Արևելյան օծանելիքի մշակույթը վաղուց արդեն դուրս է եկել տարածաշրջանային ավանդույթի շրջանակներից և դարձել համաշխարհային օծանելիքի արդյունաբերության ոգեշնչման գլխավոր աղբյուրներից մեկը։ Ուդի օգտագործումը, օծանելիքի բազմաշերտ կիրառումը և բույրերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը ձևավորում են ոչ միայն սպառողների նախասիրությունները, այլև առաջատար պարֆյումերների ստեղծագործական մոտեցումները։ Այս մասին պատմել է Louis Vuitton-ի գլխավոր պարֆյումեր Ժակ Կավալյե-Բելետրյուդը, գրում է Arabian Business-ը։
2026 թվականին Դուբայում կայացած Beautyworld Dubai ցուցահանդեսի ընթացքում Կավալյե-Բելետրյուդը պատմել է, թե ինչպես է մերձավորարևելյան ավանդույթներին ծանոթանալն ազդել իր մասնագիտական աշխարհայացքի վրա, ինչու է նա դեմ օծանելիքը խիստ տղամարդկային և կանացի բույրերի բաժանելուն, ինչպես նաև ինչու չի ձգտում ստեղծել այնպիսի բույրեր, որոնք դուր կգան բացարձակապես բոլորին։
«Այս տարածաշրջանի պատմությունը, մշակույթն ու ավանդույթներն այնքան խորն են։ Դրանց վրա, անշուշտ, ազդում է նաև կլիման, սակայն ինձ հատկապես ոգեշնչել է մարդկանց սերը իսկական օծանելիքի նկատմամբ»,-նշել է նա։
Ուդը, որը փոխեց օծանելիքի մասին պատկերացումները
Ժակ Կավալյե-Բելետրյուդի հետաքրքրությունը ուդի՝ արևելյան օծանելիքի ամենաթանկարժեք և ճանաչելի բաղադրիչներից մեկի նկատմամբ, միանգամից չի ձևավորվել։ Ֆրանսիայի Գրաս քաղաքում, որը համարվում է օծանելիքի համաշխարհային մայրաքաղաքը, ուսանելու տարիներին նա ծանոթացել է տարբեր անուշաբույր յուղերի, սակայն դրանք չէին համապատասխանում իսկական ուդի մասին իր պատկերացումներին։ Այդ պատկերացումները նրա մեջ ձևավորվել էին դեռևս 1960-ականների վերջին՝ հոր պատմությունների շնորհիվ։
Շրջադարձային պահը դարձավ մոտ 30 տարի առաջ Սաուդյան Արաբիա՝ Ջիդդա կատարած նրա առաջին այցը։ Մի քանի տարի անց Մեքքայի մերձակայքում օծանելիքի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող գործարարի հետ հանդիպումը նրան հնարավորություն տվեց ավելի խորությամբ հասկանալու, թե ինչ է իսկական ուդը, ինչպես են այն ստանում և օգտագործում։
Այդ ծանոթությունը տարիների ընթացքում վերածվեց ոչ միայն բուն բաղադրիչի, այլև այն շրջապատող մշակույթի նկատմամբ խոր հետաքրքրության։ Տարածաշրջանային օծանելիքի արտադրողների հետ աշխատելով՝ Կավալյե-Բելետրյուդը բացահայտել է տեղական հումքի բազմազանությունն ու օծանելիքի կիրառման ավանդական ծեսերի հարստությունը։
Նրա խոսքով՝ հենց մերձավորարևելյան բույրերի մշակույթն է իրեն գրեթե անսպառ ոգեշնչման աղբյուր տվել և բոլորովին այլ տեսանկյունից ներկայացրել օծանելիքի արվեստի հնարավորությունները։
Ինչու արևելյան ավանդույթը չի կարելի վերածել մարքեթինգային հնարքի
Մերձավորարևելյան մշակույթում առանձնահատուկ տեղ ունի բույրերի բազմաշերտ կիրառումը, երբ մի քանի օծանելիքներ համադրվում են՝ անհատական բույրային կոմպոզիցիա ստանալու համար։ Արևմուտքում այս մոտեցումը հաճախ ներկայացվում է որպես նորաձև միտում, սակայն Կավալյե-Բելետրյուդն ընդգծում է, որ տարածաշրջանում այն դարավոր ավանդույթ է, այլ ոչ թե մարքեթինգային հնարք։
«Բազմաշերտ կիրառման էությունն ինքնատիպ, խիստ անհատական և զգացմունքային կերպար ստեղծելն է։ Այստեղ դա մշակույթի մի մասն է։ Կախված տրամադրությունից և պահից՝ մարդը կարող է իր բույրն ավելի թարմ կամ, ընդհակառակը, ավելի խորն ու հագեցած դարձնել»,-բացատրել է պարֆյումերը։
Նա բրենդներին խորհուրդ է տալիս չփորձել թելադրել սպառողներին, թե հատկապես որ բույրերն ինչպես պետք է համադրել։ Նման համադրությունները խիստ անհատական են, իսկ մի տարածաշրջանում, որտեղ այս սովորույթը պահպանվում է սերունդներ շարունակ, միջազգային ընկերությունների խորհուրդները կարող են հատկապես անտեղի թվալ։
«Հատկապես այստեղ մենք չենք կարող մարդկանց սովորեցնել այն, ինչ նրանք մեզնից ավելի լավ գիտեն», — ընդգծել է Կավալյե-Բելետրյուդը։
Օրինակ՝ Louis Vuitton-ում մշակվել են այնպիսի միջոցներ, որոնք թույլ են տալիս ընդգծել օծանելիքի առանձին նոտաները, մասնավորապես՝ ամբրոքսանի կամ ուդի երանգները։ Այնուամենայնիվ, վարպետի համոզմամբ՝ բույրերի վերջնական համադրության ընտրությունը պետք է մնա հենց մարդու իրավասության ներքո։
Տղամարդկանց և կանանց բույրեր․ որտե՞ղ են անցնում սահմանները
Կավալյե-Բելետրյուդը կասկածի տակ է դրել նաև օծանելիքը տղամարդկանց և կանանց համար նախատեսված բույրերի բաժանելու ընդունված մոտեցումը։ Նա հիշեցրել է, որ XVIII և XIX դարերում տղամարդիկ միանգամայն ազատորեն օգտագործում էին ծաղկային նոտաներով օծանելիքներ, այդ թվում՝ տուբերոզայի և վարդի բույրերով կոմպոզիցիաներ։ Տղամարդկանց և կանանց բույրերի հստակ տարանջատումը ձևավորվել է ավելի ուշ՝ մեծապես մարքեթինգի ազդեցությամբ։
Louis Vuitton-ն ունի ինչպես տղամարդկանց և կանանց համար նախատեսված առանձին հավաքածուներ, այնպես էլ առանց գենդերային սահմանափակման ներկայացվող բույրեր։ Միևնույն ժամանակ, պարֆյումերի կարծիքով, յուրաքանչյուր հավաքածուի ստեղծման ոգեշնչման աղբյուրները կարող են լիովին տարբեր լինել՝ գրեթե այնպես, ինչպես նորաձևության ոլորտում։
Որպես օրինակ՝ նա նշել է Imagination-ը՝ բրենդի ամենահայտնի բույրերից մեկը։ Դրա ստեղծման համար պահանջվել է հինգ տարի․ երկար ժամանակ վարպետին չէր հաջողվում հասնել վերին և հիմքային նոտաների ներդաշնակ համադրությանը։ Ի վերջո, լուծումը գտնվել է օգոստոսյան մի օր, իսկ բույրի անվանումը ծնվել է գրեթե ակնթարթորեն։
«Հինգ տարի պահանջվեց բուն բույրը մշակելու համար, բայց գաղափարը ձևավորելու համար ընդամենը հինգ րոպե էր անհրաժեշտ»,-պատմել է նա։
Կավալյե-Բելետրյուդի խոսքով՝ Imagination-ի ստեղծման ընթացքում նա ընդհանրապես չի մտածել ապագա բույրի գենդերային պատկանելության մասին։ Ի վերջո, կոմպոզիցիան ներառվել է տղամարդկանց հավաքածուում, քանի որ, վարպետի համոզմամբ, կանայք նույնպես սիրով կգնեն տղամարդկանց համար ներկայացված օծանելիքը։ Եվ նա չէր սխալվել․ Imagination-ի վաճառքները գրեթե հավասարապես բաշխվել են տղամարդկանց և կանանց միջև։
Միևնույն ժամանակ, պարֆյումերը վստահ չէ, որ բույրերը գենդերային առումով չեզոք ներկայացնելու որոշումը միշտ պայմանավորված է ստեղծագործական գաղափարով։ Նրա կարծիքով՝ երբեմն դա պարզապես մարքեթինգային ռազմավարություն է, որի հիմքում լսարանը մեծացնելու և վաճառքներն ավելացնելու ակնկալիքն է։
«Մարդիկ կարծում են, թե այդպես կկարողանան կրկնակի ավելի շատ վաճառել, բայց իրականում դա երբեք տեղի չի ունենում»,-նկատել է նա։
Կատարյալ բույրի գաղտնիքը հակադրությունների մեջ է
Կավալյե-Բելետրյուդի ստեղծագործական փիլիսոփայության հիմքում հակադրությունների խաղն է։ Նա ձգտում է համադրել լուսավոր և մուգ նոտաները՝ կոմպոզիցիային խորություն ու ինքնատիպություն հաղորդելու համար՝ միաժամանակ խուսափելով չափազանց հագեցած բույր ստեղծելուց։
«Իմ գլխավոր մտահոգություններից մեկն այն է, թե ինչպես լույս բերել այնտեղ, որտեղ խավար է տիրում։ Չէ՞ որ հենց խավարն է հնարավորություն տալիս արտահայտելու լույսը։ Ես դա անվանում եմ հակադրություն»,-բացատրել է վարպետը։
Օծանելիքի արվեստը համեմատելով խոհարարության հետ՝ նա ընդգծել է, որ չափազանց ինտենսիվությունը միշտ չէ, որ որակի չափանիշ է։ Չափազանց կծու կամ սուր համով ուտեստը հնարավոր չէ ամեն օր ուտել, և բույրերի դեպքում գործում է նույն սկզբունքը․ կարևոր է բաղադրիչների միջև ճիշտ հավասարակշռություն գտնել։
Կավալյե-Բելետրյուդը հավասարապես կարևորում է թե՛ բնական բաղադրիչները, թե՛ սինթետիկ մոլեկուլները՝ երկուսն էլ համարելով պարֆյումերի աշխատանքի անփոխարինելի գործիքներ։
Բույրը՝ որպես հիշողություն, որը կարելի է պահպանել սրվակում
Կավալյե-Բելետրյուդի համար օծանելիքը շատ ավելին է, քան շքեղության արդյունաբերության մի ճյուղ կամ առևտրային արտադրանք։ Բույրերը կարող են մարդուն կապել ընտանիքի, սիրո, ուրախության և կորստի մասին հիշողությունների հետ՝ պահպանելով նրա կյանքի հուզական պահերը երկար տարիներ։
Բույրերի հանդեպ նրա սերը սկիզբ է առել հոր շնորհիվ, որի մասնագիտությունը նրա առաջ բացել է ճանապարհորդությունների, ստեղծագործության և գաղտնիքների աշխարհը։ Հետևելով, թե ինչպես էր հայրը ստեղծում օծանելիքի կոմպոզիցիաներ, և տեսնելով, թե ինչպես էր մայրը դրանք օգտագործում՝ Ժակը դեռ 16 տարեկանում որոշել է իր կյանքը կապել այս մասնագիտության հետ։
Այսօր նա իր փորձը փոխանցում է դստերը, որը նույնպես հետաքրքրված է օծանելիքի արվեստով։ Սակայն վարպետը չի ցանկանում, որ դուստրը պարզապես կրկնի իր ճանապարհը։ Նրա համար շատ ավելի կարևոր է, որ աղջիկը ձևավորի սեփական ստեղծագործական ձեռագիրը՝ միաժամանակ սովորելով նախորդ սերունդներից։
«Լավ օծանելիքը պետք է ունենա անհատականություն, սեփական ձեռագիր, գրավչություն և բարձր որակ։ Դա այնպիսի բույր է, որը մնում է հիշողության մեջ»,- ասում է նա։
Կավալյե-Բելետրյուդն ինքնին օծանելիքը բնորոշում է որպես «մարդկության մի մաս, որը պարփակված է սրվակի մեջ»։ Ստեղծելով բույրային կոմպոզիցիաներ՝ նա փորձում է անմահացնել որոշակի ակնթարթներ և դրանք վերածել բույրերի։
Հենց այդ պատճառով էլ վարպետը հակված չէ հանգստանալու անցյալի հաջողությունների վրա։ Նրա ուշադրությունը կենտրոնացած է այն ամենի վրա, ինչ դեռ կարելի է մտածել, ուսումնասիրել և ստեղծել։
«Ամեն օր մտածում եմ այն մասին, թե ինչ պետք է անեմ, ինչ կարող եմ հորինել և ինչ փորձարկումներ կարող եմ իրականացնել։ Սա իմ միակ սկզբունքն է։ Անցյալն արդեն անցյալում է։ Ներկան և ապագան շատ ավելի հետաքրքիր են»,-եզրափակել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 20 նոյեմբերի
Louis Vuitton-ի գլխավոր պարֆյումերը բացահայտել է, թե ինչպես է արաբական մշակույթը փոխում համաշխարհային օծանելիքի արդյունաբերությունը19:35, 20 նոյեմբերի
Նույնիսկ միլիարդատերերն են սխալվում․ Patek Philippe-ի ղեկավարը բաց է թողել մի ժամացույց գնելու հնարավորությունը, որի արժեքը գրեթե հազարապատկվել է16:20, 20 նոյեմբերի
GTA 6 խաղացողները վրդովված են մարմնավաճառների անհետացումից և գլխավոր հերոսի իր ընկերուհու հանդեպ հավատարմությունից15:40, 20 նոյեմբերի
Հարսանիքը վերածվել է վեճի՝ ուրիշի ամուսինների համար15:21, 20 նոյեմբերի
Քրիս Ջեններն անցել է ինտիմ գոտիների երիտասարդացման գործին. 71-ամյա աստղը պատմել է անսովոր միջամտության մասին14:50, 20 նոյեմբերի
«Համաձա՞յն ես, որ մենք պետք է հետ ստանանք մեր հողերը». մեքսիկահայ կատակերգու Ջեք Ասադուրյանի սուր զրույցը ազգությամբ թուրք հանդիսատեսի հետ14:36, 20 նոյեմբերի
Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում. փոքրիկ Ռոքին դարձել է Dior-ի գովազդային արշավի դեմքը14:15, 20 նոյեմբերի
Մայլի Սայրուսը պատրաստվում է Մաքս Մորանդոի հետ իր հարսանիքին. երգչուհին կամուսնանա այս շաբաթավերջին13:28, 20 նոյեմբերի
Ավելի քան 118,000 մարդ պահանջում է չեղարկել Netflix-ի նոր սերիալը՝ «սատանիզմի» և «քրիստոնյաներին վիրավորելու» պատճառով12:38, 20 նոյեմբերի
Մելանիա Թրամփը փայլել է իր նոր Amazon նախագծի պրեմիերային առանց ամուսնու. Դոնալդը վերադարձել է Չինաստանից, բայց չի աջակցել Առաջին տիկնոջը12:18, 20 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է իր կատարյալ մարմնի գաղտնիքը 57 տարեկանում. Ինչից է հրաժարվել աստղը իր կազմվածքի համար11:30, 20 նոյեմբերի
«Անկախություն». 1920-ականների սիրային եռանկյունի՝ Թելման Խաչատրյանի, Միլենա Ղազարյանի ու Հրանտ Հովսեփյանի գլխավոր դերակատարմամբ (ֆոտո/վիդեո)