Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի կանանց արտաքինը դարձել է քաղաքական վեճերի ու ծաղրի առարկա։ Նույնիսկ MAGA շարժման ներսում ավելի հաճախ է հնչում հարցը՝ արդյո՞ք չափազանցված պլաստիկ միջամտություններն ու ընդգծված արհեստական գեղեցկությունը չեն վերածվել պահպանողական վերնախավի յուրօրինակ համազգեստի։
Քննարկումների նոր ալիքի առիթ է դարձել 78-ամյա Բարբարա Թորնհիլի լուսանկարը։ Նախորդ ամիս Թրամփի վարչակազմը նրան ներկայացրել էր որպես Պետդեպարտամենտի նոր դեսպան։ Պաշտոնական դիմանկարի հրապարակումից հետո օգտատերերը Google-ում սկսել են փնտրել ոչ թե տեղեկություններ նրա մասնագիտական գործունեության մասին, այլ «ի՞նչ է պատահել նրա դեմքին» և «ինչպիսի՞ տեսք է ունեցել նա նախկինում» հարցերի պատասխանները, գրում է The Washington Post-ը։
Թորնհիլի լուսանկարն իրարանցում է առաջացրել․ X սոցիալական ցանցում հրապարակումը հավաքել է ավելի քան 21 միլիոն դիտում և շուրջ 15 հազար մեկնաբանություն։ Օգտատերերն ակտիվորեն քննարկել են նրա արտաքինը՝ կրկին ուշադրություն հրավիրելով Թրամփի շրջապատի որոշ ներկայացուցիչներին բնորոշ կերպարի վրա՝ հարթ ճակատ, չափազանց հաստ շուրթեր, հստակ ընդգծված հոնքեր և արտահայտված այտոսկրեր։
Խոսքն այսպես կոչված «Մար-ա-Լագոյի դեմքի»՝ Mar-a-Lago face-ի մասին է։ Եզրույթը տարածում է գտել այն բանից հետո, երբ նման ոճ սկսել են նկատել նախագահի կողմից հանրային պաշտոնների նշանակվող կանանց շրջանում։ Այսօր այն հաճախ գործածում են նաև նկատելի կոսմետիկ միջամտությունների դիմած այլ հանրապետական կանանց առնչությամբ։
Ուշագրավ է, որ քննադատություն հնչում է ոչ միայն Թրամփի քաղաքական հակառակորդների կողմից։ Որոշ պահպանողական կանայք նույնպես կարծում են, որ այդ կերպարին համապատասխանելու ձգտումը չափազանց հեռուն է գնացել։
«Գեղեցիկ կին լինելը նշանակում է, որ քեզ ավելի լավ են վերաբերվելու։ Դա փաստ է։ Բայց երբ ամեն ինչ հասցնում ես այն աստիճանի, որ իսկական տիկնիկի տեսք ես ստանում, ո՞վ է քեզ լուրջ ընդունելու։ Ոչ ոք», — հայտարարել է Make America Hot Again պահպանողական հասարակական կազմակերպության հիմնադիր Ռաքել Դեբոնոն։
Նրա խոսքով՝ նման գեղագիտությունը ծիծաղելի վիճակում է դնում ոչ միայն այդ կանանց, այլև քաղաքական համակարգն ու Սպիտակ տունը։ Դեբոնոն կատարվողն անվանել է պահպանողական շարժման մեջ ազդեցիկ դիրքեր զբաղեցնող կանանց յուրօրինակ «բիմբոֆիկացիա»՝ տիկնիկայնացում։
Քննադատությամբ է հանդես եկել նաև The View հաղորդման նախկին համահաղորդավարուհի Մեգան Մաքքեյնը։ Թորնհիլի լուսանկարի շուրջ ծագած աղմուկից հետո նա գրել է, որ կնախընտրեր տեսնել, թե ինչպես են հանրապետականներն առաջ մղում այնպիսի կանանց, որոնք չեն դիմել «տարօրինակ կամ անհաջող պլաստիկ վիրահատությունների»։
Նմանատիպ ծաղրի նախկինում արժանացել էր նաև Քեթի Զախարիան, որը կարճ ժամանակով զբաղեցրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը։ Mother Jones ամսագիրը նրա արտաքինի առնչությամբ ևս օգտագործել էր «Մար-ա-Լագոյի դեմք» արտահայտությունը։
Փորձագետների կարծիքով՝ այս երևույթի հիմքում կարող են լինել ոչ միայն անձնական գեղագիտական նախասիրությունները։ Որոշ մասնագետներ այն կապում են պահպանողական քաղաքական միջավայրում կանանց նկատմամբ գործադրվող ճնշման հետ, երբ արտաքինը կարող է դառնալ կարիերայի հաջողության գործոններից մեկը։
Կոնգրեսի հանրապետականների նախկին աշխատակցուհի Բրիջիթ Բոսկոն կարծում է, որ գեղեցկության պարտադրված չափանիշները կարող են իրական վնաս հասցնել երիտասարդ կանանց, հատկապես նրանց, ովքեր ձգտում են կարիերա կառուցել MAGA շարժման ներսում։
«Հատկապես պահպանողական MAGA շարժման մեջ գտնվող անինքնավստահ կանայք պատրաստ են ամեն ինչի՝ սեփական կարևորությունը զգալու համար։ Եթե հավակնոտ կին ես, օգտագործում ես հասանելի բոլոր միջոցները՝ ուշադրություն գրավելու համար, քանի որ վեր բարձրանալը շատ դժվար է։ Եթե ուզում ես նկատելի դեմք դառնալ, պետք է համապատասխանես նրան, ինչ ուզում են տղամարդիկ», — բացատրել է նա։
Բոսկոն պատմել է, որ կարիերայի սկզբում ինքն էլ է բախվել Վաշինգտոնի պահպանողական միջավայրում գործող՝ արտաքին տեսքի չգրված կանոններին համապատասխանելու անհրաժեշտությանը։ Նրա խոսքով՝ աջակողմյան երկու տարբեր կազմակերպությունների ղեկավարներ նույնիսկ հագուստ և կոշիկ են բերել կամ գնել իր համար, ինչն ինքն ընկալել է որպես սոցիալական ճնշման դրսևորում։
Ալբերտայի համալսարանի քաղաքագիտության և փիլիսոփայության պրոֆեսոր Կրեսիդա Հեյսն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս կերպարի գլխավոր առանձնահատկությունը դրա ցուցադրական արհեստականությունն է։
«Հետաքրքիր է, որ այն այդքան ակնհայտ անբնական է։ Այստեղ չկա աննկատ փոփոխությունների կամ այնպիսի արդյունքի ձգտում, որը հնարավոր կլիներ ներկայացնել որպես բնական արտաքին։ Ապշեցուցիչ է, որ որոշակի քաղաքական խմբի ներկայացուցիչներ կարծում են, թե քաղաքական հաջողության հասնելու համար իրենք պետք է հենց այդպիսի տեսք ունենան», — նշել է փորձագետը։
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գենդերային հետազոտությունների պրոֆեսոր Ջուլիետ Ուիլյամսը կարծում է, որ Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք ավելի է մեծացել ուշադրությունն այն կանանց արտաքինի նկատմամբ, որոնց նախագահն ընտրում է իր թիմում աշխատելու համար։
«Նա ցուցադրաբար առաջ է մղում միանգամայն որոշակի արտաքին և ոճ ունեցող կանանց։ Ուղերձն ակնհայտ է․ նրա վարչակազմի տեսանկյունից կնոջ արժեքը սերտորեն կապված է նրա արտաքին տեսքի հետ։ Եթե չես համապատասխանում այդ կերպարին, պաշտոն չես ստանա», — պարզաբանել է Ուիլյամսը։
Որոշ դիտորդներ ենթադրում են, որ այդ բնորոշ արտաքինը կարող է ծառայել որպես Թրամփին հավատարմության յուրօրինակ նշան, բարեկեցության ու կարգավիճակի ցուցադրում կամ շարժման գենդերային նորմերին համապատասխանությունն ընդգծելու միջոց։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել թեման։
Պլաստիկ վիրաբույժ և պահպանողական հեռուստահաղորդավարուհի Շեյլա Նազարյանն ավելի պարզ բացատրություն է առաջարկել։ Նրա կարծիքով՝ կանայք պարզապես կարող էին դիմած լինել էսթետիկ բժշկության ոչ համապատասխան մասնագետների, իսկ քաղաքական հակառակորդները նրանց արտաքինն օգտագործում են որպես հարձակումների առիթ։
Նազարյանին ամենից շատ վրդովեցնում է ձախ քաղաքական հայացքներ ունեցող օգտատերերի արձագանքը։
«Զվարճալի է, որ մարդիկ այդքան շատ են խոսում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման մասին, բայց միևնույն ժամանակ պատրաստ են առաջինը նվաստացնել մեկ այլ կնոջ», — հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ պահպանողականները մեծ ուշադրություն են դարձնում ֆիզիկական մարզավիճակին, սննդակարգին, խնամքին և հաջողությանը, սակայն դրա համար հաճախ արժանանում են քաղաքական ընդդիմախոսների ծաղրին։ «Ինչո՞ւ պետք է ծաղրել մարդուն այն բանի համար, որ նա փորձում է պահպանել երիտասարդությունը», — հարց է տալիս վիրաբույժը։
Այդուհանդերձ, ոչ բոլորն են համաձայն, որ նման գեղագիտությունը բնորոշ է բացառապես MAGA-ի կողմնակիցներին։ Առողջ ապրելակերպի ոլորտի ինֆլյուենսեր Ալեքս Քլարկ Ֆութբերգը, որն աջակցում է Make America Healthy Again շարժմանը, կարծում է, որ խոսքն ավելի լայն մշակութային երևույթի մասին է՝ կապված առաջին հերթին սոցիալական ցանցերի հետ։
«Ֆիլլերներով չափից դուրս հագեցած այս կերպարը տարածված է ամենուր։ Նման արտաքինով կանանց Բևեռլի Հիլզում կարելի է հանդիպել ոչ պակաս հաճախ, քան Մար-ա-Լագոյում։ Սա բացառապես մարալագոյական երևույթ չէ, այլ ավելի շուտ՝ ընդհանուր առմամբ ունևոր կանանց բնորոշ առանձնահատկություն», — նշել է նա։ Քլարկը նաև պատմել է, որ նախկինում բոտոքսի ներարկումներ է արել, սակայն հետագայում հրաժարվել է դրանցից՝ նախապատվությունը տալով դեմքի հատուկ ժապավեններին՝ թեյփերին, որոնք ավելի բնական այլընտրանք է համարում։
Ֆլորիդացի պլաստիկ վիրաբույժ Սքոթ Էնիսը The Washington Post-ին պատմել է, որ իր կլինիկայում արդեն մի քանի տարի գովազդում է «Mar-a-Lago face» անվանումով միջամտությունը։ Սկզբում նա այդ եզրույթն օգտագործել է՝ նկատի ունենալով առաջին տիկին Մելանիա Թրամփին, որի կերպարը համարել է զուսպ նրբագեղության օրինակ։
Սակայն վերջին տարիներին արտահայտության իմաստը փոխվել է։ Այժմ այն ավելի հաճախ են կապում արտաքինի չափազանցված փոփոխությունների հետ, ուստի վիրաբույժը նույնիսկ մտածում է առաջարկվող ծառայությունները վերանվանելու մասին։
«Մարդիկ սկսել են դա ընկալել ավելի շատ որպես չափից դուրս արհեստական կերպար, այլ ոչ թե որպես նրբագեղություն։ Վերջին մի քանի տարում տերմինի իմաստը փոխվել է՝ ստանալով հակառակ նշանակությունը», — պարզաբանել է Էնիսը։
Կանանց արտաքինի քաղաքականացումն անքակտելիորեն կապված է նաև հենց Թրամփի հետ։ Ռեալիթի շոուների նախկին աստղն ու «Միսս Տիեզերք» մրցույթի նախկին սեփականատերը տասնամյակներ շարունակ հրապարակավ մեկնաբանել է ամենատարբեր մարդկանց արտաքինը։
Նախագահ դառնալուց հետո նա չի հրաժարվել այդ սովորությունից։ Անցյալ տարի Թրամփը մի լրագրողուհու անվանել է «խոզուկ», իսկ մյուսին՝ «տգեղ»։ Նրա մեկնաբանությունների թիրախում հայտնվում են նաև տղամարդիկ․ նախագահը պարբերաբար գովաբանում է իր դաշնակիցների արտաքինը, բայց կարող է նաև հրապարակավ դժգոհություն հայտնել։ Այսպես՝ հանրապետականների համագումարում նա Տեխասից Սենատի թեկնածու Քեն Փեքսթոնի մասին հայտարարել է․ «Ինձ առանձնապես դուր չի գալիս նրա արտաքինը»։ Երեքշաբթի օրը Փեքսթոնը պարտվել է ընտրություններում։
Պրոֆեսոր Ուիլյամսի կարծիքով՝ թեև Թրամփը քննադատում է երկու սեռերի ներկայացուցիչների արտաքինը, ծաղրի այս մշակույթի համար առաջին հերթին հատուցում են նրա շրջապատի կանայք։
«Մենք ունենք նախագահ, որը սովորական երևույթ է դարձրել կանանց արտաքինի համար ծաղրելը։ Եվ հիմա տեսնում ենք, թե ինչպես են ավելի ու ավելի շատ կանայք դառնում նման ծաղրի թիրախ։ Կարծես դրա համար անհամաչափ բարձր գին են վճարում հենց կանայք՝ նույնիսկ նրանք, ովքեր աջակցում են Թրամփին», — եզրափակել է փորձագետը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 10 նոյեմբերի
Հարթ ճակատից մինչև «տիկնիկային» շուրթեր․ ինչպես «Մար-ա-Լագոյի դեմքը» քաղաքական զենք դարձավ Թրամփի շրջապատում22:22, 10 նոյեմբերի
Աշխարհն առանց համացանցի․ մասնագետները սովորեցնում են գոյատևել առանց սմարթֆոնների և բանկային քարտերի21:19, 10 նոյեմբերի
Birkin-ն այլևս կարգավիճակ չի երաշխավորում․ ինչո՞ւ են կոլեկցիոներները հիասթափվում Hermès-ի լեգենդար պայուսակից20:31, 10 նոյեմբերի
Գանձարան միլիարդատերերի համար․ լոնդոնյան պահոցում պահում են ադամանդներ, Hermès-ի պայուսակներ և անգամ Pokémon-ի խաղաքարտեր19:27, 10 նոյեմբերի
Հռոմի պապը, 1957 թվականի ողբերգությունն ու 69-ամյա դավադրությունը. ինչո՞ւ «Ferrari»-ն իտալացի արշավորդների չի վերցնում16:33, 10 նոյեմբերի
26 տարի սպասում և հարսանիք. 84-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը ամուսնացել է իր սիրելիի հետ15:28, 10 նոյեմբերի
«Լրտեսուհու» հետ սիրավեպը կարող է Nvidia-ի գործադիր տնօրենին արժենալ 60 մլրդ դոլար և կարիերա. Ջենսեն Հուանգը հայտնվել է կրկնակի սկանդալի մեջ14:37, 10 նոյեմբերի
Անկախ ժամագործի տրիումֆը. քիչ հայտնի ապրանքանիշը արժանացել է «Ժամացուցային արվեստի Օսկար»-ին14:17, 10 նոյեմբերի
«Մասկի փողերը չօգնեցին». Ռոբերտ Դե Նիրոն ծաղրել է միլիարդատիրոջը նրա մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ13:43, 10 նոյեմբերի
Բիանկա Սենսորին կրկին ցնցել է իր համարձակ կերպարով՝ Լոս Անջելեսում գնումներ անելիս13:10, 10 նոյեմբերի
Փոլ Մաքքարթնին դարձել է միլիարդատեր և միացել է աշխարհի երեք ամենահարուստ երաժիշտներին12:31, 10 նոյեմբերի
Երեք հայ ընդգրկվել է Լոս Անջելեսի 34 ազդեցիկ տղամարդկանց ցանկում․ «Los Angeles Magazine»