Երբ ես ու Լևոնը հանդիպեցինք, և նա սկսեց իր կյանքի պատմությունը, հազիվ հավատացի, որ նա մասնագիտությամբ ծրագրավորող է, իսկ լուսանկարչությունն ընդամենը հոբբի է։ Նրա աշխատանքներն այնքան ճանաչելի են և կենսալից, որ մարդիկ ավելի հաճախ նրան իբրև լուսանկարիչ են ճանաչում: «Երբեմն ինձ հետ աշխատած ծանոթներս ու ընկերներս էլ չգիտեն, որ ծրագրավորող եմ»,- ժպտալով ասում է նա: Նրանք համոզված են, որ միայն լուսանկարչությամբ եմ զբաղվում»:
«Ես պարզապես ուզում էի լուսանկարել»
Լևոնը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2019 թվականից, սակայն, ինչպես ինքն է հիշում, մանկուց հետաքրքրվել է այս արվեստով։ «Հիշում եմ մի փոքրիկ տեսախցիկ վերցրեցի ձեռքս, որ նկարահանեմ դպրոցի միջոցառումները: Այդժամանակ արդեն սիրում էի կադրավորում անել, ուշագրավ պահեր փնտրել։ Հետո երկար տարիներ մոռացա դրա մասին»,- պատմում է նա։
Լուսանկարչությանը Լևոնը վերադարձավ, երբ ընկավ նոր զբաղմունք գտնելու որոնումներով։ «2019 թվականի վերջին մտածում էի՝ ինչով զբաղվեմ։ Ոչ թե հանուն փողի, այլ՝ հոգու համար։ Որոշեցի ուժերս փորձել լուսանկարչության մեջ. Ուղղակի ձեռքս առա տեսախցիկն ու սկսեցի նկարահանել»,-հիշում է նա: «Հիմա ինքնակրթության համար անսահման հնարավորություններ կան: Լուսանկարչությունը միջուկային ֆիզիկա չէ: Կան որոշակի կանոններ՝ կոմպոզիցիան, լույսը, հավասարակշռությունը։ Սրանք կարելի է առանց դժվարության յուրացնել, եթե նայես, փորձես ու կարդաս: Բայց ամենակարևորը տեսնելն է։ Շատ լուսանկարիչներ գիտեն կանոնները, բայց նրանց կադրերում դատարկություն է: Նրանք չեն որսում պահը։ Այնինչ դա հնարավոր չի սովորել»:
Նա հիշում է, թե ինչպես Instagram-ում սկսեց հրապարակել իր լուսանկարները։ «Ամենասկզբում բաժանորդներս շատ չէին, միայն ընկերներս էին: Բայց տեղադրածս առաջին լուսանկարներն անսպասելիորեն լիքը մարդ հավանեց: Դրանից խանդավառվեցի։ Շարունակում էի նկարահանել, տեղադրել, փորձեր անել։ Ինձ հետաքրքրեց լույսի ու գույների փորձարկումները: Բայց սկզբում մտքովս էլ չէր անցնում ինձ լուսանկարիչ համարել»։
View this post on Instagram
Նրա առաջին աշխատանքները շլացուցիչ էին ու աղաղակող, հիմա Լևոնը դրանց թեթև ժպիտով է նայում։ «Ահավոր տարված էի նեոնային գույներով, պաճուճազարդ մշակումը: Դա հարգի էր։ Բայց ժամանակի ընթացքում գլխի ընկա, որ բնականությունը ավելի ուժեղ տպավորություն է թողնում: Հիմա փորձում եմ ոչ թե սոսկ պատկեր, այլ զգացմունք, մթնոլորտ փոխանցել։ Ուզում եմ, որ դիտորդը կարողանա աշխատանքիս միջոցով վերապրել նույն զգացումը այն նույն վայրում, որտեղ ես եմ եղել»:
Դրամայնացում. ազատությո՞ւն, թե՞ սահմանափակումներ
Հարցին, թե արդյոք գումար է վաստակել իր լուսանկարներից, Լևոնն անթաքույց հպարտությամբ և անկեղծ ուրախությամբ պատասխանում է. «Հա, պատահել է… Ես վաճառեցի մի քանի լուսանկար, ու դա, իհարկե, աներևակայելի հաճելի է: Բայց ես չեմ ուզում դա մասնագիտության վերածել»։ Նա բացատրում է, որ իր համար լուսանկարչությունը բացարձակ ազատության տարածություն է։
«Ինձ շատ առաջարկներ են անում»,-խոստովանում է նա:-Ֆոտոշարքեր ապրանքանիշների համար, հարսանեկան արարողությունների նկարահանումներ... Բայց ես միշտ հրաժարվում եմ։ Սկզբունքորեն չեմ ուզում դա բիզնեսի վերածվի: Հենց որ դա եկամտի աղբյուր դառնա, կկորցնեմ ազատությունս։ Հիմա կարող եմ նկարահանվել երբ ուզենամ ու ամիսներ անց կվերադառնամ աշխատանքիս։ Եթե ես սկսեմ դա անել փողի համար, կսկսվեն վերջնաժամկետները և հաճախորդների պահանջները, իսկ ես դա չեմ ուզում», - վստահ ասում է նա: «Երբ ինչ-որ մեկի համար ես նկարում, պետք է հաշվի առնել նրա ցանկությունները: Դա բոլորովին այլ մոտեցում է։ Եվ ես սովոր եմ անել միայն այն, ինչ զգում եմ», - պարզաբանում է նա:
Ընդ որում նա չի ժխտում, որ իր որոշ լուսանկարներ լայն ժողովրդականություն են վայելում։ Անվճար հարթակներում նրա տեղադրած որոշ նկարներ իսկական հիթեր են դարձել։ «Կա մի լուսանկար, որը վերբեռնել եմ Unsplash-ում: Այն ներբեռնվել է ավելի քան 100 հազար անգամ։ Լուսանկարս տարածվել է աշխարհով մեկ, և ես հաճախ տեսնում եմ գովազդներում կամ պաստառների վրա: Բայց ես զրկված եմ դրա հեղինակային իրավունքից. հարթակի կանոններն են այդպիսին»,- թեթևակի տրտմությամբ խոստովանում է նա։ Երբ Լևոնին խնդրեցի ցույց տալ այդ լուսանկարը, զարմանքով հասկացա՝ այո, իսկապես, հաճախ եմ հանդիպում այդ լուսանկարը։ Դա անսպասելի էր։
View this post on Instagram
Լուսանկարչի աչք
Լևոնն իրեն պերֆեկցիոնիստ է համարում։ Նրա ուշադրությունը մանրուքների նկատմամբ նկատելի է անգամ առօրյա խոսքուզրույցի մեջ։ Մեր զրույցի ընթացքում նա մի քանի անգամ ուշադրությունս հրավիրեց սեղանի վրա, որի մոտ նստած էինք՝ մեր դիմացի պատին։ «Լուսանկարչությունը սոսկ տեխնիկան չէ: Դա տեսնելու ունակությունն է: Ես սիրում եմ, երբ կադրում հավասարակշռություն կա, երբ զերծ է անպատեհ առարկայից, բոլոր համամասնությունները պահպանված են»,- պարզաբանում է նա և նույնիսկ հասարակ օրինակ է բերում. «Եթե շենք ես լուսանկարում, գծերը պետք է համաչափ լինեն։ Եթե դրանք ծռված են, դա աչք է ծակում։ Բայց եթե ուզում եք դինամիկա հաղորդել, էդ դեպքում այո, կարելի է թեթևակի թեքել կադրը։ Բայց դա պետք է գիտակցված լինի»,- բացատրում է նա՝ դեպի իրեն շարժելով հեռախոսը և էկրանին օրինակ ցույց տալով։
Լևոնը խոստովանում է, որ մարդկանց լուսանկարել չի սիրում, թեև ընկերների համար բացառություններ անում է։ «Գիտե՞ք Ռուբեն Եսայանի լուսանկարները Մատենադարանի մոտ։ Դա իմ գաղափարն էր։ Ինչ-որ պահի դա ուղղակի ծագեց գլխումս, ու ես տեղնուտեղը զանգեցի նրան ու առաջարկեցի. «Արի փորձենք»: Եվ դա հաջողվեց»,- հիշում է նա:
«Աշխարհի շուրջը 80 օրում»
Սեպտեմբերին Լևոնը մեկնեց ճամփորդության, որը թեթև կատակով անվանում է «Աշխարհի շուրջ՝ 80 օրում»: «Այո, իսկապես, այդպես ստացվեց»,- ծիծաղում է նա։ «Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 5-ին, իսկ նոյեմբերի 25-ին այդ անհավանական ճանապարհորդությունն ավարտեցի»: 80 օր, տասնյակ քաղաքներ, հարյուրավոր զարմանալի վայրեր, հազարավոր կիլոմետրեր և նույնքան լուսանկարներ: «Այս ճամփորդության ընթացքում ես լիքը բան սովորեցի»,- պատմում է Լևոնը։ - Աշխարհը նույնքան շիտակ է, եթե ինքդ էլ շիտակ ես աշխարհի առաջ: Ու, պազվում է՝ ինչքան նեղված է մեր ժողովուրդը... Հանկարծ հասկացա, որ մենք նեղվում և վախենում ենք ոչ թե պատերազմից, ոչ թե թշնամիների գոյությունից, այլ սպասումից... Մենք ապրում ենք սոսկալի սպասումներով, և դա արտացոլվում է ընդհանուր ազգային տրամադրության վրա: Ցավոք սրտի, ես դա հասկացա՝ ի հակադրություն այն տրամադրությունների, որ ուրիշ երկրներում էի տեսնում»։
View this post on Instagram
Հարցին, թե ինչ է ամենաշատը տպավորել ճամփորդության ընթացքում, Լևոնը դժվարանում է պատասխանել: «Ամեն մի վայր, ուր ոտք եմ դրել, յուրովի է ինքնատիպ է: Նյու Յորքն, անկասկած, տեսախցիկի համար ստեղծված քաղաք է. աներևակայելի ֆոտոգենիկ է, հատկապես, երբ մեծացել ես ամերիկյան ֆիլմեր դիտելով. սպասում ես, որ մեկ էլ Սարդ-մարդը կսկսի ցատկել մի երկնաքերից մյուսի վրա ու պայքարել չարիքի դեմ»,- ծիծաղում է: «Ու մի գլուխ ուզում ես լուսանկարել ու լուսանկարել»:
«Տոկիոն յուրովի ֆոտոգենիկ է: Դա կիբերփանկի էսթետիկա է, դրանք բոլորովին այլ ընկալման գույներ են, երկու՝ իրական ու նկարված աշխարհների բախում է։ Այնտեղ ես այնքան համակված էի խանդավառութամբ, որ երբ ընկերոջս հետ մեր ճամփորդությունից հետո Տոկիոյում հայտնվելուն պես մտանք լապշայի խանութ՝ փոքրիկ, փայտե, որտեղ աշխատում էին ինքը՝ խանութի տերն ու նրա ընտանիքը, ես ցանկացա նման մի խանութ էլ բացել Հայաստանում, ես լրջորեն մտածում եմ դրա մասին»
Փոքր-ինչ մտածելուց հետո Լևոնն ավելացրեց. «Խոստովանեմ, ինձ ամենաքիչը Սինգապուրը դուր եկավ։ Ոչ մի յուրաահատուկ կամ հիշարժան բան: Հուսով եմ՝ ասածս հայ-սինգապուրյան հարաբերությունների վրա չի ազդի»,- կատակում է նա։
Ճամփորդության ո՞ր լուսանկարը դարձավ լավագույնը
Այս ամիսների ընթացքում իր լավագույն աշխատանքը Լևոնը համարում է Իսլանդիայում արված լուսանկարները։ Դա Հյուսիսափայլի հետ նրա երկրորդ հանդիպումն էր: «Առաջին անգամ ես ուղղակի հիացա այդ երևույթով։ Սիրտ չարեցի տեսախցիկս հանել. պահը չափազանց գեղեցիկ էր շեղվելու համար: Երկրորդ անգամ արդեն պատրաստ էի. հարմար տեղ ընտրեցի, հաշվարկեցի լույսը և մի շարք կադրեր արեցի: Դրանք ինձ համար առանձնահատուկ լուսանկարներ դարձան»,- անկեղծանում է նա:
View this post on Instagram
... «Ուզում եմ, որ լուսանկարներս տեսախցիկի օբյեկտիվի միջոցով կյանքի հայացք լինեն: Կարևոր է դառնում յուրաքանչյուր մանրուք՝ լույս, գույն, նյութակազմվածք։ Եվ ամենակարևորը՝ պահը։ Եթե պահը բաց թողեցիր, աշխարհի ոչ մի տեխնիկա քեզ չի փրկի»,- ամփոփում է Լևոնը։ Մեր զրույցը մոտենում է ավարտին։ Լևոնը հանկարծ ասում է. «Գիտե՞ք, պատասխանելով ձեր հարցերին, ես հանկարծ իմ մասին այնքան նոր բաներ իմացա, ինքս ինձ համար ինչ-որ բան հայտնաբերեցի և նկատցի: Հետաքրքիր փոխանակում ստացվեց»։
Եվ իսկապես, հետաքրքիր էր:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 օգոստոսի
Արդյո՞ք Շոպենը սիրում էր տղամարդկանց. Գերմանացի հետազոտողը սիրո խոստովանություններ է հայտնաբերել նրա նամակներում22:12, 27 օգոստոսի
Սև մանիկյուրը վերադարձել է նորաձևություն. Սանդրա Բալոքը, Դուա Լիպան և Քայլի Ջենները ընտրում են աշնան հիմնական գույնը21:19, 27 օգոստոսի
Ռոջեր Ֆեդերերի անսովոր ընտրությունը. թենիսի լեգենդը կրում է Rolex-ի ամենաքննարկվող ժամացույցը20:26, 27 օգոստոսի
Կաշեմիրով գայլեր. միլիարդատերերն այլևս չեն ցանկանում միլիարդատիրոջ տեսք ունենալ19:32, 27 օգոստոսի
Շվեյցարական էքսկլյուզիվ՝ OpenAI-ի համար. ինչու են Սեմ Ալթմանի ժամացույցն անվանում կարգավիճակի նոր խորհրդանիշ16:50, 27 օգոստոսի
Իսպանական քաղաքը խեղդվել է լոլիկի մեջ. 20,000 մարդ կազմակերպել է զանգվածային լոլիկի կռիվ16:17, 27 օգոստոսի
Instagram-ը թողարկել է First Draft-ը. Reel-ները այժմ կարելի է խմբագրել վայրկյանների ընթացքում15:24, 27 օգոստոսի
Մերսում, արոմաթերապիա և «սմբակների խնամք». ԱՄՆ-ում մեկնարկում է մարդկանց համար նախատեսված առաջին «կովերի սպա»-ն14:35, 27 օգոստոսի
Վատիկանից մինչև haute couture. Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորել է ամենաոճային մարդկանց ցուցակը14:18, 27 օգոստոսի
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին գաղտնի հանդիպում են ունեցել, բայց չեն կարողացել խուսափել պապարացիների ուշադրությունից13:16, 27 օգոստոսի
Մահացել է լեգենդ. Յայոյի Կուսաման՝ նկարչուհին, որը կետիկները վերածել է համաշխարհային արվեստի խորհրդանիշի12:47, 27 օգոստոսի
Աստղաբաշխական հաշիվ. Որքա՞ն է արժեցել Մեգանի և Հարրիի մասնավոր ինքնաթիռով թռիչքը դեպի Մեծ Բրիտանիա