Կինոյի տան դահլիճը լի էր անհամբեր հանդիսատեսով, որոնց միավորել էր հոլիվուդյան դերասան Քեւին Սփեյսիին հանդիպելու մեծ ցանկությունը. «Խաղաթղթե տնակը» սերիալի ու մի շարք ֆիլմերի աստղը Երեւան է ժամանել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում. նա այս տարվա փառատոնի հատուկ հյուրն է:
Հանդիպումն, ի սկզբանե, նախատեսված էր Հայաստանի ամերիկյան համալսարանում, սակայն, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր փառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, այն տեղափոխվել էր «տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո»:
Իսկ կինոյի տանը դերասանին սպասում էին լրագրողներ, կինոսերներ, դերասաններ եւ ապագա դերասաններ, որոնք ցանկանում էին որսալ հոլիվուդյան աստղի պրոֆեսիոնալ խորհուրդները:
Սփեյսին շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, որոնք ծափահարում էին մինչ իր բեմ բարձրանալը՝ իր մասնակցությամբ ֆիլմերի կադրերը դիտելիս: «Ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել ֆիլմեր, որոնք հանդիսատեսը հավանել է»,-զրույցը սկսեց նա:
«Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրության համար դերասանի մասնակցությամբ ֆիլմերի գունապնակից ընտրվել է «Դեւիդ Գեյլի կյանքը»: Նրանց, ովքեր դեռ չեն դիտել այս պատմությունը, դերասանը շատ մանրամասներ չներկայացրեց՝ «սփոյլեր չանելու համար».
«Ֆիլմը շատ բարդ խնդրի մասին է, հատկապես ԱՄՆ-ում, եւ այն ցույց է տալիս, թե որքան հեշտ է առանց իմանալու ինֆորմացիայի մանրամասները որոշումներ կամ եզրակացություններ անելը: Կարծում եմ՝ այս ֆիլմը հասարակության, մեդիայի ու շատ այլ բաների արտացոլումն է: Մենք հիանալի ժամանակ ենք անցկացրել այն նկարահանելիս, եւ ես շատ հպարտ եմ այս աշխատանքով»,-ասաց նա:
Քեւին Սփեյսին խաղում է ինչպես ֆիլմերում, այնպես էլ թատրոնում: Դերասանը, սակայն, տարբերություն չի դնում այս երկու ասպարեզների խաղի մեջ:
«Ես իմ փորձառությամբ հասկացել եմ, որ լավ դերասանի խաղը լավն է, վատինը՝ վատը՝ անկախ նրանից թատրոնում է, թե կինոյում: Երբ քեզ տեսնում ես էկրանին, տեսնում ես սխալներդ ու կատարելագործվում: Կարծում եմ, երբ գնում ենք դեպի կինոյի պատմություն, տեսնում ենք, որ բոլոր լավ էկրանային դերասանները, նաեւ հրաշալի են թատրոնում: Ես շատ բախտավոր եմ, որ անում եմ այն, ինչ սիրում եմ, բայց ունեցել եմ նաեւ վատ փորձեր, դրա համար զարմանում եմ, երբ մարդիկ ասում են, թե տեսել են իմ մասնակցությամբ բոլոր ֆիլմերը… (ծիծաղում է): Ոչ, ոչ բոլոր ֆիլմերս եք տեսել: Բայց եթե տեսել եք, հուսով եմ՝ վատ աշխատանքներս էլ եք հավանել»:
Սփեյսին սկսնակ դերասաններին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել տեխնիկական գործոններին՝ ձայն, հայացք, կախարդանք, որոնք կարող են կլանել դիտողին:
«Պետք է կարողանաս ասել ու լինել լսելի: Կան ատլետիկ բաներ, որոնց դերասանը պետք է տիրապատի: Այդ ամենը սովորում ես թատրոնում»:
Դերասանը, որը յուրահատուկ է նաեւ նմանակումների իր տաղանդով, ասում է՝ ժամանակին դա անում էր մորը ժպիտ պարգեւելու համար:
«Ես շատ երիտասարդ տարիքում հասկացա որ ունեմ լավ լսողություն, երբ իմ մայրիկի շնորհիվ ճանաչեցի մի շարք հիասքանչ դերասանների. նա ինձ հաճախ էր տանում կինոթատրոններ: Եվ երբ տեսնում էի, թե ինչպես է մայրս ծիծաղում դերասանների խաղից, ես տանը փորձում էի կրկնօրինկել նրանց, եւ ստիպում էի մորս ժպտալ: Մայրս էր մեր տան հացը վաստակում, հայրս շատ հաճախ անգործ էր մնում: Մորս ժպիտ պարգեւելու համար ես փորձում էի նմանակումներ անել»:
Դերասանն իր մասնագիտության մեջ իրեն բախատավոր է համարում, «որովհետեւ պատիվ եմ ունեցել շատ լավ կերպարների մարմնավորել»,-ասում է նա, միեւնույն ժամանակ հավելում,-«Կարծում եմ՝ լավաագույն դերս դեռ առջեւում է: Վերջին 4-5 տարում շատ լավ ֆիլմերի առաջարկներ եմ ունեցել, եւ անհամբեր սպասում եմ ապագա նախագծերիս, որոնք ինձ դրական լիցքեր ու հպարտություն կտան»:
Օսկարակիր դերասանն ասում է՝ մրցանակները հաճելի են ու հպարտացնող: «Բայց երբեմն մարդկանց դուր է գալիս այն, ինչ ինձ՝ ոչ այնքան: Իրականում կարեւոր է այն ջանքը, որը դնում ես նախագծի մեջ: Կարծում եմ՝ բառերն ու հաջողությունը կարեւոր չեն, որքան փորձը, որը ձեռք ես բերում ընթացքում»:
Դերասանն, իհարկե, բախվեց նաեւ սուր հարցերի, որոնք հիմնականում ուղղեկցվում էին հանդիսատեսի բացասական արձագանքներով, բայց Սփեյսին դեմ չէր պատասխանել: Նրանից, մասնավորապես, հետաքրքրվեցին ի՞նչ է կարծում այն մասին, որ իր այցը նաեւ որոշկի դիմադրության է արժանացել:
«Ինձ հրավիրել են գալ այստեղ՝ կինոյի փառատոնի շրջանակում, որպես հատուկ հյուր, եւ ես անասելի հպարտ եմ, որ այստեղ եմ, հրաշալի ժամանակ եմ անցկացրել երեկ ուսանողների հետ, ոչ մի անհամաձայնության չեմ հանդիպել: Ես եկել եմ այստեղ անելու իմ գործը»:
Դերասանը հեռացավ հանդիսատեսի բուռն ծափերի ներքո, ստացավ նաեւ նվերներ հայ երկրպագուների կողմից: Դրանցից մեկն արծաթյա զարդ էր՝ հայկական խորհրդանիշով, որը խոստացավ կրել:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային14:22, 1 հոկտեմբերի
«Աստծո ինֆլյուենսեր» և սպորտային կոշիկներով սուրբ. 15-ամյա Կառլո Ակուտիսի մասին ֆիլմը սենսացիա է դարձել Իտալիայում13:27, 1 հոկտեմբերի
90-ականների նորաձևության ուրվականը. Հեյլի Բիբերը վերակենդանացրել է Քերոլայն Բեսեթ-Քենեդիի պաշտամունքային կերպարը12:48, 1 հոկտեմբերի
Ռիհաննայի տան վրա կրակողը մեղադրվում է սպանության փորձի մեջ. Նրան սպառնում է ցմահ բանտարկություն12:29, 1 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը Փարիզում ճնշել է պապարացիներին. «Հանգստացեք և դադարեք ձեզ պահել խելագարի պես»