MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

ArmenՅԱՆs. Արաքսյա Կարապետյան. «Էմմիի» դափնեկիր՝ ԱՄՆ-ում հայտնի հայ հեռուստալրագրողը՝ Գյումրիում անցկացրած մանկության, երկրաշարժի հետեւանքների ու երեխաներին հայ մեծացնելու մասին

16:07, 2 հուլիսի

Նրա ջերմ ժպիտն արդեն երկար տարիներ է, ինչ առավոտյան ողջունում է ոչ միայն հայ, այլեւ՝ ամերիկացի հեռուստադիտողներին: Նրա փխրուն արտաքինի ներքո, իսկական, «մարտիկ» է թաքնված՝ արդարության ու ճշմարտության համար պայքարող մարտիկ, որը պատրաստ է գնալ ամենադժվար ճանապարհներով՝ մարդկային տարբեր խնդիրները վեր հանելու եւ դրանց լուծումները գտնելու համար:

Խոսքն, իհարկե, ԱՄՆ-ի ամենահայտնի հայ հեռուստալրագրողներից մեկի՝ Արաքսյա Կարապետյանի մասին է, որն իր կարիերան սկսելով ամենատարբեր հեռուստաալիքներից՝ 2012-ից աշխատում է Լոս Անջելեսի հեղինակավոր Fox 11 հեռուստաալիքում, որտեղ վարում է առավոտյան՝ Good Day LA հաղորդումը:

Չնայած երկար տարիներ ապրում է ԱՄՆ-ում՝ հաղորդավարուհին պնդում է՝ իր կապը Հայաստանի հետ հիմա ավելի ամուր է: Արաքսյան իր մեծ ներդրումն ունի Հայաստանի խնդիրների լուսաբանման ու բարձրաձայնման մեջ, իսկ այսօր փորձում է հայրենիքի հանդեպ այդ սերը փոխանցել նաեւ իր երկու դուստրերին՝ Սեւանին ու Սոնային:

Իր՝ բարձր որակի աշխատանքի համար Արաքսյան արժանացել է հեռուստատեսային ոլորտի մի շարք մրցանակների, այդ թվում՝ «Էմմիի»:

NEWS.am STYLE-ն «ArmenՅԱՆs» խորագրում զրուցել է Արաքսյա Կարապետյանի հետ՝ անդրադառնալով նրա՝ Գյումրիում անցկացրած մանկությանը, երկրաշարժից մնացած հետքերին, երեխաներին ու մասնագիտական  բարձրունքներին:

Արաքսյա, Դուք ծնվել եւ մանկության որոշ տարիներ անցկացրել եք Գյումրիում: Հետաքրքիր է՝ ի՞նչ հիշողություններ են այդ տարիները «դաջել» Ձեր մեջ:

Իմ մանկությունից հրաշալի հուշեր ունեմ: Ես երկար ժամանակ եմ անցկացրել թե´ Գյումիրում, թե´ Երեւանում: Ծնողներս Գյումրիից են, բայց երբ մայրս ընդունվեց Երեւանի պետական համալսարան, նրա ծնողները տեղափոխվեցին Երեւան: Այդպիսով, ես բավական հաճախակի եմ ճամփորդել Գյումրիից Երեւան: Իմ մանկությունը լի է եղել անհոգ, գեղեցիկ պահերով, որոնք ներառում են այնպիսի պարզություններ, ինչպիսիք են՝ տատիկիս եւ պապիկիս բակում ծիրանի ծառերի տակ խաղալը, բալերի համար ծառ մագլցելը, կտուրներ բարձրանալը եւ այլն... Սիրում էի նաեւ զբոսնել այգում, նոր ընկերներ ձեռք բերել: Ես միակ երեխան էի ընտանիքում, այդպիսով՝ մեծ ուշադրություն էի ստանում ու ունեի կանոնավոր օրակարգ՝ առավոտյան եւ երեկոյան գնում էի այգի, հաճախում արվեստի թանգարաններ, համերգներ: Ես մեծացել եմ՝ շատ վաղ տարիքից գնահատելով արվեստը: Ինձ նաեւ դուր էր գալիս շուկա գնալը: Սիրում էի հետեւել մարդկանց զրույցներին, որոնց մեջ այնքան էներգիա ու կյանք կար... Ինձ համար ամենաօրյա պահերն են ստեղծում հիշողություններ ու ժպիտ առաջացնում:

Ցավոք՝ 1988-ին Դուք եւս ականատեսը դարձաք Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի: Դա ի՞նչ հետք է թողել Ձեր հետագա կյանքի վրա:

Շատ պարզ եմ հիշում այդ օրը… Մինչ օրս ետ եմ գնում դեպի այդ օրը, այդ օրվա խոսակցությունները: Ես այդ ժամանակ մանկապարտեզում էի… Հենց նոր էի վերջացրել նկարելը… Թռչուն էի նկարել, եւ ուսուցչուհիս վերցրել էր նկարս, որպեսզի կախեր չորանալու, երբ հանկարծ շատ անսպասելի ամբողջ շենքը սկսեց թեքվել մեկ ուղղությամբ: Բոլորս կորցրինք հավասարակշռությունն ու ընկանք հատակին... Ուսուցչուհին գոռում էր, որ վազեինք դուրս, մենք այդպես էլ արեցինք: Իջնում էինք աստիճաններով, մինչ շենքը շարունակում էր տատանվել, մեր գլխավերեւում փոշի էր, աղյուսներն ընկնում էին: Տատիկս մանկապարտեզի տնօրենն էր, ու ես հիշում եմ՝ նրա աշխատասենյակի մոտով անցնելիս նայեցի ներս՝ տեսնելու արդյոք այնտե՞ղ էր, բայց նա չկար... ու ես շարունակեցի վազել: Երբ դուրս եկանք շենքից, ցնցումը դադարեց: Մենք դրսում այնքան սպասեցինք, մինչեւ ծնողները կգային մեզ վերցնելու... Այդ սպասումն անվերջանալի էր թվում: Ես վերջիններից էի, ում հետեւից եկան: Մայրս պատմում է, որ երբ ինձ տեսավ, ես ամբողջովին փոշով էի պատված ու լաց էի լինում: Մենք նստեցինք մեքենան, որը հայրս էր վարում, ես առջեւում էի նստել՝ մայրիկիս հետ, իսկ հորեղբորս կինն ու զարմուհիներիցս մեկը նստել էին ետնամասում: Մենք ամբողջ քաղաքով շրջեցինք՝ փնտրելու մեր ընտանիքի անդամներին: Հիշում եմ տարբեր անկյուններում կանգնած մարդկանց. ոմանք՝ բժշկական օգնության կարիք ունեին, շատերը վիրավոր էին, բայց ոչինչ չկար ու շուրջբոլորը քաոս էր տիրում: Մենք գնացինք հիվանդանոց, որտեղ հորաքույրս էր աշխատում. այն չէր փլվել, ինչը մի փոքր հանգստացրեց մեզ, բայց քիչ անց մեզ հայտնեցին, որ հորաքույրս մինչ երկրաշարժի սկսվելը գնացել էր մեկ այլ հիվանդանոց՝ հիվանդներից մեկին ստուգելու: Այդ հիվանդանոցը փլվել էր... Երբեք չեմ մոռանա, թե այդ պահին ինչպես զարմուհիս գլուխը ետ տարավ ու սկսեց գոռալ... Ես այնքան վախեցա: Ես փոքր էի, բայց գիտակցում էի, որ ինչ-որ սարսափելի բան էր պատահել հորաքրոջս, եւ որ այդ երկրաշարժն այնքան մարդու կյանք էր փոխել... Եվ, իսկապես, դրանից հետո ոչինչ էլ առաջվանը չէր Գյումրիում: Այնքան շատ տխրություն կար այն քաղաքում, որը ժամանակին ծիծաղով էր լցված: Ամիսներ անց ես սկսեցի հաճախել առաջին դասարան, հիշում եմ, որ տնային աշխատանքս կատարում էի մոմի լույսի ներքո, եւ միայն մի քանի ժամով էինք ջուր ունենում: Իմ ընտանիքը լքեց այդ իրականությունը՝ տեղափոխվելով  Միացյալ Նահանգներ, բայց շատերը դեռ երկար տարիներ ապրեցին այդ իրականության մեջ: Դրանք շատ մութ, ցուրտ տարիներ էին... Ես հաճախակի եմ հիշում այդ շրջանը: Մինչ օրս, երբ այստեղ՝ Քալիֆորնիայում, երկրաշարժ է լինում, սիրտս այնպես ուժգին է զարկում: Ես սարսափում եմ երկրաշարժներից...

Ինչպե՞ս եղավ ԱՄՆ տեղափոխվելու որոշումը:

Ընտանիքս ԱՄՆ տեղափոսխվեց 1990 թ-ի ապրիլին: Այդ ժամանակ ես 7 տարեկան էի: Մի կողմից երկրաշարժը, մյուս կողմից՝ պատերազմն ու ԽՍՀՄ-ի փլուզումը նպաստեցին պապիկիս՝ Ռաֆիկ Թումանյանի այդ որոշմանը: Նրա եղբայրն ԱՄՆ էր տեղափոխվել Երկրորդ համաշարհային պատերազմից հետո, եւ նա մեզ օգնեց տեղափոխվելու հարցում. դա փոխեց իմ կյանքը... Եթե այդ մեկնումը չլիներ, ես հիմա չէի լինի այնտեղ, որտեղ կամ եւ չէի անի այն, ինչով հիմա եմ զբաղվում: Ես միշտ երախտագիտությամբ եմ հիշում նրան:

Ենթադրում եմ՝ օտար երկրում դժվարությունները շատ էին, հատկապես՝ սկզբնական շրջանում

Քանի որ ես շատ փոքր էի այդ ժամանակ, ինձ համար հեշտ էր հարմարվելը: Սկզբում ընդհանրապես անգլերեն չէի խոսում, բայց կարճ ժամանակ անց կարողացա յուրացնել լեզուն: Ամեն դեպքում, պատկերացնում եմ, թե որքան դժվար է եղել ընտանիքիս համար… Նրանք թողել էին իրենց աշխատանքը, հարազատներին, ընկերներին, հիշողություններն ու եկել օտար երկիր՝ ամեն ինչ նորից սկսելու: Դա, իհարկե, հեշտ չէր կարող լինել: Էմոցիոնալ առումով էլ էր ամեն ինչ դժվար:

Ինչպես նշեցի, ինքս առանձնապես դժվարություն չեմ զգացել, բայց անկասկած՝ պայքարել եմ, որ գտնեմ ներդաշնակություն իմ նոր միջավայրի հետ: Ուզում էի ընդգրկվել դրա ներսում, բայցեւ չէի ցանկանում կորցնել այն, ինչ որ կայի: Տարիների ընթացքում կարողացա գտնել այդ ներդաշնակությունը: Ես այս երկու աշխարհներից վերցնում եմ լավագոււյնը, եւ կարող եմ ասել, որ ժամանակի ընթացքում իմ կապը Հայաստանի հետ միայն ուժգնացել է:

Ձեր ուղին դեպի հեռուստալրագրություն բավական երկար է եղել: Երբվանի՞ց այս ոլորտը դարձավ Ձերը:

Ինձ հաճախ են այս հարցը տալիս, իսկ պատասխանը մեկն է՝ այն պահից, երբ հայտնվեցի այդ աշխարհում: Միեւնույն ժամանակ, կարծում եմ՝ դա հենց այն էր, ինչով պիտի զբաղվեի կյանքում: Ես ընդունվել եմ Նյու Յորքի Սիրաքյուսի համալսարան, որտեղ Միջազգային հարաբերություններ սովորելիս, հայտնաբերեցի, որ տվյալ համալսարանն ունի երկրի լավագույն հաղորդավարական ծրագրերը: Ես երկու մասնագիտություն եմ ստացել S.I. Newhouse հանրային հաղորդակցման դպրոցում: Սակայն անգամ ավարտելուց հետո ես կասկածում էի՝ արդյոք ճի՞շտ ընտրություն էի կատարել: Այդպես կասկածներով վերադարձա Լոս Անջելես, դիմումս ուղարկեցի Լոնդոնի տնտեսագիտական դպրոց եւ ընդունվեցի այնտեղ: Ցանկանում էի ստանալ մագիստրոսի կոչում: Դիմել եմ աշխատելու գովազդային եւ հանրային կապերի ոլորտներում, պարզապես մինչեւ դա ոչ մի փորձաշրջան չէի ունեցել ու չէի համարձակվում դիմել հեռուստատեսային աշխատանքի համար: Բացի այդ, չէի ցանկանում տեղափոխվել մի ինչ-որ փոքրիկ քաղաք, որպեսզի այնտեղ սկսեի իմ կարիերան այդ ոլորտում: Այդպիսով, 2006-ին որոշեցի վերադառնալ Հայաստան՝ իրականությունը շրջանցելու համար: Ես պատրաստ չէի նման որոշման, բայց այդ ճամփորդության ընթացքում էլ հայտնվեց իմ կիրքը դեպի լրագրությունն ու պատմությունները:  Ես շրջում էի տարբեր վայրեր, զրուցում մարդկանց հետ, ինչից հետո էլ լրագրության հանդեպ իմ «քաղցն» առաջացավ: Վերադառնալով Լոս Անջելես՝ մի շարք վայրերում անցա փորձաշրջաններ, ձայնագրեցի իմ ռեզյումեն եւ այն ուղարկեցի ամբողջ երկրով մեկ՝ անգամ այն քաղաքները, որոնց մասին, նույնիսկ, չէի լսել: Մի շարք առաջարկներ ստացա, որոնցից պատահաբար ընտրեցի Այդահո-Ֆոլսը, եւ պարզապես գնացի այնտեղ:

Ճանաչված հաղորդավարուհի դառնալը, այն էլ՝ օտար երկրում, հեշտ չի տրվում: Ի՞նչ դժվարություններ եք ստիպված եղել հաղթահարել, մինչեւ այսօրվա հաջողությանը հասնելը:

Եթե ընտրել ես այս մասնագիտությունը, ուրեմն՝ պետք է լինես համբերատար եւ պատրաստակամ անդադար աշխատելուն: Եթե կենտրոնացած ես միայն գումար վաստակելու վրա, պետք է փաստեմ, որ քեզ դա չի հաջողվի սկզբում: Կարծում եմ՝ դա հրաշալի փորձաշրջան է, որպեսզի հասկանաս՝ արդյոք այս մասնագիտությունը քոնն է: Այս ոլորտը ժամանակի մասին է: Ես դարձա առավոտյան ծրագրի հաղորդավարուհի, քանի որ ժամանակս ճիշտ էի դասավորում՝ չհաշված, իհարկե, մյուս գործոնները: Այդահոյում անցկացրած երկուս ու կես տարուց հետո մեկնեցի Փորթլենդ, որտեղ անցկացրի երկու տարի, որից հետո որոշում կայացրի վերադառնալ Լոս Անջելես: Լրագրողի աշատանքի առաջարկ ստացա Նյու Յորքից, բայց քանի որ ընտանիքս Լոս Անջելեսում էր, հենց այդտեղ էր իմ սիրտը:

Արաքսյա, երկար տարիներ է՝ բնակվում եք ԱՄՆ-ում, բայց այնքան նվիրված եք Ձեր արմատներին: Ինչպե՞ս է հաջողվում պահպանել հայկականը՝ այդքան հեռու լինելով Հայաստանից:

Չգիտեմ…Ինչպես ավելի վաղ նշեցի՝ տարիների ընթացքում Հայաստանի հետ կապս ավելի է ամրապնդվել: Շատ վաղուց էր, երբ վերջին անգամ վերադարձել էի, որովհետեւ միշտ զբաղված եմ եղել աշխատանքով, հետո՝ ամուսնություն, երեխաներ… Բայց աննկարագրելի է այն զգացողությունը, երբ ոտք ես դնում հայկական հողի վրա: Այդ պահերին եմ հասկանում, որ իսկապես շնչում եմ: Հենց այդ պահին եմ զգում, որ տանն եմ: Երբ հեռվից նայում եմ Արարատին, աչքերս արցունքով են լցվում, հողն ինձ կանչում է: Դա անբացատրելի բան է, քանի որ դա կարող ես միայն զգալ, ու այդ զգացողությունն ինձ ուժ է տալիս՝ միեւնույն ժամանակ դարձնելով չափազանց էմոցիոնալ:

Գիտե՞ք ինչն է հետաքրքիր՝ երբ գնում եմ Գյումրի, միանգամից հարազատ բարբառս արթնանում է, սկսում եմ որոշակի բառեր հիշել, որոնք, նույնիսկ, չէի կարծում, թե գիտեմ: Անբացատրելի է, թե որքան օրգանիկ է այդ ամենը կատարվում: Երբեմն բարկանում եմ, որ շատ հեռու եմ գտնվում ու չեմ կարողանում հաճախակի օգտագործել մեր լեզուն, բայց, միեւնույն ժամանակ, ինձ փարատում է հենց վերը նկարագրածս օրինակը:

Ձեր թույլտվությամբ՝ անդրադառնանք նաեւ Ձեր երեխաներին, որոնց եւս փորձում եք մոտ պահել հայկական արմատներին…

Այո, ես փորձում եմ նրանց սովորեցնել լեզուն: Իմ մեծ աղջիկը շատ լավ էր խոսում հայերեն, իսկ հետո սկսվեց համավարակը ու ստիպված եղանք հեռու մնալ ընտանիքի մյուս անդամներից, ինչի հետեւանքով սահմանափակվեց նրա կողմից լեզվի կիրառումը: Բացի այդ, հիմա նա դպրոց է հաճախում ու սկսել է պատասխանել անգլերենով: Բայց ես շարունակում եմ իր հետ խոսել հայերեն ու գիտեմ, որ նա լսում ու յուրացնում է դա: Երբ կարդում եմ նրա համար, դա անում եմ անգլերենով, հետո պատմում, թե ինչպես այդ ամենը կհնչեր հայերեն: Երբ ինձ հարց է տալիս, հայերենով եմ պատասխանում, իսկ երբ ինչ-որ բառ չի հասկանում, բացատրում եմ անգլերենով: Ինձ դա հեշտ չի տրվում, բայց ես փորձում եմ ամեն բան անել, նույնիսկ, հայերենի առցանց  դասընթացների եմ նրան գրանցել, որի ընթացքում նա շաբաթական երկու օր պարապում է հայ ուսուցչի հետ: Մենք մոտ չենք ապրում հայկական համայնքին, ինչը մի փոքր բարդություններ է ստեղծում այս առումով, բայց ես պատրաստակամ եմ ու համառ: Այնպես որ՝ չեմ հանձնվելու:

Վերջին անգամ, փաստորեն, 2006-ին եք Հայաստանում եղել. մոտ ժամանակներս այցելելու նպատակներ ունե՞ք:

Այո, 2018-ին էի նախատեսում գալ, բայց սպասում էի իմ երկրորդ դստերը, ու բժիշկս խորհուրդ չտվեց ճամփորդել այդ շրջանում: Տխրել էի, բայց, իհարկե, ծրագրում եմ կրկին այցելել Հայաստան եւ ինձ հետ բերել նաեւ ընտանիքիս անդամներին: Շատ եմ ուզում աղջիկներիս ցույց տալ այն երկիրը, որտեղ ես մեծացել եմ եւ նրանց հետ շրջել իմ մանկության վայրերով:

Ո՞րն եք համարում Ձեր մեծագույն հաջողությունը:

Ես միշտ կենտրոնացած եմ եղել իմ կարիերայի վրա, իմ ուշադրության կենտրոնում միշտ աշխատանքս է եղել, բայց երբ մայրացա, այդ մոտեցումս փոխվեց, ինչի համար ես ուրախ եմ: Կարծում եմ՝ հիմա ինձ մոտ ամեն բան ավելի ներդաշնակ է: Երեխաներն օգնում են լինել ավելի հեռանկարային, եւ դու սկսում ես, իսկապես, հասկանալ, թե ինչն է այս կյանքում ամենակարեւորը: Ինձ համար ծնող լինելը մեծ պատասխանատվություն է, իմ կարծիքով բոլորը պետք է դրան լուրջ վերաբերեն: Հիմա ես փորձում եմ վստահ լինել, որ նրանք լավ մարդիկ են մեծանում եւ լավագույնս կինքնադրսեւորվեն այս կյանքում, ինչպես որ ես եմ փորձում միշտ լինել իմ լավագույն տարբերակը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արաքսյա Կարապետյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել