Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կայացավ սիրված արտիստ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը։ Ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները, ամենահավատարիմ երկրպագուները, ու, պարզապես, նրա ինքնատիպ ձայնի սիրահարները եկել էին մասնակցելու արարողությանն ու աղոթելու նրա հոգու հանգստության համար։
Գործընկերներն Արային բնութագրում են որպես ոչ միայն տաղանդավոր արտիստի, այլեւ լավ մարդու, որի հետ կապված ամենաջերմ հիշողություններն ունեն։
«Նա զգացնել չէր տալիս իր հոգեվիճակը, մենք էլ աշխատում էինք շատ չխոսել այդ մասին»․ Արամե
Արամեն պատմում է՝ Արայի հետ ծանոթացել է մոտ 17 տարի առաջ՝ Երեւանում։ Հիշողություններն, իհարկե, միայն լավն են ու պայծառ, «քանի որ Արան այնքան մեծ էներգիա ուներ, այնքան կենսուրախ էր, որ այլ կերպ չես կարող իրեն հիշել։ Հերթական դժբախտ օրն է մեզ համար, երգարվեստի համար․․․»,-ասում է երգիչը։
Արամեի խոսքով՝ Արան տարբերվում էր բոլորից եւ նրան ոչ ոքի հետ շփոթել հնարավոր չէր՝ թե որպես մարդու, թե որպես երգչի․ «Նա ուներ բացարձակ տաղանդ։ Բացի փայլուն երգիչ լինելուց՝ նաեւ բացառիկ երաժիշտ էր։ Վստահ եմ, որ հարյուր հազարավոր մարդիկ այսօր ցավ են ապրում, որովհետեւ կյանքից հեռացավ մի երիտասարդ, տաղանդավոր մարդ, որը դեռ կարող էր երգեր եւ իր ներկայությունը նվիրեր իր ընկերներին ու երկրպագուներին»։
Մահվանից 40 օր առաջ Արան կորցրել էր մորը։ Ընկերներն ասում են՝ շատ ծանր էր տանում այդ իրողությունը․ «Մայրիկի կորստից հետո մի քանի անգամ հանդիպել եմ նրան։ Նա զգացնել չէր տալիս իր հոգեվիճակը, մենք էլ աշխատում էինք շատ չխոսել այդ մասին՝ հասկանալով, թե ինչ մեծ ողբերգություն էր դա նրա համար։ Համերգների ժամանակ ենք հանդիպել, եւ նա այնպես էր բարձրանում բեմ, ինչպես միշտ, եւ դա խոսում է նրա գերպրոֆեսիոնալիզմի եւ ուժեղ կամքի մասին»։
«Վերջին անգամ տեսել էի բեմում՝ փայլում էր․ հեռացել եմ այն մտքով, որ էլի պիտի տեսնվեինք»․ Գարիկ Պապոյան
Արա Մարտիրոսյանը միշտ սպասված հյուր է եղել Գարիկ Պապոյանի մասնակցությամբ բոլոր նախագծերում։ Շոումեն-երաժիշտն ասում է՝ նրա հետ հանդիպմանը միշտ անհամբերությամբ է սպասել․ «Ինձ համար նա այնպիսի մակարդակի արտիստ է եղել, որին տեսնելիս ես միշտ լարվել եմ։ Մեր հանդիպման միջավայրերը միշտ եղել են գործնական, բայց այնպիսին, որտեղ Արայի արվեստն էր կարեւորված»,-հիշում է Գարիկը։
«Մարդիկ կան, որ կյանքի ընթացքում որոշակի արժեքներ են թողնում, մարդ կա՝ դրա համար մի ամբողջ կյանք է պետք։ Արա Մարտիրոսյանը կարճ ապրեց, բայց կարողացավ թողնել այնքան բան, որքան հասցնում են շատերը թողնել՝ ապրելով շատ երկար։ Արայի մասին չեմ ուզում անցյալով խոսել, նույնիսկ մտքերս ձեւակերպելուց չի ստացվում, բայց գիտեմ, որ Արայի կորուստը միայն նրա ընկերների, ընտանիքի կորուստը չէ․․․ Մեծ կորուստ է, բայց նաեւ կարծում եմ, որ Արայի թողած ժառանգությունը երբեք չի ունենալու կարճ կյանք»։
Գարիկն ու Արան վերջին անգամ հանդիպել էին օրեր առաջ՝ «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը․ «Նրան տեսել եմ այնպես, ինչպես միշտ՝ փայլում էր բեմում, ու հեռացել եմ այն մտքով, որ էլի պիտի տեսնվեինք»։
«Հայկոյից հետո նոր էինք ուշքի գալիս, հիմա եւս մեկ ընկեր կորցրինք»․ Սոնա
Սոնան ու Արան միմյանց վաղուց էին ճանաչում, իսկ առաջին` «40 Градусов» զուգերգը թողարկել էին 2018-ին։ Երգչուհին հուզմունքի ներքո հիշում է՝ ինչպես էին Արայի հետ խոսում իրենց՝ համահունչ էներգետիկայի ու ձայնային տեմբրերի նմանության մասին․ «Ամեն տեսնելուց միշտ ասում էր՝ մենք պետք է էլի զուգերգ ունենանք, եւ դա շատ ուժեղ բան է լինելու։ Այսօր էլ նրա քույրն ինձ հիշեցրեց նրա խոսքերը։ Բոլորն էին հասկանում,որ մեր ձայները, էներգետիկան շատ էին համապատասխանում միմյանց, եւ մեր զուգերգը չէր կարող լինել, պարզապես, զուգերգ։ Ի դեպ, երգը հենց Հայկոն էր ձայնագրել իր ստուդիայում, Ավետ Բարսեղյանը գրել էր խոսքերը, իսկ գործիքավորումը կատարել էին Կարենն ու Սեւակը։ Որոշ ժամանակ անց եղավ «Брат Мой» դուետը․․․ Ասում էր՝ «Սոնչիկ, դու շատ նման ես ինձ», ես էլ պատասխանում էի՝ «Դու ինձանից փոքր ես, այդ դու ես ինձ նման»․․․ Չգիտեմ՝ ինչ ասել, նման բան չէի կարող անգամ պատկերացնել։ Կարծես՝ Հայկոյից հետո նոր էինք ուշքի գալիս, հիմա եւս մեկ ընկեր կորցրինք՝ հզոր արտիստի, տաղանդավոր մարդու։ Նրա ձայնը, երգերը միշտ լինելու են։ Ուզում եմ մի բան խնդրել մարդկանցից, որ արտիստներին գնահատեն կյանքի օրոք։ Գիտեմ, որ հիմա իր երգերն ավելի շատ են լսելու, բայց ուզում եմ, որ իրական արտիստներին գնահատեն կյանքի օրոք»։
«Մոր մահից հետո սպասում էր, որ այդ 40 օրն արագ անցնեին»․ Կամո Սեյրանյան
Ճանապարհի հրաշալի ընկեր, հումորով, իսկ արվեստի մեջ՝ յուրահատուկ ձեռագրով՝ Արա Մարտիրոսյանի մասին խոսելիս ընդգծում է դուդուկահար Կամո Սեյրանյանը։ «Բոլորիս ցավակցում եմ, մեծ երգչի կորցրինք։ Կարծում եմ՝ բոլորս էլ գիտեինք, որ Արա Մարտիրոսյանը սրտի հետ կապված խնդիր ուներ, ուներ 6 ստենդ, շրջագայությունների ժամանակ հաճախ է բողոքել առողջությունից, անընդհատ շարժման մեջ էր, անհանգիստ։ Բնականաբար, նրա վրա շատ էր ազդել նաեւ մոր մահը... Արայի հայրիկի հետ զրուցում էինք, ասաց, որ մոր մահից հետո սպասում էր, որ այդ 40 օրը արագ անցնեին․․․»,-հավելեց երաժիշտը։
Նշենք, որ Արա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ից 13:30-ը՝ Արամ Խաչատրյան համերգասրահից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ