Ժպտադեմ ու կենսախինդ Լուիզա Շարամատյանի մասին Հայաստանում շատերը լսեցին անցած տարի, երբ ամերիկաբնակ հայուհին մասնակցեց Food Network ալիքի հանրահայտ՝ «Ամերիկայի վատագույն խոհարարները» շոուին եւ ամերիկացի հեռուստադիտողի համար ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկի եթերում պատրաստեց ու ներկայացրեց հայկական տոլման:
Մինչ Food Network-ում հայտնվելը, սակայն, Լուիզան արդեն հայտնի էր ամերիկահայերի շրջանում: Ժամանցային աշխարհում իր առաջին քայլերը հայուհին արել է CBS-ում, այնուհետեւ լուսաբանել հարյուրավոր կարմիր գորգեր, զրուցել այնտեղ հայտնվող հոլիվուդյան աստղերից շատերի հետ:
NEWS.am STYLE-ի «ArmenՅԱՆs» խորագրում Լուիզա Շարամատյանը խոսել է հայրենիքից հեռու հայ մնալու, Քիմ Քարդաշյանի հետ համեմատությունների, աստղային միջոցառումների ու առաջիկա նորությունների մասին:
Լուիզա, ինչպիսի՞ն է ձեր ընտանիիքի՝ ԱՄՆ-ում հայտնվելու պատմությունը:
1915 թ-ի Հայոց ցեղասպանության հետեւանքով իմ մեծ պապերը արտագաղթեցին Ֆրանսիա, Լիբանան եւ Սիրիա: 1946-ին նրանք որոշեցին վերադառնալ Հայաստան, որտեղ ապրեցին մոտ 30 տարի: Սակայն նրանց ընտանիքի անդամներից շատերը, հարազատները արդեն ապրում էին Ամերիկայում եւ նրանք, պարզապես, ցանկանում էին վերամիավորվել: Իմ ծնողներն ամուսնացել են 1986 թ-ին, մեծ եղբայս ծնվել է Հայաստանում՝ 1987 թ-ին: Ծնողներս որոշեցին միանալ տատիկիս ու պապիկիս, եւ 1988 թ-ի հունվարին մեկնեցին ԱՄՆ: Ես ծնվել եմ նույն թվականին՝ Հոլիվուդում:
Ծնվել եւ մեծացել եք ԱՄՆ-ում, բայց ինչպես բազմիցս եք նշել՝ կարողանում եք խոսել, գրել, կարդալ հայերեն, հետեւում եք մի շարք հայկական սովորույթների… Հե՞շտ էր պահպանել այդ ամենը հայրենիքից հեռու:
Բացարձակ դժվար չէր, քանի որ ես մեծացել եմ Գլենդելում, որտեղ շատ հայեր կան, եւ մենք, կարծում եմ, ինչ-որ տեղ, նույնիսկ, ավելի շատ ենք փորձում պահպանել հայկական ավանդույթները: Ծնողներս այնտեղ 1997-ին բացեցին հայկական դպրոց, որը գործում էր մինչեւ 2007 թ-ը եւ կոչվում էր «Հայաստան շաբաթօրյա դպրոց»: Ես եւ եղբայրս այնտեղ ենք սովորել գրել եւ կարդալ հայերեն, սովորել ենք մեր պատմության ու արմատների մասին: Կարծում եմ՝ հենց ուսմանս շնորհիվ եմ ես այսքան կապված մեր մշակույթին ու ազգային ժառանգությանը: 1998-ին իմ ընտանիքը բացեց նաեւ մանկական խնամքի կենտրոն, որն արդեն 25 տարի է, ինչ այստեղ գործում է: Ծնողներս միշտ մտավախություն են ունեցել, որ, միգուցե, չկարողանանանք պահպանել մեր լեզուն, դրա համար էլ շատ են աշխատանել այդ ուղղությամբ՝ սկսած մեր մանկությունից:
Ձեր հայկական դիմագծերը օգնո՞ւմ են աշխատանքի մեջ, թե՞ հակառակը:
Իսկապես, իմ դիմագծերն ամբողջովին հայկական են, եւ ես դրա համար ուրախ եմ: Շատ շնորհակալ եմ իմ մուգ մազերի, շագանկագույն աչքերի, թուխ մաշկի ու իմ մարմնի կանացի ուրվագծերի համար: Իհարկե, օգնում են, ես ինձ օրհնված եմ համարում, որ հայ եմ ծնվել, ու կարծում եմ՝ մենք գեղեցիկ ազգ ենք:
Նկատել եմ, որ Ձեր ոճով հաճախ հիշեցնում եք Քիմ Քարդաշյանին: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա հետ համեմատություններին:
Ինձ համար դա լսելը հաճելի է, քանի որ Քիմ Քարդաշյանը մեր սերունդի ամենաազդեցիկ հայուհիներից է: Նա նորաձեւության խորհրդանիշ է, ֆանտաստիկ գործարար, եւ նա ինձ շատ է ոգեշնչում: Նա շատ ինքնավստահ է իր միջինարեւելյան գծերով, ինձ դուր է գալիս դա ու նրա կատարած աշխատանքը: Բացի այդ, Քիմը միշտ բացահայտ խոսում է իր հայկական ժառանգության, բարձրաձայնում Հայոց ցեղասպանության մասին՝ փորձելով տեղեկացնել ավելի շատ մարդկանց, իսկ նրա ձայնը մեծ ազդեցություն ունի:
Լուիզա, անդրադառնանք շոու-բիզնեսի հանդեպ Ձեր հետաքրքրությանը: Ինչպե՞ս այն սկսվեց:
Ժամանցային աշխարհի հանդեպ իմ սերը սկսվել է, երբ դեռ փոքրիկ աղջնակ էի: Որքանով ինձ հիշում եմ, միշտ հետաքրքրված եմ եղել ֆիլմերով, հեռուստաշոուներով, պրոդյուսինգով, այդ ոլորտի հետ կապված ամեն ինչով:
Ձեր առաջին քայլերն արել եք CBS-ի Entertainment Tonight հաղորդաշարում: Ինչպիսի՞ փորձ եղավ դա:
CBS-ում անցկացրած իմ ժամանակը շատ ուսուցողական էր: Ես շատ երիտասարդ էի, եւ առաջին անգամ էի առնչվում հեռուստատեսային ուղիղ եթերին, տեսախցիկների հակառակ պատկերին եւ նյուզ ռումին: Փորձաշրջանիս ընթացքում շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել, որոնց հետ մինչ օրս կապս պահում եմ:
Կարծում եմ՝ հատկապես տպավորիչ է եղել կարմիր գորգի արարողությունները լուսաբանելը: Ի՞նչ հետաքրքիր հուշեր ունեք այդ միջոցառումներից:
Այո, ես լուսաբանել եմ Կարմիր գորգի ավելի, քան 100 միջոցառում, որոնց ընթացքում շատ բան եմ սովորել: Ինձ հաջողակ եմ համարում, որ մինչ Covid-ի բռնկվելը հասցրել եմ լուսաբանել երկու շատ կարեւոր իրադարձություն՝ «Մի անգամ Հոլիվուդում» եւ «Իռլանդացին» ֆիլմերի պրեմիերաները, որոնց ընթացքում հանդիպել եմ Լեոնարդո ԴիԿապրիոյին ու Բրեդ Փիթին, ինչպես նաեւ՝ Ալ Պաչինոյին ու Ռոբերտ Դե Նիրոյին: Ինձ համար հիշարժան էր նաեւ Մորգան Ֆրիմանին հանդիպելը: Նա շատ համեստ ու բարի մարդ է: Նրա հետ մեծ ցանկություն ունեցա սելֆի ունենալու, եւ նա ոգեւորությամբ համաձայնվեց:
Լուիզա, վերադառնանք Ձեր գործունեությանը. Food Network հեռուստաալիքի Worst Cooks/«Վատագույն խոհարարները» Ձեր մասնակցությամբ վերջին շրջանի ամենահայտնի շոուն էր: Շատերը կհիշեն, թե ինչպես դրա շրջանակում փորձեցիք պատրաստել հայկական տոլմա...
Այո, հաղորդման այդ էպիզոդն ինձ համար շատ կարեւոր էր: Ինձ համար պատիվ էր Food Network-ի համար հայկական տոլմա պատրաստելը, եւ շատ հաճելի էր աշխատել մի հեռուստացանցում, որն ինձ լիովին թողնում էր ինքնադրսեւորվել, ցուցադրել իմ հայկական ժառանգությունը: Ինչ վերաբերում է պատրաստելուս հմտություններին, դրանք բարելավվել են, բայց դեռ մեծ ճանապարհ ունեմ անցնելու:
Անցած տարի եկել էիք Հայաստան, մինչ այդ վերջին անգամ 2005-ին էիք եղել Երեւանում: Փոփոխությունները շա՞տ էին Ձեզ համար:
Այո, կարծում եմ՝ շատ բան էր փոխվել: 2005-ին ես դեռահաս էի եւ շատ բան չէի հասկանում, իսկ անցած տարվա այցելությունս շատ ավելի տպավորիչ էր: Կարծում եմ՝ երկիրը շատ է փոխվել, մարդիկ էլ ավելի նորաձեւ են դարձել, նոր տեխնոլոգիաներ են հայտնվել, նորաձեւության շուկան զարգացել է: Նկատել եմ, որ Հայաստանի նոր սերունդը կյանքով լեցուն է, եւ նրանց համար շատ կարեւոր է իրենց ապագան, ինչն ուրախացնող է:
Իսկ այս պահին ի՞նչ նորությունների շուրջ եք աշխատում:
Այժմ միանգսմից մի քանի նախագծի շուրջ եմ աշխատում: Դրանցից մեկը «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական ֆիլմն է, որի պրոդյուսերը Մանվել Սարբեկյանն է: Ես զբաղվում եմ ֆիլմի հանրահռչակման աշխատանքներով, նաեւ պրոդյուսերի օգնականն եմ: Այժմ բանակցում ենք տեղական կինոթատրոնների հետ, որպեսզի այն ցուցադրենք այստեղ: Սա ֆիլմ է, որը պատմում է այն մասին, թե ինչպես են ամերիկացի բարեգործներն օգնել հայերին, հույներին ու ասորիներին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
Ինձ նաեւ առաջարկել են մասնակցել Food Network-ի նոր շոուին, բայց դրա մասին առայժմ շատ բան չեմ կարող պատմել, քանի դեռ ոչինչ հաստատված չէ:
Այս պահին ինձ դուր է գալիս ֆիլմարտադրության գործընթացն ուսումնասիրելն ու հզոր պատմություններ ներկայացնելը: Իսկ ժամանցային ոլորտը շատ հոգեհարազատ է, քանի որ այն մի մեծ անձրեւանոց է, որի տակ շատ հնարավորություններ են թաքնված: Կարծում եմ՝ լավագույնը դեռ առջեւում է:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լուիզա Շարամատյանի Instagram-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար