Վարսահարդարիչը՝ լոգասենյակում, յոգուրտը՝ նախաճաշին, պաղպաղակը՝ խրթխրթան վաֆլե կոնի մեջ, և սիրելի խմբի երաժշտությունը՝ ականջակալներում։ Առաջին հայացքից այս իրերի միջև ոչ մի ընդհանուր բան չկա, սակայն դրանցից յուրաքանչյուրում հայկական հետք կա։ Խոսքը շատ կոնկրետ մարդկանց մասին է, որոնց գաղափարներն ու մշակումները փոխել են միլիոնավոր մարդկանց սովորությունները։ Հիշենք հինգ պատմություն, որոնցից հետո առօրյա որոշ իրերի կսկսեք այլ աչքով նայել։
Վարսահարդարիչ. հայը, ով սրահային հարդարումը բերեց տնային լոգասենյակ
Ժամանակակից բյութի-առօրյան առանց վարսահարդարիչի պատկերացնելը գրեթե անհնար է։ Աշխատանքի գնալուց առաջ արագ չորացնել մազերը, ծավալուն հարդարում անել կամ լոգանքից հետո պարզապես կարգի բերել սանրվածքը. այս ամենը վաղուց դարձել է մեր առօրյայի մի մասը։ Սակայն ժամանակին մազերը չորացնելն անհամեմատ ավելի բարդ գործընթաց էր։

Մազերի չորացման առաջին սարքերը մեծ էին, ծանր և նախատեսված էին հիմնականում վարսավիրանոցների համար։ 1911 թվականին հայկական ծագումով ամերիկացի գյուտարար Գաբրիել Մ. Ղազանչյանն արտոնագրեց մազերը չորացնելու ձեռքի սարքը։ Նրա նախագծած կառուցվածքն արդեն ներառում էր օդափոխիչ, տաքացնող տարր և օդի հոսքն ուղղորդող հատուկ գլխիկ։

Իհարկե, ջերմաստիճանի մի քանի ռեժիմներով և իոնացման համակարգով թեթև վարսահարդարիչների ստեղծմանը դեռ շատ ժամանակ կար։ Բայց հենց նման մշակումներն օգնեցին մազերի չորացումն ավելի հարմարավետ դարձնել և աստիճանաբար այն հասանելի դարձրին տնային օգտագործման համար։ Այնպես որ, հաջորդ անգամ, երբ կարևոր հանդիպումից առաջ վարսահարդարիչը փրկի ձեզ, կարող եք հիշել նաև հայ գյուտարարին, ով այս տեխնոլոգիայի վրա աշխատել է դեռևս անցյալ դարի սկզբին։
Colombo յոգուրտ. հայկական ընտանիքը, որն օգնեց Ամերիկային սիրել յոգուրտը
Այսօր յոգուրտը սառնարանի մշտական բնակիչ է. այն ավելացնում են գրանոլային, խառնում մրգերի հետ, ուտում նախաճաշին կամ որպես թեթև ուտեստ։ Սակայն 20-րդ դարի սկզբին Ամերիկայում այս մթերքը դեռևս մասսայական գաստրոնոմիական մշակույթի մաս չէր կազմում։

Իրավիճակը փոխելու գործում իր դերն ունեցավ Կոլոմբոսյանների հայկական ընտանիքը։ 1929 թվականին Սարգիս և Ռոզա Կոլոմբոսյանները Մասաչուսեթս նահանգում սկսեցին յոգուրտ արտադրել՝ հիմնվելով մածուն պատրաստելու ընտանեկան ավանդույթի վրա։ Սկզբում մթերքը նախատեսված էր առաջին հերթին հայ համայնքի և Մերձավոր Արևելքից գաղթածների համար։ Այն նույնիսկ գնորդներին էին հասցնում «մածուն» գրությամբ սայլակով։
Աստիճանաբար Colombo Yogurt-ը դուրս եկավ էթնիկ շուկայի սահմաններից և դարձավ ամերիկյան յոգուրտի ամենաճանաչելի բրենդներից մեկը։ Ընտանիքն օգնեց այս մթերքին ծանոթացնել շատ ավելի լայն լսարանի, իսկ նրանց բիզնեսը ժամանակի ընթացքում վերածվեց խոշոր արտադրության։
1993 թվականին բրենդը ձեռք բերեց General Mills ընկերությունը։ Այդպես հայ գաղթականներին ծանոթ ընտանեկան բաղադրատոմսը դարձավ ամերիկյան սննդի շուկայի պատմության մի մասը։ Եվ եթե այսօր մրգային յոգուրտը միանգամայն սովորական նախաճաշ է թվում, ապա այդ սովորությունն ունի իր հայկական էջը։
Zildjian. հայկական ազգանուն, որը գիտեն ամբողջ աշխարհի թմբկահարները
Եթե երբևէ եղել եք ռոք համերգի, ջազ եք լսել կամ պարզապես ուշադրություն եք դարձրել հարվածային գործիքներին, մեծ է հավանականությունը, որ տեսել եք Zildjian ծնծղաները։ Սա հարվածային գործիքների աշխարհում ամենահայտնի բրենդներից մեկն է, որի պատմությունը սկսվել է գրեթե չորս դար առաջ։

Ամեն ինչ կապված է հայ վարպետ Ավետիս Զիլճյանի հետ, ով 17-րդ դարում ապրում էր Կոստանդնուպոլսում։ Ընկերության պատմության համաձայն՝ նա ստեղծել է մետաղական հատուկ համաձուլվածք, որի շնորհիվ ծնծղաները ստացել են իրենց բնորոշ՝ զնգուն, հագեցած և երկարատև հնչողությունը։ 1623 թվականին Ավետիսը հիմնել է իր արհեստանոցը, իսկ արտադրության գաղտնիքը սկսել է փոխանցվել սերնդեսերունդ։
Zildjian անվանումը նույնպես պահպանում է ընտանիքի պատմությունը. այն կազմված է թուրքերեն «zil» (ծնծղա), «ci» (վարպետ) բառերից և հայկական «-յան» վերջավորությունից։
Այսօր այս ապրանքանիշի ծնծղաներին կարելի է հանդիպել երաժշտական ստուդիաներում և համերգային խոշորագույն հարթակներում։ Դրանք ընտրում են ամենատարբեր ժանրերի երաժիշտները։ Ստացվում է, որ փոքրիկ արհեստանոցից սկիզբ առած հայկական արհեստն ի վերջո դարձավ համաշխարհային երաժշտության հնչողության մի մասը։
Գդալ-ձողիկ. փոքրիկ խորամանկություն՝ մեծ կոկտեյլների համար

Կան իրեր, որոնց մասին հազվադեպ ենք մտածում, քանի դեռ դրանք ձեռքի տակ չեն հայտնվում։ Օրինակ՝ ծայրին փոքրիկ գդալ ունեցող ձողիկը։ Այն հատկապես հարմար է խիտ կաթնային կոկտեյլների, մանրացված սառույցով ըմպելիքների և սառեցված աղանդերի համար. դրանով կարելի է թե՛ խմել, թե՛ բաժակի հատակից հավաքել մնացած կտորները։
Նման կառուցվածքներից մեկը նախագծել է հայկական ծագումով ամերիկացի գյուտարար Արտաշես Հայկանյանը։ 1969 թվականին նա արտոնագրեց խմելու ձողիկն ու գդալը միավորող հարմարանքը։ Գյուտի նկարագրության մեջ բացատրվում էր, թե ինչպես է նման կառուցվածքն օգնում վայելել այն ըմպելիքները, որոնք սովորական ձողիկով խմելն այնքան էլ հարմար չէ։

Միգուցե սա այն գյուտը չէ, որը փոխում է մարդկության պատմությունը, բայց այն հաստատ ավելի հարմարավետ է դարձնում կյանքի փոքրիկ հաճույքները։ Հատկապես այն պահերին, երբ բաժակի հատակին դեռ մնացել են սառույցի, մրգերի կամ սիրելի աղանդերի կտորներ։
Վաֆլե կոն. հայ ինժեները պաղպաղակը հարմար դարձրեց քայլելիս վայելելու համար
Բաժակով պաղպաղակը լավ բան է, բայց համաձայնեք, որ վաֆլե կոնն աղանդերին բոլորովին այլ տրամադրություն է հաղորդում։ Այն կարելի է բռնել ձեռքում, զբոսնել քաղաքում և չմտածել գդալի կամ ափսեի մասին։ Այսօր դա այնքան սովորական է դարձել, որ դժվար է պատկերացնել, թե որքան ինժեներական աշխատանք է թաքնված այդ կոների մասսայական արտադրության հետևում։

Բուն վաֆլե կոնն ի հայտ է եկել հայ ինժեներ Հարրի Թաթոսյանի մշակումներից ավելի վաղ։ Սակայն նրա ներդրումը կապված էր այդ կոներն ավելի արագ և մեծ քանակությամբ արտադրելու հետ։ 1926 թվականին Թաթոսյանն արտոնագրեց վաֆլե շերտերը կոնի վերածող մեքենան։
Մինչ այդ նման աշխատանքը մեծ մասամբ կատարվում էր ձեռքով. տաք վաֆլին պետք էր արագ փաթաթել, քանի դեռ այն չէր պնդացել։ Հատուկ սարքավորումն օգնեց մեքենայացնել գործընթացն ու արտադրությունն ավելի արդյունավետ դարձնել։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, ով նախընտրում է պաղպաղակը հենց խրթխրթան կոնի մեջ, ևս մեկ առիթ ունի հետաքրքրվելու այս սիրելի աղանդերի պատմությամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:21, 15 նոյեմբերի
Made by Armenians. հինգ իր, որոնք ստեղծել և ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել հայերը16:21, 15 նոյեմբերի
Երբ ողբերգությունն այլևս փոքր չէ․ մարդու անվերջ վերադարձը դեպի ինքն իրեն14:30, 15 նոյեմբերի
30 հազար դոլար արժողությամբ Louis Vuitton պայուսակներ. աճուրդի կհանվեն Մուրակամիի, Կուսամայի և Ֆրենկ Գերիի ավելի քան 100 հազվագյուտ ստեղծագործությունները12:39, 15 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. փողկապներ, կաշի և նորաձևության կանոններ, որոնք ստեղծված են խախտվելու համար11:36, 15 նոյեմբերի

09:00, 15 նոյեմբերի
Ո՞ր գինին է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին այս հանգստյան օրերին․ Wine Scope19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի