Լիբանանահայ աշխարհահռչակ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը հայտնի է իր հարսանեկան ու երեկոյան զգեստների շքեղ հավաքածուներով, աստղային համագործակցություններով ու ձեռագործ նախշազարդերով, որոնք հաճախ ընդգծում են նրա ոգեշնչումը հայկական արմատներից: Ջաբոտյանը միշտ անդրադառնում է Հայաստանին ու հայերին վերաբերող խնդիրներին՝ արտահայտելով իր սերն ու աջակցությունը հայրենիքին, որը, սակայն, դեռեւս տեսնելու հնարավորություն չի ունեցել:
NEWS.am STYLE-ի «ArmenՅԱՆs» խորագրի շրջանակում այս անգամ զրուցել ենք Գրիգոր Ջաբոտյանի հետ: Դիզայները պատմել է իր ընտանիքից, խոսել Հայաստանից հեռու հայ մնալու մասին, անդրադարձել Էլի Սաաբի հետ աշխատելու փուլին ու հոլիվուդյան աստղեր Շերոն Սթոունի, Ռեջինա Քինգի ու Հորդանանի թագուհի Ռանիայի հետ համագործակցություններին:

Գրիգոր, ծնվել եւ մեծացել եք Լիբանանում, բայց միշտ հավատարիմ եք Ձեր՝ հայկական արմատներին. ինչպե՞ս է հաջողվել այդքան հայ մնալ՝ լինելով Հայաստանից հեռու:
Հայկական համայնքը, ներառյալ իմ ընտանիքը, հայտնի է իր միասնականությամբ: Ես եւ քույրս հայկական դպրոց ենք հաճախել եւ մեծացել ենք մի միջավայրում, որտեղ մեզ դեռ վաղ մանկությունից սերմանվել է մեր մշակույթի ու պատմության հանդեպ մեծ սեր: Երիտասարդ սերնդին միշտ սովորեցնում են սիրել իրենց հայրենիքը, որը նրանք, նույնիսկ, չեն այցելել, եւ սա արվում է, որպեսզի մեր ազգային պատկանելիությունը ամուր պահենք: Ամեն դեպքում, ինձ, պարզապես, չեն խրատել, որ սիրեմ իմ հայկական արմատները. ես իմ ժողովրդի պայքարի մի մասնիկն եմ, կապված եմ նրանց նպատակներին, երաժշտությանը, կինոյին եւ մյուս կարեւոր արժեքներին: Իմ մեջ կա պատկանելիության մեծ զգացում ու ամուր կապ հայրենիքիս հետ:
Կպատմե՞ք Ձեր ծնողների մասին. երկուսն էլ հա՞յ են:
Ծնողներս լիբանանահայեր են: Հայրս մաքուր հայ է, մայրս՝ կիսով չափ հայուհի եւ լիբանանցի: Ես երրորդ սերդնի հայ եմ:

Դրսում ապրող ցանկացած հայ ունի հայրենիքից հեռու հայտնվելու իր պատմությունը. կներկայացնե՞ք Ձեր ընտանիքինը:
1915 թ-ի Հայոց ցեղասպանության ժամանակ իմ մեծ պապը ստիպված եղավ լքել Սիսն ու տեղափոխվել Բեյրութ՝ Կարանտինա: Այնտեղ նա հանդիպեց իմ մեծ տատին: Նա շատ ինքնուրույն մարդ էր, եւ ինչպես շատ հայ ներգաղթյալներ, կարողացավ ոտքի կանգնել: Իմ ազգանվան իրական գրելաձեւը Չափոթյան է, բայց Լիբանանում այն գրանցել են Ջաբոտյան: Ի դեպ, հետաքրքիր է, որ Չափոթյան ազգանունը թարգմանաբար նշանակում է «գործվածքի մնացորդ», որը, զավեշտալի կերպով, հղկել է իմ ճանապարհը դեպի նորաձեւության աշխարհ:
Ինչպես նշեցիք՝ հայկական դպրոց եք հաճախել. հիմա հայերենով գրել-կարդալ կարողանո՞ւմ եք, կա՞ն ավանդույթներ, որոնք պահում եք:
Այո, հայկական դպրոց եմ հաճախել, որտեղ էլ սովորել եմ խոսել, կարդալ ու գրել հայերենով: Ինձ համար կարեւոր է, որ հնարավորինս շատ կիրառեմ մեր լեզուն՝ հայրիկիս ու այլ հայերի հետ շփվելու միջոցով, քանի որ երբ քիչ ես օգտագործում տվյալ լեզուն, ժամանակի ընթացքում սկսում ես վատ տիրապետել այն: Ինձ համար հայկական մշակույթի ամենակարեւոր գործոններից մեկը երաժշտությունն է: Սիրում եմ Կոմիտասի, Հայ Առաքելական եկեղեցում հնչող երաժշտությունը, քանի որ դրանք ինձ հարմարավետություն են փոխանցում եւ արթնացնում մանկական հուշերս:

Գրիգոր, Ձեր հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ սերը դեպի նորաձեւություն առաջացել է վաղ մանկությունից: Կհիշե՞ք, թե ինչպես ամեն բան սկսվեց: Ի՞նչը կամ ո՞վ Ձեզ ոգեշնչեցին:
Կարծում եմ՝ ինձ ոգեշնչել է մայրս: Մոր դերն ընտանիքում ինձ համար միշտ ոգեշնչող է եղել:
Բեյրութի Արվեստի եւ նորաձեւության հմտությունների ավագ դպրոցն (ESMOD) ավարտելուց հետո աշխատանքի եք անցել աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբի մոտ: Ի՞նչ դեր է նա ունեցել Ձեր կյանքում, ի՞նչ եք սովորել նրանից:
Էլի Սաաբը դպրոցում մեր ավարտական շնորհանդեսին գլխավորում էր ժյուրիի կազմը: Ես այդ օրը պարգեւատրվեցի, ինչպես նաեւ հնարավորություն ստացա աշխատելու իր նորաձեւության տանը: Ինձ համար դա մեծ փորձ էր. ես բացահայտեցի ասեղնագործության աշխարհը: Այնտեղ ես առաջին անգամ սկսեցի խորանալ զարդանախշերի մեջ, ինչը հետագայում սկսեցի կիրառել տարբեր մոտեցումներով:

Մարդիկ հաճախ համեմատում են Ձեր ոճերը. ի՞նչ կասեք այդ մասին:
Իրականում, մեր ոճերը տարբեր են միմյանցից: Ես շատ ընդհանրություններ չեմ տեսնում:
Գրիգոր, երբ որոշեցիք ստեղծել Ձեր նորաձեւության տունը, բավական երիտասարդ էիք, եւ, միգուցե, դա շատ երիտասարդ դիզայներներ կդիտարկեին, որպես ռիսկային քայլ, մանավանդ, որ արդեն ունեիք հաջողություն Էլի Սաաբի թիմում: Որքանո՞վ էր դա Ձեզ համար համարձակ քայլ:
Երբ դու երիտասարդ ես, հակված ես ռիսկերը շատ չգնահատելուն: Իմ նպատակն էր դառնալ անհատ դիզայներ, եւ ես այդ քայլն արեցի՝ առանց կշռադատելու սեփական բիզնեսն ունենալու առավելություններն ու թերությունները: Շատ կարեւոր է ձեռք բերել այն, ինչին հավատում ես՝ առանց դրա շուրջ երկար-բարակ մտորելու, հակառակ դեպքում, գուցե, զիջես դիրքերդ:

Ձեր առաջին հոլիվուդյան համագործակցությունը ամերիկացի դերասանուհի Ռեջինա Քինգի հետ էր. ինչպե՞ս այն ստացվեց, եւ ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ «Էմմի 2015» մրցանակաբաշխության բեմին նա հայտնվեց հենց Ձեր հեղինակած զգեստով:
Այդ տարի Ռեջինա Քինգն առաջին անգամ էր նոմինացված «Էմմիի», եւ ես էլ առաջին անգամ էի զգեստ ստեղծում հոլիվուդյան աստղի համար: Նա հենց այդ զգեստով հաղթեց, իսկ վերջին 11 տարիների ընթացքում ոչ մի աֆրոամերիկուհի չէր հաղթել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում, եւ այդ համագործակցությունն ինձ համար կրկնակի նշանակալից դարձավ: Բոլոր պայմանավորվածությունները եղել են նրա ոճաբանի հետ, նա ինձ մոտ Բեյրութ էր եկել, որտեղ մի քանի հանդիպում ենք ունեցել, որոնց ընթացքում էլ ավարտին ենք հասցրել զգեստը:


Դուք առանձնահատուկ հպարտությամբ եք խոսում Հորդոնանի թագուհի Ռանիայի հետ համագործակցությունների մասին: Որքանո՞վ է պատասխանատվությունը մեծ, երբ Ձեզ իր արտաքին տեսքն է վստահում անձամբ թագուհին:
Ինձ համար մեծ պատիվ է թագուհի Ռանիայի համար զգեստ ստեղծելը, այն էլ՝ մեկից ավելի անգամ: Այո, իսկապես, շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար: Ինչ վերաբերում է պատասխանատվությանը՝ ցանկացած կնոջ հանդեպ, որն ինձ է վստահում իր զգեստը, ես պատասխանատվություն եմ զգում:


Ձեր վերջին նշանակալից համագործակցություններից մեկը հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունի հետ էր. պատմեք, խնդրում եմ, այդ համագործակցության ու նրա զգեստի ստեղծման մասին:
Շերոն Սթոունի հետ համագործակցել ենք Vanity Fair Italia-ի՝ այս տարվա ապրիլ ամսվա համարի համար: Նա նկարահանվել է իմ հեղինակած կարմիր կոմբինիզոնով, որը մեր 2021 թ-ի՝ հարսանեկան եւ երեկոյան զգեստների հավաքածուից է: Ի դեպ, նա երկրորդ անգամ էր նկարվում մեր հագուստով: Առաջին անգամ կրկին ընտրել էր կարմիր երանգի զգեստ, որով ներկայացել էր հունական Vogue-ի՝ 2020-թ-ի համարում: Իհարկե, սա ինձ համար հպարտանալու առիթ է, քանի որ Շերոն Սթոունը ոչ միայն նորաձեւության խորհրդանիշ է, այլեւ բոլոր ժամանակների ամենապահանջված դերասանուհիներից մեկը, որն իր կարիերայի ընթացքում շարունակ տարածել է ինքնավստահություն եւ ուժ:


Գրիգոր, կուզեի վերադառնայինք Հայաստանին Ձեր նվիրվածությանը: Դուք միշտ բարձրաձայնում եք Հայոց Ցեղասպանության մասին, իսկ 2020-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ձեր աջակցությունը հայտնեցիք հայերին՝ Ձեր գրառումներում անդրադառանալով Արցախում կատարվող դեպքերին: Որքանո՞վ են այդ իրադարձություններն ազդել Ձեզ վրա՝ որպես հայի եւ որպես ստեղծագործ անհատի:
Հայերը, ինչպես եւ նման անարդարությունների ենթարկված այլ ազգեր, ցանանում են ցույց տալ աշխարհին, որ մենք շարունակելու ենք գոյատեւել ու ծաղկել` անկախ մեզ բնաջնջելու ու Հայոց ցեղասպանության իրողությունը հերքելու փորձերից: Իմ ուժը գալիս է իմ նախահայրերից, որոնք գոյություն են ունեցել անհիշելի ժամանակներից, եւ նաեւ այն հայերից, որոնք շարունակում են պայքարել իրենց անախության, խաղաղ ու ազատ կյանքի համար:

Որքանով տեղյակ եմ, դեռեւս չեք եղել Հայաստանում. մոտ ապագայում սպասվո՞ւմ է այցելություն հայրենիք:
Դեռեւս չեմ եղել Հայաստանում, ու դա անելն իմ առաջնային ծրագրերից է առայժմ: Հուսով եմ՝ մի օր հնարավորություն կունենամ այդտեղ ներդրումներ կատարելու, որպեսզի հանգիստ կարողանամ նաեւ Հայաստանում հաստատվել:

Ձեր հաջողությունը, վստահորեն, ոգեշնչում է շատ երիտասարդ դիզայներների: Կա՞ խորհուրդ, որով կցանկանայիք կիսվել նրանց հետ:
Կիրքը նույնքան կարեւոր է, որքան տաղանդը: Ստեղծեք ձեր ուրույն տեղն այս ոլորտում, անգամ եթե այդ տեղը գոյություն չունի: Մի եղեք մեծամիտ, միշտ փորձեք ստեղծել ավելի լավը եւ դառնալ լավը նաեւ որպես մարդ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Գրիգոր Ջաբոտյանի ինստագրամյան էջից, Fashionbizzle.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը