Մարկ Ցուկերբերգի՝ Հավայան կղզիներում կառուցվող գաղտնի ստորգետնյա ապաստարանից մինչև շահագործումից հանված հրթիռային հորաններ և հակագազերի պաշարներ․ տեխնոլոգիական ոլորտի էլիտայի ներկայացուցիչները համաշխարհային աղետի դեպքում պատսպարվելու համար սեփական ապաստարաններն են ստեղծում։ Պատերազմների, կիբերհարձակումների և արհեստական բանականության զարգացման հետ կապված աճող մտահոգությունների ֆոնին արտակարգ իրավիճակներին պատրաստվելու գործընթացին միացել է անգամ Պենտագոնը։
Հավայան կղզիներից մեկում՝ Կաուայում, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կառուցում է ընդարձակ կալվածք՝ ստորգետնյա ապաստարանով, ինքնավար ջրամատակարարման համակարգով և սեփական գյուղատնտեսական տնտեսությամբ։ Մոտ 1 400 ակր (շուրջ 566 հեկտար) մակերեսով այս տարածքը, որը հայտնի է Koolau Ranch անունով, արդեն ոչ պաշտոնապես ստացել է «Ցուկերբունկեր» մականունը։ Դրա պատճառը ենթադրություններն են, թե միլիարդատերը պատրաստվում է հնարավոր համաշխարհային աղետի։
Ինչպես վկայում են 2023 թվականին Wired պարբերականի ուսումնասիրած փաստաթղթերը, շուրջ 465 քառակուսի մետր մակերեսով ստորգետնյա ապաստարանը թունելով միացված է երկու հսկայական առանձնատների։ Այն հագեցած է բետոնով լցված մետաղական դռնով, վթարային ելքով և բնակելի տարածքներով։
Վերգետնյա հատվածում նախատեսվում է կառուցել առնվազն 30 ննջասենյակ և 30 լոգասենյակ, լողավազաններ, մարզասրահ, թենիսի կորտ և ծառերի վրա տեղակայված 11 տնակ, որոնք միմյանց կմիացվեն ճոպանե կամուրջներով։ Տարածքում նախատեսված են նաև ջրի պահպանման սեփական համակարգ և գյուղատնտեսական հողատարածքներ, որոնք, հնարավոր է, թույլ տան կալվածքի բնակիչներին ապրել առանց արտաքին մատակարարումների։
Wired-ի գնահատմամբ՝ նախագծի ընդհանուր արժեքը, ներառյալ հողի ձեռքբերումը, գերազանցում է 270 միլիոն դոլարը։
Այնուամենայնիվ, անձամբ Ցուկերբերգը հերքում է, որ աշխարհի վերջի դեպքում օգտագործելու համար ամրոց է կառուցում։ Bloomberg-ին տված հարցազրույցում նա ստորգետնյա տարածքը բնութագրել է ավելի շուտ որպես նկուղ կամ փոթորիկներից պատսպարվելու ապաստարան՝ նշելով, որ ամբողջ կալվածքը ապոկալիպսիսի համար նախատեսված բունկերի վերածելու մասին տեղեկությունները խիստ չափազանցված են։
Սակայն Meta-ի ղեկավարը Սիլիկոնյան հովտի միակ ներկայացուցիչը չէ, որի՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվելու քայլերը գրավել են հանրության ուշադրությունը։
Սեմ Ալթման․ զենք, ոսկի և հակագազեր
OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը բացահայտ պատմել է այն պաշարների մասին, որոնք հավաքում է հասարակական կյանքի սովորական կարգի հնարավոր փլուզման դեպքում օգտագործելու համար։
2016 թվականին The New Yorker-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ ձեռք է բերել զենք, ոսկի, կալիումի յոդիդ, հակաբիոտիկներ, մարտկոցներ, ջուր և Իսրայելի պաշտպանության բանակից ստացած հակագազեր։ Բացի այդ, նա հողատարածք ունի Կալիֆոռնիայի Բիգ Սուր շրջանում, որտեղ խոշոր արտակարգ իրավիճակի դեպքում հնարավոր կլինի հասնել ինքնաթիռով։
Ավելի ուշ Ալթմանը խոստովանել է, որ ունի ստորգետնյա տարածքներ՝ առանձնապես ամրացված բետոնե պատերով, թեև պնդել է, որ դրանք բունկերներ չեն։
«Ես այդ մասին մտածում եմ ոչ թե արհեստական բանականության պատճառով, այլ պարզապես այն պատճառով, որ աշխարհում կրկին ռումբեր են պայթում»,-ասել է նա փոդքասթեր Թեո Վոնին։
Միևնույն ժամանակ, Ալթմանը կասկածում է, որ նույնիսկ լավ կահավորված ստորգետնյա ապաստարանը կկարողանա պաշտպանել մարդկանց, եթե արհեստական բանականության զարգացումը դուրս գա վերահսկողությունից։ 2023 թվականին The Wall Street Journal-ի կազմակերպած տեխնոլոգիական միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս նա կատակով նկատել է, որ նման իրավիճակում բունկերներն անօգուտ կլինեն։
Reddit-ի ղեկավարը տեսողության լազերային շտկման վիրահատություն է տարել՝ գոյատևելու համար
Reddit-ի գլխավոր տնօրեն Սթիվ Հաֆմանը հնարավոր աղետին պատրաստվելու սեփական ռազմավարությունն է ընտրել։
The New Yorker-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ հասարակական կարգի փլուզման դեպքում օգտագործելու համար զենք, զինամթերք և մոտոցիկլետներ է ձեռք բերել։ 2015 թվականին Հաֆմանը նաև տեսողության լազերային շտկման վիրահատություն է տարել։ Դրա պատճառներից մեկն այն մտավախությունն էր, որ արտակարգ իրավիճակի ժամանակ կարող է զրկվել ակնոցից կամ կոնտակտային ոսպնյակներից։
Փալմեր Լաքին տեսախաղերը պահում է հրթիռային հորաններում
Oculus-ի հիմնադիր և միլիարդատեր Փալմեր Լաքին ռազմական տեխնիկայի նկատմամբ իր հետաքրքրության հարցում ավելի հեռուն է գնացել։ Նրան են պատկանում շահագործումից հանված հրթիռային հորաններ, որոնցից մի քանիսը խորանում են գետնի տակ։
Սակայն գործարարն ինքը դրանք չի համարում ապոկալիպսիսի դեպքում պատսպարվելու համար նախատեսված ապաստարաններ։ Bloomberg-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ այդ օբյեկտներն օգտագործում է տեսախաղերի իր հսկայական հավաքածուն պահելու համար։
Փիթեր Թիլին չհաջողվեց Նոր Զելանդիայում ապաստարան կառուցել
Որոշ հարուստ գործարարներ նախընտրում են ապաստան փնտրել ԱՄՆ սահմաններից դուրս։
PayPal-ի համահիմնադիր Փիթեր Թիլը փորձել է Նոր Զելանդիայում՝ Վանակա լճի տեսարանով բլրի լանջին, կառուցել ընդարձակ կալվածք՝ բունկերի տարրերով։ Նախագծով նախատեսվում էր կացարան 24 հյուրի համար, սեփականատիրոջ առանձին նստավայր և մի քանի լրացուցիչ շինություն, որոնք մասամբ թաքնված կլինեին բլրի լանջում։
Սակայն 2022 թվականին տեղական իշխանությունները մերժել են շինարարության հայտը՝ այն բանից հետո, երբ բնապահպանական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել շրջակա լանդշաֆտին հնարավոր վնաս հասցնելու վերաբերյալ։
Ալթմանի խոսքով՝ Թիլը նախկինում քննարկել էր համավարակի կամ համաշխարհային փլուզման դեպքում Նոր Զելանդիա տեղափոխվելու հնարավորությունը։
Գաղտնի ապաստարան ունենալու գաղափարն այնքան տարածված է դարձել Սիլիկոնյան հովտում, որ 2017 թվականին LinkedIn-ի համահիմնադիր Ռիդ Հոֆմանը ենթադրել է, թե իր ծանոթ միլիարդատերերի կեսից ավելին արդեն ձեռք է բերել, այսպես կոչված, «ապոկալիպսիսի ապահովագրություն»։ Դա կարող է լինել հեռավոր երկրում գտնվող երկրորդ տունը, ամրացված ստորգետնյա ապաստարանը կամ մեկ այլ վայր, որտեղ հնարավոր կլինի պատսպարվել ճգնաժամի ժամանակ։
Միլիարդատերերի համար նախատեսված բունկերներ․հարյուր հազարավոր դոլարների բիզնես
Համաշխարհային աղետի պայմաններում գոյատևելու նկատմամբ աճող հետաքրքրությունը մասնավոր ապաստարանների շահութաբեր շուկա է ձևավորել։
Տեխասցի գործարար, Atlas Survival Shelters ընկերության հիմնադիր Ռոն Հաբարդի խոսքով՝ նման օբյեկտների նկատմամբ պահանջարկն աճում է պատերազմների և աշխարհում տիրող անկայունության հետ կապված մտահոգությունների ֆոնին։
«Կառավարությունները, միլիոնատերերը, միլիարդատերերը․ բոլորը բունկեր են ուզում, երբ վտանգ են զգում»,- The U.S. Sun-ին ասել է նա։
Ամենապարզ ապաստարանների արժեքը սկսվում է մոտ 25 հազար դոլարից, մինչդեռ շքեղ ստորգետնյա բնակավայրերի գինը կարող է գերազանցել 500 հազար դոլարը։ Դրանցից մի քանիսն ունեն ննջասենյակներ, խոհանոցներ, էլեկտրաէներգիայի ինքնավար աղբյուրներ, ջրի պահուստային տարողություններ, հրաձգարաններ և քողարկված մուտքեր։
Հաբարդը նաև պնդել է, որ իր ընկերությունը Ցուկերբերգի համար ապաստարանի նախագծման պատվեր է ստացել, սակայն հետագայում շինարարությանը չի մասնակցել։ Նրա խոսքով՝ ընկերությունն աշխատել է նաև հայտնի մարդկանց համար նախատեսված նմանատիպ օբյեկտների նախագծերի վրա, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանի։ Բացի այդ, բլոգեր MrBeast-ը ընկերության բունկերներից մեկն օգտագործել է տեսանյութ նկարահանելու համար, որի մասնակիցները 100 օր անցկացրել են գետնի տակ։
Պենտագոնը գործարկում է գոյատևման սեփական ծրագիրը
Լայնածավալ արտակարգ իրավիճակներին պատրաստվելն այլևս չի սահմանափակվում գերհարուստ մարդկանց մասնավոր կալվածքներով։ Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է FORTRESS America լայնածավալ ծրագրի մեկնարկի մասին։ Դրա նպատակն է ապահովել ամերիկյան ռազմական բազաների գործունեության շարունակականությունը նույնիսկ ազգային լուրջ ճգնաժամի պայմաններում։
Նախաձեռնությունը նախատեսում է նվազեցնել ռազմական օբյեկտների կախվածությունը քաղաքացիական էլեկտրացանցերից, արտասահմանյան մատակարարներից և խոցելի կապի համակարգերից։
Հեգսեթի ստորագրած հուշագրի համաձայն՝ ծրագիրը կենտրոնանալու է էներգետիկ անկախության, պաշտպանված մատակարարման շղթաների, ռազմավարական պաշարների ստեղծման, ռազմական ենթակառուցվածքների ամրապնդման և կիբեռանվտանգության վրա։ Պենտագոնը մտադիր է նաև բարձրացնել բազաների դիմակայունությունը տիեզերական և կապի համակարգերի խափանումների նկատմամբ։
Ինչպես հաղորդվում է, ամերիկյան խոշոր ռազմական օբյեկտները պետք է ձգտեն առնվազն 90 օրվա ընթացքում ինքնուրույն ապահովել իրենց հիմնական գործողությունների իրականացումը։ Խոսքը էլեկտրաէներգիայի, ջրի, վառելիքի և կապի անխափան հասանելիության մասին է, նույնիսկ արտաքին ենթակառուցվածքների աշխատանքի դադարեցման դեպքում։
Հեգսեթը FORTRESS America-ն անվանել է երկրի յուրատեսակ «ապահովագրական պոլիս», որը պետք է երաշխավորի ռազմական գործողությունների շարունակականությունը ծայրահեղ պայմաններում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո12:16, 24 նոյեմբերի
Քարդի Բին կրկին ցնցել է իր բաց հագուստով. ոսկե շղթաներով ջինսերը հազիվ էին ծածկում ռեփերի հետույքը11:38, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը հրապարակավ ծաղրել է ամուսնուն՝ ոսկու հանդեպ նրա կրքի համար11:18, 24 նոյեմբերի
«Միսս Տիեզերք»-ում Իսրայելի ներկայացուցչին մրցույթի ժամանակ սուլոցներով են դիմավորել՝ Երուսաղեմի պատկերի պատճառով10:30, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը09:00, 24 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ