Հարուստ ծնողները պատրաստ են տարեկան մինչև 300 հազար դոլար ծախսել, որպեսզի իրենց երեխաներին դարձնեն Ֆորմուլա 1-ի ապագա ավտոարշավորդներ։ Անհատական մարզիչներ, անձնական մեխանիկներ, թանկարժեք կարթինգի ակումբներ և միջազգային մրցումներ․ էլիտար ավտոսպորտում կարիերայի նախապատրաստությունը որոշ երեխաների դեպքում սկսվում է դեռևս տարրական դպրոցն ավարտելուց առաջ։
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, հաջորդ Մաքս Ֆերստապենին մեծացնելու ձգտումը հանգեցրել է մանկական կարթինգի իսկական վերելքի և բացառիկ մրցարշավային ակումբների ստեղծման։ Դրանց անդամակցությունը կարող է արժենալ գրեթե 200 հազար դոլար։
Այդպիսի նախագծերից մեկը Ֆլորիդայում գործող P1 Motor Club-ն է։ Պրոֆեսիոնալ ավտոարշավորդ Ավրորա Ստրաուսը ղեկավարում է ավելի քան 600 ակր տարածք զբաղեցնող խոշոր համալիրի ստեղծման նախագիծը։ Շինարարությունը նախատեսված է հինգ տարվա համար, իսկ դրա արժեքը գնահատվում է 200 միլիոն դոլար։
Ակումբը երեխաներին առաջարկում է ավտոսպորտի պարապմունքներ, իսկ չափահաս անդամներին՝ շքեղ ենթակառուցվածքներ՝ անձնական խոհարարներով և սպասավորներով։ Չնայած անդամակցության վճարը մոտենում է 200 հազար դոլարի՝ ակումբն արդեն ներգրավել է 285 անդամի։
Սակայն անդամակցությունը ծախսերի միայն սկիզբն է։ Ստրաուսի խոսքով՝ մրցարշավային ամբողջական մրցաշրջանը ծնողներին կարող է արժենալ մինչև 300 հազար դոլար։ Այդ գումարի մեջ ներառվում են մարզիչների ծառայությունները, սարքավորումները, վառելիքը, մրցումներին մասնակցության գրանցման վճարները և ճանապարհորդական ծախսերը։ Որոշ բարձրակարգ մարզիչներ մեկ աշխատանքային օրվա համար պահանջում են մինչև 3 հազար դոլար, իսկ ամառային մարզական ճամբարների արժեքը կարող է հասնել շաբաթական 20 հազար դոլարի։
Տարեկան 80 հազար դոլար՝ դստեր նախասիրության համար
Այն ծնողներից մեկը, որը ներդրումներ է կատարում երեխայի մրցարշավային կարիերայի զարգացման մեջ, 41-ամյա անշարժ գույքի կառուցապատող Նիք Դոնահյուն է՝ Ասպենից։ Նա տարեկան մոտ 80 հազար դոլար է ծախսում իր 10-ամյա դստեր՝ Լենդրիի մարզումների և նախապատրաստության համար։ Աղջիկը կարթինգով սկսել է զբաղվել վեց տարեկանից։
Նա ունի անձնական մարզիչ և մեխանիկ։ Մրցուղում աղջիկն արդեն զարգացնում է մինչև 60 մղոն/ժամ (մոտ 97 կմ/ժ) արագություն։
«Ես ցանկանում եմ աջակցել նրա երազանքին, բայց չեմ ուզում, որ նա ապրի իմ երազանքով»,-բացատրում է հայրը։
Մեկ այլ օրինակ է Թամպայից անշարժ գույքի կառուցապատող Չաս Բրուքը։ Նրա գնահատմամբ՝ մրցարշավային յուրաքանչյուր հանգստյան օր ընտանիքի վրա արժենում է մոտ 10 հազար դոլար։ Նրա 12-ամյա որդին՝ Քոլթոնը, սովորաբար մրցումների մասնակցում է ամիսը մեկ անգամ։
Մանկական ավտոսպորտի նկատմամբ աճող հետաքրքրությունն արտացոլվում է նաև ապահովված ընտանիքների պահանջարկի մեջ։ Նյու Յորք նահանգի Կատսկիլ լեռներում գտնվող Monticello Motor Club-ում, որտեղ անդամակցության արժեքը 175 հազար դոլար է, 2024 թվականից ի վեր երեխաների կարթինգի պարապմունքների ամրագրումների թիվն աճել է 84 տոկոսով։
«Բոլորն ուզում են իրենց երեխաներին տեսնել որպես Ֆորմուլա 1-ի ապագա ավտոարշավորդներ»,-պատմել է ակումբի ներկայացուցիչ Իոնել Պորումբը։
Մրցարշավային կարիերայի համար երեխաները տեղափոխվում են Եվրոպա
Որոշ ընտանիքներ պատրաստ են երեխաների մարզական հավակնությունների համար փոխել ոչ միայն իրենց սովորական կենսակերպը, այլև բնակության երկիրը։
2025 թվականին Ալեքս և Ջեյմս Բերգմանները Մայամիից տեղափոխվել են Իտալիա՝ Գարդա լճի ափ, որպեսզի օգնեն իրենց 11-ամյա որդուն՝ Ջոշին, առաջընթաց գրանցել ավտոսպորտում։ Տղան ընդգրկվել է Red Bull-ի երիտասարդ ավտոարշավորդների զարգացման ծրագրում, տնային ուսուցում է ստանում և սովորաբար շաբաթական չորս օր մասնակցում է մրցարշավների։
Ֆորմուլա 1-ում Cadillac թիմի մրցարշավային ուղղության ղեկավար Մարկ Հայնսի կարծիքով՝ երեխաները մրցակցային ավտոսպորտով լրջորեն զբաղվել պետք է սկսեն մոտավորապես ութից ինը տարեկանում։
Այնուամենայնիվ, մրցարշավային աշխարհում այդքան վաղ տարիքում ներգրավվելը մասնագետների շրջանում մտահոգություններ է առաջացնում։ Նյու Յորքի Hospital for Special Surgery կլինիկայի մանկական օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար, դոկտոր Դանիել Գրինը զգուշացնում է, որ կարթինգում բարձր արագությունները կապված են ծանր վնասվածքների, այդ թվում՝ կոտրվածքների վտանգի հետ։
«Ո՞ր պահից է արագությունը դառնում չափազանց բարձր։ Եվ ո՞վ է վերահսկում այդ գործընթացը»,-հարց է բարձրացնում մասնագետը։
Նույնիսկ 8 միլիոն դոլարը չի երաշխավորում տեղ Ֆորմուլա 1-ում
Չնայած հսկայական ներդրումներին՝ ավտոսպորտի գագաթնակետին հասնելու ճանապարհը շարունակում է մնալ չափազանց թանկ և անկանխատեսելի։ Ֆորմուլա 1-ի նախկին հոլանդացի ավտոարշավորդ Ռոբերտ Դորնբոսը գնահատում է, որ երիտասարդական մրցարշավային շարքի բոլոր փուլերն անցնելու և բարձրագույն դաս հասնելու համար ծախսերը կարող են հասնել մինչև 8 միլիոն դոլարի։
Միևնույն ժամանակ, ընտանիքի ֆինանսական հնարավորությունները չեն երաշխավորում երեխայի հաջողությունը։
«Ինձ ամենից շատ անհանգստացնում է այն, որ մենք ավելի ու ավելի հաճախ բացահայտում ենք ոչ թե ամենատաղանդավոր ավտոարշավորդներին, այլ նրանց, ովքեր պարզապես ավելի մեծ ֆինանսական աջակցություն ունեն»,-նշել է Դորնբոսը։
Ավտոսպորտի մասին գրքի հեղինակ և լրագրող Ջոզեֆ Վոլքինը մանկական մրցարշավների նկատմամբ հետաքրքրության աճը կապում է Ֆորմուլա 1-ի համաշխարհային ժողովրդականության հետ, այդ թվում՝ Netflix-ի «Ֆորմուլա 1․ մրցել՝ գոյատևելու համար» (Formula 1: Drive to Survive) վավերագրական սերիալի շնորհիվ։
Նրա խոսքով՝ մանկական կարթինգի շուրջ ձևավորվել է մի ամբողջ շուկա, որի մասնակից ընտանիքները պատրաստ են զգալի գումարներ ներդնել իրենց երեխաների մարզական ապագայի համար։
Սակայն Վոլքինը նախազգուշացնում է, որ նույնիսկ միլիոնավոր դոլարների ներդրումները չեն երաշխավորում ավտոսպորտի էլիտայում հայտնվելը։ Տաղանդից բացի անհրաժեշտ են նաև կապեր, միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորություն և ինտենսիվ մարզումները կրթության հետ համատեղելու կարողություն։
Մյուս խնդիրը հոգեբանական ճնշումն է։ Երբ ծնողները երեխայի մրցարշավային կարիերայի մեջ ներդնում են վեցանիշ գումարներ, նրա նախասիրությունը կարող է վերածվել առևտրային նախագծի, իսկ բուն սպորտը՝ դադարել հաճույք պատճառելուց։
Արդյունքում Ֆորմուլա 1-ի մասին երազանքը ապահովված ընտանիքների համար դառնում է ոչ թե պարզապես մանկական նախասիրություն, այլ բազմամիլիոնանոց ներդրում՝ խիստ անորոշ արդյունքով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների