Anthropic-ի այն աշխատակիցները, որոնք մեկ ակնթարթում դարձել են միլիոնատերեր ու միլիարդատերեր, ամենևին նման չեն Սիլիկոնյան հովտի նախկին հարուստներին։ Շքեղ առանձնատների, թանկարժեք սպորտային մեքենաների և գինիների տպավորիչ հավաքածուների փոխարեն նրանք նախընտրում են համեստ կենսակերպը, գիտական հետազոտություններն ու արհեստական բանականության զարգացումը։
Claude չաթբոտը ստեղծած ամերիկյան Anthropic ընկերությունը հարյուրավոր նոր միլիոնատերերի և միլիարդատերերի է տվել։ Բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկից (IPO) հետո ընկերության գնահատված շուկայական արժեքը կազմել է շուրջ 2 տրիլիոն դոլար։
Սակայն, ինչպես պարզել է The New York Times-ը, Anthropic-ի աշխատակիցները, որոնց ընկերության ներսում անվանում են «մրջյուններ» (Ants), առանձնապես հետաքրքրված չեն հանկարծակի ձեռք բերած հարստությունը ցուցադրելով։ Նրանցից շատերը գիտնականներ են, ֆիզիկոսներ և գիտական աստիճան ունեցող մասնագետներ, որոնց համար գիտական աշխատանքը շարունակում է ավելի կարևոր լինել, քան շքեղ կյանքը։
«Սրանք գիտությունների դոկտորներ ունեցող ֆիզիկոսներ են, որոնք հանկարծ պարզել են, որ իրենց հաշիվներին 100-ական միլիոն դոլար կա»,-պարբերականին պատմել է անշարժ գույքի Compass գործակալության գլխավոր տնտեսագետ Մայք Սիմոնսենը։ «Նրանց անցած ճանապարհը բացարձակապես կապ չունի շքեղության հետևից ընկնելու հետ»։
Հաշիվներին՝ միլիոններ, հագին՝ ջինսեր՝ դիզայներական կոստյումների փոխարեն
Anthropic-ի աշխատակիցների արտաքին տեսքն էլ շատ հեռու է Սիլիկոնյան հովտի վերնախավի մասին ընդունված պատկերացումներից։ Նրանք նախընտրում են առօրյա հագուստ՝ ջինսեր և անթև բաճկոններ, այլ ոչ թե ցուցադրաբար թանկարժեք հանդերձանք։
Շաբաթական մի քանի անգամ ընկերության աշխատակիցները հավաքվում են Terzo ռեստորանում, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի հյուսիսային առափնյա հատվածի հարևանությամբ։ Հաստատության սեփականատեր Ավա Նիկոլայիի խոսքով՝ նրանք սովորաբար զբաղեցնում են առանձին գինու սրահը, որի պատերը զարդարված են աշխարհի տարբեր երկրներից բերված գինու շշերով։ Սակայն թանկարժեք գինիներ համտեսելու փոխարեն նախընտրում են սովորական ջուր պատվիրել։
Նման վարքագիծը կտրուկ հակադրվում է տեխնոլոգիական միլիոնատերերի նախորդ սերնդի կենսակերպին։ Citizens Private Wealth-ի ավագ կառավարող տնօրեն Ռիք Գորդոնը հիշել է, թե ինչպես 2012 թվականին Facebook-ի բորսա դուրս գալուց հետո ընկերության երիտասարդ ինժեներներն աշխատանքի էին գալիս հարյուր հազարավոր դոլարներ արժողությամբ Audi R8 սպորտային մեքենաներով։
Յոթ հիմնադիր և տասնյակ միլիարդների կարողություն
Anthropic-ը հիմնադրվել է 2021 թվականին՝ OpenAI-ի յոթ նախկին աշխատակիցների կողմից։ 2020 թվականի վերջին եղբայր և քույր Դարիո և Դանիելա Ամոդեյները լքել են ընկերության ղեկավար պաշտոնները՝ հինգ գործընկերների հետ սեփական նախագիծը հիմնելու նպատակով։
Համահիմնադիրների թվում են նաև հաշվողական ռեսուրսների գծով տեխնիկական տնօրեն Թոմ Բրաունը, հետազոտությունների տնօրեն Ջեք Քլարկը, գլխավոր գիտաշխատող Ջարեդ Կապլանը, գլխավոր ճարտարապետ Սեմ ՄաքՔենդլիշը և Քրիս Օլան, որը ղեկավարում է արհեստական բանականության մեկնաբանելիության ոլորտի հետազոտությունները։
Չնայած հսկայական կարողություններին՝ ընկերության բազմաթիվ աշխատակիցներ, որոնց տարիքը 20-ից 40 տարեկան է, և որոնք ունեն փոքր երեխաներ, առաջին հերթին մտածում են սեփական բնակարան ձեռք բերելու, կահույք գնելու և հարազատներին ֆինանսապես աջակցելու մասին, գրում է The New York Times-ը։
Միևնույն ժամանակ, նրանք չեն ձգտում բնակություն հաստատել հեղինակավոր Փասիֆիք Հայթս թաղամասի շքեղ առանձնատներում, որտեղ անշարժ գույք ունեն, մասնավորապես, Նենսի Փելոսին և միլիարդատեր Լորեն Փաուել Ջոբսը։ Փոխարենը շատերն ընտրում են ժամանակակից տներ՝ հանգիստ, ընտանեկան թաղամասերում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով անվտանգությանը և անձնական կյանքի գաղտնիությանը։
Միլիարդատերեր, որոնք խոստացել են իրենց կարողության 80%-ը նվիրաբերել բարեգործությանը
Anthropic-ի աշխատակիցների համեստ կենսակերպը մասամբ պայմանավորված է ընկերության փիլիսոփայությամբ, որը սերտորեն կապված է արդյունավետ ալտրուիզմի շարժման հետ։ Դրա կողմնակիցները կարծում են, որ բարեգործական միջոցները պետք է ուղղվեն այն նախաձեռնություններին, որտեղ դրանք առավելագույն օգուտ կարող են բերել։
Anthropic-ի բոլոր յոթ համահիմնադիրները խոստացել են իրենց պատկանող բաժնետոմսերի 80%-ը նվիրաբերել բարեգործությանը։
Անցյալ շաբաթ ընկերությունը նաև հայտարարել է, որ մինչև 2027 թվականի վերջը 50 միլիոն դոլար կհատկացնի տեղական բարեգործական նախաձեռնություններին աջակցելու համար։ Օգնություն ստացողների թվում են պարենային բանկը և Սան Ֆրանցիսկոյի հրշեջ ծառայության կազմակերպած տոնական ծրագիրը, որի շրջանակում երեխաների համար խաղալիքներ են հավաքվում։
Միևնույն ժամանակ, տեխնոլոգիական ոլորտի նոր միլիոնատերերը, կարծես, դեռ չեն շտապում դառնալ Սան Ֆրանցիսկոյի ավանդական վերնախավի մի մասը։
Շքեղ միջոցառումների հայտնի կազմակերպիչ Սթենլի Գատտին, որը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի առաջին հարսանիքի խաչեղբայրն էր, խոստովանել է, որ մինչ օրս Anthropic-ի ոչ մի աշխատակից իրեն չի դիմել՝ մասնավոր երեկույթ կազմակերպելու խնդրանքով։
«Վստահ չեմ, որ նրանք արդեն սովորել են ծախսել իրենց գումարները»,-նշել է Գատտին։ «Նրանք ավարտել են համալսարանը, ստացել փայլուն կրթություն, որն էլ նրանց նման հնարավորություն է տվել։ Բայց դրանից հետո ոչինչ չի փոխվել»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:32, 20 նոյեմբերի
Սիլիկոնյան հովտի նոր միլիարդատերերը չգիտեն՝ ինչի վրա ծախսել իրենց գումարները20:45, 20 նոյեմբերի
«Ես վաղուց էի ցանկանում այցելել Հայաստան». Enigma-ի ոսկե ձայն Էնդրյու Դոնալդսն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում20:21, 20 նոյեմբերի
Louis Vuitton-ի գլխավոր պարֆյումերը բացահայտել է, թե ինչպես է արաբական մշակույթը փոխում համաշխարհային օծանելիքի արդյունաբերությունը19:35, 20 նոյեմբերի
Նույնիսկ միլիարդատերերն են սխալվում․ Patek Philippe-ի ղեկավարը բաց է թողել մի ժամացույց գնելու հնարավորությունը, որի արժեքը գրեթե հազարապատկվել է16:20, 20 նոյեմբերի
GTA 6 խաղացողները վրդովված են մարմնավաճառների անհետացումից և գլխավոր հերոսի իր ընկերուհու հանդեպ հավատարմությունից15:40, 20 նոյեմբերի
Հարսանիքը վերածվել է վեճի՝ ուրիշի ամուսինների համար15:21, 20 նոյեմբերի
Քրիս Ջեններն անցել է ինտիմ գոտիների երիտասարդացման գործին. 71-ամյա աստղը պատմել է անսովոր միջամտության մասին14:50, 20 նոյեմբերի
«Համաձա՞յն ես, որ մենք պետք է հետ ստանանք մեր հողերը». մեքսիկահայ կատակերգու Ջեք Ասադուրյանի սուր զրույցը ազգությամբ թուրք հանդիսատեսի հետ14:36, 20 նոյեմբերի
Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում. փոքրիկ Ռոքին դարձել է Dior-ի գովազդային արշավի դեմքը14:15, 20 նոյեմբերի
Մայլի Սայրուսը պատրաստվում է Մաքս Մորանդոի հետ իր հարսանիքին. երգչուհին կամուսնանա այս շաբաթավերջին13:28, 20 նոյեմբերի
Ավելի քան 118,000 մարդ պահանջում է չեղարկել Netflix-ի նոր սերիալը՝ «սատանիզմի» և «քրիստոնյաներին վիրավորելու» պատճառով12:38, 20 նոյեմբերի
Մելանիա Թրամփը փայլել է իր նոր Amazon նախագծի պրեմիերային առանց ամուսնու. Դոնալդը վերադարձել է Չինաստանից, բայց չի աջակցել Առաջին տիկնոջը