Ալեն Դելոնին անվանում էին «աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ»։ Նրանով հիանում էին միլիոնավոր կանայք, իսկ նրա էկրանային կերպարները դարձել էին ֆրանսիական «նոր ալիքի» խորհրդանիշը։ Սակայն անթերի արտաքինի ու կինոաստղի փայլի հետևում շատ ավելի մութ պատմություն էր թաքնված՝ հանցավոր կապերով, շանտաժով, բարձրաշխարհիկ սկանդալներով և դերասանի մերձավոր շրջապատից մի մարդու առեղծվածային սպանությամբ։
Այս պատմությանը կրկին անդրադարձել է բրիտանացի գրող Էդվարդ Չիսհոլմը՝ իր Murder in Paris ’68: A True Story of Death and Glamour («Սպանություն Փարիզում, 1968. մահվան և փայլի իրական պատմություն») գրքում։ The New York Times-ում հրապարակված գրախոսականում Քրիստոֆեր Բոլենն այն ներկայացնում է որպես Ֆրանսիայի ամենասկանդալային քրեական պատմություններից մեկի հետաքննություն, որի հետևանքները կարող էին հարվածել ոչ միայն կինոէլիտային ու փարիզյան հանցավոր աշխարհին, այլև քաղաքական վերնախավին։
2024 թվականին՝ 88 տարեկանում, կյանքից հեռացած Դելոնը ֆրանսիական կինոյի ամենահակասական դեմքերից էր։ Նախագահ Էմանուել Մակրոնը նրան անվանել էր «Ֆրանսիայի հուշարձան»։ 1960-ականներին դերասանը հռչակ ձեռք բերեց իր գեղեցկությամբ և առեղծվածային հանցագործների, մարդասպանների ու գայթակղիչների դերերով։ Նույն տասնամյակում նրա անունը կապվեց իրական սպանության հետ, որը ցնցեց ֆրանսիական հասարակությունը։
Պատմությունը սկսվեց 1968 թվականի հոկտեմբերին, երբ Փարիզի արվարձաններից մեկի ճամփեզրին հայտնաբերվեց պոլիէթիլենով փաթաթված տղամարդու դի։ Սպանվածը քրեական անցյալ ունեցող 31-ամյա հարավսլավացի Ստեֆան Մարկովիչն էր։ Նրա բնակության վերջին գրանցված հասցեն Սենի աջ ափին գտնվող Դելոնի առանձնատունն էր։
Մարկովիչը դերասանի պարզապես ծանոթը չէր։ Նա աստղի թիկնապահն էր, օգնականը և գրեթե անբաժան ուղեկիցը։ Նկարահանման հրապարակում նա նաև հանդես էր գալիս որպես Դելոնի կրկնորդ։ Սակայն երկու տղամարդկանց հարաբերությունները, ըստ գրքում ներկայացված պատմության, ամենևին էլ անամպ չէին։
Սպանության պահին Դելոնը Սեն Տրոպեում էր, որտեղ նկարահանվում էր Ժակ Դերեի «Լողավազանը» թրիլլերում։ Դա ապահովում էր նրա ալիբին։ Շուտով, սակայն, սպանվածի եղբայրը ոստիկանությանը փոխանցեց մի նամակ, որը Մարկովիչը գրել էր մահվանից կարճ ժամանակ առաջ։ Դրանում նա խնդրում էր իր մահվան դեպքում դիմել Ալեն Դելոնին՝ կատարվածի համար պատասխանատու համարելով «տասը հազար տոկոսով»։
Քննիչները դիտարկում էին մի քանի վարկած։ Դրանցից մեկի համաձայն՝ Դելոնը կարող էր խանդել իր կնոջը՝ դերասանուհի և մոդել Նատալի Դելոնին, Մարկովիչի հետ ենթադրվող մտերմության պատճառով։ Մեկ այլ վարկածով՝ թիկնապահը փորձել էր շանտաժի ենթարկել գործատուին բարձրաշխարհիկ փակ երեկույթների ժամանակ արված լուսանկարներով։ Շրջանառվում էին պնդումներ, թե այդ կադրերում կարող էին լինել ազդեցիկ անձինք և քաղաքական գործիչների ընտանիքների անդամներ։
Գրքում քննարկվում է նաև երկու տղամարդկանց միջև հնարավոր ինտիմ հարաբերությունների վարկածը։ Սակայն այս ենթադրություններից ոչ մեկը չդարձավ սպանության ապացուցված բացատրություն։
Չիսհոլմը գործին անդրադառնում է գրեթե վեց տասնամյակ անց՝ փորձելով վերականգնել դարաշրջանի մթնոլորտն ու հասկանալ երկու տղամարդկանց հարաբերությունների բնույթը։ Հեղինակը պատմությունը կառուցում է դասական նուարի ոգով՝ կարճ նախադասություններով, կտրուկ շրջադարձերով և ծխով պատված Փարիզի, ոստիկանական աշխատասենյակների ու քրեական որջերի նկարագրություններով։
Սակայն գիրքը չի սահմանափակվում այն հարցով, թե ով է սպանել Մարկովիչին։ Սպանությունը դառնում է ելակետ՝ 1960-ականների Ֆրանսիայի մասին ընդգրկուն պատմության համար։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ հետպատերազմյան զսպվածությունն իր տեղը զիջում էր հեդոնիզմին, սպառողական մշակույթին և հասարակական նոր ազատություններին։
Պատմությունն ընթերցողին վարչապետի ու նրա տիկնոջ անձնական կյանքի շուրջ խոսակցություններից տեղափոխում է Սորբոնի ուսանողական ցույցերի կիզակետ, Լազուրյան ափի նկարահանման հրապարակներից՝ Le Milieu անվամբ հայտնի ֆրանսիական կազմակերպված հանցավոր աշխարհի թաքստոցներ։ Այդ ժամանակվա Փարիզը, ինչպես նշում է հեղինակը, մի քաղաք էր, որտեղ ավելի շատ կինոթատրոն կար, քան աշխարհի ցանկացած այլ մեգապոլիսում։
Պատմության առանցքում գրեթե հասակակից երկու տղամարդկանց ճակատագրերն են։ Երկուսն էլ մեծացել էին ընտանեկան բարդ պայմաններում, փորձել էին հաղթահարել ծանր անցյալը և եկել էին նվաճելու Փարիզը։ Մեկը դարձավ կինոաստղ, մյուսի կյանքն ավարտվեց ողբերգականորեն․ նրան գտան ծեծված, գնդակահարված և ճամփեզրի առվի մեջ ընկած։
Գրքի ընթացքում Դելոնի կերպարը ներկայացվում է ավելի մռայլ երանգներով․ էկրանային հմայքին հակադրվում են դաժանության ու վրեժխնդրության մասին պատմությունները։ Մարկովիչն էլ ներկայանում է որպես մի մարդ, որի կյանքը սերտորեն միահյուսվել էր փառքի, իշխանության և հանցագործության աշխարհներին։
Հետաքննության սկզբում ոստիկանները զուգահեռ են անցկացնում երկու տղամարդկանց միջև․ մեկը հանցագործների է մարմնավորում էկրանին, մյուսը, ըստ ոստիկանական գործի, հանցագործ է իրական կյանքում։ Գրքի վերջում հեղինակը կասկածի տակ է դնում այդ հակադրության հստակությունը՝ չլուծելով սպանության առեղծվածը։
Murder in Paris ’68-ը ոչ միայն չբացահայտված սպանության պատմություն է, այլև մի դարաշրջանի դիմանկար, որտեղ գեղեցկությունը, իշխանությունը, փողն ու քրեական աշխարհը կարող էին թաքնվել շքեղության նույն շղարշի տակ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 նոյեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը»՝ աղմկահարույց սպանության կենտրոնում. ի՞նչ գաղտնիք էր թաքցնում Ալեն Դելոնը22:20, 12 նոյեմբերի
Հսկայական աչքերով աղջիկները գրավել են աշխարհը. ինչո՞ւ են Յոսիտոմո Նարայի կտավներն արժենում գրեթե 25 մլն դոլար21:17, 12 նոյեմբերի
Միլիոններն այստեղ անզոր են. ի՞նչ կանոններ են գործում գերհարուստների փակ աշխարհում20:30, 12 նոյեմբերի
Վարչապետի աթոռից՝ Քեթի Փերիի գիրկը. ինչո՞վ է ապրում Ջասթին Թրյուդոն քաղաքականությունից հեռանալուց հետո19:19, 12 նոյեմբերի
23 հազար դոլար արժողությամբ ճամփորդություն. Սաուդյան Արաբիան սկսել է շքեղ Dream of the Desert գնացքի տոմսերի ամրագրումը16:26, 12 նոյեմբերի
«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի և նրա կնոջ՝ Բիանկայի հետ իր հարաբերությունների մասին15:30, 12 նոյեմբերի
Loewe-ն Թիմ Բարթոնի «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» ֆիլմը վերածել է շքեղ աքսեսուարների հավաքածուի14:37, 12 նոյեմբերի
Լորեն Սանչես-Բեզոսը զարմացրել է Louis Vuitton-ի անսովոր աքսեսուարով. 6000 դոլարանոց պայուսակ՝ լեռնային շալեի տեսքով14:19, 12 նոյեմբերի
500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի Հոլիվուդը13:51, 12 նոյեմբերի
Կայ Դոլբաշյանն ընդգրկվել է Հոլիվուդի ամենահեռանկարային երիտասարդների ցանկում․ The Hollywood Reporter13:21, 12 նոյեմբերի
«Դուք նամակ ունեք» ֆիլմը վերադառնում է, բայց հանդիսատեսը զայրացած է. Թոմ Հենքսի և Մեգ Ռայանի մասնակցությամբ ռոմանտիկ կատակերգությունը կվերանկարահանվի ԱԲ–ի դարաշրջանում12:28, 12 նոյեմբերի
Ժամացույց մատի վրա՝ դաստակի փոխարեն. Casio-ն A168 խորհրդանշական մոդելը վերածել է մանրանկարչական մատանու