Խոհարարների ամենահայնի` MasterChef մրցույթի ավստրալական տարբերակն այս տարի աչքի ընկավ ոչ միայն թեժ մրցակցությամբ, այլեւ հայկական համ ու հոտով: 24 ֆինալիստների մեջ իր հմտությամբ փայլեց նաեւ ազգությամբ հայուհի Անուշկա Զարգարյանը, որն իր ուտեստների շնորհիվ կարողացավ հասնել մինչեւ լավագույն վեցնյակ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայ մասնակիցը պատմել է` ինչպես է ստացվել մրցույթում իր մասնակցությունը, որն է եղել ամենադժվար փորձությունն ու ինչպես է ամիսներ շարունակ դիմակայել ընտանիքի կարոտին:
Ամուսնու եւ երեխաների հետ Անուշկան Ավստրալիայում բնակություն է հաստատել 2001 թ-ից: Մինչ մրցույթին մասնակցելը` Անուշկան ունեցել է օպտիկական խանութ սրահի բիզնես: Այն վաճառելուց հետո որոշել է զբաղվել մի բանով, որն իր հոգուն ավելի հարազատ է.
«Ունեի բավականին ազատ ժամանակ, երեխաներս էլ արդեն մեծահասակ են: Սիրում եմ խոհանոցը, այն ինձ համար թերապիայի միջոց է: Առանց սպասելիքների եմ մասնակցել մրցույթին, պարզապես իմ հաճույի համար»:
Ինչպես հայտնի է` խոհարարական այս ձեւաչափն աչքի է ընկնում բարդ փորձություններով. Անուշկան վերհիշեց, թե որն է եղել իր համար բարդագույնը.
«Մրցույթի ընթացքում կան փուլեր, երբ պետք է կրկնօրինակես հանրաճանաչ խոհարարների կամ հրուշակագործների բաղադրատոմսերը, որոնք իսկապես շատ բարդ են` թե կառուցվածքով, թե տեսքով: Ինձ համար դժվարներից մեկը հայտնի շոկոլադագործ եւ հրուշակագործ Քրիստեն Թիբալսի` խնձորով կարկանդակի փորձությունն էր: Այն սովորական կարկանդակ չէր, բսղադրատոմսը կազմված էր 11 էջից եւ 62 քայլից` 10 տարբեր էլեմենտ... Շատ բարդ էր,բայց մեծ բավականություն եմ ստացել նաեւ, երբ 50 մասնակցից ընդգրկվեցի լավագույն 24-ի մեջ: Դա առաջին էպիզոդն էր, որի ընթացքում պատրաստեցի մեղրով տորթ»:
Անուշկան, սակայն, խոստովանում է` խոհարարական փորձություններից զատ` ամենադժվարը ընտանիքի անդամներից մոտ 6 ամիս շարունակ հեռու գտնվելն էր.
«Երբեք այդքան երկար ժամանակով չէի հեռացել իմ ընտանիքից, դրան գումարվել էր նաեւ այն փաստը, որ ապրում ես բոլորովին անծանոթ միջավայրում, բոլորովին անծանոթ մարդկանց հետ»:
Ժյուրիի անդամներին հայ խոհարարուհին գրավում էր, հատկապես, իր պատրաստած համեղ հրուշակեղենով.
«Ես կարողանում եմ համադրել բանջարեղենը, մաղադանոսը եւ համեմունքները, որոնք սովորաբար օգտագորվում են աղի ուտեստների մեջ: Ես դրանք օգտաործում եմ աղանդերի մեջ եւ դա շատ յուրօրինակ համային համադրություն է ստեղծում: Նրանք շատ հավանել էին իմ պատրաստած խնձորով եւ սամիթով, ինչպես նաեւ` բազուկով եւ այծի կաթով աղանդերը»:
Նախագիծը նոր է ավարտվել, բայց արդեն մի շարք դռներ է բացել հայ մասնակցի առջեւ.
«Ունեմ խոհարարական դպրոցների հետ համագործակցության առաջարկներ, նաեւ աշխատում եմ իմ ապրանքանիշի վրա: Նոյեմբերի վերջին իմ բրենդային առաջին հրուշակեղենը կներկայացնեմ հանրությանը»:
Անուշկան այս օրերին դստեր հետ Հայաստանում է, այստեղ կլինեն մինչեւ սեպտեմբերի 4-ը: Ավստրալաբնակ հայուհին նշում է` շատ կցանկանար հնարավորության դեպքում` հայաստանաբնակ հայերին էլ ներկայացնել իր պատրաստած ուտեստները.
«Եթե լինեն ռեստորաններ, որոնք կցանկանան ներկայացնել իմ պատրաստած ուտեստները, ես սիրով պատրաստ եմ համագործակցության: Իսկ մինչ այդ` իմ հայրենակիցներն ինձ կարող են հետեւել Facebook-ում եւ Instagram-ում, իսկ իմ բաղադրատոմսերն առկա են www. anushkaskitchen.com.au կայքում»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Անուշկա Զարգարյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)