի ոսկեզօծ ավազուտները։ Ձեզ սպասվում է տպավորիչ սլացք թավշյա ավազաթմբերի կատարներով, հանդիպում հազվագյուտ արաբական օրիքսների հետ, մեկ բաժակ շամպայն բլրի գագաթին՝ արևի մարող ճառագայթների ներքո, և հարմարավետ ընթրիք բաց երկնքի տակ՝ բեդվինական յուրօրինակ ճամբարում։ Այստեղ՝ փափուկ գորգերի, կրակի վրա պատրաստվող հյութալի մսի բույրի, շաֆրանով թեյի ու անապատի վրա սփռված խորհրդավոր աստղազարդ երկնքի ներքո, երեկոն կստանա իր կախարդական ավարտը։

Հեդոնիզմ, ծովային զեփյուռ և մայրամուտի լույսեր
Երրորդ օրը վերջապես կարելի է ապրել առանց շտապելու, առանց ամեն ինչ հասցնելու ցանկության՝ մի քանի ժամ նվիրելով բացառապես ծովին։
Առավոտը Palm Jumeirah-ում սկսվում է խոր կապույտ երանգներով ու թեթև զեփյուռով։ Քարտեզի վրա այս մարդակերտ կղզին կատարյալ երկրաչափական գծագիր է հիշեցնում, բայց հենց կողքից զարմացնում է իր մասշտաբով. երկու կողմերում բյուրեղյա մաքուր փիրուզագույն ջուրն է, լյուքս դասի վիլլաների ձյունաճերմակ ճակատամասերը, շքեղ արմավենիներն ու ալիքների վրա հանդարտ սահող մասնավոր զբոսանավերը։ Հեռվում, առավոտյան ծովային մշուշի միջով, հստակ գծագրվում է Dubai Marina-ի ուրվագիծը։
Կեսօրին ուղևորվեք Atlantis, The Palm համալիր և ճաշեք հանգստավայրի բազմաթիվ ռեստորաններից մեկում։ Այստեղ կարող եք խոհանոց ընտրել ըստ տրամադրության՝ բրիտանական դասական ճաշատեսակներից մինչև պերուական շեշտադրումներով ճապոնական խոհանոց։ Ճաշից հետո օրը շարունակեք Aquaventure ջրաշխարհում. ջրային սահարանները, փչովի օղակներով ատրակցիոններն ու ավազանները ձեր երթուղուն փոքր-ինչ արկածային երանգ կհաղորդեն։

Երեկոյան Dubai Marina-ից մասնավոր զբոսանավով ուղևորվեք մայրամուտը վայելելու։ Ջրից քաղաքի ճարտարապետությունն ապշեցնում է իր ողջ հմայքով. մայր մտնող արևը հայելապատ աշտարակները ներկում է սաթե-վարդագույն նուրբ երանգներով։ Երկնաքերերի միջև վառվում են առաջին լույսերը, որոնց ցոլքերը, ալիքների մեղմ խշշոցի ներքո, սահում են ջրանցքի մթնող ջրերի վրայով։
Ճանապարհորդությունը եզրափակեք ընթրիքով Rialto ռեստորանում, որը գտնվում է նրբագեղ սուպերզբոսանավ հիշեցնող Jumeirah Marsa Al Arab համալիրում։ Այստեղ խոհարարական էսթետիկան հասցված է կատարելության. թարմ տրյուֆելային մակարոնեղենի նուրբ բույրը, իտալամիջերկրածովյան ափերից բերված ծովամթերքի բերանում հալչող հյուսվածքները, խրթխրթան կանոլին ու անթերի մատուցումը օրն իդեալական կդարձնի գինիների հարուստ քարտից ընտրված հազվագյուտ վինտաժային գինու նվագակցությամբ։ Այս երեկոն ի մի է բերում բոլոր տպավորությունները՝ առաջին օրվա մասշտաբը, երկրորդի հոգեհարազատ ջերմությունն ու երրորդի անհոգ հեդոնիզմը։

Եթե Դուբայում ձեր աշնանային ուղևորությունը համընկնում է Dubai Fitness Challenge (DFC)-ի օրերին, ապա ձեր երթուղին անպայման համալրեք փառատոնի մարզական միջոցառումներով։ Փառատոնի նպատակը պարզ է՝ 30 օր շարունակ ամեն օր 30 րոպե տրամադրել շարժմանը։ Կարող եք փորձարկել մարզումների նոր ձևեր կամ ընտրել ձեր սիրելի զբաղմունքը՝ զբոսանքից ու վազքից մինչև յոգա, և ֆիզիկական ակտիվությունը դարձնել ձեր հանգստի գեղեցիկ մասը։

Ընդամենը 72 ժամում Դուբայը մի քանի անգամ փոխում է իր բնույթը. ապակեպատ երկնաքերերի ֆուտուրիստական բարձրունքներից տեղափոխում է հին քաղաքի բուրավետ փողոցներ, ապա՝ ծովածոցի վրա սփռված մայրամուտի ոսկեզօծ լույսերի գիրկը։ Եվ հենց այս բազմազանությունն է, որ այս կարճատև ուղևորությունը դարձնում է իսկապես անմոռանալի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»12:41, 12 հոկտեմբերի
«Ես չեմ ուզում մերկանալ անծանոթի առջև». Ամանդա Սեյֆրիդը հրաժարվել է գլխավոր դերից սեքսի տեսարանների պատճառով12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով