Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Մթնշաղ» ֆիլմից հոլիվուդյան աստղ Ջեքսոն Ռեթբոունի բացառիկ հարցազրույցը NEWS.am STYLE-ին եւ մաղթանքը՝ հայ երկրպագուներին

12:08, 14 հունվարի

2008 թ-ին նկարահանված «Մթնշաղ» ֆիլմն առաջին իսկ մասից սկսած հետաքրքրեց ֆանտաստիկ ժանրի սիրահարներին: Վամպիրների եւ մարդագայլերի մասին այս պատումը շատերին գերեց աննախադեպ եւ անսովոր սիրային պատմությամբ եւ հմայիչ հերոսներով: Ի դեպ, նրանցից է նաեւ Ջասպերը` մի փոքր սառը, բայց հմայիչ վամպիր, որը սիրահարվելով Էլիսին` փորձում է հաղթահարել մարդկային արյան ծարավը` համապատասխանելով Քալլինների ընտանեկան «սովորույթներին»:

Պակաս սիրված չէ նաեւ Ջասպերին մարմնավորող դերասան Ջեքսոն Ռեթբոունը:

NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց է ունեցել ֆիլմաշարի սիրված վամպիրի հետ, որի ընթացքում Ջեքսոնը խոսել է Ջասպերին մարմնավորելու, իր երաժշտական կարիերայի, հրաշալի փոքրիկների, էրոտիկ տեսարաններում չնկարահանվելու եւ իր կյանքի վերջին շրջանի մեծագույն կորստի մասին:

32-ամյա դերասանի հետ մեր զրույցի մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ջեքսոն, տարբեր ֆիլմերում տարբեր կերպարների եք մարմնավորել, սակայն մարդիկ Ձեզ ավելի շատ ճանաչում են «Մթնշաղ» ֆիլմում Ջասպերի դերով: Ի՞նչ եք կարծում` ինչու այդ ֆիլմը դարձավ այդքան սիրված:

Կարծում եմ` տվյալ ստեղծագործության գրքի հաջողությունը նպաստեց դրան: Սթեֆանի Մեյերը հրաշալի կերպարներ ու մի աշխարհ էր ստեղծել, որոնք մոտ են տարբեր հասարակություններում մեծացած մարդկանց սրտերին: Կարծում եմ` սրտի խորքում յուրաքանչյուրս էլ մի արտասովոր սեր ենք փնտրում, ինչը եւս նպաստեց այս ֆիլմաշարի հաջողությանը:

Ջասպերի կերպարը բավական սիրված է ֆիլմի երկրպագուների կողմից, իսկ Դուք` ինքներդ, հաճույքո՞վ էիք մարմնավորում նրան:

Եկեք անկեղծ ասենք` Ջասպերը «Մթնշաղ»-ի լավագույն կերպարն է (ծիծաղում է): Դե, իհարկե, իմ կերպարի դեպքում ես չեմ կարող օբյեկտիվ լինել: Ինձ դուր է գալիս նրա պատմությունը, որը, իրականում, շատ խորը եւ հետաքրքիր է (չհաշված ֆանտաստիկ էլեմենտները): Այն փաստը, որ նա դարձել էր «բուսակեր վամպիր» պայմանավորված էր նաեւ Էլիսի հանդեպ նրա սիրով: Բացի այդ` ինձ դուր էր գալիս նրան մարմնավորելը, որովհետեւ այդ ողջ ընթացքում կրում էի իմ ամենասիրելի կոշիկները (ծիծաղում է):

Կհիշե՞ք Ձեր առաջին նկարահանումը տեսախցիկների առջեւ: Ի՞նչ էմոցիաներ ունեիք այդ ժամանակ:

Հմ, տեսախցիկի առջեւ…Այո, ես 18 տարեկան էի, եթե չեմ սխալվում, նկարահանվում էի ջինսերի գովազդային հոլովակում: Ամբողջ ընթացքում պետք է պարեի, ինչն ինձ համար շատ անսովոր էր: Իսկ հետո ամեն ինչ ավելի արտասաովոր դարձավ, երբ նրանք պետք է նկարեին ջինսերի լոգոները, իսկ իմ դեպքում լոգոն ուղիղ հետույքիս հատվածի վրա էր: Այդպիսով` տեսախցիկն ուղիղ հետույքիս էր ուղղված, եւ ես պետք է այդպես ձիգ կանգնած մնայի տեղում, մինչեւ նրանք կնկարահանեին տվյալ հատվածը (ծիծաղում է): Նկարահանող ամբողջ խումբը կենտրոնացել էր մարմնիս այդ հատվածի վրա, իսկ հետո…նրանք խնդրեցին ինձ այն շարժել: Չեմ կատակում, դիտեք հոլովակը (ժպտում է):

Ամեն դեպքում, հետո սկսեցիք նկարահանվել եւ մարմնավորել տարբեր հերոսների: Ի դեպ, նրանցից ո՞ւմ եք ավելի շատ համակրում:

Օհ, դե իհարկե, Ջասպերին: Կցանկանայի էլ ավելի հեռուն գնալ նրա հետ: Նրա պատմությունը կարող է, ի դեպ, նոր ֆիլմի կամ հեռուստասերիալի թեմա դառնալ: Վատ միտք չեմ ասում, Սթեֆանի, հաշվի կառնես (ծիծաղում է):

Մյուս կերպարս, որին կառանձնացնեի, Դոք Դիքսոնն է: Այն դեռեւս անհայտ է երկրպագուներիս, քանի որ տվյալ ֆիլմը, որը կոչվում է «Heart, Baby!» դեռ էկրաններին չի հայտնվել: Այն իրական պատմության հիման վրա է, եւ ես նկարահանման ողջ ընթացքում շփվել եմ իրական կերպարի հետ: Անհավանական տպավորություններ էին: Անհամբեր սպասում եմ, թե երբ են բոլորը տեսնելու այդ ֆիլմը:

«Մթնշաղ»-ի երկրպագուներից քչերը գիտեն, որ նաեւ երգում եք եւ հանդես եք եկել «100 Monkeys» խմբում: Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել երաժշտությամբ:

Ավագ դպրոցում արդեն DJ էի աշխատում: Ես մեր քաղաքի սակավաթիվ DJ-ներից էի, այդ պատճառով էլ ավելի խորացա այդ մասնագիտության մեջ: Ինքս եմ նվագել թե մեր դասարանի ավարտական երեկոյին, թե հարսանիքներին, ծննդյան տոներին, տարբեր երեկույթներին…Հետո սկսեցի կիթառ նվագել ու երգեր գրել, այնուհետեւ սկսեցի համագործակցել ջազ-փոփ երգիչ Ալեքս Բոյդի հետ:

Սկզբում զբաղվում էի անհատական կարիերայով, մինչեւ որ ինձ միացավ դպրոցական տարիների ընկերս, որի հետ էլ հիմնեցինք «100 Monkeys» խումբը: Հետո սկսեցինք փնտրել նոր անդամների…Բայց խումբը երկար կյանք չունեցավ, քանի որ այստեղ խոսեց ոմանց էգոն, ալկոհոլը, ցավոք սրտի՝ նաեւ թմրանյութերը: Հիմա փորձում եմ նոր խումբ հավաքել, ինչպես նաեւ շարունակում եմ գրել նոր երգեր: Այժմ նաեւ աշխատում եմ իմ cover ալբոմի վրա, որտեղ ներկայացնելու եմ Սփենսեր Բելլի երգերը: Ձայնասկավառակից ստացված ողջ հասույթը նվիրաբերելու եմ  քաղցկեղով տառապող մանկատան երեխաների բուժմանը:

Ցավոք սրտի` օրեր առաջ կորցրել եք Ձեզ համար շատ հարազատ մի մարդու, «100 Monkeys» խմբի Ձեր լավ ընկերոջը` Լոուրենս Աբրահամսին (Uncle Larry) (երաժիշտը հիվանդ  էր քաղցկեղով):  Հաստատ շատ հիշողություններ կունենաք նրա հետ կապված…

Լոուրենս Աբրահամսը, իսկապես, Աստծո կողմից աշխարհին տրված մի մեծ պարգեւ էր: Նա ինձ սովորեցրել է ջազ, երաժշտություն, բացահայտել տիեզերական սիրո նշանակությունը: Նա թե ընկեր էր ինձ համար, թե ուսուցիչ: Ամենից շատ ինքն է ուրախացել իմ հարսանիքի օրը: Նույնիսկ, երկու անգամ փրկել է իմ կյանքը…Շատ կկարոտեմ նրան: Բայց հավատում եմ, որ մի օր, երբ լքեմ ֆիզիկական մարմինս, կհանդիպեմ նրան:

Նշեցիք, որ շատ բաներ եք սովորել նրանից: Իսկ ո՞րն է եղել ամենակարեւոր խորհուրդը, որը նա երբեւէ Ձեզ տվել է:

Գիտեք` չեմ կարողանում մտաբերել ամենակարեւոր խորհուրդը…Բայց նա հաճախ էր ասում. «Երաժշտությունն իր ուժով համախմբում է մարդկանց»: Նա կարող էր միեւնույն ժամանակ լինել եւ իմաստուն, եւ ծիծաղելի:

Եթե դեմ չեք, անդրադառնանք Ձեր հրաշք փոքրիկներին` 5-ամյա Մոնրոին եւ Փրեսլի Բոուին, որը շուտով կդառնա 1 տարեկան: Ինչպիսի՞ հայրիկ է Ջեքսոն Ռեթբոունը:

Ես շատ ակտիվ հայրիկ եմ (Ջեքսոնն ամուսնացած է իր վաղեմի ընկերուհի Շեյլա Հաֆսադի հետ): Ես չեմ ընդունում երեխաների վրա ֆիզիկական ճնշումը: Ես կարծում եմ, որ նրանց չարաճճիություններին պետք է ազնիվ պատասխանել եւ միայն խոսքով խրատել: Շատ ուրախ եմ, որ ժամանակիս մեծ մասը երեխաներիս հետ եմ անցկացնում: Տղաս Beatles-ի երաժշտության սիրահար է: Հաճախ ենք դնում եւ լսում նրանց երգերը, եւ ես սիրում եմ այդ ընթացքում բացատրել նրան, թե որ գործիքը երաժիշտներից ով է նվագում եւ որ երգը ով է գրել: Նրան դա դուր է գալիս:

Ինչ վերաբերում է դստերս` նա եւս սիրում է ռիթմը: Երբ նա լաց է լինում, ես սկսում եմ ռիթմով ծափահարել եւ նա միանգամից հանգստանում է:

Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ մեծ ցանկություն ունեք ֆիլմ նկարահանելու եւ Ձեզ նաեւ որպես ռեժիսոր փորձելու: Ստացվո՞ւմ է ինչ-որ բան այդ ոլորտում:

Արդեն գրել եմ մի սցենար, որի հիման վրա ֆիլմ եմ նկարահանել, ինքս էլ խաղում եմ այդ ֆիլմում: Բայց առայժմ միայն փորձնական տարբերակով ենք նկարահանել այն: Սակայն դրա համար Vancouver Webfest-ի ժամանակ արդեն շահել ենք մրցանակ: Այժմ էլ մոնտաժում եմ իմ նկարահանած կարճամետրաժ ֆիլմը, որի սցենարը գրել էր Uncle Larry-ն: Այն  Բրեյդեն Գ. Բելլ անունով մի երիտասարդ պոետի պատմության վրա է հիմնված:

Գիտեմ, որ վերջերս նկարահանվել եք «Horseshoe Theory» կոչվող ֆիլմում: Այնտեղ մարմնավորում եք գլխավոր հերոսներից մեկին: Կբացահայտե՞ք որոշ մանրամասներ:

Կերպարիս անունը Բոբբո է: Նա ազգայնամոլ է, որն ատում է կառավարությանը, այնքան, որ…լավ, եկեք շատ չխորանամ սցենարի մեջ, քանի որ դեռեւս իրավունք չունեմ շատ բաներ բացահայտելու: Կարող եմ ասել, որ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Ջոնաթան Դենիել Բրաունն է, որին շատերը կճանաչեն Project X ֆիլմից: Իսկապես, մեծ հաճույք եմ ստացել ողջ աշխատանքային պրոցեսից: Իսկ ֆիլմի վերջն, ուղղակի… լավ, խոստացել էի, որ շատ չեմ խորանա (ծիծաղում է):

Իսկ կա՞ այնպիսի ժանրի մի ֆիլմ, որում երբեք չեք նկարահանվի:

Երբեք չեմ նկարահանվի շատ էրոտիկ եւ բաց սեքսուալ տեսարաններ պարունակող ֆիլմերում, եթե ինձ չփոխարինի որեւէ կրկնորդ: Չկարծեք, թե մեղադրում եմ այն մարդկանց, որոնք նկարահանվում են նմանատիպ ֆիլմերում, բայց ինձ համար տհաճ  է դիտել ֆիլմեր, որոնք հիմնված են այդ տեսարանների վրա: Չէ, ես այդքան էլ ամաչկոտ չեմ եւ չեմ խուսափում բաց տեսարաններից, ես, նույնիսկ, պատրաստ եմ ամբողջովին մերկ նկարահանվել, եթե ինձ ճաշակով նախագիծ առաջարկեն: Բայց չափազանց գռեհիկ տեսարաններում ինձ հաստատ չեք տեսնի:

Ջեքսոն, «Մթնշաղը» բազմաթիվ երկրպագուներ ունի նաեւ Հայաստանում: Ձեր մաղթանքը` ֆիլմի հայ երկրպագուներին:

Ցավոք, չեմ խոսում հայերեն, բայց իմ հայ երկրպագուներին ուզում եմ ասել` (ինձ չսիրողներին էլ է վերաբերում) սիրում եմ բոլորիդ եւ մաղթում, որ 2017 թ-ը բարի լինի բոլորիդ համար: Եկեք համախմբվենք եւ անհաջողությունները հաղթահարենք սիրով եւ խաղաղությամբ: Աստված բոլորիդ պահապան:

Զրուցեց Սյունե Առաքելյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել