Փարիզը, որը տասնամյակներ շարունակ համարվել է շքեղ գնումների համաշխարհային գլխավոր կենտրոններից մեկը, այսօր լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Զանգվածային անկարգություններից հետո քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է, հեղինակավոր բուտիկների ցուցափեղկերից շատերը փակվել են փայտե վահանակներով, իսկ հարուստ գնորդները սկսել են իրենց ուղևորությունները տեղափոխել Լոնդոն և Միլան։ Շքեղության ոլորտի համար, որը մի քանի դժվար տարիներից հետո փորձում է վերականգնել աճը, ճգնաժամը վրա է հասել ամենաանհարմար պահին՝ նախատոնական սեզոնի թեժ շրջանում, գրում է Business of Fashion-ը (BoF)։
Ֆրանսիան ցնցած բուռն բողոքի ցույցերի առաջին ալիքից անցել է վեց շաբաթ։ Թեև զանգվածային բախումների անմիջական վտանգը նվազել է, անկարգությունների հետևանքները դեռևս նկատելի են Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր առևտրային փողոցներում։ Փակ և վնասված խանութները հիշեցնում են անկայունության այն ժամանակաշրջանը, որի ազդեցությունը Փարիզի՝ մեծ կարողություններ ունեցող զբոսաշրջիկների համար գրավչության վրա կարող է դեռ երկար զգացվել։
Անորոշության լրացուցիչ աղբյուր են առաջիկա նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են ապրիլին և մայիսին։ Ակնկալվում է, որ բևեռացված քաղաքական պայքարում կարևոր դեր կունենան ինչպես ծայրահեղ աջ, այնպես էլ ծայրահեղ ձախ ուժերի թեկնածուները, ինչը մեծացնում է նոր սոցիալական ցնցումների հավանականությունը։
Շքեղության ապրանքանիշերի համար իրավիճակը հատկապես զգայուն է։ Թանկարժեք ապրանքների համաշխարհային վաճառքի զգալի մասը կենտրոնացած է մի քանի խոշոր քաղաքներում, որոնց շարքում Փարիզը առաջատար դիրքեր է զբաղեցնում։ Bernstein-ի՝ 2023 թվականի ուսումնասիրության համաձայն՝ աշխարհի 25 խոշոր քաղաքներին բաժին է ընկնում շքեղության ապրանքանիշերի բոլոր բուտիկների գրեթե 40 տոկոսը։ Փարիզը այդ վարկանիշում զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Տոկիոյին և Սեուլին։
Bain խորհրդատվական ընկերության տվյալներով՝ նախորդ տարի Ֆրանսիայի մայրաքաղաքին բաժին է ընկել անձնական շքեղության ապրանքների համաշխարհային ծախսերի 3,8 տոկոսը։ Այս ցուցանիշով Փարիզը զիջել է միայն Նյու Յորքին և Լոնդոնին։
Սակայն քաղաքի հայտնի առևտրային փողոցներում գտնվող բուտիկների թալանի կադրերը ստվեր են գցել նրա հեղինակության վրա։ Շքեղության ոլորտի վերականգնումն առանց այդ էլ ձգձգվել էր մի քանի բարդ տարիներից հետո, իսկ այժմ ապրանքանիշերը ստիպված են պայքարել նաև օտարերկրյա գնորդների վստահությունը վերականգնելու համար։
«Կարճաժամկետ հեռանկարում Փարիզն ավելի խոցելի է, քան շատ այլ քաղաքներ, քանի որ նրա շքեղության շուկան մեծապես կախված է օտարերկրյա զբոսաշրջիկներից։ Նրանք այստեղ են գալիս ոչ միայն գնումներ կատարելու, այլև հենց քաղաքը և դրա առաջատար բուտիկներն այցելելու համար։ Երբ ճանապարհորդները սկսում են կասկածել՝ արժե՞ արդյոք մեկնել Փարիզ, քաղաքն այդ ազդեցությունն անմիջապես է զգում»,-նշել է SDA Bocconi կառավարման դպրոցի շքեղության ապրանքների մարքեթինգի պրոֆեսոր Կիարա Պյանկատելլին։
Զբոսաշրջիկների թվի նվազումն արդեն անդրադառնում է հյուրանոցային բիզնեսի վրա։ Անշարժ գույքի շուկայի վերլուծությամբ զբաղվող միջազգային CoStar ընկերության տվյալներով՝ նոյեմբերին փարիզյան հյուրանոցների զբաղվածությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 10 տոկոսով։ Այսպիսով՝ ընդհատվել է մի քանի ամիս շարունակվող աճը. մինչ այդ ցուցանիշներն ամեն ամիս ավելանում էին, հատկապես նկատելիորեն՝ օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Bernstein-ի վերլուծաբանները հաշվարկել են, որ նոր խոշոր բողոքի ցույցերի բացակայության պայմաններում անկարգությունները կարող էին հոկտեմբերին Hermès-ի զբոսաշրջային եկամուտները նվազեցնել մոտ 10 տոկոսով, իսկ նոյեմբերին՝ 20 տոկոսով։ Նրանց կանխատեսմամբ՝ դեկտեմբերին օտարերկրյա հյուրերի ծախսերը կմնան նախորդ մակարդակին։
Ճգնաժամի հետևանքները զգում են նաև այն անհատ խորհրդատուները, որոնք աշխատում են ապահովված հաճախորդների հետ։ Շքեղ ապրանքանիշերի հագուստ և աքսեսուարներ ձեռք բերելու հարցում հարուստ գնորդներին աջակցող Իզաբել Բացցանին պատմել է, որ իր բազմաթիվ օտարերկրյա հաճախորդներ չեղարկել են Փարիզ մեկնելու ծրագրերը և նախընտրել ուղևորվել Լոնդոն կամ Միլան։
«Նույնիսկ հիմա, երբ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, հաճախորդները շարունակում են հարցնել, թե ինչ է կատարվում քաղաքում և որքանով է այն վերականգնվել բողոքի ցույցերի գագաթնակետից հետո»,-պատմել է նա։
Ի պատասխան՝ ապրանքանիշերը փորձում են ընդառաջ գնալ գնորդներին․ կազմակերպում են անհատական փորձումներ հյուրանոցներում և հաճախորդների բնակավայրերում, ինչպես նաև հագուստն ու աքսեսուարները փորձելու համար անմիջապես նրանց տուն են ուղարկում։ Այդուհանդերձ, Բացցանին կարծում է, որ Փարիզի հեղինակությանը անդառնալի վնաս չի հասցվել, և հարուստ զբոսաշրջիկները շարունակում են ցանկանալ այցելել Ֆրանսիայի մայրաքաղաք։
AlixPartners ընկերության գործադիր տնօրեն, ֆրանսիական ստորաբաժանման ղեկավար Օլիվյե Աբթանը նույնպես լուրջ երկարաժամկետ հետևանքներ չի ակնկալում, եթե իրավիճակը շարունակի մնալ հանգիստ։
«Չեմ կարծում, որ մարդիկ զանգվածաբար կհրաժարվեն Սուրբ Ծննդյան տոներին Փարիզ այցելելուց միայն այն պատճառով, որ երկու ամիս առաջ այնտեղ անկարգություններ էին տեղի ունենում»,-նշել է նա։
Սակայն խնդիրը շատ ավելի լայն է, քան զբոսաշրջիկների հոսքի ժամանակավոր նվազումը։ Անկարգությունները կրկին օրակարգ են բերել ցուցադրական սպառման և սոցիալական անհավասարության հարցերը՝ կյանքի թանկացման ֆոնին։
Bain-ի գնահատականներով՝ միայն այս տարվա ընթացքում շքեղության ոլորտը կորցրել է ևս 15 միլիոն գնորդ։ Այսպիսով՝ վերջին հինգ տարում շքեղության ապրանքներից հրաժարված սպառողների ընդհանուր թիվը հասել է 85 միլիոնի։ Միջին խավի ներկայացուցիչներն ավելի ու ավելի հաճախ են խնայում և վերանայում թանկարժեք գնումների վրա կատարվող ծախսերը։
Պյանկատելլիի կարծիքով՝ ճգնաժամի ամենալուրջ երկարաժամկետ հետևանքները կարող են ազդել հատկապես այն գնորդների վրա, որոնք նոր են ձգտում մուտք գործել շքեղության աշխարհ։
«Անկարգությունների գլխավոր երկարաժամկետ ազդեցությունը վերաբերում է այն գնորդներին, որոնք ձգտում են ձեռք բերել շքեղության ապրանքներ, բայց առանց այդ էլ ֆինանսական ճնշման տակ են։ Կյանքի թանկացումը, որը դարձավ բողոքի ցույցերի հիմնական պատճառներից մեկը, միաժամանակ ստիպում է սպառողների այս խմբին կրճատել ծախսերը։ Իսկ թալանված բուտիկների կադրերը ևս մեկ առիթ են տալիս մտածելու՝ արդյոք տեղին է նման գնում կատարել, եթե մարդն առանց այդ էլ կասկածում էր դրա անհրաժեշտությանը»,-բացատրել է փորձագետը։
Փարիզն արդեն նման ցնցումների միջով անցել է։ 2018–2019 թվականներին «Դեղին ժիլետներ» շարժումը, որն առաջացել էր վառելիքի հարկերը բարձրացնելու ծրագրերի ֆոնին, զանգվածային բողոքի ցույցերի և բախումների պատճառ դարձավ։ Մայրաքաղաքում ցուցարարները բազմիցս հարձակվել են շքեղության ապրանքանիշերի բուտիկների, ռեստորանների և բանկերի վրա։ Այդ ժամանակ որոշ թանկարժեք ապրանքանիշերի վաճառքը նվազել էր ավելի քան մեկ երրորդով։ Սակայն 2019 թվականի ամռանը զբոսաշրջիկների հոսքը վերականգնվեց։
Շքեղության առաջատար բուտիկները՝ վտանգի տակ
Չնայած անկարգություններին և քաղաքական անորոշությանը՝ շքեղության ապրանքանիշերը չեն հրաժարվում Փարիզում ներդրումներ կատարելուց։ Նոր և վերանորոգված առաջատար խանութները շարունակում են մնալ նրանց ռազմավարության կարևոր մասը։ Դրա օրինակներից մեկը Gucci-ի նոր բուտիկն է Մոնտենի պողոտայում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենահեղինակավոր առևտրային փողոցներից մեկում։
Այնուամենայնիվ, ներկայիս ճգնաժամը կասկածի տակ է դնում վերջին տարիների գլխավոր միտումներից մեկը՝ խանութները ինքնուրույն զբոսաշրջային տեսարժան վայրերի վերածելու գաղափարը։
«Անկարգությունները մարտահրավեր են նետում վերջին տարիների ամենաակնառու միտումներից մեկին՝ խանութները որպես ինքնուրույն այցելության վայրեր ներկայացնելուն։ Ապրանքանիշերը ներդրումներ էին կատարում բաց, տպավորիչ տարածքներում, որտեղ կային սրճարաններ, ցուցահանդեսներ և ռեստորաններ։ Մարդիկ այնտեղ էին գալիս ոչ միայն գնումներ կատարելու, այլև նոր տպավորություններ ստանալու համար։ Իսկ փայտե վահանակներով փակված ցուցափեղկերն ու աչքի ընկնող անվտանգությունը բոլորովին հակառակ ազդակն են հաղորդում։ Գլխավոր խնդիրն է պաշտպանել խանութը՝ միաժամանակ պահպանելով այն հյուրընկալ մթնոլորտը, որի համար արժե այցելել այնտեղ»,-ընդգծել է Պյանկատելլին։
Այս շաբաթ բողոքի ցույցերի առաջին ալիքի ժամանակ տուժած որոշ խանութներ դեռ փակ էին, քանի որ այնտեղ վերանորոգման աշխատանքները շարունակվում էին։ Մյուսներն արդեն հասցրել էին հեռացնել ցուցափեղկերի փայտե պաշտպանիչ վահանակները՝ իրավիճակի հանդարտվելուց հետո, սակայն հաջորդ հանգստյան օրերին, նոր բախումների վտանգից զգուշանալով, կրկին փակել էին պատուհանները։
Միևնույն ժամանակ Մոնտենի պողոտան արդեն զարդարվել է Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Dior-ի բուտիկների մոտ հայտնվել են աստղեր, երեքնուկներ և խաղալիք զինվորիկներ, իսկ Saint Laurent-ը զարդարել է իր շենքի ճակատը սպիտակ լույսերով և հսկայական Y տառի տեսքով դասավորված կանաչ ճյուղերով։
Սակայն տոնական զարդարանքները դեռ չեն վերադարձրել փողոցների երբեմնի աշխուժությունը։ Բուտիկները հեռու են լիարժեք զբաղված լինելուց, իսկ գնորդների հերթերը՝ թավշյա պարանների հետևում, որոնք նախկինում սովորական տեսարան էին, այժմ հազվադեպ են հանդիպում։
Փարիզի խնդիրներին ավելանում է նաև եվրոպական շքեղության այլ կենտրոնների, առաջին հերթին՝ Լոնդոնի և Միլանի, կողմից ուժեղացող մրցակցությունը։ Վերջինս, չնայած անցյալ ամիս այնտեղ տեղի ունեցած համեմատաբար փոքրածավալ բողոքի ցույցերին, ամրապնդում է իր դիրքերը՝ շնորհիվ նոր առաջատար բուտիկների բացման։ Քաղաքը նաև գրավում է ապահովված օտարերկրացիներին՝ ֆիքսված հարկման արտոնյալ ռեժիմի շնորհիվ։
Փարիզը դժվար թե կորցնի աշխարհի գլխավոր մշակութային մայրաքաղաքներից մեկի և շքեղության ցուցադրման կարևորագույն կենտրոնի իր կարգավիճակը։ Սակայն, ինչպես նշում է Business of Fashion-ը, դեռ բավական ժամանակ կպահանջվի, մինչև քաղաքական և սոցիալական անկայունությունը նահանջի, իսկ ապահովված ճանապարհորդների բազմությունը կրկին վերադառնա քաղաքի հայտնի առևտրային փողոցներ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ