Այս տարի «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի արժանացավ «Սրտով խիզախը» (Brave) գունագեղ մուլտֆիլմը: Այն նկարահանել են «Pixar» ընկերությունն ու պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանը: NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում Քեթրին Սարաֆյանը պատմել է հաջողության, մուլտիպլիկացիայի գաղտնիքների եւ իր հայկական ընտանիքի մասին:
Նախ շնորհավորում ենք Ձեզ «Օսկար» ստանալու առիթով: Դուք աշխատել եք նաեւ «Pixar» ընկերության այլ հայտնի անիմացիոն ֆիլմերի ուղղությամբ, ինչպիսիք են «Խաղալիքների պատմությունը», «Սուպերընտանիք», «Հրեշների կորպորացիա» եւ այլն: «Սրտով խիզախը» պարգեւատրվեց արձանիկով, որի մասին երազում են բոլոր կինոգործիչները: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է հաջողության գաղտնիքը. համառ աշխատա՞նքը, թե՞ աշխատանքն առանց հաջողության ոչինչ է:
Ինձ համար մեծ պատիվ է, որ «Սրտով խիզախը» ճանաչում ստացավ Ակադեմիայի եւ Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից: Բայց առավել կարեւոր է այն, որ «Սրտով խիզախը» հանդեսատեսի աջակցությունը ստացավ: Մենք այս ֆիլմի ուղղությամբ աշխատել ենք 6 տարի, այնպես որ փաստը, որ ֆիլմը գնահատում եւ վայելում են մարդիկ ամբողջ աշխարհում, մեծագույն պարգեւն է:
Իհարկե, ֆիլմը ժամանակի մեծ ծախս, աշխատասիրություն եւ համբերություն է պահանջում: Կինոարդյունաբերությունը համատեղ աշխատանք է: «Pixar» ընկերությունում մենք հաջողության ենք հասնում, երբ միասին ենք աշխատում՝ առաջանալով դեպի ընդհանուր նպատակ. պատրաստել լավ ֆիլմ: Ես ինձ հաջողակ եմ զգում, երբ ֆիլմի վրա աշխատող 250 նկարիչներն ու տեխնիկները հրաշալի հարաբերություններ են ունենում եւ անում են ինչ-որ բացառիկ բան, որը դիմանալու է ժամանակի փորձությանը: Եթե մենք ներդնում ենք բոլոր ջանքերը եւ տարվում ենք աշխատանքով, ինչպես նաեւ միմյանց հարգանքով ենք վերաբերվում, ապա միշտ հասնում ենք հաջողության:
Անիմացիոն ֆիլմի բովանդակությունը բարդ գործընթաց է: Անհրաժեշտ են ժամանակ եւ համբերություն: Անիմացիան մարդու բնավորության վրա հետք թողնո՞ւմ է:
Անիմացիան առանձնահատուկ համբերություն եւ կարգապահություն է պահանջում: Դա այնպիսի մարդկանց զբաղմունք չէ, ովքեր արագ արդյունք են ակնկալում: Մեր աշխատանքը մշակվում եւ զարգանում է երկար տարիների ընթացքում. այն, ինչ անում ենք, գեղեցիկ տեսք չունի ընդհուպ մինչեւ աշխատանքի ավարտը: Մենք պետք է խորապես համոզված լինենք, որ ամբողջ թիմն անում է ամեն հնարավորը՝ առավելագույնս լավ ֆիլմ ստեղծելու համար: Դա մյուսների հանդեպ վստահություն եւ հարգանք է պահանջում: Մարդիկ, ովքեր չեն կարող վստահել մյուսներին կամ կրքոտ բնավորություն չունեն եւ չեն կարողանում կիսվել իրենց գաղափարներով, չեն կարող վայելել անիմացիոն ֆիլմի ստեղծման գործընթացը:
Հարցազրույցներից մեկում Դուք ասել եք, որ ֆիլմի ուղղությամբ աշխատանքի ընթացքում հասկացել եք, որ շատ ընդհանուր բաներ ունեք Ձեր հոր հետ, «ով մարդկանց կառավարման հարցում ուժեղ չէր»: Դուք պրոդյուսեր եք եւ մյուսներին կառավարելը Ձեր հիմնական պարտականություններից է: Ի՞նչ է պետք անել՝ մարդկանց լավ կառավարել սովորելու համար:
Իմ հոր ուժը մարդկանց հասկանալն ու նրանց կարեկցելն էր: Կարծում եմ, որ անիմացիոն ֆիլմն այդ ոլորտում հատուկ հմտություններ է պահանջում: Հայրս քահանա էր եւ գնահատում էր իր ծխականների հավատը: Լինելով կառավարիչ, ես հայտնաբերեցի, որ հորս անձնական որակներն ավելի օգտակար եւ էական կլինեին, քան կառավարման մեթոդների իմացությունը: Իմ ենթակաները պետք է հուսալիություն եւ սեփական անձի կարեւորությունը զգան: Իսկ ես պետք է զգամ, որ նրանք ինձ աջակցում են: Այդպես մենք ավելի դյուրին կտանենք դժվարությունները:
«Սրտով խիզախը» շոտլանդական թագավորությունում ապրող արքայադուստր Մերիդայի պատմության մասին է: Դուք հանգամանալից վերստեղծել եք Շոտլանդիան եւ միջնադարյան հագուստները: Ժամանակակից ֆիլմարտադրողներն այնքան էլ ուշադրություն չեն դարձնում մանրուքներին: Կարծում եք՝ ի՞նչն է պատճառը:
Կարծում եմ, որ ֆիլմարտադրողները մանրուքներին, ամեն դեպքում, ուշադրություն դարձնում են, բայց դա կախված է ֆիլմից: «Pixar» ընկերությունում կարծում ենք, որ մանրուքներն ուսումնասիրելը կարեւոր նշանակություն ունի, դրա համար էլ այդ ուղղությամբ մեծ ջանքեր ենք ներդրել: Մենք ցանկանում էինք ստեղծել ճշմարտանման, արժանահավատ աշխարհ, որպեսզի մեր հանդեսատեսի համար դրանում ընկղմվելու արդյունք ստանանք:
Իհարկե, կարճ ուղիով ընթանալն ավելի դյուրին է: Սակայն մուլտֆիլմի ստեղծման ժամանակ զգացինք, որ կարեւոր է խորանալ մանրուքների ուսումնասիրման մեջ, որովհետեւ չէինք ցանկանում ստեղծել ստերեոտիպային Շոտլանդիա: Ցանկանում էինք, որպեսզի ֆիլմը դառնար նոր դասական եւ դիմակայեր ժամանակի փորձությանը: Այնպես որ, կարճ ճանապարհներ չէինք փնտրում: Հանգեցինք նրան, որ «Սրտով խիզախը» ֆիլմը պետք է լինի ճշմարտացի, Շոտլանդիայի աշխարհում ընկղմամբ, կերպարների եւ հագուստների լայն սպեկտրով: Մեր հերոսների արկածներում եւ դյուցազներգության մեկնաբանությունում պետք է զգացվի նույնիսկ բնապատկերը:
Հայերը հպարտանում են նրանով, որ Դուք «Օսկար» եք ստացել: Երբեւէ մտածե՞լ եք Հայաստանի պատմական իրադարձությունների հիման վրա անիմացիոն ֆիլմ ստեղծելու մասին:
Ես պաշտում եմ Հայաստանի լեռնային տեսարանները, եւ Շոտլանդիայի բազմաթիվ շրջաններ ինձ ստիպեցին մտածել Հայաստանի մասին: Նույնիսկ իմացա, որ Հայաստանում կան նույնքան հնամյա մասունքներ, ինչպիսիք պատկերված են «Սրտով խիզախը» մուլտֆիլմում: Չեմ կարող Ձեզ որեւէ հստակ բան ասել նման ֆիլմի մասին: Սակայն իմ գործընկերներն անիմացիոն կամ գեղարվեստական ֆիլմերի բազմաթիվ գաղափարներ ունեն, որոնք արժանի տուրք կմատուցեին մեր հայրենիք Հայաստանին: Հուսով եմ՝ այդ նախագծերը կզարգանան: Դրանք ֆինանսական եւ հասարակական աջակցության կարիք ունեն:
Հայկական ի՞նչ ավանդույթներ են պահպանվել Ձեր ընտանիքում: Հայկական տոներ նշո՞ւմ եք կամ, միգուցե, հայկական կերակուրներ եք պատրաստում:
Մենք ապրում ենք Ամերիկայի հայերին հատուկ կյանքով: Ամուսնուս եւ երեխաներիս հետ ակտիվ մասնակցում եմ տեղի հայ համայնքի կյանքին: Եվ, իհարկե, խորոված եւ փլավ ենք ուտում: Տոնում ենք հայկական տոները եւ հաճախում ենք տեղի հայկական եկեղեցին, որտեղ ինձ կնքել են եւ որտեղ ես ամուսնացել եմ:
Պատրաստեց՝ Աննա Ղազարյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»