Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ինչպե՞ս են միլիարդատերերն ու թոփ-մենեջերները հանրությունից թաքցնում իրենց սիրավեպերը և ստուգում ապագա սիրելիներին

20:30, 16 նոյեմբերի

Միլիարդատերերի և խոշորագույն ընկերությունների ղեկավարների ժամադրությունները գնալով ավելի քիչ են հիշեցնում կինոյից հայտնի ռոմանտիկ հանդիպումները։ Սմարթֆոնների, սոցիալական ցանցերի, գաղտնի նկարահանումների և արհեստական բանականության դարաշրջանում անգամ սովորական ժամադրությունը կարող է վերածվել հեղինակությանը հարվածող սկանդալի, գաղտնի տեղեկատվության արտահոսքի կամ բիզնեսին սպառնացող վտանգի։ Այդ իսկ պատճառով ունևոր թոփ-մենեջերները գնալով ավելի հաճախ են վարձում մասնագետների, որոնք օգնում են ոչ միայն հարմար զուգընկեր գտնել, այլև գաղտնի պահել անձնական կյանքը, գրում է WSJ-ն։

Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանգի պատմությունը, որի արտաամուսնական կապերը հայտնվեցին ուշադրության կենտրոնում և հանգեցրին աղմկահարույց կորպորատիվ ճգնաժամի, կրկին ցույց տվեց, թե որքան սերտ է ղեկավարի անձնական կյանքը կապված ընկերության ճակատագրի հետ։ Սակայն Հուանգը միակ օրինակը չէ, թե ինչպես կարող է անձնական պատմությունը վերածվել հանրային խնդրի։

Astronomer ընկերության նախկին ղեկավար Էնդի Բայրոնը ստիպված եղավ հրաժարական տալ այն բանից հետո, երբ նրան նկարահանեցին Coldplay-ի համերգի ժամանակ կադրերի բաժնի ղեկավարին գրկած։ Մեկ այլ դեպքում նյույորքյան իրավաբանական ընկերության գործընկերը լքեց պաշտոնը, երբ TikTok-ի օգտատերերից մեկը նրան տեսագրեց Կենտրոնական զբոսայգում գործընկերուհու հետ համբուրվելիս։

Այսօր բիզնեսի ղեկավարները մշտական հսկողության տակ են։ Եվ խոսքն արդեն միայն Իլոն Մասկի, Ջեֆ Բեզոսի կամ Ջենսեն Հուանգի մակարդակի դեմքերի մասին չէ։ Բարձր պաշտոն զբաղեցնող ցանկացած մարդ պատահական տեսանյութի կամ սոցցանցային հրապարակման պատճառով կարող է հայտնվել սկանդալի կենտրոնում։

Հարուստ հաճախորդների անվտանգության գծով խորհրդատու Դոն Ավիվի խոսքով՝ անձնական կյանքի գաղտնիությունը, որը նախկինում հարուստ և ազդեցիկ մարդկանց բնական արտոնությունն էր համարվում, գնալով ավելի մեծ հազվադեպություն է դառնում։ Ընկերության ղեկավարի կարգավիճակն ինքնաբերաբար մարդուն դնում է հանրային ուշադրության կենտրոնում։

Գաղտնի տվյալների բազաներ և քողարկված ժամադրություններ

Այս ֆոնին աճում է էլիտար խնամախոսների և անձնական անվտանգության խորհրդատուների ծառայությունների պահանջարկը։ DateSpot-ի տվյալներով՝ 2025 թվականի հունվարից մինչև 2026 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում զուգընկերոջ ընտրության ծառայությունների միջին արժեքն աճել է 26%-ով։

Նման մասնագետներից մեկն Էմի Անդերսենն է՝ կալիֆոռնիական Linx Dating գործակալության հիմնադիրը, որն օգնում է տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին ծանոթություններ հաստատել։ Նա օգտագործում է պոտենցիալ զուգընկերների գաղտնագրված բազա՝ թեկնածուներին ընտրելով հաճախորդների պահանջներին համապատասխան։ Այնուհետև նրանք մանրակրկիտ ստուգում են անցնում և ստորագրում գաղտնիության պահպանման համաձայնագիր։

Անդերսենն իր համակարգն անվանում է «ծանոթությունների վերահսկվող միջավայր» և իր դերը համեմատում թիկնապահի աշխատանքի հետ։ Նրա ծառայություններն սկսվում են 75 հազար դոլարից, իսկ առանձին դեպքերում հոնորարը հասնում է 500 հազար դոլարի։

Հաճախորդի ինքնությունը գաղտնի պահելու համար խնամախոսները երբեմն դիմում են խիստ արտասովոր քայլերի։ Պոտենցիալ զուգընկերներին կարող են տրամադրել փոփոխված կենսագրական տվյալներ և պատվիրատուին արտաքնապես նման մարդկանց լուսանկարներ։ Առաջին հանդիպումների ժամանակ որոշ ղեկավարների խորհուրդ է տրվում չբացահայտել իրենց իրական կարգավիճակն ու ի ցույց չդնել հարստությունը։

Օրինակ՝ Greenwald Executive Matchmaking գործակալության հիմնադիր Ռեյչել Գրինվալդը հիշում է մի հաճախորդի, որը Maserati ուներ։ Չափազանց ունևոր մարդու տպավորություն չթողնելու համար նրան առաջարկել էին առաջին ժամադրության համար սովորական Toyota Prius վարձակալել և դրանով գնալ ուղեկցորդուհու հետևից։

Պոտենցիալ զուգընկերոջ համար կարևոր հատկանիշ է համարվում սոցիալական ցանցերում զուսպ լինելը։ Մասնավոր հաճախորդների պաշտպանությամբ զբաղվող Guidepost Solutions ընկերության ներկայացուցիչ Քոդի Շուլցի խոսքով՝ ղեկավարները հաճախ նախապատվությունը տալիս են ոչ հրապարակային կյանք վարելու պատրաստ մարդկանց։ Եթե թեկնածուն համացանցում անընդհատ հրապարակում է անձնական կյանքի մանրամասները, դա կարող է մերժման պատճառ դառնալ։

Այնուամենայնիվ, իրականությունը միշտ չէ, որ համընկնում է հայտարարված նախասիրությունների հետ։ OnlyFnds ֆինանսական ծառայության հիմնադիր Ալեքս Վուլֆը նշում է, որ որոշ ազդեցիկ տղամարդիկ ասում են, թե չեն ցանկանում հանդիպել բլոգերների հետ, հատկապես եթե նրանք 10 հազարից ավելի հետևորդ ունեն, բայց գործնականում, միևնույն է, ընտրում են հենց այդ տեսակի կանանց։

Ապագա սիրելիի ստուգումը․ սոցցանցերից մինչև քրեական գործեր

Բարձր կարգավիճակը ղեկավարների համար մեկ այլ խնդիր էլ է ստեղծում․ նրանց համար բարդ է հասկանալ՝ արդյոք նոր ծանոթին իրենց անձն է հետաքրքրում, թե նա արդեն նախապես պատկերացում ունի իրենց հարստության և ազդեցության մասին։

BDG մեդիաընկերության հիմնադիր Բրայան Գոլդբերգը կարծում է, որ այսօր առաջին ժամադրությունը գրեթե զրկվել է անակնկալի գործոնից։ Նրա խոսքով՝ KKR ներդրումային ընկերության իրավաբանական բաժինն ի վիճակի չէ մարդուն այնքան մանրակրկիտ ստուգել, որքան դա կարող է անել կինը՝ անձնական հանդիպումից առաջ։

Այդ պատճառով որոշ ղեկավարներ դիմում են մասնավոր խուզարկուների և հեղինակության կառավարմամբ զբաղվող ընկերությունների։ Վերջիններս մանրամասն դոսյեներ են կազմում պոտենցիալ զուգընկերների վերաբերյալ․ ուսումնասիրում են սոցցանցերի հրապարակումները, ստուգում դատական պատմությունը և պարզում՝ արդյոք թեկնածուների անվան հետ կապված չեն այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են վնասել հաճախորդի բարի համբավին։

Դոն Ավիվը նման ստուգման համար սովորաբար հավելյալ 4 հազար դոլար է գանձում։ Նա նշում է, որ ստուգման չափանիշները փոխվել են․ եթե նախկինում առաջին հերթին ուսումնասիրում էին քրեական և քաղաքացիական դատական գործերը, ապա այժմ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում մարդու հանրային համբավին։

Անվտանգության հարցն առանձնապես սուր է դրված ունևոր կանանց դեպքում։ Ավիվի հաճախորդներից մեկը՝ Նոր Անգլիայում գործող ներդրումային ընկերության ղեկավարը, խնդրում է ստուգել յուրաքանչյուր պոտենցիալ ուղեկցի։ Խորհրդատուի պարտականությունների մեջ է մտնում նաև հաճախորդների ինտիմ լուսանկարները գողացող հաքերների դեմ պայքարը և արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ պատկերների հայտնաբերումը։

Ամենավտանգավոր սցենարը մասնագետներն անվանում են «մեղրային ծուղակ»։ Այդ դեպքում մարդը միտումնավոր է ռոմանտիկ հարաբերությունների մեջ մտնում՝ փողին, անձնական տեղեկատվությանը կամ կորպորատիվ գաղտնիքներին հասանելիություն ստանալու նպատակով։ Նման սխեմաների զոհ կարող են դառնալ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։

Տեխնոլոգիական հսկաների համար սա այլևս տեսական սպառնալիք չէ։ Օրինակ՝ OpenAI-ը վերապատրաստման դասընթացներ է անցկացրել՝ աշխատակիցներին նախազգուշացնելով օտարերկրյա գործակալների կողմից կորպորատիվ տվյալներին հասանելիություն ստանալու փորձերի մասին, այդ թվում՝ սիրային ծանոթությունների միջոցով։ Այս ֆոնին Հուանգի պատմությունը և նրա ենթադրյալ կապը մի կնոջ հետ, որին կասկածում են չինական հետախուզության հետ համագործակցելու մեջ, լուրջ ահազանգ դարձավ ողջ ոլորտի համար։

Ժամադրություններ փակ ակումբներում և վարձակալած տներում

Կողմնակի աչքերից թաքնվելն այսօր շատ ավելի բարդ է, քան դասական պապարացիների ժամանակներում։ Այժմ լուսանկարչին պարտադիր չէ հերթապահել ռեստորանի կամ հյուրանոցի մուտքի մոտ․ բավական է հարևան սեղանի շուրջ նստած այցելուն, որն աննկատ նկարահանում է կատարվողը հեռախոսով կամ խելացի ակնոցով։

Լրացուցիչ ռիսկեր են ստեղծում տեսահսկման տեսախցիկները, դեմքի ճանաչման համակարգերը և ավտոմեքենաների տեղորոշման տեխնոլոգիաները։ Այդ պատճառով հարուստ հաճախորդները գնալով ավելի հաճախ են ընտրում փակ ակումբներ, որտեղ կարելի է հանդիպում կազմակերպել օտար աչքերից հեռու։

«Կոնսիերժ-ծառայություններն» ու խնամախոսները նախապես ստուգում են սեղանների դասավորությունը, պայմանավորվում առանձին մուտքերի մասին և փորձում բացառել այլ այցելուների հետ պատահական հանդիպումները։ Շքեղ ճամփորդությունների և մասնավոր միջոցառումների կազմակերպման մասնագետ Ստյուարտ Մաքնիլի խոսքով՝ հենց փակ ակումբներն են դառնում նման բազմաթիվ ծանոթությունների մեկնարկային կետը։

Երբեմն ստիպված են լինում դիմել ավելի հնարամիտ լուծումների։ Մի անգամ Մաքնիլը համերգի ժամանակ երկու հայտնի մարդկանց ժամադրությունը կազմակերպել է առանձին VIP-օթյակում։ Որպեսզի պատշգամբ դուրս գալիս զույգն ուշադրություն չգրավի, նա տարածքը լցնելու համար այլ հյուրերի էլ է հրավիրել։ Կողքից ամեն ինչ ընկալվում էր որպես մեծ ընկերախմբի հավաքույթ, այլ ոչ թե ռոմանտիկ ժամադրություն։

Թեև երբեմն բավական է պարզապես հրաժարվել նորաձև ռեստորանից։ Ռեյչել Գրինվալդն իր հաճախորդների համար նախընտրում է փոքրիկ սրճարաններն աշխատանքային օրերի երեկոներին, այլ ոչ թե մարդաշատ վայրերը՝ շաբաթ օրով։ Մեկ այլ տարբերակ է ընթրիք կազմակերպել վարձակալած բնակարանում։

Օրինակ՝ ներդրող Ելենա Նունյեսը պատմել է, որ ապագա ամուսնու հետ ծանոթանալուց առաջ իր անվտանգության խորհրդատուին խնդրում էր Airbnb-ի միջոցով բնակարաններ վարձակալել։ Այնտեղ նա կարող էր ընդունել իր ուղեկիցներին և նրանց հետ ընթրիք պատրաստել՝ չբացահայտելով սեփական տան հասցեն։

Իսկ երբեմն ժամադրության համար ռոմանտիկ միջավայր ընդհանրապես պետք չէ։ Մի անգամ Cinqe Matchmaking գործակալության աշխատակցուհին ստիպված էր միջոց գտնել մի կնոջ ծանոթացնելու նավթային ընկերության սեփականատիրոջ հետ, որը երեկոյան հանդիպումների ժամանակ չուներ և ալկոհոլ չէր օգտագործում։ Լուծումն անսպասելի էր․ նրանք հանդիպեցին ցերեկվա ժամը երեքի կողմերը և մեկական բաժակ ջուր խմեցին։ «Հավանաբար դա ժամադրություն կազմակերպելու ամենաոչռոմանտիկ ձևն էր»,— հիշում է գործակալության հիմնադիր Էրիկա Արեչեան։ Սակայն ինը ամիս անց զույգը նշանվեց։

Ամուսնական պայմանագրեր՝ դեռ հարսանիքից առաջ

Որոշ ղեկավարներ հնարավոր բաժանման մասին սկսում են մտածել հարաբերությունների մեկնարկի հետ գրեթե միաժամանակ։ Եվ դրա համար ծանրակշիռ պատճառներ կան․ ամուսնալուծությունը կարող է ազդել ոչ միայն գործարարի անձնական կարողության, այլև նրա ընկերության ներսում ուժերի դասավորության վրա։

Նման օրինակներից է հեջ-ֆոնդի հիմնադիր Ջոն Օվերդեքի և նրա կնոջ՝ Լորայի միջև շարունակվող ամուսնալուծության գործընթացը։ Դրա ելքը կարող է փոխել իշխանության հավասարակշռությունն ընկերության բարձրագույն ղեկավարության ներսում։

Մելինդա Ֆրենչ Գեյթսի և Ջորջինա Չափմանի շահերը ներկայացրած փաստաբան Բոբ Քոենը հարուստ հաճախորդների համար տարեկան շուրջ 25 համատեղ բնակության համաձայնագիր է պատրաստում։ Նման փաստաթղթերը թույլ են տալիս նախապես կարգավորել կեցության հարցերը և ամրագրել զուգընկերոջն ընդհանուր տնից վտարելու հնարավորությունը։

Բարդ ամուսնալուծությունների գործերով մասնագիտացած իրավաբան Ժակլին Նյումանը նույնպես նշում է, որ ավելացել է այն հաճախորդների թիվը, որոնք ցանկանում են իրավաբանական համաձայնագրեր կնքել հարաբերությունների վաղ փուլում։ Դա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ զուգընկերներից մեկը հոգում է մյուսի խոշոր ծախսերը։ Մարդիկ ձգտում են խուսափել այնպիսի իրավիճակից, երբ ֆինանսական աջակցությունը կամ բուն հարաբերությունները հետագայում իրավական պարտավորություններ կստեղծեն։

Իրավաբանները ղեկավարներին խորհուրդ են տալիս նաև տնօրենների խորհրդին տեղյակ պահել նոր սիրային կապերի մասին, հատկապես եթե խոսքը վերաբերում է արտաամուսնական հարաբերություններին կամ գործընկերոջ հետ սիրավեպին։

2023 թվականին BP-ի գլխավոր տնօրեն Բեռնարդ Լունին հրաժարական տվեց այն բանից հետո, երբ խոստովանեց, որ լիովին անկեղծ չի եղել աշխատակցուհիների հետ իր նախկին հարաբերությունների հարցում։ Անցյալ տարի համանման սկանդալի կենտրոնում հայտնվեց Nestlé-ի ղեկավար Լորան Ֆրեյքսը․ ընկերությունը նրան հեռացրեց աշխատանքից անմիջական ենթակայի հետ հարաբերությունների հետաքննությունից հետո։ Ֆրեյքսի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա վիճարկում է ինչպես հեռացման հիմքերը, այնպես էլ այդ որոշման կայացման ընթացակարգը։

Դենվերի համալսարանի մենեջմենթի պրոֆեսոր Մայքլ Նալիկի հետազոտությունը ցույց է տվել, որ ղեկավարներին անձնական զանցանքների համար գրեթե հինգ անգամ ավելի հաճախ են հեռացնում աշխատանքից, քան ֆինանսական խախտումների։ Հանրային ընկերությունների համար նման սկանդալները կարող են հանգեցնել բաժնետոմսերի արժեքի անկման, ուստի, ինչպես ընդգծում են իրավաբանները, թոփ-մենեջերի անձնական կյանքը վաղուց դադարել է բացառապես նրա անձնական գործը լինելուց։

Արդյունքում որոշ ղեկավարներ նախընտրում են առհասարակ հրաժարվել ռոմանտիկ հարաբերություններից։ Էմի Անդերսենի խոսքով՝ դա հատկապես հաճախ է հանդիպում արհեստական բանականության ոլորտի ընկերությունների նոր սերնդի հիմնադիրների շրջանում։ Նրանք այնքան են տարված աշխատանքով, որ գրեթե դուրս չեն գալիս գրասենյակից։

«Նրանք բառացիորեն դուրս չեն գալիս աշխատավայրից։ Նրանք սարսափելի միայնակ են»,— ասում է ծանոթությունների մասնագետը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search