1987 թվականին Պաբլո Էսկոբարի անունն առաջին անգամ հայտնվեց Forbes-ի միլիարդատերերի միջազգային վարկանիշային աղյուսակում։ Պատմության ամենադաժան նարկոբարոններից մեկը հայտնվեց մոլորակի խոշորագույն գործարարների և մեծահարուստների հետ նույն ցուցակում։ Եվ դա պատահականություն չէր. հաջորդ յոթ տարիներին անընդմեջ՝ ընդհուպ մինչև 1993 թվականը, կոլումբիացի հանցագործը պահպանում էր իր տեղն աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում։
Նրա կարողությունը գնահատվում էր միլիարդավոր դոլարներ, իսկ իր ստեղծած թմրակայսրությունը վերածվել էր XX դարի խոշորագույն հանցավոր կազմակերպություններից մեկի։ Էսկոբարը վերահսկում էր կոկաինի միջազգային շուկայի զգալի մասը, տիրապետում էր ահռելի ֆինանսական ռեսուրսների, սեփական զինված կազմավորումների և ազդեցության լայն ցանցի, որը տարածվում էր Կոլումբիայի սահմաններից շատ հեռու։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակներում նարկոբարոնի հայտնվելու պատմությունը Forbes-ը ներկայացրել է 2015 թվականի սեպտեմբերին հրապարակված 14 լուսանկարից բաղկացած հատուկ ֆոտոշարքում։
1987 թվականի հոկտեմբերին Forbes-ը հչրատարակեց միլիարդատերերին նվիրված իր առաջին միջազգային թողարկումը։ Մոլորակի մոտ 100 ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդգրկվեց նաև Էսկոբարը։ Պարբերականի գնահատմամբ՝ նրա անձնական կարողությունը գերազանցում էր 2 միլիարդ դոլարը, իսկ թմրաբիզնեսից ստացվող դրամական հոսքը կազմում էր առնվազն 3 միլիարդ դոլար։
Այդ ժամանակ Մեդելյինի նարկոկարտելն արդեն վերածվել էր հզոր հանցավոր կայսրության։ 1981-ից 1986 թվականներին դրա շահույթը, Forbes-ի հաշվարկներով, հասել էր առնվազն 7 միլիարդ դոլարի։ Բուն Էսկոբարին էր պատկանում կարտելի բիզնեսի շուրջ 40%-ը։ Forbes-ի առաջին ցուցակում հայտնված մյուս կոլումբիացին Խորխե Լուիս Օչոա Վասկեսն էր, որը եղբայրների հետ վերահսկում էր կազմակերպության թմրավաճառքի մոտ 30%-ը։
Մաքսանենգից մինչև աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը
Էսկոբարի ճանապարհը դեպի ահռելի հարստություն սկսվել էր Forbes-ում նրա անվան հայտնվելուց շատ առաջ։ 1975 թվականին նա առաջին անգամ հայտնվեց թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության տեսադաշտում, երբ զբաղվում էր մաքսանենգությամբ, շորթմամբ և աշխատում որպես թիկնապահ։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նրան հաջողվեց բավականաչափ գումար կուտակել՝ կոկաինի վաճառքի սեփական բիզնեսը հիմնելու համար։
1978 թվականի դրությամբ Մեդելյինով ամսական անցնում էր շուրջ 35 կգ թմրանյութ, որն Էսկոբարն ուղարկում էր Կոլումբիայի սահմաններից դուրս։ Աստիճանաբար նա ոչ մեծ հանցավոր ձեռնարկությունը վերածեց մատակարարումների միջազգային ցանցի, որն առաջին հերթին ընդգրկեց ամերիկյան շուկան։
Սակայն նարկոբարոնը ձգտում էր ոչ միայն հարստության, այլև հանրային ճանաչման։ Նա թերթ գնեց Մեդելյինում, ամրապնդեց կապերը քաղաքական շրջանակներում և անգամ պատգամավորի տեղ ստացավ Կոլումբիայի Ազգային կոնգրեսում (որպես փոխարինող պատգամավոր)։
Զուգահեռաբար Էսկոբարը կերտում էր բարերարի կերպար։ Նա ֆինանսավորում էր անապահովների համար բնակարանների շինարարությունը, բացեց մոտ 70 ֆուտբոլային խաղադաշտ և էկզոտիկ կենդանիներով լի կենդանաբանական այգի հիմնեց այցելուների համար։ Նման նախագծերի շնորհիվ բնակչության մի մասը նրան ընկալում էր որպես յուրօրինակ Ռոբին Հուդ, թեև բարեգործական շղարշի հետևում թաքնված էին թմրավաճառությունը, կոռուպցիան և դաժան հանցագործությունները։
3 միլիարդ դոլար, փղեր և փախուստ սեփական կալվածքից
1988 թվականին Forbes-ն Էսկոբարի կարողությունը գնահատում էր արդեն 3 միլիարդ դոլար։ Չնայած ԱՄՆ իշխանությունների ներկայացրած մեղադրանքներին՝ նա Կոլումբիայում շարունակում էր մնալ ազատության մեջ։
Հաջորդ տարի նրա կարողությունը նախկինի պես գնահատվում էր 3 միլիարդ դոլար։ Սակայն նարկոբարոնի կյանքում նոր փուլ սկսվեց. նա ստիպված եղավ փախչել սեփական կալվածքից՝ թողնելով նաև իր բերած երեք փղերին, որոնք պահվում էին հատուկ վանդակապատ տարածքներում։
1990 թվականին կարողության գնահատականը մնում էր նույնը՝ շուրջ 3 միլիարդ դոլար։ Բայց Կոլումբիայի իշխանությունների հետապնդումներն ավելի ու ավելի ինտենսիվ էին դառնում։ Forbes-ը նկարագրում էր, թե ինչպես Էսկոբարը ստիպված եղավ լքել իր տունը գրեթե ներքնաշորով՝ իր հետ վերցնելով միայն ինքնաձիգը։
Միլիարդատերը՝ ճաղերի հետևում
1990-ականների սկզբին Էսկոբարի դրությունը շարունակում էր վատթարանալ։ 1991 թվականին նա հանձնվեց Կոլումբիայի իշխանություններին և հայտնվեց բանտում, որը փաստացի ինքն էր իր համար կառուցել։ La Catedral («Լա Կատեդրալ») անվամբ հայտնի հաստատությունն ավելի շատ հիշեցնում էր քաղաքամերձ շքեղ նստավայր, քան սովորական բանտ։
Էսկոբարը պահպանում էր գործողությունների զգալի ազատություն և, ինչպես կարծում էին ԱՄՆ իշխանությունները, շարունակում էր ղեկավարել թմրաբիզնեսը նույնիսկ ճաղերի հետևից։ 1992 թվականին Forbes-ը նրա կարողությունը գնահատում էր ավելի քան 2 միլիարդ դոլար՝ նշելով, որ կազմակերպությունն աստիճանաբար զիջում է դիրքերը։
Շուտով իրավիճակը վերջնականապես փոխվեց. երբ իշխանությունները փորձեցին նրան տեղափոխել սովորական բանտ, Էսկոբարը դիմեց փախուստի։ Սկսվեց լայնածավալ հետապնդում, որին մասնակցում էին Կոլումբիայի ուժային կառույցներն ու ամերիկացի մասնագետները։
Forbes-ի վերջին վարկանիշային աղյուսակը և իրականացած կանխատեսումը
1993 թվականի հուլիսին Forbes-ը վերջին անգամ Պաբլո Էսկոբարին ընդգրկեց միլիարդատերերի միջազգային ցուցակում։ Այդ պահին նրա կարողությունը գնահատվում էր մոտ 1 միլիարդ դոլար՝ 67%-ով պակաս, քան 1987 թվականին հրապարակված սկզբնական գնահատականը։
Նարկոբարոնը մնում էր աշխարհի ամենափնտրվող հանցագործներից մեկը։ Նրան բռնելու համար խոստանում էին 11 միլիոն դոլար պարգևավճար, իսկ ինքը շարունակում էր թաքնվել իշխանություններից։
Էսկոբարի մասին Forbes-ի վերջին հոդվածում պարբերականի լրագրող Պաբլո Գալարսան ենթադրություն էր հայտնել, որ նա շուտով դուրս կմնա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակից՝ գուցեև ընդմիշտ։ Կանխատեսումը չարագուշակ եղավ. 1993 թվականի դեկտեմբերի 2-ին՝ իր 44-ամյակի հաջորդ օրը, Էսկոբարը սպանվեց Մեդելյինում իրականացված ոստիկանական գործողության ժամանակ։
Այսպիսով, Պաբլո Էսկոբարը Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում մնաց յոթ տարի անընդմեջ՝ 1987-ից մինչև 1993 թվականը։ Նրա պատմությունը դարձավ հանրահայտ ցուցակի պատմության ամենամռայլ դրվագներից մեկը՝ հիշեցնելով, որ որոշ ահռելի հարստությունների հետևում կարող են կանգնած լինել ոչ թե նորարարություններն ու ձեռնարկատիրական տաղանդը, այլ բռնությունը, կոռուպցիան և մարդկային կյանքերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:22, 17 նոյեմբերի
Պաբլո Էսկոբար՝ նարկոկարտելների աշխարհի միլիարդատերը. ինչպես էր Կոլումբիայի կոկաինային արքան յոթ տարի անընդմեջ հայտնվում Forbes-ի վարկանիշային աղյուսակում21:19, 17 նոյեմբերի
Ժամանակն է, որ Nike-ը բաժանվի Քիմ Քարդաշյանից. Bloomberg-ը մարզական հսկային կոչ է արել խզել Skims-ի հետ գործընկերությունը20:30, 17 նոյեմբերի
Դուբայի լողափերի ուղեցույց․ լուսաբացի քայթսերֆինգից ու Burj Al Arab-ի մայրամուտից մինչև կատարյալ օր մասնավոր կղզում19:26, 17 նոյեմբերի
Պիստակի պաղպաղակից մինչև թանկարժեք մետաքս. 6 բույր, որոնք անմոռանալի կդարձնեն այս ձմեռը17:29, 17 նոյեմբերի
18-րդ անգամ «ՌեԱ» փառատոնն իրականություն դարձավ. հայտնի են մրցանակակիրները16:37, 17 նոյեմբերի
Սթրիփ ակումբներ, Էպշտեյնի կղզին և ընտանեկան սկանդալներ. Սթիվեն Հոքինգի մութ կողմը16:05, 17 նոյեմբերի
Թագուհուն վայել ադամանդ. Միլիարդատեր Մայքլ Ռուբինը իր հարսնացուին նվիրել է աշխարհի ամենահազվագյուտ մատանիներից մեկը15:33, 17 նոյեմբերի
Ավտոբուս՝ մինի զգեստներով աղջիկներով և տասնյակ աստղեր. Լեոնարդո Դի Կապրիոն իր 52-ամյակին շքեղ երեկույթ է կազմակերպել15:16, 17 նոյեմբերի
Նոր «Հարրի Փոթեր»–ը ցույց է տվել Հոգվարթսում տեղի ունեցող խնջույքը14:29, 17 նոյեմբերի
Gucci-ն 30%-ով իջեցրել է պայուսակների գները, Louis Vuitton-ը չի պատրաստվում նահանջել. Ինչու են շքեղ ապրանքանիշերը վախենում ավելի մատչելի դառնալուց14:14, 17 նոյեմբերի
Վեց տարի առանց սիրելիի. Ջոն Տրավոլտան խոստովանել է՝ արդյոք պատրաստ է կրկին երջանկություն գտնել13:19, 17 նոյեմբերի
Չնայած ամուսնալուծությանը, Առնոլդ Շվարցենեգերը և Մարիա Շրայվերը միասին են նշում Սուրբ Ծնունդը. «Երեխաներին դա դուր է գալիս»