Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն այլևս չի ղեկավարում երկիրը, փոխարենը հայտնվում է կարմիր գորգերին, ճամփորդում աշխարհի ամենահայտնի փոփ աստղերից մեկի հետ և ուժերը փորձում կինոարտադրության ոլորտում։ Քաղաքականությունից հեռանալուց հետո նա չի անհետացել հանրության տեսադաշտից․ նրա կյանքի նոր փուլում են Քեթի Փերիի հետ սիրավեպը, սեփական պրոդյուսերական ընկերությունն ու միջազգային համաժողովներում վճարովի ելույթները։
Ինչպես գրում է իսպանական El País պարբերականը, կառավարության ղեկավարի պաշտոնը թողնելուց 19 ամիս անց էլ 54-ամյա քաղաքական գործիչը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, թեև այժմ՝ բոլորովին այլ պատճառներով։
Թրյուդոն Կանադայի կառավարությունը ղեկավարել է ավելի քան ինը տարի՝ սկսած 2015 թվականից։ Չորրորդ անգամ անընդմեջ վարչապետի պաշտոնը ստանձնելու նրա հեռանկարը մարեց 2025 թվականի սկզբին՝ Լիբերալ կուսակցության ներսում տարաձայնությունների և ընտրողների աճող դժգոհության ֆոնին։ Նա պաշտոնապես հեռացավ պաշտոնից 2025 թվականի մարտի 14-ին՝ հայտարարելով քաղաքական կյանքից հեռանալու մասին։
Սակայն նախկին վարչապետը թոշակի չանցավ։ Պաշտոնին հրաժեշտ տալուց ընդամենը չորս օր անց նա Instagram-ում լուսանկար հրապարակեց Canadian Tire խանութից՝ առօրյա հագուստով և գնումների սայլակով։ Լուսանկարին կից գրել էր․ «Ինչ լավն է երկուշաբթին Canadian Tire-ում»։ Ավելի ուշ Թրյուդոն սոցցանցերում անդրադառնում էր իր ավագ որդու՝ Xav բեմական անվամբ հանդես եկող Քսավյեի երաժշտական կարիերային։
2023 թվականի օգոստոսին Սոֆի Գրեգուարից բաժանվելուց հետո Թրյուդոյի անձնական կյանքը հայտնվեց մամուլի սևեռուն ուշադրության կենտրոնում։ Նրանք ամուսնացած էին 18 տարի։
2025 թվականի հուլիսին նախկին վարչապետին լուսանկարեցին Մոնրեալի ռեստորաններից մեկում՝ ամերիկացի երգչուհի Քեթի Փերիի ընկերակցությամբ։ Երեք ամիս անց պապարացիները զույգին նկատեցին Կալիֆոռնիայում՝ զբոսանավի վրա, իսկ հետո՝ Փարիզում ռոմանտիկ զբոսանքի ժամանակ։

2025 թվականի դեկտեմբերին՝ Ճապոնիա կատարած ուղևորության ընթացքում, Թրյուդոն և Փերին պաշտոնապես հաստատեցին իրենց հարաբերությունները։ Կարմիր գորգին նրանց առաջին համատեղ ներկայությունը կայացավ 2026 թվականի հունիսին Նյու Յորքում՝ Tribeca կինոփառատոնի շրջանակում, Katy Perry: The Lifetimes Tour — Live from Paris վավերագրական ֆիլմի պրեմիերայի ժամանակ։
People ամսագրին տված հարցազրույցում երգչուհին Թրյուդոյին անվանել է «իմ կյանքի սերը»։ Այդ ժամանակվանից զույգը պարբերաբար միասին ներկայանում է հանրային միջոցառումների, այդ թվում՝ Coachella փառատոնին, և կիսվում ճամփորդությունների ընթացքում արված համատեղ լուսանկարներով։ Փերին Instagram-ում ունի շուրջ 195 միլիոն հետևորդ, ուստի նման յուրաքանչյուր հրապարակում մեծ ուշադրության է արժանանում։
Փոփ աստղի հետ սիրավեպը նախկին քաղաքական գործչի կյանքի միակ նոր ուղղությունը չէ։ 2026 թվականի սեպտեմբերին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ, նա հայտարարեց Hope & Hard Work («Հույս և քրտնաջան աշխատանք») պրոդյուսերական ընկերության ստեղծման մասին։
Նրա գործընկերը դարձավ Քեթի Թելֆորդը, որը Թրյուդոյի պաշտոնավարման ողջ ընթացքում նրա աշխատակազմի ղեկավարն էր։ Ընկերությունը զբաղվելու է գեղարվեստական ու վավերագրական նախագծերի և աուդիոարտադրանքի ստեղծմամբ, ինչպես նաև միջոցառումների կազմակերպմամբ։
Ըստ El País-ի՝ հինգ նախագիծ արդեն մշակման փուլում է։ Դրանց թվում են Փերի Չեյֆի Closer by Sea վեպի հեռուստատեսային էկրանավորումը, որի գործողությունները ծավալվում են Նյուֆաունդլենդի ափերի մոտ գտնվող հեռավոր կղզում, և Մոնրեալի մասնավոր դպրոցի մասին պատմող Le Collège օրիգինալ սերիալը։
Այսպիսով, Թրյուդոն մտադիր է ուժերը փորձել ժամանցային արդյունաբերության մեջ՝ օգտագործելով իր քաղաքական փորձը, կապերն ու ճանաչելիությունը։ Նոր ընկերությունը կարող է դառնալ հասարակական կյանքի կենտրոնում մնալու ևս մեկ միջոց՝ այս անգամ խորհրդարանի և կառավարական աշխատասենյակների պատերից դուրս։
Նախկին վարչապետի եկամտի մեկ այլ աղբյուր են միջազգային ֆորումներում և գործարար համաժողովներում վճարովի ելույթները։ Հոկտեմբերի սկզբին նա Մալթայում մասնակցեց Ճամփորդությունների և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի գագաթնաժողովին։

Այնտեղ Թրյուդոն մեկնաբանեց Օտտավայի և Վաշինգտոնի միջև առևտրային դիմակայությունը՝ նշելով, որ այն ազդում է նաև զբոսաշրջային հոսքերի վրա։ Նրա խոսքով՝ ուղղություն ընտրելիս ճամփորդները հաշվի են առնում ոչ միայն ուղևորության արժեքն ու տեսարժան վայրերը, այլև այն, թե որքան հյուրընկալ են իրենց դիմավորում։
«Վերջին տարիներին Միացյալ Նահանգներին այնքան էլ լավ չէր հաջողվում անել այնպես, որ զբոսաշրջիկներն իրենց սպասված հյուր զգան»,— հայտարարել է նա։
Հանրության ուշադրությունն ուղեկցել է Թրյուդոյին քաղաքականություն մուտք գործելուց դեռ շատ առաջ։ Նա ծնվել է Կանադայի այն ժամանակվա վարչապետ Պիեռ Թրյուդոյի ընտանիքում։ Թրյուդոների ընտանիքին հաճախ էին համեմատում ամերիկյան Քենեդիների հետ․ իշխանությունը, փողը, մամուլի ուշադրությունն ու բարձր հասարակության մեջ ունեցած կապերը նրանց դարձրել էին երկրի ամենահայտնի դինաստիաներից մեկը։
Նրա հայրը նույնպես հայտնի էր իր բուռն անձնական կյանքով․ նա սիրային հարաբերություններ է ունեցել երգչուհի Բարբրա Սթրեյզանդի և Սուպերմենի մասին ֆիլմերում Լոիս Լեյնին մարմնավորած դերասանուհի Մարգո Քիդերի հետ։
Ազգանունը, խարիզման, գրավիչ արտաքինն ու տեսախցիկների առջև անկաշկանդ պահվածքը Ջասթին Թրյուդոյին օգնեցին մեծ ժողովրդականություն վայելել։ Սակայն նրա հանրային կերպարը զերծ չէր սկանդալներից։
Ամենաքննարկված դրվագներից էին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում նրա արտառոց պահվածքը և Աղա Խանի մասնավոր կղզում անցկացրած հանգստի պատճառով էթիկայի հանձնակատարի նկատողությունը։ Այս պատմությունները վնասում էին նրա հեղինակությանը՝ վարչապետության վերջին տարիներին վարկանիշի անկման պայմաններում։
Դատելով ամեն ինչից՝ այժմ քննադատությունը Թրյուդոյին ավելի քիչ է անհանգստացնում։ Հեռանալով մեծ քաղաքականությունից՝ նա պահպանել է հանրության ուշադրությունը և, կարծես, մտադիր է այն ծառայեցնել իր նոր նախաձեռնություններին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 12 նոյեմբերի
Վարչապետի աթոռից՝ Քեթի Փերիի գիրկը. ինչո՞վ է ապրում Ջասթին Թրյուդոն քաղաքականությունից հեռանալուց հետո19:19, 12 նոյեմբերի
23 հազար դոլար արժողությամբ ճամփորդություն. Սաուդյան Արաբիան սկսել է շքեղ Dream of the Desert գնացքի տոմսերի ամրագրումը16:26, 12 նոյեմբերի
«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի և նրա կնոջ՝ Բիանկայի հետ իր հարաբերությունների մասին15:30, 12 նոյեմբերի
Loewe-ն Թիմ Բարթոնի «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» ֆիլմը վերածել է շքեղ աքսեսուարների հավաքածուի14:37, 12 նոյեմբերի
Լորեն Սանչես-Բեզոսը զարմացրել է Louis Vuitton-ի անսովոր աքսեսուարով. 6000 դոլարանոց պայուսակ՝ լեռնային շալեի տեսքով14:19, 12 նոյեմբերի
500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի Հոլիվուդը13:51, 12 նոյեմբերի
Կայ Դոլբաշյանն ընդգրկվել է Հոլիվուդի ամենահեռանկարային երիտասարդների ցանկում․ The Hollywood Reporter13:21, 12 նոյեմբերի
«Դուք նամակ ունեք» ֆիլմը վերադառնում է, բայց հանդիսատեսը զայրացած է. Թոմ Հենքսի և Մեգ Ռայանի մասնակցությամբ ռոմանտիկ կատակերգությունը կվերանկարահանվի ԱԲ–ի դարաշրջանում12:28, 12 նոյեմբերի
Ժամացույց մատի վրա՝ դաստակի փոխարեն. Casio-ն A168 խորհրդանշական մոդելը վերածել է մանրանկարչական մատանու12:14, 12 նոյեմբերի
«Գողացել են 50,000 դոլարանոց պայուսակ և 20,000 դոլարանոցջինսեր». Քորթնի Քարդաշյանի խորթ դուստրը օգնություն է խնդրել ՀԴԲ-ից11:32, 12 նոյեմբերի
«Որտե՞ղ են իմ լրտեսները՝ ֆրանսիացի, ռուս, թե՞ իրանցի». Պավել Դուրովը ծաղրել է Nvidia-ի գործադիր տնօրենի սիրուհու հետ կապված սկանդալը11:15, 12 նոյեմբերի
«Նրան հետապնդում են իր քրիստոնեական հավատքի համար». Դոնալդ Թրամփ կրտսերի տարօրինակ հայտարարությունը՝ դատապարտված բռնաբարող Ռասել Բրենդի մասին