ARARAT թանգարանում բացվել է «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը՝ դառնալով «Ոսկե ծիրան» 21-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի կարմիր գորգի արարողության նուրբ նախաբանը։ Այս տարի փառատոնը, որը մայրաքաղաք Երեւանում տեղի կունենա հուլիսի 7-14-ը, հեռանում է ավանդական կարմիր գորգից։
Փառատոնի ստեղծագործական թիմը որոշել է այս կարեւոր տարրին նոր, խորապես բովանդակալից իմաստ հաղորդել։ Արարողության համար AHA Collective ստեղծագործական հարթակը, արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ միասին, գորգերի շարք է հեղինակել։ Կին գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստված 7 եզակի կարպետները, որոնք կազմում են Նայիրի Խաչատուրեանի կողմից համադրված «Տեղորոշում» («Point of Reference») կարմիր գորգի հավաքածուն, հուլիսի 7-ին կազդարարեն և կձևավորեն տեղական և միջազգային կինոփառատոնային դաշտում նոր մշակույթ։
Այս կարեւոր փոփոխության նախօրեին ARARAT թանգարանը, «Ոսկե ծիրան» փառատոնը եւ AHA Collective-ը ներկայացնում են արվեստագետ Դավիթ Քոչունցի այլ աշխատանքների ցուցադրությունը՝ 2023 թվականի «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուն, որը պատրաստել են Սյունիքի Վերիշեն գյուղի կին վարպետները։ Այս հավաքածուն հայկական գորգագործության հնագույն ավանդույթների պատմությունն է՝ բնական ու ճարտարապետական համատեքստերում։ Ցուցահանդեսի ուրույն հատվածը բաղկացած է Փիրուզա Խալափյանի լուսանկարներից, որտեղ գորգերը ներկայացված են արվեստագետի ընտանիքի ծննդավայրի` Հին Խնձորեսկի ժայռափոր միջավայրում։
«Ժամանակակից մշակութային համատեքստը որոշակի առումով պայքար է ուշադրության եւ զգացմունքների համար: Գաղտնիք չէ, որ «Ոսկե ծիրանը» վաղուց արդեն դադարել է միայն արժանավոր ֆիլմեր ցուցադրելու հարթակ լինելուց։ Տասնամյակների ընթացքում կինոփառատոնը ձեռք է բերել սիմվոլիզմ, որը հաճախ ստեղծում է այս կամ այն փառատոնի պատմությունը:
Հիշենք Կաննի փառատոնի երկարամյա նախագահ լեգենդար Ժիլ Ժակոբին, ով տարիներ շարունակ Կաննի կինոփառատոնի բացման ժամանակ մեկնում էր իր ձեռքն աստիճաններով բարձրացող դերասաններին՝ խորհրդանշորեն բերելով իրենց փառատոնի օլիմպոս։ Կարծում եմ, կարմիր գորգը, որպես փառատոնի սիմվոլներից մեկը և՛ հանգուցային է, և՛ ուշագրավ։ Վերափոխել փառատոնի այս դրվագը թերևս որքան համարձակ է, նույնքան էլ իմաստալից։ Այս գաղափարը նաև գեղեցիկ հանգավորվում է «Ոսկե ծիրան» փառատոնի 20-ամյա գործընկներ ARARAT-ի հետ, քանի որ թե՛ կոնյակագործության, թե՛ գորգագործության հիմքում ընկած է Վարպետությունը։ Վարպետի ստեղծագործական աշխատանքն է, որ պսակում է բնության առատաձեռնությունն ու դարերի ավանդույթները և հրավիրում մշակույթը բացահայտելու ճամփորդության»,- նշում է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

2022 թվականի աշնանից մինչեւ 2023 թվականի գարուն AHA-ի թիմը սահմանամերձ Վերիշեն գյուղում էր, որտեղ Գորիսի եւ հարակից գյուղերի ջուլհակուհիները շարունակեցին հայկական գորգագործության հնագույն ավանդույթը։ Վեց ամսից էլ քիչ ժամանակում Վերիշենի արհեստագործական կենտրոնի կին վարպետները Դավիթ Քոչունցի էսքիզների հիման վրա հյուսեցին ինը եզակի արտադրանք: «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուն ստեղծվել եւ պատկերվել է նկարչի հայրենի քաղաքում, որը հայտնի է որպես միջնադարում հայկական գորգագործության կենտրոն։ Դիզայնը մշակվել է նկարչի երեւանյան արվեստանոցում, իսկ գորգերի հումքը ստացվել է Շիրակի մարզի հովիվներից։ Գորգերը «Վերիշեն» արհեստագործական կենտրոնում ավանդական փայտյա մանածագործական սարքերի վրա ձեռքով հյուսել են կանայք:
Խնձորեսկ գյուղի ժայռերի մեջ փորագրված որմնախորշերը ոգեշնչման աղբյուր են եղել Քոչունցի գորգերի ձեւավորման համար։ Երկիր հայրենին գորգի միջոցով պատկերելու ցանկությունը հարազատ հողի հանդեպ խորունկ սիրո դրսեւորում է: «Փոխել ավանդույթը, որն ավելի հին է, քան ցանկացած կինոփառատոն, հեշտ չէր: Բայց, հրաժեշտ տալով հզոր ավանդույթին, հասկանում ենք, որ նորն ենք ստեղծում, եւ դա մեզ ուժ է տալիս»,- նշել է «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
«Գորգագործության արվեստը հայ մշակույթի հնագույն դրսեւորումներից է, որը հայտնի է ամբողջ աշխարհում։ Ուրախ եմ, որ 2023 թվականին AHA Collective-ը Դավիթ Քոչունցի հետ միասին սկսեց նոր իմաստ փնտրել այս արվեստում՝ ներմուծելով նոր ձեւեր։ Կարեւոր է, որ արվեստն ու խորհրդանիշները շարունակաբար սնուցեն եւ արտացոլեն արդի թեմաները»,- շեշտել է AHA Collective-ի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանը:
Արվեստը հասկանալու համար կարեւոր է իմանալը, թե ինչպես եւ ինչ պայմաններում է ծնվել գաղափարը։ Դիզայներ Դավիթ Քոչունցի գորգերի հավաքածուի դեպքում գաղափարը ծագել է 2020-ականներին՝ համավարակի ժամանակ, երբ մարդիկ զրկված էին իրական շփումից եւ կտրված բնությունից։ Դավիթը աշխատել է հիշողությամբ, ոչ թե օգտվել լուսանկարներից կամ այլ պատկերացումներից: Նա ապավինել է բացառապես իր երեւակայությանը։ Համավարակից բացի, այս գործերի ստեղծման վրա մեծ ազդեցություն են թողել 2021 թվականի իրադարձությունները, պատերազմական եւ հետպատերազմյան ժամանակները։
Գորգը, ըստ Քոչունցի, պետք է ոչ թե սոսկ ներկայացվի կամ պատկերվի, այլ իրագործվի ու շոշափելի դառնա։ Քոչունցը որոշել է իր աշխատանքին մոտենալ բնագետի տեսանկյունից՝ ստեղծագործելով տեխնոլոգիայից դուրս։ Այսպիսով, գորգերը ստեղծելիս նա ձգտել է պահպանել եւ հարազատ մնալ ավանդական արհեստագործության վավերականությանը՝ համադրելով բնության շռայլությունն ու դարավոր ավանդույթները եւ դրանով իսկ դիտողին աշխարհի նոր ընկալում առաջարկել։ «Ինձ համար կինոն շատ կարեւոր է։ Կինոյի հետ կապը ձեւավորեց ինձ որպես արվեստագետ, եւ մինչ օրս այն ոգեշնչման աղբյուր է: «Ոսկե ծիրանը» Հայաստանի ամենամեծ կինոփառատոնն է, դրա կարմիր գորգը մեդիա է, որը կարող է անվերջ մտորումներ առաջացնել»,- նշել է Դավիթ Քոչունցը։
«Կարմիր գորգն ավանդաբար ասոցացվում է հոլիվուդյան փայլի եւ գլամուրի հետ, սակայն այս տարի մենք որոշեցինք հեռանալ համաշխարհային խորհրդանիշներից եւ ներկայացնել մեր ավանդականը: Հայկական մշակույթը հարուստ ու եզակի պատմություն ունի, եւ հուսով ենք, որ այս քայլը դրական կընդունվի։ Ի վերջո, ինչպես ասում են, եթե խիզախես, գուցե պարտվես, եթե չխիզախես, երբեք չես իմանա, թե ինչ կպատահեր»,- ընդգծել է Կարեն Ավետիսյանը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության